Մալթայի աքսորականներ
Մալթայի աքսորականներ, թուրքերեն՝ Malta sürgünleri, «Մալթա սյուրգյունլերի» (1919 թ.-ի մարտի և 1920 թ.-ի հոկտեմբերի միջև) տերմին է, որը կիրառվում է Թուրքիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի այն ռազմական հանցագործներին, Հայոց ցեղասպանությունը ծրագրած, կազմակերպած, իրագործած ոճրագործ քաղաքական և ռազմական գործիչներին և դրանով իսկ մարդկության դեմ հանցագործություն կատարածներին (ներառյալ օսմանյան կայսրության բարձրաստիճան զինվորականներին, քաղաքական գործիչներին և վարչական ղեկավարներին՝ կենտրոնական կառավարությունից մինչև գավառներն ու գյուղերը ներառյալ) նշելու համար, որոնք Կոստանդնուպոլիս քաղաքի բանտերից ընտրվեցին և ուղարկվեցին աքսորի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Մալթա կղզի՝ Մուդրոսի զինադադարից հետո, երբ որ չհաջողվեց լիակատար իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձը, որը ձեռնարկվել էր Անտանտի տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։
Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող պետությունների կառավարությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, օսմանյան ռազմական հանցագործներին աքսորեցին Մալթա կղզի «Պրինցես Էնա Մալթա» (Princess Ena Malta) և «Բենբոու» (Benbow) նավերով՝ սկսած 1919 թ.-ից։ Նախատեսված էր, որ այդ ոճրագործները Մալթայի աքսորում կպահվեն շուրջ երեք տարի, մինչդեռ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կիրականացվեն արխիվների հետազոտություններ, կհավաքվեն անհրաժեշտ փաստաթղթերը և կորոշվեն նրանց պատժելու ուղիները[1]։
Օսմանյան մեռնող կայսրության փոքրասիական տարածքներում ծնունդ առած թուրքական այսպես կոչված անկախական, կամ ազգայնական՝ «միլլի» շարժումը, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, որը հետո պիտի իր կառավարությունը հաստատեր Անկարայում և 1923 թ.-ին ի վերջո հռչակեր թուրքական նոր պետության ստեղծումը Թուրքիայի հանրապետություն անվամբ, խիստ հակառակվում էր օսմանյան ռազմական հանցագործների դատավարությանը։ Գեներալ Մուստաֆա Քեմալ փաշան, որը հետագայում պետք է ընդուներ Աթաթուրք ազգանունը, այսինքն դառնար «թուրքերի հայրը» խստորեն դատապարտում էր այդ դատավարությունները և օսմանյան ռազմական հանցագործների աքսորվելը Մալթա, մասնավորապես 1919 թ.-ի սեպտեմբերի 4-ի միլլիականների կամ քեմալականների Սեբաստիայի կամ Սըվազի համագումարում հայտարարելով հետևյալը. «...եթե բանտարկյալներից որևէ մեկը արդեն բերվել է կամ դեռ բերվելու է Կոստանդնուպոլիս՝ մահապատժի ենթարկվելու, նույնիսկ եթե դա կատարվել է Կոստանդնուպոլսի նողկալի կառավարության[2] կարգադրությամբ, ապա մենք լրջորեն կդիտարկենք մեր բանտերում գտնվող բոլոր բրիտանացի բանտարկյալների մահապատժի ենթարկման հարցը»։ 1921 թ.-ի փետրվարից Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում Ռազմական դատարանը սկսեց բանտարկյալներին ազատ արձակել առանց դատավարության[3]։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (en:European Court of Human Rights) դատավոր Ջովանի Բոնելոն (it:Giovanni Bonello) հավակնում է, թե 1921 թ.