Jump to content

Սամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարող դերվիշները Ստամբուլում։

Սամա (արաբ․՝ سماع‎‎` «լսողություն»), ինչպես նաև Սեմա, սուֆիական ծես, որը հանդիսանում է զիքրի տարատեսակ[1]։ Իր մեջ ներառում է երգեցողություն, երաժշտական գործիքներով կատարում, պար, բանաստեղծությունների և աղոթքների արտասանում, խորհրդանշական իմաստ արտահայտող հագուստների կրում և այլն։ Առավել տարածված է Հնդկական ենթացամաքի Չիշթի թարիքաթում՝ որպես ժամերգության ձև։

2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Մևլևիական սամա ծեսը» հռչակել է որպես մարդկության ոչ նյութական ժառանգության օբյեկտ[2]։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սամա» ծեսի ծագումը վերագրվում է սուֆիստական Մևլևի միաբանության հոգևոր առաջնորդ, բանաստեղծ և միստիկ Ռումին։ Համաձայն լեգենդի, զիքրի այս յուրօրինակ ձևը ծագել է հետևյալ կերպ։ Ռումը մի օր քաղաքային շուկայում լսել է ոսկեհանների մուրճերի ռիթմիկ հարվածները։ Հարվածների ձայնը, որը, ոսկու մշակման ժամանակ, բարձրացնում էին վարպետները, Ռումը նմանեցրել է «լյա իլյախա իլյա լլա» զիքրին («չկա աստված, Ալլահից բացի»)։ Արդյունքում, Ռումին ընկել է էքստազի մեջ, պարզել երկու ձեռքերը և սկսել շրջանաձև պտտվել։ Այսպես առաջացել են «սամա» արարողակարգ-ծեսը և դերվիշների մևլևիական միաբանությունը։ «Սամա» ծեսը ընկած է պարսկական և թուրքական մշակույթի արմատներում և ասոցացվում արևելյան ավանդույթների հետ[3]։

Խորհրդանշականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաման արտահայտում է կատարելության ճանապարհին հոգու վերելքի խորհրդավոր թափառումը։ Դիմելով իրականությանը, ադեպտը (հետևորդը) լցվում է սիրով, լքում իր էգոն և հասնում հոգևոր կատարելության։ Հոգևոր թափառումներից հետո, նա վերադառնում է հասուն և կերպարանափոխված, որպեսզի սեր տա և ծառայի ամբողջ աշխարհին։ Ռումին «սամա» ծեսը նմանեցրել է դեպի Մեքքա ուխտագնացությանը, քանի որ երկու սովորույթներն էլ ստեղծվել են նրա համար, որ հետևորդներն ավելի մոտենան Աստծոն։

Արարողության տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սամա» ծեսում գլխավոր դերը վերապահված է երգեցողությանը, սակայն պակաս կարևոր չէ նաև երաժշտության դերը, հատկապես մուտքերի և պարերի զուգորդման ժամանակ[4]։ Բացի այդ, սակայն, օգտագործվում են միայն այն երաժշտական գործիքները, որոնք ունեն խորհրդանշական և նվիրական նշանակություն։ Ամենաշատը տարածված են դափը, զանգուլակները և ֆլեյտան[3]։ Սամայի ժամանակ հաճախ երգում են կրոնական երգեր, որոնք կոչվում են «քավլներ» և «բեյթեր»[5]։ Արարողության ժամանակ հնչում են նաև բանաստեղծություններ, որոնք, այլ տարրերի համադրությամբ, հատուկ ներազդեցություն են ունենում մասնակիցների վրա, չնայած այն բանին, որ այդ բանաստեղծությունները, եթե ընթերցվեին արարողակարգից դուրս, կարող է հոգևոր նույն ազդեցությունը չունենային։ Ծեսի ժամանակ Աստծուն դիմելու համար օգտագործվում են ցանկացած տիպի բանաստեղծություններ, նույնիսկ սիրային լիրիկա։ Հետաքրքրական է, որ լսողները պետք է մաքրեն իրենց մտքերը, հակառակ դեպքում, պարերի ժամանակ, նրանք կարող է լցվեն տրփանքով, այլ ոչ թե Աստծո նկատմամբ սիրով։ Բացի այդ, մարդկանց գիտակցությունը, լցված երկրային, այլ ոչ թե աստվածային կամ երկնային սիրով, կարող է ստվերվել էրոտիկ պոեզիայով[3]։ Ղուրանի սուրահները երբեք չեն օգտագործվում «սամայի» ծեսերի ժամանակ, ոչ թե համընդհանուր ճանաչվածության, այլ այն բանի համար, որ Ղուրանի սուրբ տեքստը երբեք նախատեսված չի եղել մեդիտացիայի համար և չի կարող օգտագործվել որպես ֆանտազիայի և իմպրովիզացիայի հիմնական տեքստ[3]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաման հանդիսանում է Աստծո հայեցության միջոց՝ երաժշտության և պարերի վրա կենտրոնացման ճանապարհով։ Այդ արարողությունը բացահայտում է մարդկային սրտերի գաղտնարանները, ոչ այնքան էմոցիաների հարուցմամբ, այլ դեպի Աստված ճանապարհի ցուցադրմամբ[1]։ Մարդու բոլոր կասկածները վերանում են և նրա սիրտն ու հոգին կարող են ուղղակիորեն շփվել Աստծո հետ[6]։ «Սամա» ծեսի գլխավոր նպատակը կայանում է «վադջ» անվամբ էկստատիկ տրանսի հասնելու գործընթացը[7]։ Արտաքնապես այդ վիճակը արտահայտվում է անկանխատեսելի շարժումներով, հուզումնալի պահերով, տարատեսակ պարերով[1]։ Մեկ այլ վիճակ, որը «սամա» ծեսի մասնակիցները ձգտում են հասնել, կոչվում է «համր», որը նշանակում է «հոգևոր արբեցում»։ Արարողակարգի վերջնական նպատակը հանդիսանում է վադջի միջոցով տիեզերքի գաղտնիքների բացահայտումը և հոգևոր իմացության բարձրացմանը[1]։ Երբեմն վադջի փորձը մարդու վրա ունենում է այնպիսի բարձր ազդեցություն, որ առաջացնում է ուշագնացություն, երբեմն նույնիսկ՝ մահ։

