Հնդկահավեր (ճոլոկներ, գոռելներ), հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են Meleagris և Agriocharis սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական հնդկահավի (M. gallopavo) մարմնի երկարությունը 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոշորաչք հնդկահավերը (A. ocellatus) տարածված են Կենտրոնական Ամերիկայում։ Որսի օբյեկտ են։ Հնդկահավերը սնվում են բուսական և կենդանական սննդամթերքով՝ ընկույզով, կաղինով, սերմերով, տարբեր պտուղներով, ինչպես նաև միջատներով։
Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Վայրի հնդկահավերը հաճախ են զուգավորվում տնային էգերի հետ, իսկ ձագերն ունենում են ավելի լավ որակ, քան տնային հնդկահավերից։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-90%։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում ևն։ Հայաստանում հնդկահավեր բուծում են գյուղացիական տնտեսություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 475)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։