Ռոթվայլեր
Ռոթվայլեր | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Գերմանիա |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Ռոթվայլեր (երբեմն սխալմամբ` ռոտվեյլեր, ռոթֆելեր, ռոքֆելեր), շան ցեղատեսակ։ Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման` միջին և խոշոր չափերի ցեղատեսակ է[1]։ Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն (Rottweiler Metzgerhund), քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով շուկա հասցնելու համար[1]։ 18-19-րդ դարերում ցեղատեսակը շարունակում էր ներմարզային տարածում ունենալ։ Սակայն 19-րդ դարի կեսերից, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասուններին և միսը տեղափոխելու համար` ռոթվայլերները կորցրին իրենց առաջվա դերը, բայց 1910 թվականից ցեղատեսակը մեծ ճանաչում ստացավ որպես զինվորական և ոստիկանական շնատեսակ[2]։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է[4]։ Որոշ ուսումնասիրողներ շնատեսակի պատմությունը հասցնում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջան և այն ծագած են համարում հռոմեական մասթիֆից. հռոմեական հսկա բանակների համար մշտապես թարմ մսի ապահովման համար նրանք իրենց հետ տանում էին նաև նախիրներ։ Հռոմեական հովվաշներն օգտագործվում էին մինչև 3-4-րդ դարերը, երբ շվաբացիներն արդեն վտարել էին հռոմեացիներին[5]։
Ճանապարհորդող մսագործների կողմից այս ցեղատեսակի շներն օգտագործվում էին միջնադարյան շուկաներում` իրենց վզերին ամրացված քսակները պահպանելու համար[6]։ Նրանք նաև քշում էին նախիրները դեպի շուկա, դրանք պաշտպանելով ավազակներից և գազաններից[5]։ Սակայն այն ժամանակ, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասունը շուկա տեղափոխելու համար, այս ցեղատեսակի կարիքը, ինչպես և ռոթվայլերների քանակը նվազեց այնքան, որ 1882 թ. Հայլբրոնում անցկացված շների ցուցահանդեսին ներկայացված էր ցեղատեսակի ընդամենը մեկ ցածրորակ ներկայացուցիչ[5]։ Առաջին աշխարհամարտի ծավալումը ոստիկանական շների մեծ պահանջարկ ստեղծեց, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ռոթվայլերներով նորից հետաքրքրվեն։ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում ռոթվայլերներն օգտագործվում էին որպես սուրհանդակ, բարձկան, բուժօգնության և պահակաշներ։
1921 թ. ստեղծվեց Գլխավոր գերմանական ռոթվայլեր-ակումբը (Allgemeiner Deutscher Rottweiler Klub), որը 1924 թ. պաշտոնապես գրանցվեց Շթութգարթում։
1931 թ.-ին ցեղատեսակը ճանաչվեց Շնաբույծների ամերիկյան ակումբի կողմից[7]։ 1990-ականների կեսերին ռոթվայլերն ամենաշատ գրանցված ցեղատեսակն էր ԱՄՆ-ում[8]։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև` հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով, որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում շան մարմնի գունավորման 10%-ը։ Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն։ Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ։ Թեև ռոթվայլերների գունավորումը կարող է տատանվել, շնաբուծական ակումբներն ունեն հստակ սահմանված չափանիշներ` մեկական աշխետ բիծ ամեն ունքի ներքին մասում և թշերին, մեկական գիծ մռութի ամեն կողմից, քիթը` սև է։ Դիմային խայտերն իջնում են դեպի կոկորդը։ Լանջքի վրա ռոթվայլերն ունի երկու ներքնաձիգ եռանկյունաձև խայտ։ Թաթերի և ոտքերի վրա թույլատրելի են խայտերի որոշ տարատեսակներ[1][5]։
