Jump to content

Սամսունի տեղահանություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամսունի տեղահանումներ, մի շարք մահվան երթեր, որոնք կազմակերպվել են թուրքական ազգային շարժման կողմից՝ որպես Սամսունի հունական համայնքի ոչնչացման մաս, որը հյուսիսային Թուրքիայում (այն ժամանակ դեռ պաշտոնապես Օսմանյան կայսրություն էր) և նրա շրջակայքում գտնվող քաղաք է: Այն ուղեկցվել է թալանով, բնակավայրերի հրկիզումներով, բռնաբարություններով և ջարդերով։ Արդյունքում քաղաքի հույն բնակչությունը և նրանք, ովքեր նախկինում ապաստան են գտել այնտեղ՝ ընդհանուր առմամբ 24,500 տղամարդ, կին և երեխա 1921-1922 թվականներին քաղաքից բռնի տեղահանվել են Անատոլիայի ներքին տարածք։ Դաժանությունների մասին հայտնել են և՛ Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան միսիոներները, և՛ ռազմածովային ուժերի սպաները։

Տեղահանությունները Թուրքիայի Սևծովյան շրջանի Պոնտոսի հունական համայնքի դեմ թուրքական ազգային շարժման ցեղասպանական քաղաքականության մի մասն եղել, որի արդյունքում 1914-1923 թվականներին զոհվել է շուրջ 353,000 մարդ։ Այն նաև հույների ցեղասպանության վերջին փուլի մի մասն է, որը մեկնարկել է Մուստաֆա Քեմալի Սամսունում վայրէջք կատարելուց հետո՝ 1919 թվականի մայիսին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915-1917 թվականներին Պոնտոսում տեղահանությունները ներառել են սպանդ, բռնաբարություն, դաժանություն և կողոպուտ[1]։ Զոհերի միայն մի փոքր մասը կարող է ներգրավված եղած լինի հակաթուրքական դիմադրության որևէ գործողության մեջ[2]։ Կազմակերպված ավազակների խմբերը, հատկապես Թոփալ Օսմանի գլխավորությամբ, շարունակաբար կրակել են, թալանել և բռնաբարել անպաշտպան հույն գյուղացիներին Պոնտոսի շրջանում[3]։ Ցեղասպանության այս արշավի արդյունքում Սև ծովի հարավային ափի ամենակարևոր նավահանգիստ Սամսունի քրիստոնյա բնակչությունը կտրուկ տուժել է, սկզբնապես 5000 անդամ ունեցող հայ համայնքը կրճատվել է մինչև 1000 բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հույները թիվը նվազել է դառնալով մինչև 10․000 մարդ[4]։

Բնաջնջման արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգվածային սպանություններ Սամսունում. փողոցները ողողված են արյունով, «Թվիդ Դեյլի», 1921 թվականի հունիսի 6

1921 թվականի գարնան վերջում Թոփալ Օսմանի գլխավորած զինված խմբերի գործունեությունը ներառել է թալան, Սամսունի շրջակայքում գտնվող հունական բնակավայրերի այրում և խաղաղ հույն բնակչության կոտորած։ Բնակչության մնացած մասը աքսորվել է Անատոլիայի ներքին տարածք[5]։ Թեև թույլ չեն տվել դուրս գալ Սամսունից, սակայն ամերիկյան օգնության աշխատակիցները նկատել են, որ մոտակա Կադիկեյ գյուղը պարբերաբար թալանվում է: Բնակիչները փախել են Սամսուն քաղաք՝ ապաստան գտնելու համար[4]։ Իր գործունեության շնորհիվ Անկարայի և Կոստանդնուպոլսի թուրքական մամուլը նրան ներկայացրել է որպես «ազգային հերոս»[4]։ Մինչդեռ Սամսունի մոտ տեղակայված USS Fox- ի հրամանատարը հայտնել է, որ քաղաքին շրջապատող հունական 100 գյուղեր ավերվել են, նրանց բնակիչները սպանվել իսկ քահանաները խաչվել են։ Արդյունքում Ստամբուլում Միացյալ Նահանգների Գերագույն հանձնակատար, ծովակալ Մարկ Լամբերտ Բրիստոլը անմիջապես բողոքի ակցիա է իրականացրել Սամսունի թուրք պաշտոնյաների դեմ[4]։