-ին բանտարկյալներն ազատ արձակվեցին, քանզի 1921 իրավական շրջանակներ չկային՝ ռազմական հանցագործներին պատժելու համար, որի պատճառն էլ, իր հերթին՝ միջազգային իրավունքում առաջացած իրավական վակուումն էր, ուստի, ի հակասություն թուրքական աղբյուրների, Մալթայում նույնիսկ երբևէ որևէ դատավարություն չի անցկացվել օսմանյան ռազմական հանցագործների նկատմամբ։ Օսմանյան ռազմական հանցագործ-բանտարկյալների ազատ արձակումն իրականացվեց ի փոխանակություն այն 22 բրիտանացի գերիների, որոնք գտնվում էին «միլլիական» շարժման ղեկավարի՝ խռովարար ազգայնական (նախկին երիտթուրք) գեներալ Մուստաֆա Քեմալի ձեռքին[4][5]։
Որպես դրա արդյունք՝ բրիտանական իշխանությունները օգտագործում էին ցանկացած, հիմնականում փաստաթղթավորված վկայություն՝ Հայերի նկատմամբ թուրք ռազմական հանցագործների կատարած վայրագությունների վերաբերյալ։ Ընդ որում, Մալթա աքսորվածները մեղադրվել և դատապարտվել էին հենց Օսմանյան ռազմական դատարանների կողմից Մուդրոսի զինադադարից կարճ ժամանակ անց։
Պատժի կրումը Մալթայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործընթացները Թուրքիայում, որոնք կապված էին հիմնականում Փոքր Ասիայում թուրքական ազգայնական ապստամբության բարձրացման և դրա գլուխ, այսպես կոչված, փախստական գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անցման հետ։ Ըստ բրիտանացիների, իբր, հենց դա հարկադրեց, որ իրենց ծրագրերում փոփոխություններ մտցվեն Մալթայի աքսորյալների վերաբերյալ։ Դերծովակալ Ռիչարդ Վեբը (Richard Webb) որոշում կայացրեց բանտարկյալներին փոխադրել մի վայր, որտեղ նրանք հասանելի չեն լինի Կոստանդնուպոլսում բարձրացած թուրքական խռովության մասնակիցների համար, քանզի ապստամբած թուրքերի ամբոխները փորձում էին գրոհել Օսմանյան կայսրության գլխավոր հրամանատարության՝ Սերիասկերիաթի (Seriaskeriat) և Բեքիր Աղա (Bekir Aga) բանտերը, որտեղ բանտարկված էին քաղաքական հանցագործները։ Դերծովակալ Վեբը իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ չտեղեկացնելու պաշտոնապես գործող Օսմանյան կառավարությանը ռազմական հանցագործներին Կոստանդնուպոլսից հեռացնելու իր որոշման մասին, քանի դեռ նրանք չեն հեռացվել Կոստանդնուպոլսից։ Ընդ որում, Վեբը հենվում էր օսմանյան կառավարության այդ ժամանակվա ղեկավար Դամաթ Ֆերիդ փաշայի (tr:Damat Ferid Pasha) արտահայտած ցանկության վրա, որը սակայն վավերագրված չէր՝ քաղաքական այդ բանտարկյալներին ուղարկել բրիտանական կայսրության գաղութ հանդիսացող Մալթա կղզի։ Քալթորփը (։en։Calthorpe) տեղեկացրեց լորդ Փլամերին (։en։Lord Plumer)` Մալթայի կառավարչին՝ Governor of Malta, թե կարիք կա, որ օսմանյան ռազմական հանցագործները ապահով կերպով պահվեն Մալթայում՝ Օսմանյան կայսրության տարածքից դուրս։ Շուրջ 40 առավել կարևոր կասկածյալներ ապահով կերպով գտնվում էին իշխանությունների ձեռքին, սակայն կար ևս 5 «սև ցուցակ», որոնք կազմվել էին Բրիտանական բարձրագույն կոմիսարի հայկական և հունական բաժանմունքի կողմից։ 67 օսմանցի բանտարկյալներ բարձրացվեցին Princess Ena նավի տախտակամած և 1919-ի մայիսի 28-ի գիշերը[6], նրանք ուղարկվեցին Մալթա։ Նրանք պետք է մնային Մալթայում, ներառյալ 41 քաղաքական գործիչները, որոնց կեսը պատասխանատու էր համարվել Հայերի հանդեպ գործած վայրագությունների համար, իսկ մյուս կեսը աքսորվել էին որպես "պատժիչ պատերազմական միջոցի ենթարկվածներ"։ Եվս 14 օսմանյան սպաներ կասկածվում էին բրիտանացի ռազմագերիների հանդեպ անթույլատրելի միջոցներ կիրառելու համար, և նույնպես միացան այդ խմբին։
