Ռազմական թղթակից
Ռազմական թղթակից, լրագրող, ով ուղեկցում է բանակին, օդուժին և նավատորմին ռազմական գործողությունների ժամանակ և լուսաբանում է պատերազմական իրադարձությունները մամուլում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական լրագրությունը գալիս է հաղորդակցման միջոցների ծագման ամենասկզբից։ Ռազմական հաղորդագրությունների կարևորությունը բավականին վաղ հասկացել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Նրա արշավների ժամանակ զորքին ուղեկցում էին հատուկ պատրաստված մարդիկ, ովքեր նշում էին նրա ռազմական հաջողություններն ու հավերժացնում դրանք պատմության համար[1]։ Իրավիճակը փոխվում է Յոհան Գուտենբերգի կողմից 1450 թվականին գրատպման մեքենայի գյուտից հետո, ինչն արդեն թույլ էր տալիս հանրության լայն շերտերին իրազեկել պատերազմական գործողությունների մասին։ Այդպիսի օրինակներից է ֆրանսիական և վենետիկյան զորքերի կողմից Լեսբո կղզու գրավումը։ Թերթերի համար պատերազմները դառնում էին հիմնական թեմաներ[1]։ Բրիտանական առաջին Weekly պարբերականն իր ստեղծմամբ պարտական է 30-ամյա պատերազմին (1618-1648)։ Դոմինիկովսկին պատմականորեն այսպես է բաժանում ռազմանակ լրագրության փուլերը[1]
Ժամանակաշրջան | Ռազմական լրագրության առանձնահատկություններ |
---|---|
Անտիկ շրջան | Հաղորդագրություններ բախումների մասին, որոնք գրում էին հատուկ պատրաստված մարդիկ։
Նպատակներ. հերոսությունների փառաբանում, հակառակորդի վերաբերյալ ապատեղեկատվության տարածում, հակամարտող կողմերի խաղաղ բնակչության սադրում։ |
19-րդ դար | Զանգվածային լրատվական միջոցների ծագում, գլոբալ մեդիայի և գլոբալ կոնֆլիկների զարգացում։
Առաջին անհայտ ռազմական թղթակիցը։ Նպատակ. տպաքանակի ավելացում ռազմական ռեպորտաժների հաշվին։ Ղրիմյան պատերազմ (1853-1856) - առաջին տեղեկատվական պատերազմ։ Գրաքննության առաջին դեպքը Ղրիմի պատերազմի ժամանակ (1855)։ |
«Ոսկե ժամանակաշրջան» 1860-1914 | Ռազմական լրագրության զարգացումը որպես մասնագիտություն։
Նոր տեխնիկական միջոցների (լուսանկարում, հեռագիր) օգտագործում, «արդիականության սահմանի» փոփոխություն։ Մամուլի շատ հրապարակումներում պատերազմը ներկայացվում էր որպես հեռավոր, անիրական մի բան։ |
Առաջին աշխարհամարտ | Քարոզչական ընդլայնված ապարատի ձևավորում։
Դաժան և սևեռուն գրաքննություն։ |
Երկրորդ աշխարհամարտ | Քարոզչության ֆինանսավորման և մեդիայի ղեկավարման մեխանիզմների ընդլայնում։
ԶԼՄ-ների հանդեպ գրաքննությունից ու վերահսկողությունից անցում ռազմական հաղորդագրությունների վերահսկողությանը։ Ռադիոյի և կինոյի մասսայականացումը որպես նոր մեդիա։ |
Վիետնամի պատերազմ | Առաջին, այսպես կոչված, A living-room war (բառացի` պատերազմ հյուրասենյակում)։
Հեռուստատեսային ամենօրյա նորություններ` Վիետնամի պատերազմից ռեպորտաժներով։ Միակ պատերազմը` առանց գրաքննական վերահսկողության։ Հասարակության տրամադրության կտրուկ փոփոխություն` պատերազմի սարսափները ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի տարածումից հետո։ |
Ֆոլկլենդից մինչև Կոսովո | Մեդիան ուղղակի չի լուսաբանում ռազմական գործողությունները։
Պատերազմներն ընթանում են առանց լրագրող-ականատեսների։ «Ռազմական հաղորդագրություններ իրական ժամանակում»` արբանյակային տեխնոլոգիաների հաշվին։ |
Պարսից ծոցի պատերազմ | Զարգանում է ԶԼՄ-ներին ղեկավարելու փորձը։
Կենտրոնացում զանգվածներին ռազմական գործողությունների պատրաստելու ուղղությամբ։ Տեղեկատվական պատերազմ։ Տեղեկատվությունը և ԶԼՄ-ների ղեկավարումը դառնում են տեղեկատվական պատերազմի անբաժան մաս։ Լրագրողների ներառում զինվորական շարքեր։ |
