Մուշկապատ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մուշկապատ | ||
ադրբ.՝ Müşkapat | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Համայնք | Մարտունու շրջան, Varanda mahal?, Շուշիի գավառ և Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 703±1 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 351 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մուշկապատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետությունում, Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գյուղը գտնվում է շրջկենտրոնից (Մարտունուց) մոտ 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 37 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1462,0 հա տարածք, որից 825,35 հա գյուղատնտեսական նշանակություն, 564,01 հա անտառային հողեր։ Մուշկապատ համայնքի սահմանային գոտով հոսում է Խոնաշեն գետը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշկապատ գյուղը հնում էլ կրում էր նույն անունը։ Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց, որ շատ հին է կասկած չկա. մոտավորապես 7-8-րդ դդ։ Անվան ծագումը բացատրվում է երեք տարբերակով․ Մեջքապատ, Մշուշապատ, Մուշկապատ։ Առաջինը հետևյալ կերպ է բացատրվում՝ գյուղը գտնվում է բարձր լեռան հարթակում, թիկունքը պատված է ժայռաբլուրներով, երկրորդը՝ տարվա մեծ մասը պատված է լինում մշուշով և երրորդը՝ մուշկ ծաղկի անունից։ Նախապատվությունը տրվում է I տարբերակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց որ շատ հին է, կասկած չկա։ Մոտավորապես 7-8-րդ դարերում։
Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը։ Հետագայում 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Մուշկապատը 10-16-րդ դարերում մաս է կազմել Խաչենի իշխանության Մյուս-Հաբանդ գավառին, 16-18-րդ դարերում՝ Վարանդայի մելիքությանը։
1828․թ երբ Արևելյան Հայաստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ․ ստեղծվում է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառը, գյուղը մաս է կազմել Շուշիի գավառի։ Այժմ այն մտնում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչատերիտորյալ կազմի մեջ։
Գյուղում մինչև 2010թ․ կար կոլտնտեսության գրասենյակ։ 2015թ․ նույն տեղում կառուցվել է համայնքային կենտրոն։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են մոտ 250 համագյուղացիներ, որից 128-ը չեն վերադարձել։ Պատերազմում իր հերոսությամբ աչքի է ընկել Գրաբչակի պարտիզանական ջոկատի խմբի հրամանատար Աշոտ Հովհանիսյանը, որը մասնակցել է ֆաշիստական զավթիչներից Չեխասլովակիայի ազատագրմանը և արժանացել երկու քաղաքների պատվավոր քաղաքացու կոչման։ Պատերազմում զոհվածների հիշատակին 1970.թ գյուղում կառուցվել է հուշարձան։
Գյուղի տղամարդիկ դեռ 1988-ից հերթապահում էին, մի մասը գյուղի շուրջը, մեծ մասը պաշտպանում էին հարևան Ադրբեջանական Ղարադաղլու գյուղի մոտ գտնվող Մուշկապատի կոլտնտեսության ֆերման և մյուս մասը շենքերի ունեցվածքը։ 1990.թ-ից գյուղում կազմավորվում է կամավորական ջոկատ մոտ 30 հոգի (հրամանատար Ռուդիկ Բաղդասարյան, Աբրիկ Հայրապետյան,Յուրի Բեգլարյան)
