Ձնեմարդ
Ձնեմարդ, ձյունից պատրաստված պարզ քանդակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձնեմարդերը հայտնի են շատ վաղուց, թեև դրանց մասին առաջին վկայությունները վերաբերում են 14-15-րդ դարերին։ Ըստ պատմաբանների՝ ձնեմարդերը հայտնվել են նախապատմական ժամանակաշրջանում, քանի որ կերպարվեստի ծագման սկզբնական շրջանից սկսած՝ դրա համար օգտագործվել է ցանկացած մատչելի նյութ, իսկ ձյունը եղել է մատչելի ու հեշտ մշակվող[1].
Ձնեմարդու ամենահին պատկերը վերաբերում է 14-րդ դարի վերջին. Ժամագրքի (մանրանկար KA 36, շուրջ 1390 թվական, էջ 78v) էջի մի կողմում պատկերված է կրակի վրա խորովվող ձնեմարդ։ Էկստայնը[2] կարծում է, որ ձնեմարդու գլխի տարօրինակ գլխարկը հրեական է, և նկարը համարում է հակասեմականության դրսևորում։
Միջնադարում ձնեմարդերը բավական ժողովրդականություն էին վայելում և սովորաբար ձյունից պատրաստված ռեալիստական քանդակներ էին։ Էկստայնը նշում է վաղ գրական վկայությունների բացակայությունը՝ դա կապելով ինչպես 14-րդ դարում փոքր սառցե դարաշրջանի սկսվելու, այնպես էլ նախքան 15-րդ դարը՝ գրատպության հայտնագործումը թղթի բացակայության հետ։ Ձնեմարդու մասին ամենահին գրառումը վերաբերում է 1408 թվականին, երբ ֆլորենտացի գինեվաճառ Բարտոլոմեո դել Կորացան (իտալ.՝ Bartolomeo del Corazza) իր օրագրում գրել է ձյունից պատրաստված անմոռանալի քանդակի մասին, որի բարձրությունը եղել է երկու բրակիա (շուրջ 120 սմ)[3]։
Արդեն 1434 թվականին Արրասում[4] ստեղծվել են բազմաթիվ գեղեցիկ ձնեմարդեր, որոնք ներկայացրել են քրիստոնեական ու պատմական կերպարներ (Եփեսոսի յոթ երիտասարդներին, Ժաննա դ'Արկին, որն անցել էր քաղաքով դրանից երեք տարի առաջ), տղամարդկանց ու կանանց անպարկեշտ կերպարներ։ Բրյուսելում կրկնվել են Արրասի գլուխգործոցները 1457 թվականին[5], անցկացվել քանդակների փառատոն 1481 թվականին, սակայն միջնադարում ձնեմարդերի ստեղծման գագաթնակետն Արևմտյան Եվրոպայում եղել է 1511 թվականին, երբ Բրյուսելում տիրել է օդի բացասական ջերմաստիճան վեց շաբաթ շարունակ՝ սկսած հունվարի 1-ից։ Իմպրովիզացիոն փառատոնի ընթացքում, որը կոչվել է «1951 թվականի հրաշք», Բրյուսելի փողոցներում հայտնվել են ավելի քան 110 քանդակներ, որոնց խմբավորումների թվում եղել են քաղաքական, պոռնոգրաֆիկ և այլ երանգավորում ունեցող 50 տեսարաններ[6], այդ թվում նաև հետագայում հայտնի դարձած «միզող տղան»։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական ձնեմարդը կազմված է ձյունից պատրաստված երեք գնդերից (կույտեր)։ Ամենամեծ գունդը ձնեմարդու ոտքերն են, միջինը՝ կուրծքը, ամենափոքրը՝ գլուխը։ Մարմնի մյուս մասերը կարող են պատրաստվել տարբեր կերպ, սակայն կան որոշակի կանոնիկ պատկերացումներ ձնեմարդու մասին։ Իրական ձնեմարդերը կարող են չհամապատասխանել դրանց, սակայն այդպիսին է այն ներկայացվում հեքիաթներում ու մուտֆիլմերում։
Ձնեմարդու ձեռքերը կարող են պատրաստվել երկու ճյուղերով, սակայն երբեմն արվում են երկու խորհրդանշական ձեռքեր ձյան ոչ մեծ կույտերից։ «Ձնեմարդու» ձեռքում հաճախ դրվում է բահ կամ ցախավել, որ խրվում է ձյան մեջ՝ ձնեմարդու կողքին։ Երբեմն ձնեմարդու համար պատրաստվում են ոտնաթաթեր ձյան կույտերից, իբր թե դրանք երևում են նրա մուշտակի տակից։ Կանոնը պահանջում է, որ ձնեմարդու քիթը լինի գազարից (գազարը լավ է պահպանվում մինչև ձմեռ), սակայն իրականում ժամանակակից պայմաններում հաճախ օգտագործվում են ավելի մատչելի նյութեր (քարեր, ճյուղեր, ածխակտորներ), որոնցով նշվում են նաև ձնեմարդու մյուս դիմագծերը։ Ձնեմարդու գլխին դրվում է դույլ։
