Հուսյան հեղափոխական շարժում
Հուսյան հեղափոխական շարժում, Հուսյան պատերազմներ, Բոհեմյան պատերազմներ (1419-1437 թվականներին), չեխ Ժողովրդի պայքարը կաթոլիկ եկեղեցու, ֆեոդալական շահագործման և գերմանական բռնատիրության դեմ։ Ֆրիդրիխ էնգելսի բնութագրմամբ «...գերմանական ազնվականության և գերմանական կայսեր գերագույն իշխանության դեմ չեխական ազգային գյուղացիական պատերազմ, որը կրել է կրոնական երանգ»։ Ծագել է ճորտ գյուղացիության և ազնվականության, արհեստավորների և քաղաքայիև պատրիկության միջև դասակարգային հակադրության, ինչպես նաև Չեխիայում գերմանական գաղութացման ուժեղացման պատճառով։ Ուներ հակակաթոլիկական բնույթ, ուղղված էր եկեղեցական հողատիրության աճման (եկեղեցին տիրում էր հողերի 3/4 մասին), հոգևորականների կաշառակերության և սանձարձակության։ ժողովրդական հուզումները տարերայնորեն սկսվեցին Յան Հուսի մահապատժից (1415 թվականին) անմիջապես հետո։ Ապստամբ գյուղացիները սկսեցին խմբվել Տաբոր, Օրեբ, Բերանեկ լեռներում՝ իրենց անվանելով հուսյաններ։ 1419 թվականի հուլիսի 30-ին Յան Ժելիվսկու գլխավորությամբ Պրահայում բռնկած ապստամբությամբ Չեխիայում համատարած զինված պայքար սկսվեց ժողովրդական զանգվածների և ֆեոդալա-կաթոլիկական ուժերի միջև։ Հռոմի պապը և Սիգիզմունդ I կայսրը խաչակրաց հինգ արշավանք (1420 և 1422 թվականների ձմեռ, 1422 թվականիի աշուն, 1427 և 1431 թվականներին) կազմակերպեցին հուսյանների դեմ, սակայն ժողովրդական բանակը, Յան Ժիժկայի (նրա մահից հետո՝ Պրոկոպ Մեծի) գլխավորությամբ ջարդելով թշնամուն, 08.02.1427 թվականին և 1429 թվականին անցավ հակահարձակման, մտավ Ավստրիա, Սաքսոնիա, Բավարիա, Հունգարիա, իսկ 1433 թվականին հասավ մինչև Բալթիկ ծովի ափերը։ Սակայն պայքարի ծավալման հետ խորացավ հակասությունը հուսյանների երկու թևերի՝ չափավորների (բյուրգերություն, շլյախտա, հարուստ արհեստավորներ, մանր ազնվականներ) և արմատական հեղափոխականների (ճորտ գյուղացիություն, քաղաքային չքավորություն) միջև։ Չափավորները (կոչվում էին կալիքսականներ, լատիներեն calix — թաս բառից, քանի որ նրանց հիմնական պահանջներից մեկն աշխարհականների հաղորդությունն էր ոչ միայն հացով, այլև գինով) ցանկանում էին պայքարը սահմանափակել էժան եկեղեցու հաստատմամբ, իսկ արմատական հեղափոխականները (կոչվում էին տաբորականներ, տես Տաբոր) պայքարում էին մասնավոր սեփականության և շահագործման վերացման համար։ Չափավորները, 1434 թվականի Բազելի եկեղեցական ժողովում ֆեոդալա-կաթոլիկական ճամբարից ստանալով զավթած եկեղեցական հողերին տիրելու և հացով ու գինով հաղորդվելու իրավունք, նույն թվականի մայիսի 30-ին ռեակցիայի ուժերի հետ Լիպանի մոտ ջարդեցին տաբորականների բանակը։ 1437 թվականին նվաճվեց տաբորականների վերջին՝ Սիոն ամրոցը։ Չնայած պարտությանը, Հյուսիսային Հեղափոխական Շարժման ուժեղ հարված հասցրեց կաթոլիկ եկեղեցուն, նախադրյալներ ստեղծեց համաեվրոպական Ռեֆորմացիայի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 682)։ |