Jump to content

Ջոն Բրաուն (աբոլիցիոնիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջոն Բրաուն (այլ կիրառումներ)
Ջոն Բրաուն
անգլ.՝ John Brown
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1800(1800-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրTorrington[4][5]
Մահացել էդեկտեմբերի 2, 1859(1859-12-02)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրCharles Town, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանNorth Elba
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկոնգրեգացիոն եկեղեցի և Կալվինականություն
ԵրկերProvisional Constitution?
Մասնագիտությունաբոլիցիոնիստ, ձեռնարկատեր, tanner, փոստապետ և հասարակական ակտիվիստ
Ծնողներհայր՝ Օուեն Բրաուն, մայր՝ Ruth Mills?[6]
Զբաղեցրած պաշտոններԳերագույն գլխավոր հրամանատար
ԵրեխաներՖրեդերիկ Բրաուն, Վաթսոն Բրաուն, Օլիվեր Բրաուն, Օուեն Բրաուն և John Brown Junior?
Ստորագրություն
Изображение автографа
 John Brown (abolitionist) Վիքիպահեստում

Ջոն Բրաուն (անգլ.՝ John Brown, մայիսի 9, 1800(1800-05-09)[1][2][3][…], Torrington[4][5] - դեկտեմբերի 2, 1859(1859-12-02)[1][2][3][…], Charles Town, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիստ, առաջին սպիտակ աբոլիցիոնիստներից մեկը, որը պաշտպանել և գործնականում հանդես է եկել զինված պայքարի միջոցով Միացյալ Նահանգներում ստրկությունը հաղթահարելու համար։ Նա առաջին անգամ ուշադրության արժանացավ Կանզասի քաղաքացիական պատերազմի ժամանակ` որպես գաղութարարների զինված ջոկատի առաջնորդ և ստրկության հակառակորդ։ Բրաունը մեծ համբավը ձեռք բերեց այն բանից հետո, երբ անհաջող զինված հարձակում կատարեց Խարպերս-Ֆերրի զինանոցի վրա` ստրուկներին զինելու նպատակով, որն ավարտվեց նրա ձերբակալմամբ և մահապատժի դատապարտմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Բրաունի երդումը

Ջոն Բրաունը ծնվել է մայիսի 9-ին, Կոնեկտիկուտ նահանգի Տորինգտոն քաղաքում։ Նա Օուեն Բրաունի (1771-1856) և Ռուտ Միլսի (1772-1808) երկրորդ որդին էր և կապիտան Ջոն Բրաունի (1728-1776) թոռը։ Որոշ ժամանակ համարվում էր, որ նա նույն Ջոն Բրաունն է, ով Ամերիկյան հեղափոխության ժամանակ եղել է օրինապահ, բայց հայտնվել էր բանտում տխրահռչակ Կլավդիա Սմիթի (1736-1779) հետ (հավանաբար, անասուններ գողանալու համար, որոնք օգտագործվում էին սովահար բրիտանական զորքերին կերակրելու համար)։ Այնուամենայնիվ, սա չի համապատասխանում ոչ Բրաունների ընտանիքի պատմությանը, ոչ էլ Համֆրիի ընտանիքի մասին գրառումներին, որոնց հետ Բրաունները ունեին ազգակցական կապ (Համֆրին մայրական կողմից Ջոն Բրաուն տատն էր)։ 1857 թվականին Ջոն Բրաունի ինքնակենսագրական գրառումներից պարզվում է, որ նրա պապը և իր առաջին կնոջ պապը եղել են մայրցամաքային բանակի զինվորներ։ Այդ փաստը հաստատվում է նաև «Համֆրիի ընտանիքը Ամերիկայում» գրքում (1883), որտեղ հիշատակվում է Բրաունի պապի մասին։

1805 թվականին ընտանիքը տեղափոխվեց Օհայո նահանգ, և Բրաունները բնակություն հաստատեցին Հադսոն քաղաքում։ Այստեղ ընտանիքը զբաղվում էր անասնապահությամբ, Ջոնը պահում էր նախիրը։ Հնդկացիների խորհուրդներով, որոնց հետ Բրաունները բարեկամական հարաբերություններ էին պահպանում, Օուեն Բրաունը սկսեց զբաղվել կաշվի դաբաղման գործով, որը ինչպես պարզվեց ձեռնտու էր։

Երբ Ջոն Բրաունը 12–13 տարեկան էր, հայրը նրան իր փոխարեն ուղարկեց բանակ՝ որպես նախրապահ։ Երբ ավարտվեց 1812-1815 թվականների անգլո-ամերիկյան պատերազմը, Ջոն Բրաունը վերադարձավ տուն և որոշեց դպրոց գնալ։ 16 տարեկան հասակում Ջոն Բրաունը մեկնեց Մասաչուսեթս նահանգի Պլեյնֆիլդ քաղաք և ընդունվեց դպրոց։ Շուտով նա տեղափոխվեց Լիչֆիլդի ակադեմիա (Կոնեկտիկուտ նահանգ)։ Նա հույս ուներ դառնալ քահանա, բայց փողերը վերջացան, բացի այդ, Ջոնի մոտ սկսվեց աչքերի բորբոքում։ Սա նրան ստիպեց թողնել ակադեմիան և վերադառնալ Օհայո։ Այստեղ, եղբոր՝ Լևիի հետ միասին, նա բացեց իր կաշվի վերամշակման արտադրամասը, որն ի սկզբանե կայուն եկամուտ էր ապահովում։

Հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականի հունիսի 21-ին Բրաունն ամուսնացավ Դայենտի Լասկի հետ, նրանց առաջին երեխան՝ Ջոն Կրտսերը, ծնվեց 13 ամիս անց։ 1825 թվականի գարնանը, Բրաունն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Փենսիլվանիա նահանգի Քրոուֆորդ շրջանի Ռիչմոնդի շրջակայքում գտնվող գյուղ։ Այստեղ Ջոնը գնեց 200 ակր հողատարածք (ավելի քան 800000 մ²)։ Նա մաքրեց հողի մեկ ութերորդ մասը, կառուցեց մի տուն, մարագ, կաշվի վերամշակման արտադրամաս, այնուհետև վարձեց 15 աշխատող։ Հետագայում Բրաունը կառուցեց և վաճառեց կաշվե գործարաններ, որոշ եկամուտ էլ ստացավ հողի վաճառքից, զբաղվում էր նաև ոչխարաբուծությամբ։ Բայց գործերը վատ էին գնում և Բրաունը ստիպված էր դառնալ փոստատար։ Չնայած այս դժվարություններին՝ Բրաունը փորձեց կազմակերպել սևամորթների դպրոց, որին ակտիվորեն դեմ էին տեղական իշխանությունները։

1831 թվականին մահացավ նրա որդիներից մեկը։ Բրաունը հիվանդացավ, և նրա պարտքերը մեծացան։ 1832 թվականի ամռանը՝ նորածին որդու մահից կարճ ժամանակ անց, ուղեղի բորբոքումից մահացավ Դայենտին։ Այդ ընթացքում Բրաունի տունը դարձավ փախստական սևամորթների ապաստարան, որոնց թիվը ավելի ու ավելի մեծացավ Նաթ Թյորների ապստամբությունից հետո։

1833 թվականի հունիսի 14-ին Բրաունն ամուսնացավ տասնվեց տարեկան Մերի Էն Դեյի հետ (1817–1884)։ Հետագայում նրանք ունեցան տասներեք երեխա, չհաշված յոթն իր նախորդ ամուսնությունից։

1836 թվականին Բրաունների ընտանիքը տեղափոխվեց Օհայո` Ֆրանկլին Միլսի մոտ։ Այնտեղ Բրաունը վարկ վերցրեց հող գնելու նպատակով։ Նա մեծ դրամական կորուստներ ունեցավ 1837 թվականի տնտեսական ճգնաժամի ընթացքում, մեկ անգամ էլ կալանավորվեց։ Բրաունին անհրաժեշտ էր ոչ միայն մարել իր պարտքերը, այլև կերակրել ընտանիքին։ Հետևաբար, նա փորձեց գումար վաստակել տարբեր եղանակներով. զբաղվում էր կաշվի դաբաղմամբ, անասունների և ոչխարի բրդի առևտրով, ձիաբուծությամբ և ոչխարաբուծությամբ։ Սակայն 1842 թվականի սեպտեմբերի 28-ին Ջոն Բրաունը սնանկ ճանաչվեց։ 1843 թվականին նրա երեխաներից չորսը մահացան դիզենտերիայից։

47 տարեկան հասակում Բրաունը ընտանիքի հետ տեղափոխվեց Նյու Յորքի նահանգի Նորտ-Էլբա ավան, որտեղ ազատ սևամորթները բնակվում էին կոմպակտ զանգվածով։ Այստեղ նա հիմնեց ազատ սևամորթների և փախստական ստրուկների ինքնապաշտպանական լիգա և դարձավ «ստորգետնյա երկաթուղու» «ուղեկցող», որի օգնությամբ սևամորթները փախչում էին հարավից հյուսիս։

Մասնակցությունը քաղաքացիական պատերազմին Կանզասում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին Կանզասում զինված պայքար սկսվեց հարավային և հյուսիսային նահանգների բնակիչների միջև (ԱՄՆ պատմագրության մեջ հայտնի է որպես «Արյունոտ Կանզաս»)։ Դրա հրահրման պատճառ դարձավ Կոնգրեսի որոշումը, ըստ որի սահմանադրությունը նոր բնակեցված նահանգներում ստրկությունը թույլատրում է միայն տեղի բնակիչների հանրաքվեով։ Այս որոշումը չեղյալ հայտարարեց Միսուրիի 1820 թվականի փոխզիջումային համաձայնագիրը, որը ստրկությունը սահմանափակում էր մինչև հյուսիսային լայնության 36° 30-ը, Միսիսիպի գետի գծով, որը հանգեցրեց նրան, որ հակամարտող խմբավորումները, որոնք ներկայացնում էին պլանտատորների և ֆերմերների շահերը, որպեսզի հնարավորինս ավելի շատ բնակեցնեն Կանզասի տարածքը և թույլ չտալով, որ այդտեղ հայտնվեն, հակամարտող կողմի ներկայացուցիչները` ուժով։

