Jump to content

Հայիթիի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայիթիի թագավորություն
 Հայիթիի պետություն մարտի 28, 1811 - հոկտեմբերի 8, 1820 Հայիթի հանրապետություն 
Հայիթիի կայսրություն (1849-1859) 
(Դրոշ) (Զինանշան)

Նշանաբան՝
«Dieu, Ma Patrie Et Mon Épée»

Քարտեզ
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քափ Հայիտեն
Լեզու ֆրանսերեն, հայիթական կրեոլերեն
Ազգություն մուլատներ, աֆրոամերիկսցիներ
Կրոն կաթոլիկություն
Իշխանություն
Պետական կարգ սահմանադրական միապետություն
Պետության գլուխ Անրի Քրիստոֆ
Պատմություն
- Անրի Քրիստոֆի հռչակումը որպես թագավոր Անրի I մարտի 28, 1811
- Անրի I-ի ինքնասպանություն. Միապետության կործանում հոկտեմբերի 8, 1820

Հաիթիի Թագավորություն[1] (ֆր.՝ Royaume d'Haïti[2][3], հայիթ․ կրեոլ․՝ Wayòm an Ayiti), նախկին միապետություն է, որը իրեն թագավոր հռչակելով հիմնադրել է Անրի Քրիստոֆը 1811 թվականի մարտի 28-ին Հայիթի կղզու հյուսիս-արևմուտքում։ Սա Հաիթիում միապետական իշխանություն ստեղծելու երկրորդ փորձն է եղել։ Առաջինը Ժան-Ժակ Դեսալինն է Հայիթիի Առաջին կայսրութուն հռչակել 1804 թվականին, որն ավարտվել է 1806 թվականին՝ իր սպանությամբ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1791-1804 թվականներին Հաիթիում մոլեգնել է հեղափոխությունը ֆրանսիացի գաղութարարների դեմ։ 1803 թվականի ֆրանսիական արշավի ձախողումից հետո գեներալ Ժան-Ժակ Դեսալինը հռչակել է Հայիթիի անկախությունը[4]։ 1804 թվականի հոկտեմբերի 8-ին Ժան-Ժակ Դեսալինը կայսր է թագադրվել Քապ-Հայիտենում՝ Ժակ I անունով։

Շուտով, որոշ գեներալներ հավակնելով զավթել իշխանությունը կազմակերպել են դավադրություն կայսրի դեմ։ Նա սպանվել է գեներալ Ալեքսանդր Պետիոնի մարդկանց կազմակերպած դարանակալման ժամանակ՝ 1806 թվականի հոկտեմբերի 17-ին Պոն-Ռուժում (Պորտ օ Պրինսի մուտքի մոտ)։

Այնուհետև գեներալները արշավել են դեպի մայրաքաղաք, վերացրել կայսրությունը և վտարել են կայսերական ընտանիքին, որը ստիպված էր հեռանալ երկրից։ Ալեքսանդր Պետիոնը հռչակել է Հանրապետություն և դարձել նախագահ։ Սակայն մեկ այլ գեներալ՝ Անրի Քրիստոֆը, հեռացել է և իր վերահսկողության տակ վերցրել հյուսիսային Հայիթիի մի հատված, որտեղ ստեղծել է անջատողական կառավարությունով Հյուսիսային Հանրապետություն։

Հյուսիսային Հանրապետության նախագահ, այնուհետև ցմահ նախագահ և գեներալիսիմուս Անրի Քրիստոֆը ցանկացել է օրինականացնել իր իշխանությունը՝ Դեսալինի նման վերականգնելով կայսրությունը[5]։ Պետիոնի հարավային հանրապետության հետ հակամարտությունում նրան հաջողվել է մի քանի մարտերից հետո ապահովել իր նոր պետության սահմանները։ Որոշակի կայունություն հաստատվելուց հետո Քրիստոֆը սահմանադրական միապետություն է հաստատել՝ իսկ իրեն հռչակել միապետ։ Նա դարձել է Հաիթիի թագավոր 1811 թվականի մարտի 28-ին Անրի I անունով։ 1811 թվականի հունիսի 2-ին նրան թագադրել է Մեծ արքեպիսկոպոս Ժան-Բատիստ-Ժոզեֆ Բրելեն։