Գլուխը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգը միջին չափի է, ականջների արանքում լայնացած։ Ճակատը դեպի դուրս կորացած է, ծոծրակային ոսկրը լավ զարգացած է և չերևացող։ Քիթն ընդարձակ է, մեծ քթածակերով ու սև։ Մռութը պետք է ունենա չափավոր ուրվագիծ։ Շուրթերը սև են, լնդերը սև, կամ հնարավորինս մուգ։ Ծնոտները լայն են և ուժեղ։ Ատամնանստվածքը մկրատաձև է` ուժեղ և ամբողջական (42 ատամ)։ Վերին կտրիչները կիպ ծածկում են ներքևինները։ Այտաղեղները վառ արտահայտված են։ Աչքերը միջին չափի են, նշաձև և մուգ շագանակագույն։ Ականջները միջին չափի են, կախ, եռանկյունաձև, հեռադիր։ Ականջները դեպի առաջ թեքված են և կիպ գլխին կպած` գանգին կոր տպավորություն տալով։
Վիզը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիզն ուժեղ է, միջին չափի և մկանուտ։ Վզի մաշկը չպետք է ունենա ավելորդ կախվածություն։ Կատիկն արտահայտված չէ։
Իրանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջքն ուղիղ է, ուժեղ և ձիգ։ Տափողները կարճ են, ուժեղ և փոսավոր։ Գավակը կամարաձև է, միջին չափի և թեթևակի կորացած։ Կրծքավանդակն ընդարձակ է, կորացած և խորը (անրակների բարձրության 50%-ը), լավ ձևավորված լանջքով, ցցված կողաճաղերով։
Ագին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագին ավանդաբար կտրում էին, սակայն հիմա պոչատ ռոթվայլերներին արգելված է ներկայացնել ցուցահանդեսների։ Ագին ուղիղ է, հանգիստ վիճակում` կախ։
Վերջույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմացի ոտքերն ուղիղ են և իրար ոչ շատ մոտ։ Թիակները երկար են, անրակները`ուժեղ են և մեծ։
Հետևի ոտքերն ուղիղ են և զուգահեռ։ Զիստերը կարճ են և մկանուտ։ Ճաները երկար են և մկանուտ։ Թաթերը կլոր են։
Քայլվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլերի քայլվածքն ավանդաբար տրոտն է։ Քայլելիս առջևի և հետևի ոտքերը պետք է շարժվեն ուղիղ հետ-առաջ։ Քանի որ նրա վերջույթների շարժումն ուղղաձիգ է, նրա ուղին էլ պետք է լինի ուղիղ։ Ռոթվայլերի քայլվածքը հավասարակշռված է և սլացիկ, ինչի համար էլ նա օգտագործվում է որպես հովվաշուն։
- Գլուխ (աչքեր)
- Մռութ (ատամներ, լեզու)
- Մռուզ (կոկորդ, վզի մաշկ)
- Անրակ
- Պառեկ
- Առջևի ոտքեր
- Գավակ
- Ոտքեր (զիստեր և երանք)
- Ճան
- Հետևի ոտքեր
- Մնդավ
- Լիսեռնատապ
- Թաթեր
- Ագի
Չափերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն որձի մնդավի բարձրությունը 61-69 սմ է, էգինը` 56-63 սմ։ Որձերի քաշը, կախված մարմնի բարձրությունից, 50-60 կգ է, էգերինը` 35-48։ Մարմնի ձգվածության գործակիցը 103-105 է։
Բնավորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՄՖ չափանիշների համաձայն ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ է, հակամետ և անվախ։ Իրենց շրջապատին արձագանքում են աչալրջությամբ[9]։