1855 թվականին Բրաունը Կանզասում բնակություն հաստատած իր մեծ որդուց իմացավ, որ պլանտատորների հովանավորությամբ ապրող նորաբնակները զինված են, և որ ինքը վախենում է նրանց հարձակումից։ Բրաունը մեկնեց Կանզաս, ճանապարհին մասնակցելով ստրկության դեմ պայքարի խորհրդաժողովին, որը 1855 թվականի հունիսին անցկացվում էր Նյու Յորքի Ալբանայում։ Ըստ Նյու Յորքի «Tribune» թերթի, չնայած խորհրդաժողովի ընդհանուր տրամադրվածությանը, որը հավանություն չէր տվել բռնի գործողություններին, նա կարողանում է այնտեղ գտնել մի քանի մարդկանց, ովքեր համաձայնում են ֆինանսավորել իր կողմից հավաքագրվող ջոկատը։ Բացի այդ, նա ավելի վճռական աջակցություն ստացավ իր մարտական ծրագրերին, երբ շրջում էր իր հայրենի Օհայոյի նահանգում։ 1855 թվականի հոկտեմբերին Բրաունը և իր հինգ որդիները հավաքվեցին Կանզասում և միացան զինված պայքարին։

Պոտավատոմիի կոտորած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բրաունը ղեկավարեց Պոտավատոմիում տեղի ունեցած կոտորածը 1856 թվականի մայիսի 24-ին, որը տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ պետական մարմինները հարձակվեցին Լոուրենս քաղաքի վրա և դրան հաջորդեց Մասաչուսեթս նահանգի սենատոր Չարլզ Սումների դաժան ծեծը, որի քաղաքի պաշտպանության համար ունեցած ելույթը, վիրավորական էր թվացել ստրուկների սեփականատերերի կողմից ընտրված սենատորին։ Փոքրիկ ջոկատը, որում ընդգրկված էին Բրաունի երեք որդիները գիշերվա կեսին հարձակվել էր Կանզասում գտնվող Պոտավատոմի Կրիկի պլանտատորների ներկայացուցիչների վրա։ Հարձակման ընթացքում դաժանորեն սպանել էին 5 տղամարդ բնակիչների։

Հունիսի 2-ին վաթսուն միսուրիացիների (հարավայինների) մի խումբ կապիտան Հենրի Պեյթի հրամանատարությամբ փորձեց վերահսկողություն հաստատել Պրերիա Սիթի քաղաքում, բայց հանդիպեց երեսուն աբոլիցիոնիստների դիմադրությանը, որոնց առաջնորդում էր Ջոն Բրաունը։ Կարճատև մարտի ընթացքում, որը հայտնի է որպես Սև Ջեքի ճակատամարտ, Բրաունը գերի վերցրեց Պեյտին և նրան հանձնեց գնդապետ Էդվին Սամներին, Պոտովատոմի Կրեկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ձերբակալված իր երկու որդիներին ազատ արձակելու պայմանով։ 1856 թվականի մայիսի 24-ին հարևան Միսսուրի նահանգում ազատ արձակեցին 11 ստրուկների։

Հարձակում Հարպերս Ֆերրի զինանոցի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում էր Դանիել Մակիներնին, մինչ այդ Կանզասում կռիվները սաստկացան, Կոնգրեսի, Նախագահի, կառավարության և ԱՄՆ-ի դատարանների կողմից ընդունված որոշումները ստրկության հակառակորդների շրջանում տպավորություն էին ստեղծում, որ նրանք այլևս կարիք չունեն ապավինելու իշխանություններին, քանի որ նրանք ամբողջովին անցել էին ստրուկների տերերի կողմը։ Ջոն Բրաունը որոշեց, որ այժմ նա իրավունք ունի այլևս չհնազանդվել այդպիսի իշխանություններին և օրենքներին։ Նա որոշեց ստեղծել առանց ստրկության նոր պետություն, որը կդառնար ստրուկների ապաստան և գրոհ կազմակերպեց ստրկատերերի տարածքում, որպեսզի իր պաշտպանության տակ վերցնի զանգվածաբար արտաքսվող ստրուկներին։

1857-1858 թվականների ձմռանը նա կարողացավ Այովա նահանգում գտնել բավականաչափ աջակիցներ, ինչպես նաև «Վեցերորդ կոմիտեի» հարուստ աբոլոցիոնիստներից ստանալ անհրաժեշտ միջոցներ իր ծրագրերը իրագործելու համար։ 1858 թվականի մայիսի 8-ին արևմտյան Կանադայի Չեթհեմ քաղաքում, որի բնակչության մեկ երրորդ մասը ազատ սևամորթներ էին, նրանք կազմակերպեցին «Միացյալ Նահանգների ժողովրդի ժամանակավոր սահմանադրական ժողով»-ը։ Նրանց կողմից ընդունված «ժամանակավոր Սահմանադրության» ներածականում ասվում էր. «Քանի որ ստրկությունը Միացյալ Նահանգներում ոչ այլ ինչ էր, քան չհայտարարված բարբարոսական պատերազմ երկրի մի մասի և մյուս մասի միջև ... մենք՝ Միացյալ Նահանգների քաղաքացիներս և ճնշված մարդիկ, որոնց իրավունքները չեն հարգվում սպիտակ բնակչության կողմից ... մենք մեզ համար ընդունում ենք ժամանակավոր սահմանադրություն ու հրամանագրեր, որպեսզի ավելի լավ պաշտպանենք մեր անձերը, ունեցվածքը, կյանքը, ազատությունները և կառավարենք մեր գործողությունները»։ Նախագահ ընտրվեց սևամորթ Էլդեր Մոնրոն, իսկ Բրաունը դարձավ ինքնահռչակ պետության բանակի հրամանատարը։