Հակամարտություն Հարավի Հանրապետության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին Հայիթին բաժանվեց երկու պետության։ Լարվածություն առաջացավ հյուսիսի և հարավի միջև, որն էլ հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։ Հյուսիսի թագավորության հիմնադրմամբ լարվածությունը հարավի հետ ավելի սրվեց։ Ալեքսանդր Պետիոնը, որպես Հարավային Հանրապետության նախագահ, հայտարարեց, որ ներկայացնում է թագավոր Անրիի գլխավորությամբ բռնապետության դեմ պայքարը։ 1807-1820 թվականներին երկու բանակներից ոչ մեկին չի հաջողվել հատել երկու երկրների սահմանը։

Ինչ վերաբերում է Անրի թագավորին, նա մեղադրել է Պետիոնին՝ պնդելով, որ Պետիոնը մարմնավորում էր կեղծ, բռնակալությունը քողարկող ժողովրդավարություն։ Այս հայտարարությունը հաստատվեց, երբ Պետիոնը իրեն հռչակեց Հարավի ցմահ նախագահ՝ իր իրավահաջորդին նշանակելու իրավունքով[6]։

Հյուսիսի հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Սուսի պալատ

Ապստամբության պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայիթիի Հանրապետության նախագահ Պետիոնը մահացել է 1818 թվականին։ Հարավի ղեկավարությունը ընձեռնեց նրա օգնական Ժան-Պիեռ Բուայեն։ Անրի I թագավորն առաջարկեց Բուայեին միանալ իրեն՝ մարշալի կոչման դիմաց։ Բայց նա, ինչպես սպասվում էր, հրաժարվեց։ Բուայեն նույնիսկ մի քանի լրտեսների ուղարկեց հյուսիսի տարբեր քաղաքներ՝ բնակչությանը գրգռելու համար։ Սկզբում այս փորձը կարծես թե ոչ մի ազդեցություն չուներ հյուսիսային բնակչության վրա։ Բայց հյուսիս-հարավ սահմանին տեղի ունեցած վերջին ճակատամարտից հետո, որի ընթացքում թագավորը հրամայել էր գնդակահարել հարավի բոլոր գերի ընկած սպաներին, թագավորությունում ավելի ու ավելի էին շրջանառվում հանրապետական գաղափարները։ Բուայեն հյուսիս էր ուղարկել մի քանի մեծ հռետորների՝ նպատակ ունենալով հեղափոխել հյուսիսի ժողովրդին և հրահրել շարժում։ 1820 թվականին բերքը վատ էր, իսկ հարկերն ավելանում էին, ինչը բարենպաստ իրավիճակ էր հեղափոխությունների համար[7]։

Ապստամբություն և անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Սուսիի եկեղեցին

1820 թվականի ամռանը հյուսիսում անկարգություններ են սկսվում, և կառավարությունը սկսում է դաժան հաշվեհարդար տեսնել։ Ինչ վերաբերում է թագավորին, ապա նա 1820 թվականի օգոստոսին կաթված էր տարել, ինչի հետևանքով զգալիորեն թուլացել էր նրա առողջությունը և մասամբ անդամալույծ էր, ինչը ազդել էր նաև մտավոր ունակության վրա։ 1820 թվականի սեպտեմբերին Քապ-Հայիտենում բռնկվում է ապստամբություն, որը գրեթե համընդհանուր ապստամբություն է առաջացնում երկրում։ Հեղափոխություն է բռնկվում է հյուսիսում, թագավորության ամենահարուստ քաղաքը՝ Քապ-Հայիտենը անցնում է հեղափոխականների վերահսկողության տակ։ Հոկտեմբերին հեղափոխականները երթով շարժվում են դեպի Միլոտի Սան Սուսի պալատ։ Տառապելով հիվանդությունից և տեսնելով, որ իրավիճակը անկառավարելի է դառնում, թագավորը 1820 թվականի հոկտեմբերի 8-ին ինքնասպան է լինում իր կառուցած եկեղեցում՝ պատարագի ժամանակ արծաթե գնդակով կրակելով իր սրտին։ Նրա մահից հետո նրա որդին՝ 16-ամյա թագաժառանգ Վիկտոր-Անրին, հետևորդների կողմից թագավոր է հռչակվել Անրի II անունով։ Այնուամենայնիվ, Միլոտում ապստամբություն է բռնկվում, և նոր թագավորին կախաղան են բարձրացնում 1820 թվականի հոկտեմբերի 18-ին[8]։ Թագուհի Մարի Լուիզա Կոիդավիդը և նրա դստրերը աքսորվում են Իտալիա[9]։ Բուայեն, օգտվելով հեղափոխությունից, իր սահմանամերձ բանակն ուղարկում է հյուսիսային թագավորության կենտրոն։ Հոկտեմբերի 20-ին Բուայեն զենքի ուժով պարտադրում և հայտարարում է, որ հոկտեմբերի 26-ին հյուսիսը կմիանա հարավին։ Ի վերջո, նա իրեն հռչակում է ցմահ նախագահ, իսկ հետո ողջ կղզու «գերագույն ղեկավար»[10]։

Իրավահաջորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Քրիստոֆի գահակալությունից հետո Հաիթիում այլ միապետություն չի առաջացել մինչև Ֆոստեն Սուլուկի երկրորդ կայսրությունը (Ֆոստեն I) 1849–1859 թվականներին[11]։ Այնուամենայնիվ, միապետությունը վերահաստատելու փորձեր են եղել։ Այդպիսի դեպքերից մեկը նախկին Անրի թագավորի թոռան, Քրիստոֆի ապօրինի դստեռ որդու՝ Պիեռ Նոր Ալեքսիսի դեպքն էր, ով տիրացել է իշխանությանը 1902 թվականին[12]։ Նա ինքն իրեն հայտարարել է ցմահ նախագահ և նույնիսկ առաջարկել է ստեղծել նոր սահմանադրական միապետություն՝ իրեն առաջարկելով որպես թագավոր։ Բայց այս նախագիծը ապստամբության է հրահրել, որը վերածվել է նոր հեղափոխության և ստիպել Նոր Ալեքսիսին1908 թվականին փախնել երկրից։ Նա մահացել երկու տարի անց՝ 1910 թվականին, 89 տարեկան հասակում[13]։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայիթիի Անրի I թագավորը

1811 թվականին Հյուսիսը դարձավ սահմանադրական և ժառանգական միապետություն։ նույն ժամանակ պատերազմ է սկսել Հարավի Հանրապետության հետ։

Սկզբում Անրի I-ը որպես միապետ չի ընկալվել, նրան դիտել են որպես բռնապետ դարձած հավակնոտ զինվորի։ Ավելին, 1812 թվականի հունվարին նա ստիպված դիմակայել է ազատական խմբերի ապստամբությանը, որոնք պահանջում էին ստեղծել խորհրդարան և ավելի արդար սահմանադրություն։

Իր անախորժություններին վերջ տալու համար թագավորը ստեղծել է Անրի օրենսգիրքը, որը կազմված էր մի շարք օրենքներից և նպաստում էր կրթությանը։ Այն հիմնված է Նապոլեոնի օրենսգրքի վրա, բայց պատճենված չէր։ Այն խելամտորեն հարմարեցված է Հայթիի իրավիճակին[14]։ Անրիի օրենսգիրքը հաստատել է այսպես կոչված թագավորական սահմանադրությունը, ինչով թագավորը ձգտում էր հանգստացնել միապետության հակառակորդներին[15]։ Բացի այդ, թագավորը ստեղծել է կաբինետ, որը կազմված էր տարբեր նախարարներից՝ որոնք պետք է օգնեին նրան կառավարել թագավորությունը։ Այնուհետև կայունությունը է հաստատվել հյուսիսում, և Անրին հյուսիսի բնակչության կողմից ճանաչվել է թագավոր։

Իշխանության կազմակերպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Անրի օրենսգրքի» իշխանության մեծ մասը թագավորինն էր։ Նրան պետք է օգներ վեց նախարարներից կազմված կաբինետը, որոնցից գլխավորը թագավորի կողմից նշանակված կանցլերն էր։ Անրին Ժոզեֆ Ռուանեսին է կանցլեր նշանակել, ինչպես նաև նրան շնորհել է դուքս դե Մորինի տիտղոսը։ Ռուանեսը մահացել է 1812 թվականին, և այնուհետև նրան փոխարինել է Ժուլիեն Պրևոստը, որը կանցլեր էր մինչև ռեժիմի անկումը։ Թագավորի իշխանությունը շատ ավելի բարձր էր, քան կանցլերինը և միապետը կառավարության իսկական ղեկավարն էր, իսկ կանցլերը՝ միայն նրա անձնական խորհրդականը։

Ազնվականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաիթիի մետաղադրամ՝ Անրի I-ի դիմանկարով, հատված հռոմեական սոլդիի օրինակով, մոտավորապես 1820 թ.

