Jump to content

Որոգայթ փառաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոգայթ Փառաց
«Որոգայթ Փառաց», սահմանադրության առաջին տպագիր նախագիծը հայ իրականության մեջ, Մադրաս 1773 թ., Շահամիր Շահամիրյան
ՀեղինակՇահամիր Շահամիրյան
Տեսակիրավաբանական փաստաթուղթ
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրՄադրաս
Հրատարակման տարեթիվ1773
Թվային տարբերակdigilib.aua.am/book/195/
 Vorogayt Parats Վիքիպահեստում

«Որոգայթ Փառաց», հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով[1]։ Համարվում է սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում, Մադրասի խմբակի ծրագրային երկը։

Շահամիր Շահամիրյան

Որոգայթ փառացը 18-րդ դարի 2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Շարադրել է Շահամիր Շահամիրյանը արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրասում, Շ․ Շահամիրյանի որդի Հակոբի «Որոգայթ Փառաց»-ի անունով, 1788—1789 թվականներին։ Վերահրատարակվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 2002 թվականին լույս է տեսել Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նախաձեռնած ժամանակակից գրական հայերենով թարգմանությունն ու հրատարակումը[1]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։

Գրքի երկրորդ և բուն մասը սահմանադրության նախագիծն է, որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն։ Ապագա հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավորումները։ Նրանք ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության լիակատար ազատություն։ Սակայն բոլոր պաշտոնները վարելու էին լուսավորչական հայերը։ Հողի սեփականատեր կարող էին լինել դարձյալ նրանք, իսկ այլադավաններն ու այլազգիները կունենային միայն հողի վարձակալման իրավունք։ Ընտրվելու իրավունքը սահմանափակվելու էր սոսկ բարոյական հատկանիշներով։ Պատգամավորները ընտրվելու էին 3 տարով։ Կառավարման մարմինները ընտրվելու էին պատգամավորներից։ Գերագույն և օրենսդիր իշխանությունը իրականացնելու էր Հայոց տունը՝ պառլամենտը, Նախարարությունը՝ մինիստրների խորհուրդը՝ գործադիր իշխանությունը։ Հայոց տունն ունենալու էր իր նախագահությունը՝ կազմված 14 տանուտերից։ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից և 12 տեղակալից։ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի մինիստրը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Հայոց տունը հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ փոխելու օրինախախտ կառավարությունը։

Քաղաքական նկատառումով նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մի այլ՝ բացառիկ տարբերակ, հին հայկական արքայատների, մասնավորապես Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտըրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այդ բացառության նպատակն էր՝ շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։

Նախագծում արված են կառավարման այլ մարմինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավասությունները։ Հիմնվելու էին (ընտրությամբ) մայր կամ բարձրագույն դատարան, տեղերում՝ մնայուն, քրեական գործերի համար երդվյալների դատարաններ։ Դատավարությունն ընթանալու էր գրավոր, մեղադրյալն ունենալու էր դատապաշտպան։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին և այլն։ Եկեղեցին բաժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։ Հանրապետության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը (90 հազար զինվոր), որը համալրվելու էր վիճակահանությամբ (100 տղամարդուց՝ 5-ը, ռազմ, ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Որոգայփ փառաց, Երևան, 2002, էջ 3-4 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 647
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որոգայթ փառաց» հոդվածին։