Ռոթվայլերը ամրակազմ ցեղատեսակ է, նախրապանության և պաշտպանելու լավ ձևավորված գենետիկ բնազդով։ Ռոթվայլերների վտանգավոր վարքի հիմնական պատճառներն են անպատասխանատու խնամարկությունը, գազազեցնելը, արհամարհանքը և սոցիալիզացիայի ու վարժեցվածության պակասը։ Ռոթվայլերները սիրում են իրենց տերերին և կարող են նույնիսկ ծիծաղելի վարք դրսևորել ընտանիքի անդամների և ընկերների հետ շփման ժամանակ։ Սակայն, ցեղատեսակի շները շատ պաշտպանողական են սեփական տարածքի նկատմամբ և մոտ չեն թողնում այն մարդկանց, ում լավ չեն ճանաչում։ Ցեղատեսակի առանձնահատուկ ուժը հավելյալ վտանգ կարող է ստեղծել։ Ցեղատեսակի համար պարտադիր են սոցիալիզացման և ենթարկվելու հատկությունների վարժեցումը[5]։
2008 թ. կատարված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ իրենց տերերի և ուրիշ շների նկատմամբ հարձակումներով (կծելը և կծելու փորձերը) ցեղատեսակի շները միջին վտանգավորություն ունեն, այնինչ` օտար մարդկանց հանդեպ ագրեսիվության աստիճանը բարձր է։ Դա կապված է նրանց տարածք հսկելու բնազդի հետ[10]։
1979-1998 թթ. մարդկանց վրա շների մահացու հարձակումների 67%-ը կատարվել էր ռոթվայլերների և փիթբուլանման շների կողմից։ 1993-1998 թթ. բոլոր մահերի կեսի պատճառը ռոթվայլերներն էին[11]։
Գործելաոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլերները բնականից հակված են դեպի խմբահավաքումը և վերահսկելու ուժեղ ցանկություն ունեն։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց վախեցնելու ունակությունը[12]։
Ոչխարների հոտը հետապնդելիս ռոթվայլերները գլուխը պահում են բարձր, իսկ վիզն ու անրակները` ցածր, միաժամանակ ուժեղ հաչոցով քշելով հոտը։
Տավարների նախիրը քշելիս ռոթվայլերը գտնում է դոմինանտ անասունին և ճնշում է նրան, ինչից հետո նա սկսում է ղեկավարել բոլորին։ Շնաբույծները նկատել են, որ ռոթվայլերը հարմար է քշելու համար համառ անասուններին, որոնք արհամարհում են այլ շներին։ Երբեմն ռոթվայլերները սկսում են ուղղորդել նախիրը նույնիսկ առանց նախնական փորձ ունենալու։
Երկար ժամանակ նույն հոտի հետ աշխատելուց հետո ռոթվայլերը յուրահատուկ կապ է ձևավորում դրա անդամների հետ և, եթե դրանք ենթարկվում են իրեն, դրանց հետ կարող է լինել շատ մտերիմ[13]։
Առողջությունը և հիվանդությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոթվայլերները համեմատաբար առողջ ցեղատեսակ են, առանց լուրջ հիվանդությունների։ Սակայն, ինչպես շատ խոշոր ցեղատեսակներ, այպես էլ ռոթվայլերները ենթակա են սրտամկանի և կոնքաթասի ու անրակների ոսկրային արատների ռիսկի[14]։ Շների տերերին խորհուրդ է տրվում շներին պարբերաբար զննել ռյոնթգենյան ճառագայթներով։
Ռոթվայլերները հակված են գիրանալու, այդ իսկ պատճառով նրանց պետք է անընդհատ մարզել։ Գիրության ամենավտանգավոր հետևանքները կարող են լինել շատ լուրջ` արթրիտ, շնչառական խնդիրներ, շաքարախտ, սրտային անբավարարություն, վերարտադրողական խնդիրներ, թույլ դիմադրողականություն և յուղաշերտի պատճառով առաջացող մարմնի գերտաքացում[15]։
Ռոթվայլերների կյանքի միջին տևողությունը 8-10 տարի է[16][17]։
Արտացոլումը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական որոշ ֆիլմերում և հեռուստասերիալներում ռոթվայլերները պատկերված են որպես ոճրասեր և ժանտ շներ։ Նման ֆիլմերից ամենահայտնին Օմեն ֆիլմն է, որը մամուլի զգայահույզ լուսաբանման շնորհիվ կերտեց ցեղատեսակի վատ համբավը։ Սակայն որոշ` Մահացու զենք 3, Կիսաեփը ֆիլմերում, HBO-ի Անտուրաժ հեռուստասերիալում ռոթվայլերները ներկայացված են դրական ձևով։ Նրանք նաև պատկերված են Ալեքսանդրա Դեյի Ապրի՜ Կառլը մանկական գրքում։
