Jump to content

Շամշադինի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամշադինի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԲերդ
ԲԾՄ2993 մետր
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1989)34 559
Խտություն41,9
Ազգային կազմՀայեր
Տարածք824,4
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 2 993 մ
Հիմնադրված է1930 թ.
Հեռախոսային կոդ+374 (267)

Շամշադինի շրջան (կամ ուղղակի Շամշադին), վարչական միավոր Հայկական ՍՍՀ հյուսիս–արևելյան մասում։

Շամշադինի շրջանի վարչական կենտրոնն էր Բերդ քտա-ն (քաղաքատիպ ավան) էր (այժմ՝ քաղաք)։ Ուներ 15 գյուղսովետ։ Բնակավայրերն են՝

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամշադինի շրջանը գտնվում էր Հայկական ՍՍՀ հյուսիս–արևելյան մասում։ Հարավից սահմանակից էր Կրասնոսելսկի, արևմուտքից՝ Իջևանի, իսկ հյուսիսից և արևելքից՝ Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին։

Շրջանի տարածքը ձգվում էր հյուսիսային լայնության 40°36′-ի և 40°37′-ի և այլ երկայնության՝ 45-ի և 45°36′-ի միջև։ Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ մոտ 40,7 կմ էր (22′, միջօրեականի 1° = 1 կմ), իսկ ամենամեծ ձգվածությունը արևմուտքից արևելք՝ մոտ 51,23 կմ (36′, իսկ 40° զուգահեռականի 1° = 85, 38 կմ)։ [1]։

Տիպիկ շամշադինյան բնություն

Շամշադինի շրջանը ունի լեռնային ու նախալեռնային մակերևույթ, որը հիմնականում կազմավորվել է երկրաբանական վերջին դարաշրջանի ծալքավորումների ժամանակ, որոնք զուգակցվել են խզումային ուժգին գործընթացներով։ Լեռները ծալքաբեկորային կառուցվածք ունեն և կազմված են կվարցային պորֆիրիտներից, կրաքարերից, տուֆաբրեկչիաներից և տուֆակոնգլոմերատներից, որոնք տեղ-տեղ բարդացած են գրանիտային ինտուզիաներով։ Խզումային գծերի երկարությամբ մակերես են դուրս բերվել մոխրագույն բազալտի հզոր շերտեր։

Շրջանի մակերևույթի լեռնագոյացման գործընթացում և դրան հաջորդած դարաշրջաններում մշակվել է էրոզիոն ուժգին գործընթացների կողմից, որոնց հետևանքով գոյացել են խորունկ կիրճեր և գետահովիտներ։ Շրջանի հարավով ձգվում է Միափորի (Մուրղուզի) ծալքավոր լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Միափորն է (2993 մ)։ Լեռնաշղթան գրում է նաև Ալջալու (2545 մ), Գերետ (Գյորեր)՝ 2286 մ, բարձրությամբ գագաթները։ Միափորից դեպի հյուսիս և հյուսիս-արևելք ուղղությամբ, միմյանց գրեթե զուգահեռ, ձգվում են էրոզիոն և էրոզիոն-դենուդացիոն մի քանի լեռնաբազուկներ, որոնք աստիճանաբար ցածրանալով ձուլվում են Կուրի հովտին։

Դրանցից Հախումը կամ Պայտապարի լեռնաբազուկը ձգվում է Իջևանի շրջանի սահմանագծի երկարությամբ և բաժանում է Աղստև և Հախում գետերի ջրերը (երկարությունը՝ 40 կմ)։ Այդ լեռնաշղթայի Միափորի մոտակա Ղազանուչան գագաթը մոտ 2000 մ բարձրություն ունի, այն դեպքում, երբ Պառավաքար գյուղի մոտակայքում գտնվող Օձաքար գագաթը ընդամենը 1232 մ է և նրանցից ոչ մեծ հեռավորության վրա լեռնաբազուկի վերջավորությունը Հասանսու (նախկինում՝ Կիրովկա) և Հովք բնակավայրերի մոտ ձուլվում է 300 մ բարձրություն ունեցող հարթությունը։

