Jump to content

Մթնոլորտային էլեկտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթնոլորտային էլեկտրականություն,

  1. Մթնոլորտում տեղի ունեցող էլեկտրական երևույթների և պրոցեսների համախումբ,
  2. Մթնոլորտի ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրական երևույթները մթնոլորտում և դրա էլեկտրական հատկությունները։ Մթնոլորտն օժտված է ժամանակի ընթացքում փոփոխվող և բարձրությունից կախված էլեկտրահաղորդականությամբ, որը պայմանավորված է մթնոլորտում դրական և բացասական լիցքերի՝ իոնների, առկայությամբ։ Իոնների թիվը կախված է իոնիչների ներգործությունից։ Տրոպոսֆերայում այդպիսի իոնիչներ են տիեզերական ճառագայթները, երկրապարների և մթնոլորտի ռադիոակտիվ ճառագայթումը, իսկ մթնոլորտի ավելի բարձր շերտերում՝ Արեգակի ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթները։ Չխախտված մթնոլորտային պայմաններում (պարզ եղանակ) էլեկտրական դաշտի լարվածությունը մթնոլորտում հավասար է 130 վ/մ և բարձրության հետ նվազում է էքսպոնենտային օրենքով։ Երկրի մակերևույթին մոտ՝ 300—3000 մ հաստության շերտում, որտեղ կուտակվում են աերոզոլները, էլեկտրական դաշտի լարվածությունը կարող է աճել բարձրությունից կախված։ Դաշտի լարվածությունը կախված է մի շարք օդերևութաբանական գործոններից՝ օդի խոնավությունից, թափանցիկությունից, քամու արագությունից և այլն։ Լարվածությունը լայն սահմաններում փոփոխվում է ամպրոպների, հորդ անձրևների, ձյունահողմերի ժամանակ։ Մթնոլորտային էլեկտրականության ուսումնասիրությունը էապես նպաստում է ռադիոակտիվ հանքաքարերի և աղբյուրների որոնման և շանթապաշտպանության միջոցառումների մշակման գործին։


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 519
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնոլորտային էլեկտրականություն» հոդվածին։