Չնայած որ պատերազմը վաղուց է հետաքրքրություն ներկայացնում լրագրողների ու գրողների համար, առաջին պրոֆեսիոնալ ռազմական թղթակիցները հայտնվել են Ղրիմի պատերազմի ժամանակ։ Ն. Բերգը մեկնել է Սևաստոպոլ, որտեղից գրել է «Մոսկվիտյանին» թերթի համար։ Անգլիական կողմից Սևաստոպոլի շրջափակումը լուսաբանում էր մեծ ճանաչում ունեցող թղթակից Ուիլյամ Ռասելը։ Չնայած Ղրիմի պատերազմի ժամանակ տվյալների փոխանցումը հեռագրի միջոցով հնարավոր էր, այն հազվադեպ էր օգտագործվում ենթակառուցվածքների անկատարության պատճառով։ Զինվորական հաղորդագրությունները փոխանցվում էին սովորական փոստի միջոցով։ Այդ ժամանակ արդեն կիրառվում էին նաև լուսանկարները։ Անգլիացի լրագրող Ռոջեր Ֆենտոնն ուղեկցում էր բրիտանական զորքերը Ղրիմում` շարժական ֆոտոլաբորատորիայով։ Սակայն նրա լուսանկարները չէին արտահայտում պատերազմի իրական դեմքը։ Դրանք չէին ցուցադրում ճակատամարտերի տեսարաններ կամ սպանվածների, այլ միայն պատկերում էին զինվորներին։ Ֆենտոնի աշխատանքը ֆինանսավորվում էր բրիտանական կառավարության կողմից այն նպատակով, որպեսզի ցուցադրի «պատերազմի խմբագրված պատկերը» և ծածկի Ռասելի դիտարկումները[2]։
Ֆիլիպ Նայթլին Ղրիմի պատերազմից մինչև Առաջին աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանը բնորոշել է որպես ռազմական լրագրության «ոսկե դար»[2]։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1877-1878) ռուսական բանակում արդեն կային ավելի քան 2 տասնյակ ռուս և օտարերկրացի թղթակիցներ, իսկ Ճապոնական պատերազմի ժամանակ 102 ռուս և 38 օտարերկրյա թղթակիցներ էին լուսաբանում ռազմական իրադարձությունները։ 20-րդ դարի պատերազմներում ռազմական թղթակիցների նշանակությունը մեծապես աճել է, քանի որ պատերազմի ելքը մեծապես կախված է պատերազմող երկներում առկա հասարակական տրամադրվածությունից։ ԱՄՆ-ի` Առաջին աշխարհամարտի մեջ մտնելուց հետո, 1917 թվականի ապրիլից մամուլում սկսում է աճել հակագերմանական քարոզչությունը։ Տեղեկատվության տարածման նույն սկզբունքով էին շարժվում Անտանտ դաշինքի մյուս երկրները ևս[3]։ Ինչպես նշում է Ս. Ի. Բեգլովը, «Անտանտի դաշնակիցները ձգտում էին տեսադաշտում պահել բոլոր նպատակները. հակառակորդին ու նրա թիկունքը, սեփական և դաշնակիցների լսարանը, ինչպես նաև` չեզոքներին»[4]։ Ստեղծվում էին մամուլի ղեկավարման հատուկ բաժիններ կառավարությունում։ ԱՄՆ կառավարությանը կից հանրային տեղեկատվության կոմիտեն 1917 թվականի մայիսից հրատարակում էր «Official bulletin» կառավարական տեղակագիրը, որի տպաքանակը պատերազմի ավարտին հասնում էր 118 հազար օրինակի[5]։ ԱՄՆ կառավարությունը լրագրության վրա ազդեցություն էր ունենում նաև երկրի ներսում։ Եվ չնայած որ գրաքննության գաղափարը խորապես հակասում է ամերիկյան լրագրության ավանդույթներին, ամերիկյան հիմնական օրենքներում այդ բառն առհասարակ չի օգտագործվում, ամերիկյան կառավարությունն Առաջին աշխարհամարտի տարիներին սահմանել էր պաշտոնական գրաքննություն։ Հատկապես խիստ գրաքննության տակ էին դրված տեղեկությունները պատերազմի դաշտից, ներառյալ` զինվորների նամակները։ Ռազմական նախարարությունը կարգավորում էր ռազմական թղթակիցների հետ կապված բոլոր հարցերը, չնայած նրանց իրավունք էր տրված «ճշմարտացիորեն» ներկայացնելու փաստեր բանակի վերաբերյալ, սակայն խստորեն արգելված էր «տեղեկություններ տրամադրել թշնամուն»[6]։ Առաջին աշխարհամարտի տարիներին, 1917 թվականի հունիսի 15-ից ԱՄՆ-ում գործել է «Լրտեսության մասին» օրենքը, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում «կառավարական արշավները ձախողելու» համար, իսկ 1918 թվականի մայիսին օրենք է ընդունվել «Խռովություններ սադրելու» վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ գրաքննություն է սահմանվել արտասահմանյան նամակագրության վերաբերյալ։ 1917 թվականի աշնանը փակվել է ձախ ուղղվածության գրական-հասարակական «Masses» ամսագիրը[6]։ ԱՄՆ կառավարության կողմից Առաջին աշխարհամարտում ձեռք բերված փորձն օգտագործվում է նաև հետագա հակամարտություններում ու պատերազմներում։ Այն դառնում է համընդհանուր ուսումնասիրության ու ընդհանրացման առարկա, ցույց է տալիս կառավարության քարոզչության դրական ու բացասական կողմերը երկրի ներսում և երկրից դուրս[5]։
ԽՍՀՄ տարիներին ռազմական լրագրության առանձնահատկությունն այն էր, որ ռազմական հակամարտությունների մասին գրում էին այն լրագրողները, ովքեր իրականում զինծառայողներ էին։ Նրանց ռեպորտաժները ենթարկվում էին խիստ գրաքննության։ 1992 թվականից սկսած` հետխորհրդային տարածությունում ռազմական կոնֆլիկտները մասսայաբար լուսաբանում էին քաղաքացիական լրագրողները, որոնք ներկայացնում էին ամենատարբեր լրատվամիջոցներ։ Ռազմական ղեկավարության փոխհարաբերությունները լրագրողների հետ շատ հաճախ բնորոշվում են որպես կողմերի ձգտումների չհամընկնումներ։ Մասնավորապես, ռազմական ղեկավարությունն առաջարկում է մամուլին առավել հարմար համագործակցություն, իսկ դրանք այս կամ այն պատճառով չեն բավարարում լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչները ցանկանում են ղեկավարության մեջ տեսնել հասանելի, վստահելի, հավաստի և ժամանակային առումով հարմար տեղեկատվության աղբյուր այն թեմաների վերաբերյալ, որոնք հուզում են հասարակության լայն շերտերին։ Զինվորականներն էլ որպես կանոն լրագրողների համար սահմանում են իրենց վարքականոնները` ռազմական գործողությունների գոտիներում գտնվելիս։ Նրանք կարող են ստիպել լրագրողներին ստանալ անցագիր, հավատարմագիր, պահանջել նրանց գտնվել մեկ որոշակի վայրում։ Այդ ամենը կարող է բացատրվել ռազմական գաղտնիքի պահպանության անհրաժեշտությամբ կամ էլ` լրագրողների անվտանգությամբ։ Այդ իրավիճակում իր վարքագիծը որոշում է լրագրողը։ Նա կարող է լքել բանակի պատասխանատվության տակ գտնվող տարածքն ու գործել ըստ իր հայեցողության, կամ կարող է փորձել տեղեկատվություն հայթայթել` չնայած արգելքներին։ Շատ հաճախ ռազմական լրագրողի գործունեության ազատությունը կախված է այն երկրի ժողովրդավարության աստիճանից, որտեղ նա ապրում և աշխատում է[7]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական լրագրության նշանակությունը հաճախ է ընդունվում քաղաքական գործիչների կողմից, սակայն հաճախ էլ քննադատության է ենթարկվում։
Թշնամական չորս թերթ կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան 100 հազար զինվոր` բաց դաշտում։ - Նապոլեոն
|
300.000-անոց զորքը չի կարող գրավել երկիրն ավելի արագ, քան նապոլեոնական 12 լրագրողի գրիչ։ - Կլեմենս ֆոն Մետերնիխ
|
Ես հույս ունեմ մինչև կյանքիս վերջ մնալ գործազուրկ ռազմական լուսանկարիչ։ - Ռոբերտ Կապա
|
Լոնդոնի կամ Նյու Յորքի ընթերցողների համար հեռավոր շրջանների հակամարտություններն անիրական էին թվում, իսկ ռազմական լրագրության Ոսկե դարի ոճը ընթերցողին համոզում էր, որ դա ուղղակի արկածային հուզիչ վեպ էր։ - Ֆիլիպ Նայթլի
|
Քննադատության են ենթարկվում ժամանակակից բանակային մամուլի կենտրոնները Պարսից ծոցի պատերազմի ժամանակ. «Շատ լրագրողներ տանջվում էին տեղեկատվության պակասից և դժգոհություն էին արտահայտում մամուլի բանակային կենտրոններից։ BBC-ի թղթակից Փիթեր Հանթը բողոքում էր եթերում. «Մենք այս հեռավոր Քաթարում նորությունների ենք սպասում տեղի ունեցող գործողությունների մասին»։ Նրա գործընկեր Փոլ Ադամսը բրիֆինգների անցկացման փոքր սենյակն անվանել է «անհամապատասխան աշխատանքային տարածություն»։ Լրագրողներին հատկապես նյարդայնացնում էին գեներալ Վինս Բրուքսի բրիֆինգները։ Դրանից հետո ամերիկացի լրագրողները «պոկում էին իրենց մազերը` տեղեկատվության պակասից»»[8]։