Միափորի գրեթե կենտրոնական հատվածից ձգվում է Կենաց (Կնեյայուրտ) լեռնազանգվածը, որի շարունակությունը Տավուշի լեռնաբազուկն է։ Դրանց վրայով է անցնում Հախում և Տավուշ գետերի ջրաբաժան գիծը։ Կենաց լեռների Կենացսար գագաթը 2139 մ բարձրություն ունի, Տավուշի վրա Տավուշ գյուղի մոտ Գելի պտտան գագաթը՝ 1321 մ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ Տավուշ քաղաքի մոտ նրա կրաքարային ապարներից կազմված վերջավորությունը ձուլվում է Կուր գետի 250-300 մ բարձրություն ունեցող հովտին։ Տավուշ լեռնաբազուկից արևելք ձգվում է Խնձորուտ լեռնաբազուկը (մոտ 40 կմ երկարությամբ), որն իր հերթին մի քանի ոչ մեծ ճյուղերի է բաժանվում։ Այդ լեռնաբազուկը կրում է Տավուշ և Խնձորուտ գետերի ջրաբաժան գիծը։ Արծվաբերդ և Նորաշեն գյուղերի միջև գտնվող Նորալանջ գագաթը 1446 մ բարձրություն ունի։ Խնձորուտ լեռնաբազուկին զուգահեռ, Խնձորուտ գետի աջ կողմում, շրջանի արևելյան սահամնի երկարությամբ ձգվում են Գարդման լեռների ճյուղերը, որոնցից մեկի Աղդաշ գագաթն ունի 2011 մ, Սումիգիլին՝ 2114 մ, իսկ Արծվաբերդ գյուղի դիմաց գտնվող Մանուկ գագաթը՝ 1849 մ բարձրություն։

Շրջանի տարածքի 60%-ը ծովի մակարդակից 1000 մ և ավելի բարձրության վրա է գտնվում։ Ամենացածր կետերը ընկած են Ադրբեջանական ԽՍՀ սահմանի վրա, գետահովիտներում։ Հախումը շրջանի սահմանագիծը հատում է 530 մ, Խնձորուտը՝ 560 մ և Տավուշը՝ 645 մ բարձրության վրա[1]։

Շամշադինի աշխարհագրական լայնությունը հնարավորություն է տալիս ստանալու ավելի մեծ քանակի արեգակնային ճառագայթում, կրում է Սև և Կասպից ծովերի մեղմացնող ազդեցությունը, Կովկասյան լեռնաշղթան զգալիորեն թուլացնում է հյուսիսային ցուրտ օդային զանգվածների ազդեցությունը և ունի բարեխառն, չափավոր տաք կլիմա։ Տաք սեզոնը բավական երկարատև է, իսկ ցուրտ սեզոնը՝ կարճ և թույլ սառնամանիքներով։

Կլիման շատ ավելի մեղմ է գետահովիտներում և ցածրադիր մասերում, որտեղ կազմավորվում է մերձարևադարձաին չոր կլիմա, իսկ նախալեռնային ու լեռնային հատվածներում նկատվում է ամառային ջերմաստիճանի նվազում և ավելանում է ձմեռային ցրտաշունչ օրերի թիվը։ 0°-ից բարձր միջին ջերմաստիճան ունեցող օրերի թիվը շրջանի մինչև 1000 մ բարձրություն ունեցող վայրերում տարեկան կազմում է 300-330 օր, 1000-1500 մ բարձրություն ունեցող վայրերում՝ 260-300 օր, իսկ 1500-1800 մ բարձրություն ունեցող վայրերում՝ արդեն 245-260 օր։ 15°-ից բարձր ջերմաստիճան ունեցող օրերի թիվը այդ նույն բարձրություններում համապատասխանաբար կազմում են՝ 115-155 օր, 80-115 օր և 50-80 օր։

