Միզուկ (urethra), խողովակաձև օրգան, որով մեզն արտահոսում է միզապարկից։
Տղամարդու միզուկի երկարությունը 18-22 սմ է, սկսվում է միզապարկի հատակին գտնվող միզուկի ներքին բացվածքով և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Միզուկով արտահոսում է նաև սերմնահեղուկը։ Տարբերում են՝ միզուկի շագանակային, թաղանթային և սպունգային հատվածներ։ Շագանակայինը ամենալայն հատվածն է, որի մեջ բացվում են սերմնացայտ և շագանակագեղձի ծորանները։ Կանանց միզուկի երկարությունը 3 սմ է, սկսվում է միզապարկից ու բացվում հեշտոցի նախադռան մեջ։ Միզապարկի մոտմիզուկն ունի օղակաձև հարթ մկանաթելերից կազմված ներքին սեղմիչ (սֆինկտեր), որը կծկվելով արգելում է մեզի արտահոսը։ Գործում է անկախ մարդու կամքից, միզապարկը բավականաչափ մեզով լցվելիս, դրա պատերում գտնվող նյարդային վերջույթները գրգռվում են, առաջացնում ռեֆլեկտոր կծկումներ, սեղմիչի թուլացում և մեզի արտահոս։ Միզուկի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ շարակցաթաղանթային, արտաքին՝ մկանային։ Միզուկի բորբոքային պրոցեսները կարող են առաջացնել սպիական նեղացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 534)։