Հնդկաչին
Ողողող ջրեր | Հարավչինական ծով Թայլանդի ծոց Բենգալյան ծոց | |
Ընդհանուր մակերեսը | 2 մլն. կմ² | |
Ամենաբարձր կետը | 3053 մ | |
Երկիր | Լաոս Վիետնամ Կամբոջա Թաիլանդ | |
Վիքիպահեստում |
Հնդկաչին[1] (վիետ․՝ Đông Dương), թերակղզի Ասիայի հարավարևելյան հատվածում։
Թերակղզու մակերեսը կազմում է մոտավորապես 2 միլիոն կմ²։ Արևմուտքից շրջափակված է Բենգալյան ծոցով, Անդամանյան ծովով, Հնդկական օվկիանոսով և Մալակկայի նեղուցով։ Հարավային և արևելյան մասից Խաղաղ օվկիանոսով, Հարավչինական ծովով և նրա Սիամական և Բակբո ծոցերով։ Հյուսիսային սահմանը պայմանականորեն անցնում է Գանգես և Բրահմապուտրա գետերի գետաբերանով դեպի Հոնգհա գետ։ Հարավային մասում է գտնվում Հնդկաչինի մաս կազմող Մալակկա թերակղզին։
Հնդկաչին թերակղզու ռելիեֆը շատ բարդ է։ Հյուսիսից հարավ ձգվում են երկար, երիտասարդ լեռնաշղթաներ։ Լեռների միջև տարածվում են սարահարթերը և ցածրադիր հարթավայրերը, նրանցից մի քանիսի հիմքը կազմում են հնագույն բյուրեղյա զանգվածները։ Խոշոր գետերը, որոնք սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհից, հոսում են լեռնաշղթաների միջև գտնվող նեղ հովիտներով։ Հարավում, ծովին ավելի մոտիկ վայրերում, գետահովիտներն ընդարձակվում են և փոխվում առափնյա դաշտավայրերի շատ գետեր իրենց գետաբերաններում առաջացնում են դելտա։ Ընդարձակ հարթավայր է տարածվում Մեկոնգ գետի ստորին հոսանքի երկարությամբ։
Թերակղզում կան անագի, վոլֆրամի և այլ մետաղների խոշոր հանքավայրեր, ինչպես նաև քարածուխ և նավթ։
Հնդկաչին թերակղզու կլիման մերձհասարակածային է, իսկ ծայր հարավում՝ հասարակածային։ Տեղումների քանակը կախված է մուսսոնների ուղղությունից և տվյալ վայրի ռելիեֆից։ Տեղումներ շատ են լինում (տարեկան մինչև 5000 մմ) ամառային հարավարևմտյան մուսսոնի ժամանակ, դեպի Բենգալյան ծոցի կողմը թեքված լեռների արևմտյան լանջերին։ Թերակղզու ներքին մասերում տեղումներ ավելի քիչ են լինում (տարեկան մոտավորապես 1000 մմ)։ Թերակղզու հարթավայրային մասում միջին ջերմաստիճանը չի իջնում +20° С, գարունը և աշունը բարձրանում է մինչև +30° С։ Լեռներում այն իջնում է մինչև 15° С։
Առատ խոնավություն ստացող վայրերում աճում են մերձհասարակածային մշտադալար անտառներ, իսկ ծայր հարավում՝ հասարակածային անտառներ։ Լեռներում դրանք փոխվում են մերձարևադարձային, տերևաթափ լինող և փշատերև անտառների։ Լեռների վերին մասերը գրավում են կորաբուն ծառերի անտառները և մարգագետինները։ Ավելի քիչ խոնավ և լեռներով շրջափակված հարթավայրերում տարածվում են սավաննաներ։
Բնակչությունը կենտրոնացված է գլխավորապես գետերի երկայնքով ընկած հարթավայրերում։ Գերակշռող գյուղատնտեսական կուլտուրան բրինձն է, որը մշակվում է գետային ցածրադիր վայրերում և գետերի դելտաներում, առանձնապես Մեկոնգի դելտայում։ Հարավի պլանտացիաներում մշակում են կաուչուկատու ծառեր, որոնց հյութից ստանում են բնական կաուչուկ։
Հնդկաչին թերակղզում ամբողջությամբ կամ մասնակիորեն տարածվում են հետևյալ պետությունները՝ Բանգլադեշ, Վիետնամ, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա և Թաիլանդ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 475)։ |