2009 թ. հուլիսին Քովենթրի քաղաքում Ջեյք անունով ռոթվայլերը կանխարգելել է մի կնոջ բռնաբարություն և հետապնդել է հանցագործին, ինչի համար բարձր գնահատականի է արժանացել տեղի ոստիկանությունից[18]։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեկ տարեկան ռոթվայլեր
-
Որձ ռոթվայլեր
-
Քենթ ռոթվայլեր
-
10 տարեկան ռոթվայլեր
-
Ռոթվայլեր
-
Գլխանկար մոտիկից
-
Ռոթվայլերի գլխանկար
-
Կողային գլխանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ռոթվայլեր ցեղատեսակի չափանիշները» (PDF). Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.(Անգլերեն)
- ↑ Հանս Ռեբեր, Շնատեսակների հանրագիտարան ( Hans Räber: Enzyklopädie der Rassehunde. Ursprung, Geschichte, Zuchtziele, Eignung und Verwendung. Band (Հատոր) 1։ Bauern-, Hirten und Treibhunde, Schäferhunde, doggenartige Hunde, pinscherartige Hunde, spitzartige Hunde, Nordische Hunde, Schensihunde, Zwerghunde, Pudel, Dalmatiner. Franckh-Kosmos, Stuttgart 1993, ISBN 3-440-06555-3, S. (էջ) 168 ff. (հոդ.): Der Rottweiler.)
- ↑ Ադոլֆ Փինքոս, «Ռոթվայլեր» (Adolf Pienkoß, Rottweiler, Borken: Internationale Föderation der Rottweilerfreunde, 2008.
- ↑ Մանֆրեդ Շանցլ, «Ռոթվայլերների բուծման պատմության ուսումնասիրություն» ատենախոսություն (Manfred Schanzle, Studies in The Breed History of The Rottweiler. DVM thesis, University of Munich, 1969.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Rottweiler: History». American Kennel Club. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Rottweiler». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ "Get to Know the Rottweiler"
- ↑ American Kennel Club 2013 Dog Registration Statistics Historical Comparisons & Notable Trends
- ↑ FCI Standard N° 147 Op. Cit.
- ↑ «Breed differences in canine aggression». Applied Animal Behaviour Science. 114: 441–460. 2008. doi:10.1016/j.applanim.2008.04.006.
- ↑ «Breeds of dogs involved in fatal human attacks in the United States between 1979 and 1998» (PDF). CDC. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Շնաբույծների ամերիկյան ակումբ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ "Breed Feature: Bernese Mountain Dogs, Leonbergers & Rottweilers", National Dog – The Ringleader Way, vol. 12, nos. 1&2 (Jan/Feb 2009), p. 12.
- ↑ http://www.adrk.de/5_gesundheit2.htm
- ↑ Les Price, Rottweilers: An Owner's Companion. New York: Macmillan,1991, p. 114.
- ↑ Cassidy, Kelly M. «Breed Longevity Data». Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
- ↑ O’Neill, D. G.; Church, D. B.; McGreevy, P. D.; Thomson, P. C.; Brodbelt, D. C. (2013). «Longevity and mortality of owned dogs in England». The Veterinary Journal. 198: 638–43. doi:10.1016/j.tvjl.2013.09.020. PMID 24206631. "n=105 median=8.0 IQR=5.5–10.2"
- ↑ «Rottweiler honoured for stopping Coventry sex attacker». BBC News]]. 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոթվայլեր» հոդվածին։ |
|