1811 թվականի ապրիլի 5-ի հրամանագրով Անրի I թագավորը հռչակեց ազնվական դասակարգ, որի տիտղոսները, նախատեսված էին ժառանգաբար փոխանցվելու համար։ Այս ազնվական համակարգը հիմնականում ոգեշնչված էր բրիտանական հաստատություններից, բայց այն նաև ցույց տվեց ֆրանսիական որոշակի ազդեցություն. Օրինակ, ինչպես Նապոլեոնի ազնվականությունը, այն չէր ներառում մարքիզ կամ վիկոնտ։ Շնորհված կոչումները հիմնականում համապատասխանում էին մայորատներին, որոնք տվյալ դեպքում ընդարձակ հողատարածքներ էին։

Քրիստոֆը ստեղծեց ազնվականության կոչումների բարդ համակարգ, որն ի սկզբանե բաղկացած էր 4 արքայազնից, 8 դուքսից, 22 կոմսից, 40 բարոնից և 14 շեվայեից։ Քրիստոֆը հիմնել է նաև Հերալդիկ պալատ՝ նորաստեղծ ազնվականներին զինանշաններ տրամադրելու համար։ Իր զինանշանի համար Քրիստոֆը ընտրել է բոցերից հառնող թագադրված փյունիկ և կարգախոսը՝ «Ես բարձրանում եմ մոխիրներից» (ֆր.՝ «Je renais de mes cendres»)[16], ըստ երևույթին որպես Կապ-Անրիի վերածննդի նշան։ այն բանից հետո, երբ նա ինքն այրեց այն 1802 թվականին, որպեսզի հետ մղի ներխուժած ֆրանսիական բանակը։ Հենրիխ I-ի գահակալության վերջում Հայիթիում ազնվականների թիվը սկզբնական 87-ից հասել է 134-ի։ Թագավորը ազնվականությանը կոչումներ, շքանշաններ և թոշակներ էր բաժանում։

Եվրոպայում և Ամերիկայում հաիթիական ազնվականության կոչումները ծաղրի առարկա են դարձել։ Դուքս դը Լիմոնադի (Ժուլիեն Պրևոստ, պետքարտուղար և արտաքին գործերի նախարար[17]) և դուքս դե լա Մարմելադ (ֆելդմարշալ Պիեռ Տուսեն[17]) տիտղոսները հատկապես զավեշտական էին համարվում նրանց կողմից, ովքեր չգիտեին, որ նման տեղանուններ իրականում գոյություն ունեն Հայիթիում․ և տրվել է նախկին ֆրանսիացի գաղութարարների կողմից[18]։ Այժմ Լիմոնադը կոմունա է Հաիթիի Հյուսիսային դեպարտամենտում, Մարմելադը կոմունա է Արթիբոնիտի դեպարտամենտում։

Երկրի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Ֆերիեր միջնաբերդ

Թագավորը կղզու տնտեսությունը զարգացնելու համար օգտագործել է «ագրարային կապիտալիզմը»։ Հողերը թողել է պետական սեփականություն։ Աշխատողներն օրենքով ամրակցվել էին որոշակի պլանտացիայի, և որպես պարտականություն նրանց հանձնարարվել է աշխատել պլանտացիայում։ Դեսալինի ժամանակների համեմատ, ռեժիմը դարձել է ավելի ազատ. բանվորները պարտավոր էին ավելի քիչ աշխատել պլանտացիայում, քան նախկինում, իսկ վարձատրությունը հասցվել էր բերքի մեկ չորրորդին։ Հսկայական շինարարական ծրագրերը Հյուսիսային Հաիթիի գրեթե յուրաքանչյուր բնակչի երաշխավորել են աշխատանք[19]։ Բացի այդ, Հաիթիի բնակիչներին թույլատրվում էր ունենալ տնամերձ այգիներ և այնտեղ աճեցնել հիմնական մշակաբույսեր՝ անձնական սպառման համար[20]։ Արդյունքում Հյուսիսը հարստացել է ավելի արագ, քան հարավը։