«Սամա» ծեսի անցկացման էթիկետը մասնակիցներից պահանջում է լռություն, հանդարտություն և ինքնատիրապետում ընդհուպ մինչև վադջի սկիզբը[3], որը հնարավորություն է տալիս հասնելու ավելի բարձր մեդիտատիվ մակարդակի։ Մասնակիցները պետք է խուսափեն շարժումից և բղավոցներից մինչև այն պահը, երբ նրանք այլևս չեն կարող իրենց զսպել։ Հենց այդ ժամանակ էլ հնարավոր է դառնում վադջը։ Շատ կարևոր նշանակություն ունի վադջի տրանսի մեջ գտնվող ապրումների անկեղծությունը, որը որևէ կերպ չի կարող լինել կեղծ։ Բացի այդ, մասնակիցները, արարողակարգի ընթացքում, պետք է պահպանեն պատշաճ մտադրություններ և վարքագիծ, հակառակ դեպքում արարողակարգի դրական էֆեկտը չի երևա։

Տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանների մեջ կան «սամա» արարողակարգի և կողմնակիցներ, և ընդդիմախոսներ։ Բացի այդ, ընդդիմախոսները հաճապ քննադատության են ենթարկում նաև երաժշտության կիրառումն ընդհանրապես[3]։ Աբու Համիդ ալ-Ղազալին եղել է երաժշտության կիրառման ակտիվ կողմնակիցներից մեկը և կարծել, որ վադջը բուռն սեր է առաջացնում Աստծո նկատմամբ[6]։ Ալ-Ղազալին գրել է «Երաժշտության և պարի որպես կրոնական կյանքի օժանդակ գործոնների մասին» գլուխը, որտեղ նա նշել է, որ երաժշտությունը և պարը կարող են բարենպաստ լինել մուսուլմանների համար, եթե նրանք հասել են հոգու մաքրության՝ այդ գործիքներն օգտագործելու համար[8]։ Ընդդիմախոսները երաժշտությունը համարում են բիդայի դատապարտելի նորարարություն, որը բնորոշ է անաստվածությանը։ «Վադջի» վիճակում մարդկանց ֆիզիկական զգացմունքները նրանք նմանեցնում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց վիճակին, այդ իսկ պատճառով էլ չեն ընդունում այն[6]։

Կիրառման առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանական տարբեր համայնքների միջև մշակութային տարբերությունների առկայության պատճառով տարբեր է վերաբերմունքը երաժշտական գործիքների կիրառման նկատմամբ։ Մի մասը դրանք անվանում են ընդունելւ, մյուսները՝ դատապարտելի։ Իսլամում մեդիտացիան և սուֆիստական պրակտիկան ընդունելի են այն չափով, որքանով, որ դրանք համապատասխանում են շարիաթի նորմերին։ «Սամայի» արարողակարգին կարող են մասնակցել բոլոր շերտերի ներկայացուցիչները, չնայած այն բանին, որ սուֆիստական և իսլամական կրոնական առաջնորդների մոտ գոյություն ունի անհամաձայնություն այն հարցի վերաբերյալ, թե կարող են արդյոք նեոֆիտները հասնել այն դրական արդյունքներին, որոնց հասել են զարգացած ադեպտները։ Բանավեճեր են ընթանում նաև այն հարցի շուրջ, թե ունակ են արդյոք երիտասարդ ադեպտնռրը հաղթահարել սեփական տրփանքը, որպեսզի կարդան Աստծոն մաքուր սրտով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 During, Sellheim, 1995
  2. The Mevlevi Sema Ceremony UNESCO.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lewisohn, Leonard. «The Sacred Meditation of Islam: Sama' in the Persian Sufi Tradition.» British Journal of Ethnomeditation 6 (1997): 1-33. JSTOR.
  4. Langlois, Tony. «Untitled.» Ethnomeditation Forum 13.2 (2004): 309-11. JSTOR
  5. Rashow, Khalil J. «Jazn-A Jama’iya (Feast of The Assembly).» Encyclopedia Iranica
  6. 6,0 6,1 6,2 Gribetz, Arthur. «The Sama' Controversy: Sufi vs. Legalist.» Studia Islamica 74 (1991): 43-62.JSTOR.
  7. Langlois, Tony. «Untitled.» Ethnomeditation Forum 13.2 (2004): 309-11. JSTOR.
  8. Ghazzālī, and Claud Field. The Alchemy of Happiness. Armonk, N.Y.: M.E. Sharpe, 1991.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամա» հոդվածին։