Արցախյան պատերազմին ակտիվորեն մասնացել են 80-ից ավելի մուշկապատցիներ։ Ազատագրական մարտերի ընթացքում իրենց կյանքն են տվել 17 քաջորդիներ, որից 6-ը՝ չամուսնացած։ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի է արժանացել Ավոյի մարտական ընկեր Աբրիկ Հայրապետյանը (պահեստի փոխգնդապետ), 2-րդ աստիճանի շքանշանի՝ Յուրի Բեգլարյանը (պահեստի կապիտան) և Կարեն Գրիգորյանը (գնդապետ 2014-19.թ.թ՝ 1-ին ապա 3-րդ պաշտպանականի շրջանի հրամանատար, այժմ ՊԲ ինժեներային ծառայության պետ) և Յուրա Գասպարյանը (պահեստի կապիտան), մյուսները՝ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ պարգևների։ Գյուղի բնակչությունը ակտիվ մասնակցություն է ունեցել 2016թ. ապրիլյան պատերազմին. ժամկետային ծառայողներ, սպաներ, պայմանագրայիններ, կամավորականներ, ազատամարտիկներ (ապրիլ-հունիս), իսկ Կարեն Գրիգորյանի գլխավորած 3-րդ Պաշտպանական գունդը կարողացել է անառիկ պահել զորամասին վստահված 30 կմ պետական սահմանը, ոչնչացնել թշնամու մեծ քանակությամբ զինուժ, հրետանի և զրահատեխնիկա, դրանով իսկ կասեցրել թշնամու նախատեսված հարձակումը արևելյան ուղղությամբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Սահմանակից է արևելքից՝ Գիշի, հարավ-արևմուտքից՝ Կոլխոզաշեն, արևմուտքից՝ Հաղորտի գյուղերին, գտնվում է Մարտունի-Ստեփանակերտ մայրուղու 9-րդ կիլոմետրից ձախ 5,5 կմ հեռավորության վրա։ Վարչական տարածքը 1020 հեկտար է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում, ըստ Հայաստանի ազգային արխիվի՝ գյուղի բնակչությունը հետևյալ պատկերն ուներ 1832-1833 թթ.՝ 152 բնակիչ, 1841 թ.՝ 125 բնակիչ, 1873 թ.՝ 469 բնակիչ, 1885 թ.՝ 706 բնակիչ, 1897 թ.՝ 762 բնակիչ, 1917 թ.՝ 1361 բնակիչ, 1921 թ.՝ 1002 բնակիչ։ 2020 թ. տվյալներով 350 բնակիչ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 374 | 363 | 368 |
Բուսական և կենդանական աշխարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում կլիմայական և բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ։ Տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Ժայռերում ապրում են մողեսներ, կարիճներ և օձերի որոշ տեսակներ։ Սողուններից կարելի է մատնանշել իժը և գյուրզան։ Այգիներում և արտերում ապրում են դաշտամկներ, որոնք արագ զարգանալով դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ են բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապաստակը, աղվեսը, ոզնիներ, գայլեր։ Թռչյուններից հանդիպում են փոքրիկ արտույտներ, կաքավներ, մոշահավ, ծիծեռնակ, բու, կաչաղակ։ Գիշատիչ թռչյուններից են ուրուրը և արծիվը։
Մուշկապատը չնայած իր փոքր տարածքին, ունի բավականին հարուստ բուսական աշխարհ։ Այստեղ աչքի է ընկնում ավելի քան 100 տեսակ։
Անտառային ծառատեսակներից են՝ ակացիա, թխկի, հացի, կաղնի, բոխի։ Մրգատու ծառատեսակներից ՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, հոն, տխիլ, զկեռ, մասուր, մոշ, լկերտնը։
Անտառներոում առատորեն աճում են սոխի համ ունեցող խազազ կոչվող բուսատեսակը, սունկերի տեսականին, բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ։ Այստեղ առատ են զանազան հատապտուղներ, կորիզավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ, տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, կնձմնձուկը ,ճռճռուկը, խնջլոզը, փիրփետը, շրիշը, ուրց, սրոհունդ, և այլն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշկապատ գյուղը շատ հարուստ է ճարտարապետական կոթողներով։
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշկապատում կա երեք կամուրջ, առաջինը կառուցել են Խոնաշեն գետի վրա 1985թ (ցեմենտից)։ Հաջորդ կամուրջը գտնվում է դրանից 100մ հեռու դեպի գյուղ տանող ճանապարհին, կառուցել է 1967-68թթ (ցեմենտից և քարից), իսկ մյուսը՝ քարե կամուրջ դրանից 150 մ դեպի արևմուտք, որը կառուցվել է 1915թ Բաքու քաղաքում ապրող համագյուղացիների միջոցներով։ Քարե կամուրջի հետ նաև կառուցել են գյուղի նախկին քարե ճանապարհը, որի երկարությունը 4.15 կմ։