Ծովի մակարդակից ունեցած բարձրացմանը զուգընթաց ավելանում է մթնոլորտային տեղումների քանակը։ Եթե մինչև 1000 մ բարձրություն ունեցող վայրերում տեղումների տարեկան քանակը 500-550 մմ է, 1000-1500 մ բարձրություններում՝ 550-600 մմ, ապա 1500-1800 մ բարձրություններում այն հասնում է 600-7500 մմ-ի։

Շամշադինի տարածքում գոյացող խոնավությունը հիմնականում ստացվում է արևմուտքից (Սև ծովի ավազանից) եկող օդային զանգվածներից, թեև զգալի է նաև Կասպից ծովի ավազանից ստացվող խոնավությունը։ Օդային զանգվածները Կուր գետի հովտով ներխուժում են շրջանի տարածքը, գետահովիտներով անարգել բարձրանում վեր ևջերմություն կորցնելու հետևանքով խտանում են նրանց մեջ եղած ջրային գոլորշիները։ Երբեմն այդ օդային զանգվածներն ավելի սառն են լինում շրջանի օդային զանգվածի համեմատ և պայմաններ են ստեղծվում մառախուղի գոյացման համար, որը սովորաբար մեծ կայունություն է ունենում և շրջանի տարածքը պարուրում է օրեր շարունակ։

Միափորի լեռնաշղթայի և Կուր գետի հովտի միջև, շրջանի տարածքով հոսող գետերի հովիտներով, գործում է լեռնահովիտային քամի։ Պարզ ու խաղաղ եղանակին լեռներից դեպի հովիտ քամին փչում է գիշերը և առավոտյան ու երեկոյան ժամերին, իսկ ցերեկը տիրապետում է հովտից դեպի լեռները փչող քամին։ Ընդ որում, տաք սեզունում քամու իրիկնային ուղղությունը փոխվում է ժամը 20-21-ը, իսկ ցուրտ սեզոնում՝ ժամը 15-16-ն ընկած ժամանակամիջոցներում։ Առավոտյան ժամերին քամու ուղղությունը փոխվում է տաք սեզոնում՝ ժամը 10-11-ը իսկ ցուրտ սեզոնում՝ ժամը 12-13-ն ընկած ժամանակամիջոցներում։

Անկայուն եղանակի դեպքում, թե տաք և, թե ցուրտ սեզոններում խախտվում է լեռնահովտային քամու ուղղության նշված պարբերականությունը։ Ամպրոպային անձրևներից առաջ քամիները գերազանցապես փչում են արևմտյան և հարավարևմտյան ուղղություններից։ Մառախուղի ժամանակ քամին մշտապես ունենում է հյուսիսային ու հյուսիսարևելյան ուղղություն։ Իսկ մառախուղի հեռացմանը նախորդում են հարավային ու հարավարևմտյան քամիները։

Բազմամյա դիտումներից պարզվում է, որ տարեկան միջին ջերմաստիճանը Բերդում կազմել է +8° С, որոշ աղբյուրներում երբեմն՝ +10° С, հունվարյան միջինը՝ +0° С, իսկ Միափորի լեռների բարձրադիր մասերում դրանք համապատասխանաբար կազմել են՝ +0° С և +10° С, առավելագույն ջերմաստիճանը՝ +35° С ( որոշ աղբյուրներում երբեմն՝ +38° С) նվազագույն ջերմաստիճանը՝ -17° С ( որոշ աղբյուրներում երբեմն՝ -38° С), մթնոլորտային տեղումների քանակը՝ 550 մմ։

Տավուշ գյուղում միջին ջերմաստիճանը +10° С, բարձր ջերմաստիճանի օրերի թիվը տարվա մեջ կազմում է 214 օր, իսկ 151 օր էլ ջերմաստիճանը տատանվում է 0° С - +10° С սահմաններում։ Ձնածածկույթի հզորությունը՝ 10-50 սմ, վեգետացիոն ժամանակաշրջանը՝ 160-240 օր, անսառնամանիքային օրերը՝ 100-240 օր[1]։