Ստրկության դեմ զանգվածային պատերազմի համար Բրաունին անհրաժեշտ էին մարդիկ և զենքեր, որը նա պատրաստվում էր գրավել ԱՄՆ բանակի զինանոցներից։

Harper's Weekly. Ծովահենները հարձակվում են Ջոն Բրաունի ամրոցի վրա

1859 թվականի մայիսի վերջին Բրաունը հայտնվեց Վիրջինիա նահանգում։ Հունիսի 3-ին նա Այզեկ Սմիթի անվամբ վարձակալեց ֆերմա Մերիլենդ նահանգում՝ Հարպերս Ֆերրիից հինգ մղոն հեռավորության վրա։ Միաժամանակ, նրա ներկայացուցիչներից երեքը բնակություն հաստատեցին Փենսիլվանիայի Չեմբերսբերգ քաղաքում, որտեղ առաքվում էին Կանզասի դեպքերից հետո Բրաունի հավաքած զենքերն ու զինամթերքը։ Սեպտեմբերի վերջին ժամանեցին 950 պիկեր, որոնք նախկինում պատվիրվել էին Չարլզ Բլերի կողմից։ Նախնական պլանը, որը մշակել էր ծանոթ «ռազմական մասնագետը», նախատեսված էր 4500 հոգանոց թիմի համար, բայց իրականում Բրաունը իր տրամադրության տակ ուներ ընդամենը 21 հոգի (16 սպիտակամորթ, այդ թվում՝ Բրաունը և նրա երեք որդիները և 5 սևամորթ որոնցից երեքը ազատ էին, իսկ մնացածը փախստական)։ Նրանց տարիքը 21-ից 49 տարեկան էր, որոնցից 12-ը մասնակցել էին Բրաունի Կանզասի արշավանքին։ Վերջապես, հոկտեմբերի 10-ին, Բրաունը որոշեց, որ ժամանակն է ակտիվ գործողությունների և հրապարակեց թիվ 1 ընդհանուր հրամանը, որով «Հարպերս Ֆերրիի ժամանակավոր բանակի գլխավոր հրամանատարի» անունից հայտարարեց ռազմական գործողությունների սկսման մասին։ «Բանակի» շտաբը գտնվում էր Մերիլենդի դպրոցներից մեկի շենքում, որտեղ տեղափոխվել էին զենքի և զինամթերքի բոլոր պաշարները։

Հոկտեմբեր 16-ին 18 ապստամբների ջոկատը, թիկունքում թողնելով երեք հոգու, անցավ հարձակման Հարպերս Ֆերրիի զինանոցի վրա։ Նրանք անցան Պոտոմակ գետը դեպի Վիրջինիա, զինաթափեցին երկաթուղային կամրջի վրայի պահակախմբերին և հեշտությամբ գրավեցին զինանոցը, որը հսկվում էր ընդամենը մեկ ժամապահի կողմից։ Բրաունը մնաց զինանոցում, իսկ մնացած ապստամբները ցրվեցին տարածքի շուրջը՝ կտրելով հեռագրային լարերը, որպեսզի հետաձգեն թշնամու ամրապնդման նպատակով մոտեցումները։ Զինանոցը պահեստների մի ամբողջ համալիր էր, որում կային մոտ 100 000 մուշկետ և հրացան, որոնց միջոցով Բրաունը ծրագրում էր զինել ազատագրված ստրուկներին։ Հետագա պլանների համաձայն, նրանք պետք է գնային դեպի հարավ, իրենց կողմը գրավեին փախստական ստրուկներին և պայքարեին միայն ինքնապաշտպանության համար։ Ֆրեդերիկ Դուգլասը, որը Բրաունի և նրա ընտանիքի հետ հանդիպել է զինանոցում հարձակվելուց առաջ, հույս ուներ ստրուկների հեռանալու միջոցով հրահրել ստրուկներով բնակեցված նահանգների տնտեսական կոլապս։

Զինանոցը զավթելուց հետո ապստամբները հարձակվեցին երկու մերձքաղաքային ֆերմաների վրա, վերցրին ձիերն ու վագոնները, տների տերերին ուղարկեցին Հարպերս Ֆերրի, իսկ նրանց ստրուկներին զենք տվեցին։ Պատանդների շարքում էր գնդապետ Լյուիս Վաշինգտոնը, որը Ջորջ Վաշինգտոնի ազգականն էր։ Խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ Բալթիմոր քաղաք ուղևորվող գնացքի բեռնախցիկի ղեկավարը նկատել է ինչ-որ տարօրինակ բաներ և չանսալով նախազգուշացումներին, փորձել էր ահազանգել, բայց գնդակահարվել էր ապստամբների կողմից։ Չգիտես ինչու, Բրաունը որոշեց բաց թողնել գնացքը, ինչի արդյունքում Բալտիմորը իմացավ հարձակման մասին հոկտեմբերի 17-ի առավոտյան, իսկ կեսօրին արդեն տեղյակ էին Վաշինգտոնում։ Գնացքի վրա հարձակման ընթացքում, բացի բեռնախցիկի ղեկավարից, պատահական փամփուշտով սպանվել էր գնացքի անձնակազմի սևամորթ մի բեռնակիր, որը հետագայում հիմք հանդիսացավ ստրկության կողմնակիցներին ծաղրելու համար։