Ողջ միջնադարի ընթացքում տիպական ձնեմարդը եղել է ձյունից պատրաստված ռեալիստական քանդակ[7]։ 21-րդ դարում որպես տոնական ձևավորման տարր՝ ձյունից պատրաստված գնդերի փոխարեն օգտագործվում են արհեստական պատրաստված ձնեմարդեր։ Վաճառվում են նաև պատրաստի հավաքածուներ (գլխարկներ, կոճակներ, արհեստական ածխակտորներ ու գազար), և պատրաստվող ձնեմարդերն սկսում են նմանվել մեկը մյուսին[8]։
Ձնեմարդու կերպարն օգտագործվում է նաև դիզայնի և հուշանվերների պատրաստման բնագավառում։ Որպես դեկորի տարր՝ ձնեմարդը պատրաստվում է թղթից, կտորից կամ թելերից[9]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առնվազն երկու հայտնի քանդակագործներ ճանաչում են ձեռք բերել իրենց (ռեալիստական) ձնեմարդերով. նրանք են Լարկին Միդը, որ իր կարիերան սկսել է «Ձյունե հրեշտակով», և Ալեքսանդր Ֆալգերը, որը 1870 թվականի դեկտեմբերի 8-ին, լինելով զինվոր ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, ստեղծել է «Դիմադրություն» (ֆր.՝ La Resistance) արձանը՝ որպես «Բաստիոն 84-ի ձյան թանգարանի» մաս[10] (19 գումարտակի 17 վաշտում ծառայել են բազմաթիվ այլ նկարիչներ և քանդակագործներ)։
Ձնեմարդն ակտիվորեն օգտագործվում է գովազդում։ Ի տարբերություն ձմեռային մյուս կերպարների՝ այն հարմար է նրանով, որ չի առաջացնում կրոնական ասոցիացիաներ[11] (թեև 2015 թվականին Սաուդյան Արաբիայի իմամներից մեկը հրապարակել է ֆաթվա, որը մուսուլմաններին արգելել է պատրաստել ձնեմարդ[12]), այդ պատճառով էլ ընդլայնում է գովազդի ժողովրդագրական ընդգրկումը։ Նրա ճերմակությունը թույլ է տալիս գովազդել ձյուն հիշեցնող ապրանքներ, ինչպիսիք են աղը, ալյուրը, շաքարավազը, ատամի մածուկը և այլն[11]։ Ձնեմարդն առաջացնում է նորի, մաքրության, թարմության զգացում և թույլ է տալիս վաճառել ոչ միայն լվացքի ու անձնական հիգիենայի միջոցներ, այլև նույնիսկ ծխախոտ (քանզի այն արտաշնչում է «թարմ օդ»)[13]։ Ձնեմարդու կերպարն ասոցացվում է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Snoboy-ը և Michelin-ը[14][15]։
Անգլիախոս աշխարհում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Ֆրոսթի ձնեմարդը, որի մասին նախ հիշատակվել է «Ձնեմարդ Ֆրոսթին» (անգլ.՝ «Frosty the Snowman») պիեսում 1949 թվականին, ապա «Ձնեմարդ Ֆրոսթիի արկածները» ֆիլմում, տասնյակ գրքերում ու կարճամետրաժ ֆիլմերում[16]։
Ձնեմարդու կերպարն օգտագործվել է նաև ֆիլմերում, ինչպիսիք են՝ Ռեյմոնդ Բրիգսի «Ձնեմարդ» (1982 թվական), 1965 թվականին «Օսկարի» առաջադրված «Help! My Snowman's Burning Down», «Ջեք Ֆրոսթ» (1998 թվական) ֆիլմերը[17]։ «Ֆրոսթի ձնեմարդու արկածները» ֆիլմն ունեցել է չորս շարունակություն[18]։ Ֆրոսթին, որի ստեղծողները ոգեշնչվել են «Mad» ամսագրի ծաղրանկարիչ Փոլ Կոկերի աշխատանքներից, հիմք է դարձել ձնեմարդու միասնական կերպարի համար[19], որը ծանոթ է Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի բնակիչներին նվերների խանութներից ու ծաղրանկարներից։
Ռեկորդակիր ձնեմարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամեծ ձնեմարդերից մեկը պատրաստվել է 1999 թվականի փետրվարին ԱՄՆ Մեն նահանգի Բեթել քաղաքում։ Այն կոչվել է «Էնգուս, Լեռան թագավոր»՝ ի պատիվ Էնգուս Քինգի, ով այդ ժամանակ Մենի նահանգապետն էր։ Ձնեմարդն ունեցել է 35 մետր բարձրություն և կշռել ավելի քան 4000 կգ[20]։
2008 թվականին այնտեղ պատրաստվել է ավելի մեծ ձնեմարդ, որն ունեցել է 37 մետր բարձրություն և կշռել 6000 կգ[21]։ Ձնեմարդը, որ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, կոչվել է ի պատիվ Օլիմպիա Սնոուի, ով սենատոր էր ընտրվել Մեն նահանգից[22][23]։