Ներքին ջրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Դեպի հյուսիս և հյուսիս-արևելք հոսում են Կուր գետի աջակողմյան ոչ մեծ վտակները, որոնց սնումը ձնաանձրևային է և հորդանում են ապրիլ, մայիս և հունիս ամիսներին։ Դրանք են Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Աղնջան։

Բնական պաշարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամշադինի բնական ամենաարժեքավոր պաշարները ցածրադիր հովտային և նախալեռնային բերրի հողերը, զովասուն անտառներն ու ալպիական ծովակազարդ մարգագետինները, անուշահամ սառնորակ աղբյուրները, արագահոս առվակներն ու գետերն են։ Թեև քիչ չեն նաև մետաղային ու ոչ մետաղային օգտակար հանածոները։

Շրջանի տարածքում նաև մարմարի, գրանիտի, բազալտի, կրաքարի, դոլոմիտի, ագաթի, կոնգլոմերատների և տուֆաբրեկչաների, մետաղներից՝ պղնձի, կապարի ու բազմամետաղների հանքավայրեր ու երևակայումներ։ Կան նաև բուժիչ նշանակություն ունեցող, մի մասը դեռևս չհետազոտված, հանքային ջրեր ու աղբյուրներ[1]։

Հողերը, բուսականությունը և կենդանական աշխարհը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչխարաբուծությունը շրջանի բնակչության կարևորագույն զբաղմունքներից մեկն է։

Շամշադինում տարածված են հիմնականում լեռնաանտառային հողերը։ Ցածրադիր հովիտները՝ 600-800 մ, երբեմն մինչև 1000 մ բարձրությունները զբաղեցնում են տափաստանային շագանակագույն, իսկ բարձրադիր հովիտներում ու լանջերում՝ 900-1300 մ՝ մուգ շագանակագույն, 1300-2100 մ՝ լեռնատափաստանային ու անտառային, իսկ 2100 մետրից բարձր՝ լեռնամարգագետնային և ենթալպյան հողերը։

Լեռնալանջերի հողերը կարբոնատային են, որոնք արևահայաց լանջերում քարքարոտ են ու նվազ հզորությամբ, իսկ հյուսիսային լանջերում՝ մեծ հաստություն ունեն և զորեղ են։ Լեռնալանջերի որոշ տեղեր նույնիսկ մերկացած են ու հողազուրկ։ Հովտային ու նախալեռնային հողերի մեծ մասն օգտագործվում են որպես վարելահողեր։

Շրջանի տարածքը գտնվում է անտառային գոտում, բայց անտառների մի մասը, հատկապես հովիտներում, հին ժամանակներում հատվել են։ Անտառները զբաղեցնում են հիմնականում 900-1600 մ, տեղ-տեղ հասնելով մինչև 2000 մ բարձրությունները։

Արևելահայաց լանջերում ու ցածրադիր հովիտներում տարածված են չորասեր նոսր անտառները՝ կազմված թփերից ու մանր ծառերից, իսկ լեռների հյուսիսային լանջերում խիտ անտառներն իջնում են մինչև 500-600 մ բարձրությունները։ Անտառները զբաղեցնում են 42184 հա տարածություն, որը կազմում է շրջանի տարածքի 51, 1%-ը (նոր տնկումներից հետո շուրջ 52%-ը)։ Անտառներում ամենատարածվածը հաճարի ծառն է, որը զբաղեցնում է անտառի տարածքի ավելի քան 36, 6%-ը, ապա գալիս են կաղնին՝ 34, 7%, բոխին՝ 18, 3%, ղաժին՝ 2, 2%, հացին՝ 1, 3%, թխկին՝ 0, 7%, թեղին՝ 0, 5%, լորին՝ 0, 4% և այլն։