Հասկանալով, որ հնարավոր չէ գաղտնի պահել զինանոցի վրա հարձակումը պետական մարմիններից, ապստամբները բարիկադներ կառուցեցին զինանոցում, պատանդ վերցնելով Խարփերս Ֆերրիի 40 բնակչի։ Ապստամբության մասին լուրերը արագորեն տարածվեցին Վիրջինիայում և Մերիլենդում, և Չարլստոնից, Շեպերդսթաունից և Մարտինսբուրգից սկսեցին դեպքի վայր մեկնել աշխարհազորայինները (պետական ոստիկանություն)։ Միավորվելով գնդապետ Ռիչարդ Բեյլորի հրամանատարության ներքո, աշխարհազորայիններին հաջողվեց արգելափակել ապստամբների նահանջը զինանոցի տարածքից։ Բրաունը իր համախոհներին կենտրոնացրեց հրշեջ ծառայության շենքում, այնտեղ տեղափոխելով 10 բանտարկյալների, դրանց օգտագործելով որպես «կենդանի վահան» և հրամայեց կրակ բացել տեսադաշտում երևացող ցանկացած սպիտակամորթի վրա։ Ապստամբներից մեկը փորձեց փախչել զինանոցից՝ նետվելով Պոտոմակ, բայց գնդակահարվեց։

Դուռը կոտրելուց առաջ ամրոցի ներսը

Հոկտեմբերի 17-ի երեկոյան սկսվեց զինանոցը աբոլիցիոնիստներից ազատագրելու գործողությունը։ Բալթիմորից և Ֆրեդերիկից դեպի Հարպերս Ֆերրի սկսեցին ժամանել կանոնավոր զորքերը։ Գործողությունը գլխավորում էր գնդապետ Ռոբերտ Լին, որը հոկտեմբերի 18-ի առավոտյան, Բրաունին գրավոր առաջարկություն ուղարկեց կամավոր հանձնվելու և պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ, բայց Բրաունը մերժեց նրան՝ ասելով. «Ես նախընտրում եմ այստեղ մեռնել»։ Այս պաշտոնական ընթացակարգից հետո Լին հրամայեց ծովային հետևակի ջոկատայիններին լեյտենանտ Իսրայել Գրինի ղեկավարությամբ գրոհ իրականացնել, բայց նրանք դեմ առան դռների տեսքով բարիկադների անհաղթահարելի պատնեշին։ Այնուհետև Լին զինանոց ուղարկեց խոյահարող ջոկատին, որոնք ջարդուփշուր արեցին բարիկադները։ Հետևակայինները, սվինահարեցին բոլոր դիմադրություն ցույց տվողներին, ազատեցին պատանդներին և ձերբակալեցին վիրավոր Բրաունին։ Գրոհի հետ միաժամանակ, Լին լեյտենանտ Ջեբ Սթյուարտի հեծելազորայիններին ուղարկեց Քենեդիի ագարակ Բրաունի կողմից զավթված զինամթերքը ետ վերցնելու համար։

Գնդապետ Լին իր զեկույցում գրել է.

Բրաունը երդվում էր, որ իր նպատակը եղել է Վիրջինիայի և ամբողջ Հարավային շրջանի ստրուկների ազատագրումը և խոստովանում, որ նա հիասթափված է Հյուսիսային և Հարավային նահանգների սևամորթ բնակչության կողմից օժանդակության բացակայությունից։ Սևամորթները, որոնց նա ուժով քշում էր բոլոր ծայրամասերից, ինչպես ես հասկանում եմ, նրան կամավոր օժանդակություն չէին ցուցաբերել։ Զինանոցում պահվող ոչ մի ստրուկ չէր մասնակցել հակամարտությանը և նրանք բոլորն ազատ արձակվելուն պես տուն վերադարձան։ Արդյունքը փաստում է, որ այս պլանը մշակվել էր մոլեռանդ և խելագար մարդու կողմից և այն չէր կարող ավարտվել ոչ այլ բանով, քան ձախողմամբ։

Բրաունն իր յոթ կողմնակիցներով հանձնվեց Վիրջինիա նահանգի Ջեֆերսոն օկրուգի իշխանություններին։ Ութ սպիտակամորթ (այդ թվում՝ Բրաունի երկու որդիները) և երկու սևամորթ ապստամբներ սպանվել էին հարձակման ժամանակ։ Հինգ հոգու (այդ թվում՝ Բրաուն կրտսերը) հաջողվեց փրկվել։ Ապստամբների զոհեր դարձան Հարպերս Ֆերրիի երկու քաղաքացիներ, այդ թվում Ֆոնտեյնի քաղաքապետ Բեքհեմը, մեկ ծովային հետևակային և սևամորթ բեռնակիրը գնացքից։

Դատավարություն և մահապատիժ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ջոն Բրաունի վերջին րոպեները»: Նկարիչ՝ Թոմաս Հովեդեն

Բուժզննումից հետո Բրաունը ճանաչվեց մեղսունակ և հոկտեմբերի 27-ին Վիրջինիայի Չարլզ Թաուն քաղաքում սկսվեց նրա դատավարությունը դատավոր Ռիչարդ Պարկերի նախագահությամբ (մեղադրանքը պաշտպանում էր Էնդրյու Հանթերը, Բրաունի փաստաբաններն էին Ջորջ Հոյթը և Հայրամ Գրիսվոլդը), որը տևեց հինգ օր։ Ջոն Բրաունին դատարանի դահլիճ բերեցին պատգարակի վրա, քանի որ նա ծանր վիրավոր էր և չէր կարողանում քայլել։ Դատարանը մեղադրեց Բրաունին Վիրջինիա նահանգին դավաճանելու, սպիտակամորթներին սպանելու և սևամորթներին խռովություն հրահրելու մեջ։ Փաստաբանները ապացուցում էին Բրաունի անմեղությունը ՝ պնդելով, որ նա չի դավաճանել պետությանը, որին հավատարմության երդում չի տվել, անձամբ ոչ մեկին չի սպանել, և գրոհի կարճ տևողությունը ապացուցում, որ հրահրումը ձախողվել է։