Միջազգային իրավունքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաագայի միջազգային կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ գլխով սահմանված է, որ «թերթի լրագրողները և թղթակիցները..., այն դեպքում, եթե առևանգվում են կամ գերի են ընկնում, օգտվում են ռազմագերիների իրավունքներից այն դեպքում, եթե ունեն իրենց բանակի ղեկավարության կողմից տրամադրված համապատասխան վկայականներ»[9]։ 1977 թվականի հունիսի 8-ին ընդունվել են հավելյալ արձանագրություններ ըստ Ժնևյան կոնվենցիայի։ Դրանցում ասվում է. «Որպես այդպիսին, լրագրողներն օգտվում են կոնվենցիաներով և այս արձանագրությամբ սահմանված պաշտպանությունից այն դեպքում, եթե նրանք չեն արել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի չեն քաղաքացիական անձի իրենց կարգավիճակին»։ Այսպիսով, լրագրողները հավասարեցվում են քաղաքացիական բնակչությանը, օգտվում են դրա իրավունքներից, այդ թվում և` պաշտպանված լինելու իրավունքից, սակայն գերի ընկնելիս հավասարեցվում են ռազմագերիներին[10]։
Արվեստի գործերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- գեղարվեստական ֆիլմ «Հանուն մի քանի տողի» (ռուս.՝ Ради несколько слов) (1985, ԽՍՀՄ)
- գեղարվեստական ֆիլմ «Ռազմական լրագրող» ռուս.՝ Военный корреспондент (2014, Ռուսաստան)
Հայտնի ռազմական լրագրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլյամ Հովարդ Ռասել
- Ֆենտոն Ռոջեր
- Ռոբերտ Կապա
- Էդգար Ռայզ Բերոուզ
- Ուոլթեր Կրոնկայտ
- Սթիվեն Քրեյն
- Ֆերդինանդո Պետրուչելի դելա Գատինա
- Ռիչարդ Հարդինգ Դէվիս
- Մարգարետ Բուրկ Ուայթ
- Կուրտ Էգգերս
- Նակայամա Գիսյու
- Արկադի Ստոլիպին
- Լև Տոլստոյ
- Նիկոլայ Սոկալսկի
- Նիկոլայ Բերգ
- Կոնստանտին Սիմոնով
- Դարյա Ասլամովա
- Ալեքսանդր Մինակով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роберт Капа «Скрытая перспектива». Клаудберри, 2001
- Михайлов С. А. Журналистика Соединенных Штатов Америки
- Phillip Knightly. The first casualty. from the Crimea to Vietnam : the war correspondent as hero, propagandist, and myth maker
- Matthew Farish. Modern Witnesses: Foreign Correspondents, Geopolitical Vision, and the First World War
- Mira Beham: Kriegstrommeln. Medien, Krieg und Politik. 3. Auflage. Deutscher Taschenbuch-Verlag, München 1996
- Dominikowski: Massenmedien und Massenkrieg. 1993
- Heinz-Peter Preusser. Krieg in den Medien
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Dominikowski: Massenmedien und Massenkrieg. 1993
- ↑ 2,0 2,1 Dominikowski: Massenmedien und Massenkrieg
- ↑ Михайлов С. А. Журналистика Соединенных Штатов Америки
- ↑ Беглов С. И. Внешнеполитическая пропаганда. Очерк теории и практики. М., 1980. С. 67.
- ↑ 5,0 5,1 Михайлов С. А. Михайлов. Журналистика Соединенных Штатов Америки
- ↑ 6,0 6,1 С. А. Михайлов. Журналистика Соединенных Штатов Америки
- ↑ А.Князев. Журналистика конфликта
- ↑ Когда журналист сильнее солдата / / Независимая газета
- ↑ IV конвенция о законах и обычаях сухопутной войны (Гаага, 18 октября 1907 г.)
- ↑ «Нормы международного гуманитарного права о журналистах в зонах конфликтов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմական թղթակից» հոդվածին։ |
|