Ձերբակալությունների նոր ալիքը բարձրացավ Թուրքական պատգամավորների պալատի վրա բրիտանական զորքերի գրոհից հետո, և 30 կարևոր քաղաքական անձինք ևս վտարվեցին դեպի Մալթա՝ բրիտանական արքայական նավատորմի Benbow նավով։ Աքսորյալների այդ խումբը ժամանեց Մալթա կղզի 1919 թ.-ի մարտի 21-ին։ Մինչև 1920 թ.-ի նոյեմբերը նորանոր օսմանցի վտարյալներ ուղարկվեցին Մալթա, որտեղ նրանց թիվը այդ ժամանակ հասնում էր 144-ի և նրանք բոլորը պահվում էին տեղական բանտում։ Այդ ամենը հարկադրեց Մուստաֆա Քեմալին, հրաման արձակելու Փոքր Ասիայում գտնվող 20 բրիտանացի սպաների ձերբակալման մասին, ինչը հետագայում գլխավոր դերը պիտի խաղար Մալթայի աքսորական օսմանցի հանցագործների ճակատագիրը որոշելիս։ Քեմալի հրամանով բանտարկված բրիտանացի սպաների մեջ էր նաև գնդապետ Ռոլինսընը (։en։Colonel Rawlinson), որը Լորդ Քերզոնի (։en։Lord Curzon) բարեկամն էր և Լորդ Ռոլինսընի (։en։Lord Rawlinson) եղբայրը։
Ձերբակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին պատերազմական հանցագործը, որը փախուստի էր դիմել, Ալի Իհսան Սաբիսն էր՝ tr:Ali İhsan Sâbis, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորահրամանատար էր եղել Օսմանյան կայսրության Միջագետքի ռազմաբեմում, ներկայիս Իրաքի տարածքում և մասնակցել էր Հայերի ցեղասպանությանը։ Ալի Իհսան Սաբիսը կազմակերպել էր Օսմանյան բանակ զորակոչված և խաբեությամբ զինաթափված, անզեն հայազգի զինվորների ոչնչացումը, ինչպես նաև Պատմական Հայաստանի Նորշիրական կամ Պարսկահայք նահանգի (ներկայիս Ուրմիա լճի մերձակայքում)՝ օսմանա-պարսկական սահմանի հարակից տարածաշրջանի քրիստոնեական, հիմնականում՝ հայկական և ասորական բնակավայրերի խաղաղ քաղաքացիական բնակչության կոտորածները։ Հայերի այս դահիճը՝ արդարադատությունից խուսափելու համար փախուստի էր դիմել 1919 թվականի մարտի 29-ին։
1919 թ.-ի մայիսի 28-ին Օսմանյան կայսերական կառավարությունը Կոստանդնուպոլսում հեռակա դատի՝ in absentia ենթարկեց 30 ռազմական հանցագործների, ներառյալ՝ խռովարար գեներալ Մուստաֆա Քեմալ փաշային։ 1919 թ.-ի հունիսի 2-ին եկավ Կարսի խորհրդի անդամների հերթը։ Կարսից Մալթա աքսորյալները ներառում էին 11 անձի՝ այդ թվում՝ ութ թուրքի, ներառյալ՝ Կարսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահին՝ Ջըհանգիրզադե Իբրահիմ բեյին՝ Cihangirzade Ibrahim Bey, երկու հույնի և մեկ ռուսի, հավանաբար՝ մոլոկանի, որոնք բոլորն էլ հանդիսանում էին այսպես կոչված Կարսի հանրապետության Խորհրդի անդամներ։ 1919 թ.-ի սեպտեմբերի 21-ին ավելի քան մեկ տասնյակ, անձինք, որոնք առավել ականավոր դեմքերն էին այսպես կոչված Օսմանյան կայսրության Երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանում, այսինքն՝ Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» անունը կրող կուսակցության իշխանության ժամանակ, նույնպես աքսորի ենթարկվեցին։ Դրանց շարքում էին նախկին վարչապետ, այսինքն՝ Մեծ վեզիր՝ Grand Vizier Սաիդ Հալիմ փաշան՝ Said Halim Pasha (որին սկզբնապես աքսորեցին Մուդրոս կղզի), նրա եղբայրը՝ Աբաս Հալիմ փաշան՝ Abbas Halim Pasha, գրող և համաթուրքականության՝ պանթուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփը՝ tr:Ziya Gökalp և այլք։ Բրիտանական ռազմական ուժերը տեղակայված էին Կովկասում, այսինքն՝ Արևելյան Հայաստանում, այն բանից հետո, երբ Առաջին համաշխարհային պատերազմում պարտության հետևանքով լուծարվեց Օսմանյան կայսրության IX դաշտային բանակը։ Այդ բանակի զինծառայողները հեռացվեցին իրենց ծառայությունից։ Դրանց շարքում էին ռազմական հանցագործներ, հայ ժողովրդի դահիճներ՝ գեներալ-մայոր Յաղուբ Շևքի փաշան՝ tr:Yakup Sevki Subası (ցուցակում՝ թիվ 120), Մեհմեթ Ռիֆաթը՝ Mehmet Rıfat (թիվ 129) և Մյուրսել Բաքուն՝ Mürsel Bakû (թիվ 137)։ Ցուցակի 60-70 համարների անձինք IX դաշտային բանակից էին նաև՝ Կարսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդի անդամներ։
Այն 145 օսմանյան ռազական և քաղաքացիական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք ձերբակալվեցին և աքսորվեցին, հիմնականում բարձրաստիճանների թվին էին պատկանում և մեղավոր էին ռազմական հանցագործություններ կատարելու համար։
Ձերբակալումների մասին որոշումների մի մասը վերաբերվում էր այն հանցագործ անձանց, որոնք հասցրել էին արդեն փախուստի դիմել, փորձելով խուսափել արդարադատությունից։ Դրանց թվում էին այսպես կոչված երիտթուրքական եռապետները՝ երեք փաշաները՝ en:Three Pashas, ներքին գործոց նախարար և Օսմանյան կայսրւթյան փաստացի ղեկավար Թալյաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ռազմածովային նախարար և Հալեպի կառավարիչ՝ Ջեմալ փաշան։ Սրանք փախուստի էին դիմել Ահմեթ Իզզաթ փաշայի՝ Ahmet Izzet Pasha, ալբանական ծագմամբ օսմանյան մի պաշտոնյայի օգնությամբ։
Կարսի բրիտանական օկուպացիայից հետո պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով բրիտանացիների կողմից ձերբակալվեցին ապօրինի «Կարսի խորհրդի»՝ Կարս Շուրասը (Kars Surası) անդամները, որպես օսմանյան վարչակազմ, որը ստեղծվել էր, ինքնահռչակ, չճանաչված Հարավ-արևմտյան Կովկասի հանրապետտությունում՝ en:South West Caucasian Republic՝ օսմանյան զորքերի հետ քաշվելուց հետո (ինչը տեղի էր ունեցել Մուդրոսի զինադադարի ուժով)։ Թուրքական այդ խամաճիկային հանրապետությունը Հայաստանի տարածքում ստեղծվել էր հայկական պետականությանը վնասելու և այն օրորոցի մեջ խեղդելու նպատակով։ ՙՙԿարսի շուրան՚՚ լուծարվեց 1919 թ.-ի ապրիլին և նրա ականավոր անդամները ձերբակալվեցին ու ուղարկվեցին Կոստանդնուպոլիս հետպատերազմյան ռազմական դատարանի դատավարությանը ներկայացվելու համար իսկ ապա՝ աքսորվեցին Մալթա։ Միևնույն ժանանակ Կարսի մարզը բրիտանացիները հանձնեցին իրենց դաշնակիցներին՝ հայերին, դրանով իսկ Հայաստանի Հանրապետություն անունով հռչակված հայկական վերականգնված պետության մասը կազմեց 1919 թվականից մինչև 1920 թվականը, երբ Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան համատեղ ագրեսիա