1960-ական թթ վերջին կառուցվել է գյուղի ներկայիս ճանապարհը․ հնի անհարմարավետության պատճառով։
Սրբավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշկապատում կա նշանավոր սրբավայրեր, «Քմխաչին տակ» (քամհար խաչ) «Ծրտխաչին յալ» (ծրտոտ խաչ) «Տոնունց օջախ»։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և շրջակայքում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ «Ծարավաջուր»,«Սիսեռ աղբյուր», «Տկողնուն աղբյուր», «Պիծի կետ», «Առու կերակ», «Բալլարի աղբյուր», «Միրզայի աղբյուր», «Ծլլոկ», «Ծվեն ծոր», «Յաղուբեն աղբյուր», «Շռշռան», «Բոստանա ծմակի աղբյուր» ։ Գյուղում պահպանվում է
19-րդ դ․ վերջին 1892թ կառուցված աղբյուրը (Համբաձում Արզումանյանի կողմից)։ Այս աղբյուրների մի մասը կառուցված է քարակոփ նովերով։
Բնակելի շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում կան գետնափոր շինություններ (կհոլն)-եր․ դարեր առաջ դրանք օգտագործում էին որպես կացարան։ Գյուղում բացի միախուց գետնափորներից կա նաև երկխուց գետնափոր, որը գտնվում է (տեմեն տակ) տեղամասում, այն հայտնաբերվել է 2013թ-ին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
Մուշկապատում նաև կան ճարտարապեստական կառույցներ, որոնց մարդիկ անվանում են «ղարադամ» (ստորգետնյա քարե կամարաձև կամ կոնաձև տանիքով կառույց)։
Այս կառույցները եղել են միախուց և երկխուց։
Երկխուց կառույցներում մարդիկ ապրում էին կենդանիների հետ․ մի խուցում՝ մարդիկ, իսկ մյուսում՝ կենդանիները։ Միախուցում նույնպես ապրում էին միասին։ Այն ժամանակ ժամանակակից շինարարական տեխնիկայի բացակայության պայմաններում շատ բարդ էր այս տիպի կառույցներ կառուցելը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890թ․ գյուղում բացվել է ծխական դպրոց 20 աշակերտով, դասավանդում էր մեկ ուսուցիչ։Դպրոցը փակվում է 1896թ․ և վերաբացվում 1907թ․ երկսեռ, 32 աշակերտով։1930-ական թվականների վերջին դառնում է յոթամյա,1960-ական թվականներին՝ ութամյա, 1985 թվականից՝ միջնակարգ։ 1947-48 ուս․ տարում դպրոցում սովորում էր 142 աշակերտ, 1950-51թթ․՝ 130, 1963-64թթ․՝ 120, 1970-71թթ․՝ 100 աշակերտ։
Դպրոցի շենքը տիպային է, կառուցված 1981 թվականին՝ երկհարկանի ուսումնական շենք և կից՝ մարզադահլիճ ու արհեստանոց։ Հիմնանորոգվել է 2005թ․ «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից։ Այժմ դպրոցում սովորում է մոտ 50 աշակերտ։
2002թ անվանակոչվել է համագյուղացի Բագրատ Ուլուբաբյանի անունով։
2019թ-ին Մուշկապատում ստեղծվել է «Ես» կրթական հիմնադրամը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է։ 2019թ-ի տվյալներով ծրագրին մասնակցում են 80-ից ավել աշակերտ 5 համայնքներից, ուսումնասիրում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կոլտնտեսությունը հիմնվել է 1930-ական թթ։ 1951թ միավորվել է Հաղորտու կոլտնտեսության հետ և վերանվել է Մուշկապատի Սվերդլովիլովի անվան կոլտնտեսության։ 1988թ ապախոշորացումից հետո դարձան առանձին կոլտնտեսություներ։ Կոլտնտեսությունը բարձր տնտեսական ցուցանիշների է հասել Շահմուրադ Գրիգորյանի ղեկավարման տարիներին 1970-88թթ, երբ կոլտնտեսությունում կար 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 800 հա մշակվող վառելահողեր, արտադրվում է 1000տ խաղող, կար 45 հա թթայգի, 35 հա տանձի և խնձորի, կառուցվեց տիպային անասնաֆերմա, մայրուղուց գյուղ տանող ճանապարհին աղբյուր՝ 1975թ, միջնակարգ դպրոցի տիպային շենքը՝ 1981թ, 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցվեց հուշարձան 1970թ։ Գյուղի բնակչության թիվը 420 էր։ Այժմ գյուղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներն են, անասնապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը։
