Jump to content

Ձիարշավարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձիարշավարան, հիպոդրոմ, վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկման և ձիասպորտի մրցումների վայր։ Ձիարշավարանում կան վազքային և հեծելային շրջափակված օղակաձև վազքուղիներ, ուր գտնվում են ձիասպորտի տարբեր մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբուններ (վերջնագծի երկարությամբ) և մրցավարական աշտարակ (վերջնագծի դիմաց), ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտեսական կառույցներ (ձիանոց, պայտարան, ձիաբուծարան, կարանտինային կետ ևն)։

Զիարշավարանները հայտնի են դեռես մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում։ Արժանահիշատակ է Կոստանդնուպոլսի ձիարշավարանը, որը եղել է բազմահարկ և թաղածածկ։ Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, ձիարշավարանները եղել են նաև հասարակական կյանքի կենտրոն։

Ժամանակակից ձիարշավարանները լինում են հեծելային, վազքային և համակցված։ Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների երկարությունը 1600 մ է, հեծելաձիերի համար՝ 2000 - 2400 - 3000 մ։ Լայնությունը համապատասխանաբար՝ 20-30 և 20-25 մ։ Ժամանակակից խոշորագույն ձիարշավարաններն են՝ Լեքսինգտոնյանը (ԱՄՆ, Քենտուկի նահանգ), Նյու Մարկետը, Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Սարսուելան (Իսպանիա), Մոսկովյանը (Ռուսաստան) և այլն։

Հայաստանում ձիարշավարաններ եղել են Դվինում, Բագավանում, Վանում, Աշտիշատում, Արտաշատում են, ուր նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են ձիարշավներ և հեծելախաղեր։ 1949-ին Երևանում կառուցվել է ձիարշավարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704