Անտառներում բացի հաճարենուց ու կաղնուց մեծ տարածում ունեն նաև պտղատու այլ վայրի ծառեր՝ խնձորենին, տանձենին, հոնին, զկռենին, շլորենին, կեռասենին, ընկուզենին, տխլենին և այլն, իսկ թփերից՝ մասրենիին, մոշին, մոռին, հաղարջենին, մամխին, հավամրգին, գիլամասրին, կծոխուրին և այլն։ Թփուտները կազմում են շրջանի տարածքի 9490 հա (11,5%), մակերեսը, բազմամյա տնակների տակ է դրված 1787 հա (2,2%), խոտհարքները՝ 3078 հա (3,8%) են, իսկ արոտավարերն ու այլ օգտագործման տարածությունները՝ 25903 հա (31,4%)։

Շամշադինի մեղմ կլիման, անտառների առատ պտուղներն ու հատապտուղները լավ պայմաններ են ստեղծել վայրի բազմաթիվ կենդանիների համար։ Կենդանական աշխարհի տարածված տեսակներն են՝ կովկասյան գորշ արջը, գայլը, աղվեսը, նապաստակը, շնագայլը, լուսանը, կուղբը, կզաքիսը, սկյուռը, փորսուղը, եզնիկը, ոզնին, թռչուններից՝ արծիվը, բազեն, կաքավը, վայրի աղավնին, բունը, մոշահավը, վայրի հավը, կաչաղակը, ճնճղուկը, լորը, ճանճորսը, փայտփորը, կկուն և այլն, տաք սեզոնում շրջան այցի են գալիս սարյակն ու ծիծեռնակը, իսկ ձմռանը՝ ջրամբարներում հյուրընկալվում են վայրի բադերը։

Շամշադինի գետերում ապրում են կարմրախայտ, բեղլու, տառեխ և այլ ձկներ, որոնք կառուցված ջրամբարներում ավելի լավ են զարգանում։ Շրջանի տարածքը հարուստ է կրծողների, սողունների, գորտերի, միջատների բազմաթիվ տեսակներով։ Խորհրդային վերջին տարիներին բերվել ու շրջանի անտառներում բաց են թողվել ուսուրական բծավոր եղջերու և վայրի խոզ, որոնք կլիմայավարժման ենթարկվելու հետո հաջողությամբ բազմանում են[1]։

Նորաշեն գյուղի դպրոցը
Իծաքար գյուղի մոտ

Շամշադինը զբաղեցնում է պատմական Տուչքատակ գավառի տարածքը։ Ուսումնասիրողները շրջանի անվանը մի քանի և միմյանցից տարբեր բացատրություններ են տվել, թեև բոլորի մեջ ընդհանուր է, որ այն այդ տարածքի պատմական անունը չէ և կապված է օտար բռնակալների տարբեր ժամանակների տիրապետությունների հետ։ Որոշ ժամանակ առաջ շատերի կողմից ընդունվում էր, որ այդ Շամշադին անունը ծագել է պարսկական «շամս» (արև) և «դին» (հավատ) բառերի զուգորդումից և դա վերագրվում էր պարսկական տիրապետության ավելի վաղ շրջանին։

Պատմական աղբյուրներում հանդիպվում են նաև Շամշադեն և Շամշադիլ ձևերը[2]։ Ըստ արևելագետ Պարույր Մուրադյանի, տեղանունը կապված է թաթար-մոնղոլական տիրապետության հետ, որ իբր թաթարները գրավելով Տավշո աշխարհը և բռնակալ Շամշ-Էդդինն ամուսնանալով տեղի իշխանադստեր հետ տիրակալ է կարգվում այդ երկրի վրա, և երկիրն էլ կրում է իր՝ Շամշադին անունը։

