Jump to content

Ոսկե ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ափ
Colony of the Gold Coast
 Աշանտիի կայսրություն
 Բրիտանական Տոգո
 Նիդերլանդական Գվիանա
 Դանիական Ոսկե ափ
1821 - 1957 Գանա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քեյփ Քոսթ (1821-1877)
Աքրա (1877-1957)
Լեզու անգլերեն
Իշխանություն
Պետական կարգ Սահմանադրական միապետություն
Կառավարիչ Գեորգ IV (առաջին)
Եղիսաբեթ II (վերջին)
Պատմություն
- Ոսկե ափի բրիտանական գաղութի ստեղծումը 1821
- Գաղութային վարչակարգի անկում և Գանայի անկախության հռչակում 1957

Ոսկե ափ (անգլ.՝ Colony of the Gold Coast), բրիտանական գաղութային տարածք, որը գտնվում է Գվինեական ծոցում՝ Արևմտյան Աֆրիկայում։ 1957 թվականին գաղութը ստանալով անկախություն սկսում է հանդես գալ Գանա անվան տակ[1]։

Ոսկե ափում՝ ժամանակակից Գանայում, հաստատված առաջին եվրոպացիները եղել են պորտուգալացիները, ովքեր հաստատվել են արևմտաաֆրիկյան այս տարածքում դեռևս 1471 թվականին։ Այն բազմիցս միավորվել է աֆրիկյան տարբեր պետական կազմավորումների մեջ։ Իր անվանումը՝ ոսկե ափ, ստացել է ազնիվ մետաղի պաշարների առատությամբ պայմանավորված։ 1482 թվականին պորտուգալացիներն այստեղ կառուցել են Էլմինա բերդը, որը դարձել է առաջին եվրոպական հենակետն այս երկրի տարածքում։

Ոսկե ափում առևտրատնտեսական հարաբերությունների արագ տարածվելուն զուգընթաց այն սկսում էր հայտնվել Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի և Պրուսիայի առևտրականների ուշադրության կենտրոնում։ Շուտով եվրոպացի առևտրականները Գանայի ջրափնյա գծի ամբողջ երկայնքով մեկ սկսեցին կառուցել մի շարք պաշտպանական ամրություններ։ Ստրկատիրությունը հարյուրավոր տարիներ շարունակ համարվում էր առևտրի հիմնական միջոցն այս երկրում։

Ոսկե ափի բրիտանական գաղութը ստեղծվել է 1867 թվականին, երբ բրիտանական կառավարությունն իր ձեռքը վերցրեց աֆրիկյան առևտրային ընկերությունը և գրավեց երկրի մեծ մասը։ Այնուամենայնիվ Ոսկե ափում դեռևս շարունակում էին իշխել դանիացիներ և հոլանդացիները (մինչև 1872 թվական)։ 1867 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան տարեց տարի ընդլայնում էր իր տարածքները՝ ներխուժելով արևմտաաֆրիկյան թագավորությունների տարածքներ։ Այդ ժամանակահատվածում էլ վերջ դրվեց նշանավոր Աշանտի և Ֆանթի թագավորությունների գոյությանը։ Մինչ եվրոպացիների երևան գալը Աշանտին ղեկավարում էր ժամանակակից Գանայի մեծ մասը։ Շուտով տեղացիների և անգլիացիների միջև բռնկվեց պատերազմ։ Անգլո-աշանտիական առաջին պատերազմն ավարտվեց 1864 թվականին՝ Մեծ Բրիտանիայի հաղթանակով։ 1893 թվականին վերջիններս բարձրացրեցին նոր ժողովրդական ընդվզում, որը ևս վերածվեց պատերազմի՝ անգլո-աշանտիական երկրորդ պատերազմ անվան տակ։ Այն ավարտվեց 1894 թվականին՝ բրիտանացիների կողմից երկրի մայրաքաղաք Կումասիի վերստին գրավմամբ։

Պատերազմների ավարտից հետո 1901 թվականին Ոսկե ափի ամբողջ տարածքը միավորվեց բրիտանական համանուն պրոտեկտորատի կազմի մեջ։ Այստեղից բրիտանացիներն արտահանում էին Մետաղներ, հանքաքարեր, ադամանդներ, փղոսկր, պղպեղ, փայտ, հացահատիկ, կակաո և, որ ամենից կարևորն է՝ ոսկի։ Բրիտանացի գաղութարարները այստեղ կառուցեցին երկաթուղի և տրանսպորտային ենթակառուցվածքների համալիր, որն էլ համարվում է ժամանակակից Գանայի տրանսպորտային ցանցի հիմքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ոսկե ափի բնակիչները սկսեցին պայքարել հանուն ինքնավարության և ազգային ինքնորոշման։ Դա պայմանավորված էր աշխարհամարտից հետո սկիզբ առաջ ապագաղութացման գործընթացներով։ Ոսկե ափի ազդեցիկ առաջնորդներից էր Կվամե Նկրումը, ով բրիտանացիներից անհապաղ անկախություն էր պահանջում։ Վախենալով արևմտաաֆրիկյան միացյալ ապստամբությունից՝ Մեծ Բրիտանիան սկսեց բավարարել ներկայացված պահանջները։ 1956 թվականին Բրիտանական կայսրությունը Ոսկե ափին միացրեց նաև Տոգոլենդի պրոտեկտորատը։ 1957 թվականին գաղութը Մեծ Բրիտանիայից ձեռք բերեց անկախություն և սկսեց հանդես գալ Գանա անվան տակ։ Գանան դարձավ ազգերի բրիտանական համագործակցության անդամ առաջին սևամորթ պետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ոսկե ափ, Արևմտյան Աֆրիկայի պատմությունն ու գաղութային վարչակարգը». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.