Նոյեմբերի 2-ին Բրաունը մեղադրվեց բոլոր երեք հոդվածներով և դատապարտվեց մահապատժի։ Բրաունի փաստաբանների բողոքարկումը մերժվեց (Ուիլյամ Սյուարդը, հյուսիսի մի շարք հայտնի քաղաքական գործիչների հետ միասին վճարել էին փաստաբանական ծառայությունների համար, ինչը Կոնգրեսում հատուկ լսումների առարկա էր դարձել)։ Իր վերջին խոսքում Բրաունն ասաց.

Ես պետք է մի քանի բառ ասեմ։ Նախ ես հերքում եմ ամեն ինչ, բացառությամբ այն, ինչ ես խոստովանել եմ, այսինքն՝ ստրուկներին ազատելու իմ մտադրությունը։ Ես ուզում էի դա անել խաղաղ ճանապարհով, ինչպես արեցի անցյալ ձմռանը, երբ ես Միսուրի եկա, առանց մեկ կրակոցի ստրուկների դուրս բերեցի, նրանց տեղափոխեցի ամբողջ երկիրով և նրանց անկացրի Կանադա։ Ես ուզում էի նույնը անել, միայն ավելի մեծ մասշտաբների։ Դա այն է, ինչ ես մտքումս ունեմ։ Ես երբեք նպատակ չեմ ունեցել սպանել, կամ դավաճանել կամ ոչնչացնել գույքը...Աստվածաշունչն ինձ սովորեցնում է, որ ես չպետք է անեմ մարդկանց հետ այն, ինչ չեմ ուզում, որ մարդիկ անեն ինձ հետ։ Բացի այդ, նա ինձ սովորեցնում է «հիշել շղթայվածների մասին, մտածելով, որ ինքս էլ նրանց հետ շղթայված եմ»։ Փորձեցի գործել ըստ այդ ուսմունքի ... հավատում եմ, որ իմ գործողությունները...ճիշտ էին[7]։

Ջոն Բրաունը 42 օր անցկացրեց Չարլսթոնի բանտում։ Նա ընտանիքին գրեց. «Ես ուրախությամբ կընդունեմ մահը հանուն միլիոնների, որոնց քրիստոնեական մեծ հանրապետությունը զրկեց բոլոր իրավունքներից»։ Մահապարտների խցում գտնվելու ընթացքում Բրաունը, Հյուսիսում հանցագործից վերածվեց նահատակի։ Դրան նպաստեց նամակագրության թույլտվությունը։ Նրա կողմից գրված բոլոր նամակները տպագրվեցին հյուսիսային թերթերում։ Նրա կյանքի վերջին օրը գրված մի նախադասություն տարածվեց ամբողջ աշխարհում` «Ես, Ջոն Բրաունս, այժմ լիովին վստահ եմ, որ այս մեղավոր երկրի ոճրագործությունները չեն կարող լվացվել ոչ այլ բանով քան արյամբ»։ Վախենալով, որ Բրաունի հյուսիսային կողմնակիցները կփորձեն նրան առևանգել, Վիրջինիայի նահանգապետ Հենրի Ուիզը նրա պահպանության նպատակով ուղարկեց 1000 զինվորական, այդ թվում ՝ Վիրջինիայի ռազմական ինստիտուտի կադետներին, ինստիտուտի պետ, գնդապետ Ֆրենսիս Սմիթի հրամանատարությամբ։ Կադետական հրետանային մարտկոցի հրամանատար Գնդապետ Թոմաս Ջեկսոնը, այսպես է նկարագրել Բրաունին մահապատժի իրականացման օրը, «Նա անվեհեր և անսասան էր պահում իրեն... Ինձ շատ էր անհանգստացնում այն միտքը, որ իմ առջև կանգնած է գերազանց առողջությամբ մի տղամարդ, որը մի քանի վայրկյան հետո հավերժության գիրկը կանցնի։ Ես միջնորդություն ներկայացրեցի նրա ազատ արձակման վերաբերյալ։ Այն միտքը, որ մի րոպե հետո նա կմահանար ցանկությամբ, «գնալ, տեսնել, կրակոտ դժոխքը», ինձ համար սարսափելի թվաց։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ էր մահվան, չնայած դա կասկածելի էր»։

1859 թվականի դեկտեմբերի 2-ին նրան մահապատժի ենթարկեցին։ Բրաունը մահը դիմավորեց բացառիկ քաջությամբ։