Անրին կառուցել է Սան Սուսի պալատը Միլոյում և Բելե Ռիվյեր պալատը Պետի Ռիվյեր դե Լ՛Արտիբոնիտ կոմունայում։ Սան Սուսի պալատի աշխատանքները ավարտվել են 1813 թվականին։ Բացի հիմնական շինությունից, կառուցվել է նաև մեծ գմբեթով մատուռ, ինչպես նաև բազմաթիվ կցակառույցներ՝ զորանոցներ, հիվանդանոց, նախարարությունների շենքեր, տպարան, դրամահատարան, դպրոց, արվեստի ակադեմիա և այլն։ Թագավոր Անրին, նրա կինը՝ թագուհի Մարի Լուիզը, և նրանց երեխաները, այդ թվում՝ Վիկտոր-Հենրի Քրիստոֆը, ապրել էին պալատում, իրենց խառաների, տարբեր խորհրդականների և նախարարների հետ միասին, մինչև 1820 թվականի հոկտեմբերի 18-ը՝ միապետության անկումը։

Թագավորն ուներ տասնինը այլ պլանտացիաներ, բնակավայրեր և ամրոցներ, ներառյալ Լա Ֆերիեր միջնաբերդը, որը գտնվում էր պալատից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և զինված էր 200 թնդանոթով։ Թագավորական նստավայրի և միջնաբերդի աշխարհագրական դիրքն ընտրվել է ռազմավարական նպատակներով, այն և՛ կենտրոնական էր, և՛ բարձր, ինչպես նաև թաքնված և կատարելապես ինքնավար էր։ Ավելին, դա թույլ էր տալիս միապետին վերահսկել իր տարածքը և պաշտպանվել իր ներքին և արտաքին թշնամիներից, ներառյալ ֆրանսիացիներից, որոնք դեռ ձգտում էին հետ վերցնել իրենց նախկին գաղութը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. d'), Laure Junot Abrantès (duchesse (1836). Memoirs of Napoleon, His Court and Family ... (անգլերեն). R. Bentley.
  2. Rouzeau, A. (1818). De la République d'Haïti: île de Saint-Domingue, considérée sous ses différents rapports, ses forces, ses moyens physiques et moraux, et le caractère national de ses habitants : observations faites sur les lieux par M.A. Rouzeau (du Loiret) dans son voyage de 1817 à 1818 (ֆրանսերեն). F. Didot.
  3. Ardouin, Beaubrun (1860). Études sur l'histoire d'Haïti suivies de la vie du général J.M. Borgella (ֆրանսերեն). Dézobry, Magdeleine et Cie.
  4. «ГАИТЯНСКАЯ РЕВОЛЮЦИЯ РАБОВ 1791-1803 — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  5. «ГАИТИ — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  6. «ПЕТИОН АЛЕКСАНДР САБЕС — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  7. Rogoziński, Jan (1999). A brief history of the Caribbean : from the Arawak and the Carib to the present (Rev. ed ed.). New York: Facts On File. ISBN 0-8160-3811-2. OCLC 40338439. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  8. «КРИСТОФ Анри». persons-info.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  9. LeGrace Benson A Queen in Diaspora: The Sorrowful Exile of Queen Marie-Louise Christophe (1778, Ouanaminth, Haiti-March 11, 1851, Pisa, Italy)1 // Journal of Haitian Studies. — 2014-10-01. — В. 2. — Т. 20. — С. 90. — ISSN 1090-3488. Архивировано из первоисточника 4 Օգոստոսի 2020.
  10. «БУАЙЕ Жан-Пьер». persons-info.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  11. «Wirkus, Faustin». www.poles.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  12. Michael R. Hall Alexis, Pierre Nord. Historical Dictionary of Haiti. — Scarecrow Press, 2012-01-12. — С. 17. — 332 с. — ISBN 9780810875494
  13. Hall, Michael (2012). Historical Dictionary of Haiti. Scarecrow Press. էջ 43. ISBN 9780810878105.
  14. «Code henri». TheFreeDictionary.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  15. Hall, Michael R. (2012). Historical dictionary of Haiti. Lanham: Scarecrow Press. ISBN 978-0-8108-7549-4. OCLC 793206723.
  16. «HAITI». www.hubert-herald.nl. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  17. 17,0 17,1 «HeraldicAmerica: Armorial General du Royaume d'Haiti». pages.infinit.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Haitian Monarchs – Institut de la Maison Impériale d'Haïti» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Haiti - Christophe's Kingdom and Petion's Republic». countrystudies.us. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Haiti-Référence » 6410.030.- Profil d'Henri Christophe» (ֆրանսերեն). Haiti-Référence. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.