Պատմամշակութային կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը (ըստ Ս․ Ջալալյանցի), եկեղեցու կողքին, հարավային մասում, որը ամբողջ Վարանդա գավառի ամենահայտնի ուխտավայրերից մեկն է եղել։ Հետագայում՝ 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որոշ հեղինակների վկայությամբ Սուրբ Հովհաննեսի եկեղեցի։ Դռնկալի քարե խաչկալի վրա գտնվող արձանագրությունը, որը հիմա չկա, հաստատում էր, որ 18-րդ դարում Մելիք Եգանը հիմնովին վերանորոգում է եկեղեցին։ Ինչպես գրում է Մակար Բարխուդարյանը, շատ հին է մոտավորապես 13-րդ դարից։ Մելիք Եգանը հիմնանորոգելով եկեղեցին ( պարզվում է որ այն համարյա փլված է եղել) նախկին տեսքը չի պահպանել։ Վերանորոգվել է նաև 2015-2017 թթ համագյուղացի բարերար, մոսկվաբնակ Անդրեյ Մարտիրոսովի, ԼՂՀ կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին 1970թ․ գյուղում կառուցվել է հուշարձան (համագյուղացիների միջոցներով), 2003թ կառուցվել է Արցախյան պատերազմին նվիրված հուշարձան, հուշարձաններին կից կա Հայրենական և Արցախյան պատերազմներին նվիրված թանգարան ։
Գյուղը մտնող ճանապարհի աջ մասում «Քմխաչին տակ» սրբավայրում 1975 թ տեղադրվել է խաչքար համագյուղացի Ալյոշա Մուսաելյանի կողմից։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տվել է նշանավոր մարդիկ․ Զավեն Ադամյան, որը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, աշխատել է գյուղում որպես քահանա և ուսուցիչ (1920-30-ական․թթ), 1937թ․-ին դարձել է անհատի պաշտամունքի զոհ։
- Բագրատ Ուլուբաբյան - պատմական գիտություների դոկտոր, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, Արցախյան շաժման նախակարապետ։
- Արմո Լեռնենց (Ուլուբաբյան) - գրող, ով հանդիսանում է «Չմարող Աստղեր» գրքի հեղինակը։
- Բորիս Վարդանի Դադամյան - Արցախյան շարժման կազմակերպիչ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։
- Գրիգորի Միքայելի ՈՒլուբաբյան - «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ», կրթության մարզային բաժնի վարիչ (1950-ական․թթ)։
- Աթանես Բաբայի Դադալյան - «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ», աշխատել է 1940-60-ական թվականներին Մարտունու շրջանի մի շարք դպրոցներում որպես տնօրեն, փոխտնօրեն։
- Սաշա Արշավիրի Ավանեսյան - «Վաստակավոր ուսուցիչ», աշխատել է Մուշկապատի միջնակարգ դպրոցում որպես փոխտնօրեն, տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ։
- Զավիկ Սուրենի Ադամյան - բժշկական գիտություների դոկտոր, ապրում է Մոսկվայում (Զավեն Ադամյանի տղան)։
- Մարինե Արմենի Դանիելյան (Միքաելյան) - հոգեբանական գիտություների թեկնածու, աշխատում է՝ ԵՊՀ-ում։
- Նարինե Սուրիկի Սարգսյան - ֆիզիկա-մաթեմատիկական գիտություների թեկնածու, աշխատում է՝ Արցախի պետական համալսարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Ջալալյանց «Հայոց Պատմություն»
- Լեո «Հայոց Պատմություն»
- Մակար Բարխուդարյանց «Արցախ»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 84)։ |