Ճապոնական կինո
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ճապոնական կինո առաջին խաղարկային ֆիլմերը ստեղծվել են 1899 թվականին։ Ազգային կինեմատոգրաֆիան զարգացել է երկու ուղղությամբ․ գենդայգեկի՝ ժամանակակից (կենտրոնը՝ Տոկիոյում) և ձիդայգեկի՝ առասպելական և պատմական (կենտրոնը՝ Կիոտոյում) թեմաներով ժապավեններ։ Ինչպես թատրոնում, կանանց դերերը կատարել են տղամարդիկ (օննագատները), ֆիլմերն ուղեկցվել են մեկնաբանություններով (բենսի)։ 1923 թվականին կինեմատոգրաֆիայի կենտրոնատեղի է դարձել Կիոտոն, որը խթանել է ձիդայգեկիի ծաղկմանը («Սուսերամարտիկ երեխան», 1927, ռեժիսոր՝ Տեյնոսկե Կինուգասա, «Օօկա դատավորը», 1928, ռեժիսոր՝ Հիրոսի Ինագակի ևն)։ Գենդայգեկիի զարգացմանը նպաստել են Հեյնոսկե Գոսյոյի, Կիեհիկո Ուսիհարայի, Կենձի Միձոգուտիի ստեղծագործությունները։ 1929 թվականին հիմնադրվել է ճապոնական պրոլետարական կինոյի միությունը («Պրոկինո», 1934 թվականին փակվել է)։ 1920-ական թվականներին ստեղծվել են հասարակության սոցիալական կառուցվածքը քննադատող ֆիլմեր («Կենդանի տիկնիկ», 1929, ռեժիսոր՝ Տոմու Ուտիդա)։ Հնչուն կինոն հաստատվել է «Հարևանուհին և կինը» (1931, ռեժիսոր՝ Գոսյո) ֆիլմով։ 1940-ական թվականներին լավագույն ֆիլմերից են՝ «Ձին» (1941, ռեժիսորներ՝ Սիրո Տոյոդա և Կաձիրո Ցամամոտո), «Մուհոմացուի կյանքը» (1943, ռեժիսոր՝ Ինագակի)։ Ետպատերազմյան առաջին տարիներին առավելապես զարգացել է վավերագրական կինոն։ 1948 թվականին վեցամսյա գործադուլից հետո «Տոհո» ընկերության ստուդիայից հեռացված առաջադեմ կինեմատոգրաֆիստները հետագայում ստեղծել են իրենց կինոընկերությունը և թողարկել 1950-ական թվականների սոցիալական լավագույն ֆիլմերը, դրանցից են «Եվ այնուամենայնիվ մենք ապրում ենք» (1951, ռեժիսոր՝ Տադասի Իմաի), «Անարև փողոցը» (1954, ռեժիսոր՝ Սացուո Ցամամոտո), «Լերկ կղզին» (1960, ռեժիսոր՝ Կանետո Սինդո) ևն։ Այդ շրջանում ճապոնական ֆիլմերի արտադրության ծավալով աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Ճապոնական կինոյի համաշխարհային էկրան դուրս գալը պայմանավորված է ռեժիսորներ Միձոգուտիի («Մշուշապատ լուսինը», 1953), Ակիրա Կուրոսավայի («Ռասյոմոն», 1950, «Յոթ սամուրայներ», 1954, «Կարմիր՝ մորուք», 1964), Կոն Իտիկավայի («Օտարականները», 1973) և Մասակի Կոբայասիի («Ապստամբը», 1967, «Քարացածություն», 1975) ստեղծագործություններով։ 1960-ական թվականներին երիտասարդ ռեժիսորները իրենց ստեղծագործություններում զարգացրել են ետպատերազմյան սերնդի ճակատագրի թեման («Պատմվածք դաժան պատանեկության մասին», 1960, ռեժիսոր՝ Նագիսա Օսիմա, «Հարսնացուն Անդից», 1966 թվականին, ռեժիսոր՝ Սուսումա Հանի, «Կինը ավազների մեջ», 1964, ռեժիսոր՝ Հիրոսի Տեսիգահարա, «Կինը, որին ես լքեցի», 1969, ռեժիսոր՝ Կիրիո Ուրայամա ևն)։ 1970-ական թվականներին ճապոնական ազգային կինոն ճգնաժամ էր ապրում, կտրուկ իջել էր ֆիլմերի գեղարվեստական մակարդակը, մեծ տարածում էին գտել «սեքս-ֆիլմերը», կազմակերպված հանցագործությունների («էկուձա-էյգա»), աղետների («պանիկ-էյգա») մասին ֆիլմերը։ 1975 թվականին թողարկվել է 396 (1960 թվականին՝ 547) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Գործում են 4 խոշոր («Նիկկացու», «Սյոտիկու», «Տոհո», «Տոեյ») և բազմաթիվ մանր կինոֆիրմաներ։ Պատկերազարդումը տես վեցերորդ հատորի 704-705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ 29-րդ-30-րդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 83)։ |