Բոլորովին այլ կարծիքի է պատմաբան Արտաշես Շահնազարյանը, ով սկզբնաղբյուրների բազմակողմանի հետազոտությամբ ապացուցում է, որ Շամշադինի տարածքը հին ու հայկական անունը Տավուշն է։ Նա ցույց է տալիս, որ Տավշո բնաշխարհի բնակիչները դարեր շարունակ իրենց մեծ ավանդն են բերել հայ ժողովրդի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում։ Տավշո աշխարհի մասին առաջին տեղեկությունները հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին՝ Վարդգես Մանկան հետ կապված զրույցի առթիվ։ Զրույցը ձևավորվել է Կենտրոնական Հայաստանում մ.թ.ա. 6-3-րդ դարերում և վկայում է երկրի քաղաքական ու մշակութային կյանքում գավառի բնակչության մեծ ակտիվության մասին։ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» հիշատակվում է Տուչքուստակ գավառանունը (ակադեմիկոս Սուրեն Երեմյանը գտնում է, որ պետք է լինի՝ Տուշքուստակ)։ Քուստակ պարսկերեն նշանակում է գավառ, ուրեմն՝ Տուս գավառ։ 9-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցուն հայտնի էր Տուս բնակավայրը։ «Տուս»-ը տեղանուն դարձած ցեղանուն է։ Գրաբարում Տուսի ուղղականը՝ Տուհքն է, սեռականը՝ Տուաց։ Հետևաբար, նոր կազմավորվող հայ ժողովրդի մասը կազմող տուհ ցեղից և տուհ ցեղանունից կազմված Տուհք գավառանունը Տուս-Տուհքն է։ Հետագայում՝ 8-9-րդ դարերում Տուհք դժվար արտասանելի տեղանունը ենթարկվելով հայերենի զարգացման առանձնահատկություններին, տեղի է տալիս ավելի բարեհնչուն, բայց նույնարմատ Տավուշ անվանը։ Այդ անունը 8-13-րդ դարերում օգտագործել են ինչպես պատմիչներ Մովսես Կաղանկատվացին, Հովհաննես Դրասխանակերտցին, Վանական Տավուշեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, այնպես էլ հայկական, վրացական, պարսկական և արաբական բազմաթիվ գրչագիր ու վիմագիր աղբյուրներում։

16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում ղզլբաշական Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թամազը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին հավատարիմ թուրքերով, որոնք տեղափոխվեցին Պարսկաստանի Շիրազ նահանգից։ Դրան մինչ այդ Մարաշից Շիրազ տեղափոխված բորչալու, ղազախ և շամշադիլ (շամշադին, շասեդին) ցեղերն էին, որոնց հետ նաև բնակեցրին ղզլբաշական գուլքադար և այլ ցեղի պարսիկներ։

Արդեն Շահ Թամազը 1550-1560 թվականների միջև Տավուշ-Շամշադինը իբրև օկտա (ժառանգական տիրապետություն) հանձնեց շամշադին ցեղի ցեղապետին և Տավուշ տեղանունը տեղի տվեց թուրքական Շամշադին անվանը[3]։ Շամշադինը աշխարհն ընդգրկել է ավելի ընդարձակ տարածք, քան ուներ խորհրդային Շամշադինի շրջանը։ Հնում Շամշադին անունը կրող երկրի մեջ տեղափոխվել է Կուր գետի աջակողմում ընկած մի ընդարձակ տարածք, որի վրա գտնվում էին Շամշադինի և Կրասնոսելսկի շրջանները, ադրբեջանի Թովուզի շրջանը ամբողջությամբ և Ղազախի և Գետաբեկի շրջանների մասը։

Պատմական ավելի վաղ շրջանում Շամշադինը հանդիսացել է Հայկական Աղվանքի մի մասը և մտել է Արցախ նահանգի Փառիսոս կամ Քաիս գավառի մեջ՝ կազմելով Ուտիքի Տավուշ գավառամասը։ Թեև Արցախ և Ուտիք աշխարհների հայ իշխանները կենտրոնախույս քաղաքականություն են վարել, մ.թ.ա. առաջին դարում Տիգրան Բ-ին, ապա հետագայում՝ Բագրատունիներին, Կյուրիկյաններին ու Զաքարյաններին հաջողվել այս աշխարհները միավորել իրենց տիրույթներին։