Բրաունի մահվան ժամին՝ 1859 թվականի դեկտեմբերի 2-ին, երեկոյան 11-ին, Հյուսիսում հնչեցին զանգերը և մի ամբողջ րոպե հրետակոծությունը չդադարեց։ Քարոզիչները սկսեցին պատմել իրենց համայնքին Ջոն Բրաունի կյանքի և նահատակության մասին։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բրաունը յանկի պուրիտանների սերունդներից էր, որոնք ավելի շատ ոգեշնչված էին Հին Կտակարանով, քան Ավետարանով։ Այդ պատճառով էլ Ջոն Բրաունը առաջնորդվում էր Հին Կտակարանի մարգարեների և մարտիկների օրինակով, որոնք Տիրոջ կամքը կատարելու համար չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշների կյանքը։ Նրա բացարձակ գաղափարը Աստծո առջև բոլոր մարդկանց հավասարությունն էր։ Ջոն Բրաունը տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների կայուն կողմնակիցն էր և նա ջանքեր էր գործադրում, որպեսզի իր դուստրերը ստանան նույն կրթությունը, ինչ իր որդիները։ Նա կայուն հրեասեր էր, նաև սևամորթ ամերիկացիների մշակույթի երկրպագու էր և հավատում էր նրանց մարդկային արժանապատվությանը։

Ջոն Բրաունը համոզված էր, որ ստրկությունն ինքնին չի վերանա, որ անհրաժեշտ է դրան վերջ տալ ուժով։ Նրա ծրագրի նպատակն էր խրախուսել ստրուկների փախուստը, նրանց համախմբելով լեռներում զինված խմբավորումներ ստեղծել և դրանց օգնությամբ մշտապես պարտիզանական պատերազմ վարել ստրկատեր պլանտատորների դեմ։

Մականուններ և կեղծանուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունի մականուններից էին`

  • Ծերուկ Բրաուն
  • Կապիտան Բրաուն
  • Ծերուկ Բրաուն Կանզասից

Նրա կեղծանուններից էին`

  • Նելսոն Հոկինս
  • Շուբել Մորգան
  • Այզեկ Սմիթ

Ջոն Բրաունի անունը և նախևառաջ նրա մարտիրոսական մահը լայն տարածում ստացավ ամերիկացիների ժողովրդական ստեղծագործություններում ՝ նրանց համար դառնալով քրեստոմատիական կերպար։ «Ջոն Բրաունի մարմինը» երգը Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիների քայլարշավային երգն էր։

John Brown’s body lies a-mouldering in the grave; (3 անգամ)
His soul’s marching on!
Կրկներգ։
Glory, glory, hallelujah! Glory, glory, hallelujah!
Glory, glory, hallelujah! his soul’s marching on!
He’s gone to be a soldier in the army of the Lord! (3 անգամ)
His soul’s marching on!
Կրկներգ։
John Brown’s knapsack is strapped upon his back! (3 անգամ)
His soul’s marching on!
Կրկներգ։
His pet lambs will meet him on the way; (3 անգամ)
They go marching on!
Կրկներգ։
They will hang Jeff Davis to a sour apple tree! (3 անգամ)
As they march along!
Կրկներգ։
Now, three rousing cheers for the Union; (3 անգամ)
As we are marching on![8].


Այս երգի մեղեդին հետագայում հիմք հանդիսացավ հանրապետության մարտական օրհներգի համար (անգլ.՝ The Battle Hymn of the Republic)։ Ջոն Բրաունի մոտ համատեղվում էին կրքոտ հեղափոխական հավասարապաշտությունը և ռոմանտիկ նվիրվածությունը անձնազոհությանը, պատվի վարքականոնը, մահվան դեմ անվախությունը, տարօրինակ կերպով, այս հատկանիշները բարձր էին գնահատվում ԱՄՆ-ի հին հարավում։ Հենց բնավորության այս գծերն են, որ պահպանվել են ժողովրդական գիտակցության մեջ։

1928 թվականին Սթիվեն Վինսենթ Բենեն ստացավ իր առաջին Պուլիցերյան մրցանակը «Ջոն Բրաունի մարմինը» («John Brown’s Body») էպիկական պոեմի համար։ 1969 թվականին այս պոեմի թարգմանության համար ռուս վտարանդի բանաստեղծ և թարգմանիչ Իվան Ելագինը Նյու Յորքի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան։