1921 թվականի մայիսի վերջին շաբաթում Թոփալ Օսմանի հրոսակները խուժել են հենց Սամսուն[2]։ Հունիսի 16-ին Անկարայի թուրքական ազգայնական կառավարությունը թույլատրել է արտաքսել 16-ից 50 տարեկան բոլոր հույն տղամարդկանց, ովքեր մնացել էին Սամսունում: Տեղահանություններն իրականացրել է թուրք գեներալ Նուրեդդին փաշան[6], մինչդեռ նույն օրը սկսվել են տեղի հույն բնակչության զանգվածային ձերբակալությունները[7]։ Ժանդարմների մեծ մասը, որոնք պետք է ուղեկցեին տեղահանվածներին, եղել են նախկին հանցագործներ և գործել են թուրք անկանոն խմբերի ղեկավարների հետ համագործակցությամբ[8]։ Հունիսի 17-ին արտաքսվել է 1040 տղամարդկանցից բաղկացած առաջին խումբը։ Նրանք երթով շարժվել են դեպի Կավզա քաղաք, որտեղ կոտորվել են Թոփալ Օսմանի ջոկատի կողմից։ Հունիսի 21-ին մեկ այլ մահվան երթում Սամսունից արտաքսվել է 1085 տղամարդ։ 4 ժամ տևած երթից հետո նրանց դարանակալել է Թոփալ Օսմանի խումբը, սպանվել է 700 մարդ[7]։

Սամսունում Ամերկոմի փրկարարները պարզել են, որ բոլոր արտաքսվածներին «մահվան են ուղարկել»՝ միաժամանակ դիտարկելով անպատժելիությունը, որով թուրքական անօրինական զինված խմբավորումները սպանություններ էին կատարում Սամսունի փողոցներում, ինչպես նաեւ խուզարկություններ կատարում քրիստոնյաների տներում: Արդյունքում Սամսունի Near East Relief մանկատունը հեղեղվել է տարածաշրջանի հույն երեխաներով[9]։

Պոնտոսի շրջանի քարտեզ

Տեղահանվածների մեծ մասը Ամասիայի ու Սիվասի վրայով երթով հասել են Խարբերդ, իսկ այնտեղից Դիարբեքիր, Բիթլիս ու Վան[5]։ Հունիսին կարգադրված տեղահանությունների արդյունքում Սամսունից բռնի տեղահանվել է մոտ 21․000 մարդ[10]։ 1921 թվականի սեպտեմբերի սկզբին մոտակա հունական գյուղերից 1500 կանայք և երեխաներ, ովքեր կարճ ժամանակ առաջ էին ապաստան գտել Սամսունում՝ արտաքսվել են։ Նմանատիպ տեղահանություն է ձեռնարկվել նաև Բաֆռայում՝ 6000 կին ու երեխա[4]։

Ամերիկացի օգնության աշխատակից Էդիտ Վուդը, Սամսունից Խարբերդ գնալիս, նշել է.