Պատմական մի շարք պատճառներով, օտար բռնակալների տիրապետության և ավատատիրական մասնատվածության, Ուտիքի և հայոց Արևելից Կողմանց այլ գավառների ժողովուրդը շարունակել է ապրել մայր հայրենիքից կտրված, նրա կողքին, հայկական ուրույն կյանքով, սակայն ընդգրկված է եղել և մասնակցել է դարակազմիկ պատմական բոլոր այն դեպքերին, որոնք ապրել է մայր հայրենիքը։

Ցարական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարական վարչական հին բաժանումով Շամշադինը համարվել է Ելիսավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառի մի մասը, կազմել է նրա 3-րս և 4-րդ պրիստավությունները։ Իսկ հայ եկեղեցու բաժանմամբ եղել է Վրաստանի և Իմերեթի թեմի Շամշադինի վիճակը («վիճակը» տվյալ դեպքում տարածքային իմաստ ունի)։

Շամշադինի զինվորական կենտրոնը կամ վարչությունը գտնվել է Ղազախում (Ղազախ գավառամասի հետ), իսկ ոստիկանական կենտրոնը կամ պրիստավությունը եղել է Թովուզ կայարանը (այժմ՝ Թովուզ քաղաքը)։ Այստեղ է նստել նաև հաշտարար միջնորդը։ Դատարանը գտնվել է Զեգեամ գյուղում, ուր քննվել են բացառապես քրեական և քաղաքական գործեր, իսկ անտառային մասի գործերը քննվել են Իջևանում։ Չորրորդ պրիստավության մեջ, բացի հայկական գյուղերից մտել են նաև թուրքական (այժմ՝ ադրբեջանական) գյուղեր՝ Ալիբեկլուն, Հաջալլուն, Օքսուզլուն, Քեոհնաղշլաղը, Հաթամ-աղալուն և այլ մանր գյուղեր։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Օզանյանին նվիրված հուշարձան Նավուր գյուղում

Խորհրդային կարգերը հաստատվելուց հետո Հայկական ԽՍՀ կառավարության առաջին քայլերից մեկն էլ եղել է հանրապետության վարչատարածքային բաժանման վերանայումը։ 1920 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանով վերացվեց «Երկրի բաժանումը նահանգների և շրջանների», որն ընդունվել էր դաշնակցական կառավարության կողմից։ Ցարական նահանգ-գավառ, ոստիկանական տեղամաս-գյուղ համակարգի փոխարեն, «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության վարչական վերաբաժանումների մասին» ժողկոմխորհի 1921 թվականի հուլիսի 20-ի դեկրետով հաստատվեց գավառ-գավառամաս (գավառակ)-գյուղ եռաստիճան համակարգը։ Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ Նույն թվի օգոստոսի 31-ի որոշմամբ, ի լրումն նշված դեկրետի, կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրի, 6 գավառակներով։ Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ։ Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը։

Հայկական ԽՍՀ կենտգործկոմի նախագահության 1929 թվականի հուլիսի 26-ի «Հայկական ՍԽՀ տերիտորիայի շրջանացման մասին» որոշման համաձայն հանրապետությունը բաժանվեց 5 գավառի (օկրուգի), 31 շրջանի և 2 քաղաքի։ Մեկ տարի անց կենտգործկոմի և ժողկոմխորհի 1930 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ գավառները վերացվեցին։ Դիլիջանի գավառը շրջանների տրոհվելուց հետո նրա ժառանգորդներից մեկն էլ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին դարձավ Շամշադինի շրջանը[4]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արշալույս Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, «Լույս», 1989 — 13-36, էջեր 13-36 — 237 էջ. — 4000 հատ։
  2. Հովհաննես Թումանյան
  3. «Այգաբաց», օգոստոս, 1985, № 94
  4. Արշալույս Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, «Լույս», 1989 — 10-13, էջեր 10-13 — 237 էջ. — 4000 հատ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։