Ջոն Բրաունի դերը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» դասական վեստերնում կատարել է «Օսկար» մրցանակի հավակնորդ Ռեյմոնդ Մեսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bois W. E. B. D. John Brown: A Biography — P. xxvii. — ISBN 1-56324-972-3
  5. 5,0 5,1 5,2 Браун Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. http://festival.1september.ru/articles/585767/ Е. В. Лялина. Семинар с элементами лабораторной работы в 8-м классе «Гражданская война в США и её итоги».
  8. «We’ll Sing to Abe Our Song»: Sheet Music about Lincoln, Emancipation, and the Civil War, from the Alfred Whital Stern Collection of Lincolniana (Երգի առաջին տարբերակը)։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barney, William L. "Brown, John". The Civil War and Reconstruction: A Student Companion. New York։ Oxford University Press, Inc., 2001.
  • DeCaro, Louis A. Jr. "Fire from the Midst of You": A Religious Life of John Brown (2002)
  • DeCaro, Louis A. Jr. Freedom's Dawn: The Last Days of John Brown in Virginia. Lanham, Md.։ Rowman & Littlefield, 2015.
  • Du Bois, W. E. B. (1909) John Brown (0-679-78353-9)
  • Finkelman, Paul, ed. His Soul Goes Marching On: Responses to John Brown and the Harpers Ferry Raid (1995)
  • Furnas, J. C. The Road to Harpers Ferry. New York, William Sloane Associates, 1959
  • Goodrich, Thomas War to the Knife: Bleeding Kansas, 1854–1861 (1998).
  • Horwitz, Tony. Midnight Rising: John Brown and the Raid That Sparked the Civil War. New York։ Henry Holt & Co., 2011.
  • Hotchkiss, Jed. "John Brown's Raid." The Confederate Military History. Oct. 27, 2009. John Brown's Raid Արխիվացված 2010-03-10 Wayback Machine
  • Laughlin-Schultz, Bonnie. The Tie that Bound Us: The Women of John Brown's Family and the Legacy of Radical Abolitionism. Ithaca, NY։ Cornell University Press, 2013.
  • Long, Roderick (2008). «Brown, John (1800–1859)». In Hamowy, Ronald (ed.). The Encyclopedia of Libertarianism. The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: SAGE; Cato Institute. էջեր 39–40. doi:10.4135/9781412965811.n26. ISBN 978-1-4129-6580-4. LCCN 2008009151. OCLC 750831024.
  • Malin, James. John Brown & the Legend of Fifty-Six (1942) (0-8383-1021-4)
  • McGinty, Brian (2009). John Brown's Trial. Harvard University Press. ISBN 978-0-674-03517-1.
  • McGlone, Robert E. John Brown's War against Slavery. Cambridge, CUP, 2009.
  • Nevins, Allan. Ordeal of the Union. 2 vols. (1947)
  • Nichols, Roy F. "The Kansas-Nebraska Act: A Century of Historiography." Mississippi Valley Historical Review 43 (September 1956)։ 187–212. in JSTOR
  • Nudelman, Franny, John Brown's Body: Slavery, Violence, and the Culture of War (2004).
  • Oates, Stephen B. To Purge This Land With Blood: A Biography of John Brown (1970).
  • Oates, Stephen B. Our Fiery Trial: Abraham Lincoln, John Brown, and the Civil War Era (1979)
  • Peterson, Merrill D. (2002): John Brown։ The Legend Revisited (0-8139-2132-5)
  • Potter, David M. The Impending Crisis, 1848–1861 (1976)
  • Renehan, Edward J. The Secret Six։ The True Tale of the Men Who Conspired with John Brown. 1995.
  • Reynolds, David S. (2005): John Brown, Abolitionist։ The Man Who Killed Slavery, Sparked the Civil War, and Seeded Civil Rights (2005)
  • Rodriguez, Junius P., ed. Encyclopedia of Slave Resistance and Rebellion. Westport, CT: Greenwood, 2006.
  • Scott, Otto, The Secret Six։ John Brown and The Abolitionist Movement (1979).
  • SenGupta, Gunja (Winter 2001). «Bleeding Kansas: A Review Essay» (PDF). Kansas History (24): 318–341.
  • Smith, Ted A., Weird John Brown։ Divine Violence and the Limits of Ethics. Stanford, CA: Stanford University Press, 2015.
  • Villard, Oswald Garrison (1910). John Brown 1800–1859: A Biography Fifty Years After. Houghton Mifflin.
  • Whitman, Karen (1972 թ․ հոկտեմբեր). «Re-evaluating John Brown's Raid at Harpers Ferry». West Virginia Historyadded Article. 34 (1): 46–84. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.

Առաջնային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • John Brown letters and photos on Kansas Memory, the digital portal of the Kansas State Historical Society
  • DeCaro, Louis A. Jr., ed. John Brown Speaks։ Letters and Statements from Charlestown. Lanham, Md.: Rowman & Littlefield, 2015.
  • Louis Ruchames, ed. A John Brown Reader։ The Story of John Brown in His Own Words, in the Words of Those who Knew Him (1959)
  • Franklin Sanborn (ed.) (1891): The Life and Letters of John Brown
  • DeCaro, Louis A. Jr. John Brown – The Cost of Freedom։ Selections from His Life & Letters (New York: International Publishers, 2007)
  • Henry David Thoreau (1859): A Plea for Captain John Brown
  • Andrew Johnson (1859)։ What John Brown Did in Kansas (December 12, 1859)։ a speech to the United States House of Representatives, December 12, 1859. Originally published in The Congressional Globe, The Official Proceedings of Congress, Published by John C. Rives, Washington, D. C. Thirty-Sixth Congress, 1st Session, New Series ... No. 7, Tuesday, December 13, 1859, pp. 105–06. Retrieved May 16, 2005.

Հավելյալ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Banks, Russell. Cloudsplitter (1998).
  • Bisson, Terry. Fire on the Mountain (1988)
  • Brooks, Geraldine. March: A Love Story in a Time of War (2006)
  • Cliff, Michelle. Free Enterprise. (1993)
  • Ehrlich, Leonard. God's Angry Man (1932).
  • Flint, Eric. 1824: The Arkansas War (2006)
  • Fraser, George Macdonald. Flashman and the Angel of the Lord (1994)
  • McBride, James. The Good Lord Bird (2013)
  • Olds, Bruce. Raising Holy Hell (1995).
  • Pulitzer Prize for Poetry, 1929։ Stephen Vincent Benet, John Brown's Body
  • Rinaldi, Ann. Mine Eyes Have Seen. (1997)
  • Robinson, Edwin Arlington. John Brown. (1921)
  • Santa Fe Trail, film. (1940)
  • Summers, Kevin G. "His Soul Goes Marching On" in Tales of Moreauvia, Issue One (2008).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բրաուն (աբոլիցիոնիստ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 556