2010 թվականին՝ Սուրբ ծնունդից առաջ, անգլիացի գիտնական, Լոնդոնի ֆիզիկայի ազգային լաբորատորիայի քվանտային բաժնի անդամ Դևիդ Կոքսն իր գործընկերների հետ միասին ստեղծել է ձնեմարդու խորհրդանիշ՝ անագի 0,01 մմ չափերով երկու գնդիկներից։ Ձնեմարդու քիթը պատրաստվել է պլատինից, որի տրամագիծը կազմում է 0,001 մմ։ Ձնեմարդու դեմքն ու ժպիտը քանդակվել են ֆոկուսացված իոնային փնջի օգնությամբ[24]։
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում տարեկան անցկացվում են ձնեմարդերի հետ կապված հարյուրավոր փառատոններ՝ Փենսիլվանիայում անցկացվող գոլֆի մրցաշարից (որն ավարտվում է գոլֆի գնդակներով ձնեմարդուն հարվածելով Վալենպաուպակ լճի սառույցի վրա) մինչև մեծամասշտաբ տոնակատարությունները Խարբինում[25] և Սապորոյում։
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 2000 թվականից անցկացվում է Ձյունե քանդակների սիբիրյան փառատոնը[26]։
Ցյուրիխում անցկացվող Սախսիլյուուտե տոնակատարության ժամանակ պայթուցիկ նյութով լցված ձնեմարդը (պատրաստված բամբակից) տեղադրվում է խարույկի վրա։ Ըստ հավատալիքների՝ որքան արագ պայթի այն, այնքան տաք կլինի ամառը[27]։
2010 թվականից Լատվիայի Դոբելե քաղաքում ամեն ձմեռ անցկացվում է Ձնեմարդերի հավաքը (լատիշ․՝ Sniegavīru saiets)։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին քաղաքի պուրակներում և այգիներում պատրաստվում են մի քանի տասնյակ ձնեմարդեր, որոնցից շատերն ունեն անուններ՝ Երաժիշտ, Զվարճալի դահուկորդ, Ընտանիք ձյունե երեխաներով։ Ձնեմարդերի շքերթն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ ձնեմարդու կերպարն սկսել է հայտնվել Դոբելեի բազմաթիվ հուշանվերների վրա[28]։
Յունիկոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունիկոդում ձնեմարդի սիմվոլ՝ U+2603(☃)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Экстайн, 2007, էջ 146
- ↑ Экстайн, 2007, էջ 141
- ↑ Экстайн, 2007, էջ 130—131
- ↑ Экстайн, 2007, էջ 129—130
- ↑ Экстайн, 2007, էջ 128
- ↑ Экстайн, 2007, էջ 120—121
- ↑ Экстайн, 2007
- ↑ Экстайн, 2007, էջ 13—14
- ↑ Sheila A. Bergner. Snowman crafts. Publications International, 2004. 64 с.(անգլ.)
- ↑ Экстайн, 2007, էջ 92—93
- ↑ 11,0 11,1 Экстайн, 2007, էջ 38
- ↑ Фетва о снеговиках вызвала резонанс
- ↑ Экстайн, 2007, էջ 39
- ↑ Экстайн, 2007, էջ 41
- ↑ Միշլենին Բիբենդումը մտածվել է որպես անվադողերի (19-րդ դարում՝ սպիտակ) հավաքածու, բայց ձնամարդու ալյուզիան հայտնվել է արդեն 19-րդ դարի վերջին (Michelin Bibendum Snowman Tire Poster Արխիվացված 2017-12-22 Wayback Machine // FordImages)։
- ↑ Экстайн, 2007, էջ 30—31
- ↑ Экстайн, 2007, էջ 27—29
- ↑ Экстайн, 2007, էջ 28
- ↑ Экстайн, 2007, էջ 28—29
- ↑ Angus, King of the Mountain — World’s Largest Snowman Արխիվացված 2007-10-12 Wayback Machine (1999-02-19). Sunday River On-Line
- ↑ «2008 World's Tallest SnowWoman». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Topping 122 Feet, Snowman in Maine Vies for World Record». Fox News (Associated Press). 2008 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Tallest snowman». Guinness World Records. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(անգլ.)
- ↑ Самый маленький в мире снеговик (2009-12-04). Новости технологий
- ↑ Экстайн, 2007, էջ 15
- ↑ Филипенко Софья. Снежная скульптура вчера и сегодня // Всероссийский конкурс исследовательских работ «Юность, Наука, Культура — Сибирь», 2014.
- ↑ Экстайн, 2007, էջ 17—18
- ↑ Слёт Снеговиков в Добеле — статья и ВИДЕО
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bob Eckstein The History of the Snowman. — Simon and Schuster, 2007. — 240 p. — ISBN 978-1-4169-4066-1(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնեմարդ» հոդվածին։ |
|