իրականացրեցին հայկական պետության դեմ և ոչնչացրեցին այն, հողերը բաժանելով իրար մեջ։ 1920 թվականի աշնանը Կարսը փաստացի անցավ Թուրքիային, իսկ 1921-ի մարտի 16-ի Մոսկովյան, ապա դրան կրկնած հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով իրավաբանորեն ձևակերպվեց դրա անցումը Թուրքիայի, թեպետ տեղի ունեցավ միջազգային իրավունքի լուրջ խախտում, որի հիման վրա ներկայիս Հայկական պետությունը կարող է հետ պահանջել Կարսի մարզի և մյուս կորցրած տարածքները։
Իրականում պետք է ձերբակալվեին և դատապարտվեին ոչ միայն այդ մդ 145 օսմանյան ռազմական հանցագործները, այլև օսմանյան կայսրության բանակի ամբողջ սպայակազմը՝ ռազմական նախարարից ու գլխավոր շտաբի պետից մինչև առնվազն վաշտի հրամանատարները, և քաղաքացիական ամբողջ վարչակազմը՝ վարչապետից մինչև վերջին գյուղապետը ներառյալ։ Դրա համար թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս կան բավարար ապացույցներ[7]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան ռազմական հանցագործներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալթայի աքսորականների թվում էին հետևյալ օսմանյան ռազմական հանցագործները.
Անուն | Բանտարկման տարեթիվ | Բանտային անհատական թվահամար | Գործառույթը Օսմանյան կայսրությունում | Հետագա տվյալներ |
---|---|---|---|---|
Ալի Ֆեթհի Օքյար | Մայիս 28, 1919 | 26 80 | Օսմանյան կայսրության ռազմական հանցագործ։ Թուրքական հանրապետության պետական և ռազմական գործիչ, վարչապետ։ | Ծնվ. ապրիլի 29, 1880, Պրիլեպ - վախճ.՝ մայիսի 7 1943, Ստամբուլ |
Հասան Ֆեհմի բեյ | Մայիս 28, 1919 | 26 88 | Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սինոպ քաղաքից | |
Սյուքրյու Քայա | Մայիս 28, 1919 | 27 38 | Օսմանյան կայսրության կառավարության Ցեղերի և գաղթականների բնակավորման վարչության տնօրեն I Աշխարհամարտի ժամանակ | |
Ահմեթ Աղաօղլու | Սեպտեմբեր 21, 1919 | 27 64 | Օսմանյան կայսրության խորհրդարանի Աֆյոն Կարահիսարից (Ափիոն Գարահիսար), երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցության գաղափարախոս, գրող | |
Մահմուդ Քյամիլ փաշա | Սեպտեմբեր 21, 1919 | 27 58 | Օսմանյան կայսրության զինված ուժերի նախկին V դաշտային բանակի զորահրամանատար | |
Զիյա Գյոքալփ | Սեպտեմբեր 21, 1919 | 27 59 | Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Էրգանի-Մադենից, երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցության համաթուրանականության՝ պանթուրքիզմի գաղափարախոս | |
Ռաուֆ Օրբայ | Մարտ 22, 1920 | 27 76 | Օսմանյան կայսրության նախկին Ռազմածովային նախարար, Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սեբաստիայից՝ Սըվազից | |
Ջեվաթ Չոբանլը | Մարտ 22, 1920 | 27 73 | ||
Ալի Չեթինքայա | 27 մարտ 1920 | 27 87 | Օսմանյան կայսրության խորհրդարանի Նախկին պատգամավոր Ափյոնից | |
27 Մարտ 1920 | 27 84 | Օսմանյան կայսրության նախկին Մոսուլի և Բաղդադի նահանգապետ | ||
Աբդուլխալիկ Ռենդա | Հունիս 7, 1920 | 27 92 | Օսմանյան կայսրության նախկին Բաղեշ՝ Բիթլիսի նահանգապետ | |
Քյազիմ Օրբայ | 28 08 | Օսմանյան կայսրության Գնդապետ, Էնվեր փաշայի փեսան | ||