Ամենուր դիակներ ընկած էին ճանապարհի եզրին և դաշտերում։ Մալաթիայից մինչև Սամսուն հույների համար հույս չկար, և ամենաերջանիկը նրանք էին, ովքեր սկզբում զոհվեցին[11]։
ԱՄՆ նավատորմի ծովակալ Մարկ Լամբերտ Բրիստոլը բողոք է հայտնել Սամսունում տեղի օսմանյան իշխանություններին՝ ընդդեմ տեղահանությունների։

Տեղի հունական տարրի դեմ վայրագություններ են գրանցվել դեռևս 1921 թվականի մարտին, ինչպես Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան միսիոներների, այնպես էլ ռազմածովային սպաների կողմից[2]։ Ծովակալ Բրիստոլը Սենթ Լուիս հածանավն ուղարկել է Սամսուն՝ ի նշան անհանգստության այս վայրագությունների համար[12]։ Մեկ այլ դեպքում, ամերիկյան ռազմածովային սպա Սամսունում ականատես է եղել, թե ինչպես են հույն կանայք թույն գնում՝ վճռականորեն չթողնելով իրենց «թուրքերի ողորմածությանը»[2]։ 1921 թվականի սեպտեմբերից Սամսունում տեղակայված ամերիկյան կործանիչներից թուրքական վայրագությունների մասին հաղորդագրություններն ավելի հաճախակի են դարձել[13]։ Ծովակալ Բրիստոլի բողոքի ակցիաները Մուստաֆա Քեմալի թուրքական իշխանություններին ընդդեմ տեղահանությունների, բավարար չեն եղել տեղի հունական տարրին փրկելու համար[14]։

1922 թվականի սեպտեմբերին, երբ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է թուրքական բանակի կողմից Զմյուռնիայի կործանմամբ, Սամսունում գրեթե հույներ չեն մնացել[14]։ Օսմանյան և թուրքական քաղաքականության հետևանքով, Պոնտոսի հունական համայնքի զոհերի ընդհանուր թիվը՝ 1914 թվականից մինչև 1923 թվականը, գնահատվում է 353,000-360,000 հազար մարդ[15]։

2010 թվականին թուրք շինարարները Սամսունի Քադիքեյ արվարձանում պատահաբար հայտնաբերել են հսկայական գերեզմանի մնացորդներ։ Ըստ Պոնտոսի ցեղասպանության պատմաբանների՝ դրանք պատկանում էին 1921 թվականի հունիսին տեղի ունեցած վայրագությունների ժամանակ կոտորված քաղաքացիական կանանց և երեխաներին։ Թուրքական լրատվական գործակալություններից մեկը հայտնել է, որ շինարարները մնացորդները նետել են մոտակա գետը։ Բացահայտումը թուրքական և հունական մամուլում որևէ լուրջ լուսաբանում չի ստացել[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shenk, 2017, էջ 90
  2. 2,0 2,1 2,2 2,3 Shenk, 2017, էջ 94
  3. Shirinian, 2017, էջ 28
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Shenk, 2017
  5. 5,0 5,1 Prott, 2016
  6. Bartrop, Paul R. (2014). Encountering Genocide: Personal Accounts from Victims, Perpetrators, and Witnesses (անգլերեն). ABC-CLIO. էջ 64. ISBN 9781610693318.
  7. 7,0 7,1 Pericles, 2008, էջ 157
  8. Pericles, 2008, էջ 163
  9. Shenk, 2017, էջ 95
  10. Bartrop, Paul R. (2014). Encountering Genocide: Personal Accounts from Victims, Perpetrators, and Witnesses (անգլերեն). ABC-CLIO. էջ 64. ISBN 9781610693318.
  11. Shenk, 2017, էջեր 109–110
  12. Shenk, 2017, էջ 103
  13. Shenk, 2017, էջ 102
  14. 14,0 14,1 Shirinian, 2017, էջ 207: "By the time of the events in Smyrna, there were virtually no Greeks at all left in Samsun, as a destroyer captain informed the admiral, so his two protests to Kemalist authorities there had had no permanent effect even at a port right under the noses of his destroyer captains"
  15. Shirinian, 2017, էջ 140
  16. Koutsis Georgios, Το δικό μας Ολοκαύτωμα. Ποντιακή Γενοκτονία: σιγή Αγκυρας για τους ομαδικούς τάφους Enet.gr