Յունուս Նադի Աբալըօղլու | 28 11 | Լրագրող, թուրքական ՙՙՅենի գյուն՚՚ լրագրի սեփականատերը |
Ցուցակի շարունակություն, ըստ թուրքական աղբյուրներից քաղված տվյալների.[8]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- en:Effort to prosecute Ottoman war criminals
- en:Turkish Courts-Martial of 1919–20
- en:Imperial Government (Ottoman Empire)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Detlev Grothusen, Klaus (197). Die Türkei in Europa: Beiträge des Südosteuropa-arbeitskreises der… (German). Berghahn Books. էջ 35.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 1919-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես շարունակում էր իր գոյությունը և Կոստանդնուպոլսում գտնվող սուլթանական կառավարությունը հանդիսանում էր երկրի պաշտոնական և օրինական կառավարությունը, որը, սակայն չէր ընդունվում միլլիականների կամ քեմալականների կողմից։ Իր հերթին Օսմանյան կառավարությունը պետական հանցագործ էր հայտարարել Մուստաֆա Քեմալին։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
- ↑ Taner Akçam: A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, Metropolitan Books, New York 2006 ISBN 978-0-8050-7932-6, p. 354
- ↑ Bonello, 2008
- ↑ Turkey’s EU Minister, Judge Giovanni Bonello And the Armenian Genocide - ‘Claim about Malta Trials is nonsense’. The Malta Independent. 19 April 2012. Retrieved 10 August 2013
- ↑ Ի դեպ, 1919-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում հրապարակվեց Միացյալ և Անկախ Հայաստանի Հռչակագիրը:- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
- ↑ Տե՛ս Ռաֆայել Թադևոսյան, փոխգնդապետ, ռազմական պատմաբան, Հայոց Մեծ Եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Երևան, 2015։
- ↑ Album of the Grand National Assembly of Turkey, Vol. 1.
- ↑ Tutuklanan komutanından ayrılmayıp gönüllü sürgüne gitmiştir.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bonello, Giovanni (2008). Histories of Malta - Confessions and Transgressions, Vol.9. Fondazzjoni Patrimonju Malti. ISBN 978-99932-7-224-3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Simsir, Bilal - Malta Surgunleri (The Malta Exiles). Istanbul, 1976.
- Հայոց ցեղասպանություն
- Առաջին համաշխարհային պատերազմ
- Պատերազմի հանցագործներ
- Ռազմական հանցագործություն
- Օսմանյան ռազմական դատարան
- Հանցագործություն մարդկության հանդեպ
- Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ
- Օսմանյան կայսրության բանակը Առաջին համաշխարհային պատերազմում
- Օսմանյան կայսրության գեներալները Առաջին համաշխարհային պատերազմում
- Իսլամը Մալթայում
- Մալթայի աքսորյալներ
- 1919 թվականը Մալթայում
- 1920 թվականը Մալթայում
- 1919 թվականը Օսմանյան կայսրությունում
- 1920 թվականը Օսմանյան կայսրությունում
- Թուրքիայի անկախության պատերազմ
- Քեմալական շարժում
- Միլլիական շարժում
- Հայաստանի ռուս-թուրքական բաժանում
- Հայաստանի քեմալա-բոլշևիկյան բաժանում
- Մալթայի աքսորականներ
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում