Jump to content

Սան Կատալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Կատալդո
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, կրոնական թանգարան և մասնավոր թանգարան
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՊալերմո[1][2]
ՀասցեPiazza Bellini 1, 90133 Palermo[2][3]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՊալերմոյի արքեպիսկոպոսարան
Հիմնական ամսաթվերը1154
Մասն էArab-Norman Palermo and the Cathedral Churches of Cefalú and Monreale?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ԱնվանվածCatald?
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն և Norman-Arab-Byzantine culture?
Հիմնադրված1154
Մակերես0,036 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 San Cataldo (Palermo) Վիքիպահեստում
santosepolcrosicilia.it

Սան Կատալդո (իտալ.՝ Chiesa di San Cataldo), եկեղեցի Իտալիայի Պալերմո քաղաքում, որն արտաքուստ նման է մզկիթի։ Գտնվում է Պյացա Բելինիի մոտ՝ Մարտորանայի եկեղեցու մոտ։ Արաբա-նորմանական ճարտարապետությանը բնորոշ կառույց է, որը միաձուլում է բյուզանդական և արաբական բնորոշ գծերը։ 2015 թվականի հուլիսի 3-ին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սուրբ Կատալդի անվան եկեղեցին հիմնադրվել է Սիցիլիայի թագավորության առաջին կառավարիչ Մայո Բարիացու կողմից (մահացել է 1160 թվականին), որը Սիցիլիայի թագավոր Վիլհելմ I Չարագործի առաջին նախարարն է եղել։ Ի սկզբանե եկեղեցին հանդիսացել է Մայոյի պալատի ընտանեկան եկեղեցին և գտնվել է ներքին բակում։ Մայոյի մահից հետո պալատը, ինչպես և նրա ողջ ունեցվածքը, բռնագրավվել է և հանձնվել կոմս Սիլվեստրո Մարսիկոյին։ 1175 թվականին վերջինիս որդին պալատական համալիրը վաճառել է Վիլհելմ II Բարեգործին, իսկ նա էլ 1182 թվականին պալատը և եկեղեցին նվիրել է Մոնրեալի իր սիրելի մենաստանին, որը հաջորդ տարի՝ 1183 թվականին, դարձել է արքեպիսկոպոսության նստավայր։

Մայոյի նախկին պալատը և Սան Կատալդո եկեղեցին մնացել են Մոնրեալի արքեպիսկոպոսության ներքո ընդհուպ մինչև 1787 թվականը։ Այդ շրջանում Սան Կատալդո եկեղեցին դարձել է թեմական. նրան կից ձևավորվել է ոչ մեծ գերեզմանոց։ Ի սկզբանե պալատը կիրառվել է որպես հոսպիտալ, այնուհետև դարձել է արքեպիսկոպոսության նստավայր։ 1625-1679 թվականներին պալատը զգալիորեն վերակառուցվել է, իսկ հարավարևելյան հատվածը 1620 թվականին վաճառվել է Պալերմոյի սենատին և վերակառուցումից հետո վերածվել է ներկայիս Պալացցո Պրետորիոյի։

19-րդ դարի լուսանկարում ներկայացված են Մարտորանան (ձախից), նրա կամպանիլան (կենտրոնում) և ներկայումս գոյություն չունեցող փոստի շենքը, որ եկեղեցին փակել է բոլոր կողմերից

1787 թվականին Սիցիլիայի արքա Ֆերդինանդ III-ը Մոնրեալի արքեպիսկոպոսությունից գնել է պալատական համալիրը։ Սան Կատալդո եկեղեցին հանձնվել է Պալերմոյի արքեպիսկոպոսությանը, իսկ պալատի բակում կառուցվել է արքայական փոստի բաժանմունք։ 19-րդ դարի վերջին փոստային ընկերությունը տեղափոխվել է մեկ այլ շինություն, Մայոյի նախկին պալատը և Մոնրեալի արքեպիսկոպոսությունը քանդվել են, իսկ բլուրը, որի վրա այն կանգնած է եղել, փորվել է մինչև հիմքն այնպես, որ Բելինիի հրապարակը հասել է Մակեդի մակարդակին։

Բացի վերոնշյալ խնդիրների լուծումից՝ նախկին պալատի քանդումը Սան Կատալդո եկեղեցու բացման նպատակն է հետապնդել, քանի որ այն գտնվել է ներքին փոքրիկ բակում, որը դուրս է եղել հանրային տեսադաշտից։ 1882-1885 թվականներին Սան Կատալդո եկեղեցին հիմնավերանորոգվել է ճարտարապետ Ջուզեպե Պատրիկոլոյի նախագծով։ Հեռացվել են ավելի ուշ կառուցված շինությունները, և եկեղեցին ստացել է իր նախնական տեսքը (12-րդ դար)։ 1937 թվականին եկեղեցին հանձնվել է Մալթայի օրդենին։ Ներկայումս Սան Կատալդոն պատկանում է Տիրոջ սուրբ գերեզմանի միաբանությանը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Կատալդոյի շենքն ուղղանկյուն զուգահեռանիստի տեսք ունի, որի վրա ավելի փոքր չափի զուգահեռանիստ է՝ զարդարված կիսագնդաձև գմբեթներով։ Այս եկեղեցին նման չէ Պալերմոյի և ոչ մի եկեղեցու, սակայն Ապուլիայում և Մաղրիբում (Թունիս և Լիբիա) կան մեծ թվով եկեղեցիներ և մզկիթներ, որոնք նկան են Սան Կատալդոյի ճարտարապետական ձևերին։ Համանման մի քանի շինություններ կան Հունաստանում և Կիպրոսում։ Հետազոտողները Սան Կատալդոյի ճարտարապետության մեջ տեսնում են արաբական հստակ ազդեցություն։

Առավել հատկանշական է այն, որ Սան Կատալդոն նման է Օնյիսանտիի Բոլոր սրբերի եկեղեցուն, որը գտնվում է Բարիի շրջանում՝ Մոդունոյի և Վալենցանոյի միջև, որտեղից ծագում է Մայո ընտանիքը։ Այնպես որ Սան Կատալդոն ըստ էության արտացոլում է իր հիմնադիրների ճարտարապետական անհատական բոլոր մոտեցումները։

Հյուսիսային և արևմտյան ճակատամասերը զարդարված են երեք կեղծ կամարներով, իսկ կամարների վերին մասում կա մեկեկան փոքրիկ պատուհան։ Եկեղեցու արևելյան ճակատամասը նույնպես զարդարված է երեք կամարներով, որոնք հարում են աբսիդներին։ Երեք աբսիդներից միայն մեկը՝ կենտրոնականն է խախտում եկեղեցու՝ անթերի զուգահեռանիստի ձևը։ Տանիքի պարապետը զարդարված է տիպիկ արաբական փորագրությամբ՝ երկրաչափական մոտիվներ ունեցող։ Ի սկզբանե պարապետի վրա եղել է լատիներեն մակագրություն, որից մնացել են միայն աննշան հատվածներ։ Հավանաբար մակագրությունը նվիրված է եղել Աստվածամորը և սուրբ Կատալդին։

Եկեղեցին պսակված է կիսագնդաձև կարմիր երեք գմբեթներով, որոնք բնորոշ են արաբական մզկիթներին։ Պալերմոյում այդպիսի գմբեթներ պահպանվել են մի քանի մզկիթներում։ Սան Կատալդոյի տարբերակիչ առանձնահատկություններիկց է գլխավոր նավի առանցքի երկարությամբ տեղակայված գմբեթների դիրքը։

Հյուսիսային ճակատամաս Արևմտյան ճակատամաս Արևելյան ճակատամաս
Սան Կատալդոյի հատակագիծ

Սան Կատալդոն եռանավ եկեղեցի է։ Տարածության բաժանումը նավերի իրականացված է կորինֆյան չորս սյուների միջոցով, որոնք վերցված են ավելի վաղ շինություններից։ Եվս երկու սյուն սահմանակցում են գլխավոր աբսիդին։ Սյուների վրա են հենվում արաբական կամարները։ Քանի որ ի սկզբանե եկեղեցին տեղակայված է եղել ներքին փոքրիկ բակում, շինարարները պատերը շարել են այնքան բարձր, որ եկեղեցու գմբեթը բարձր լինի շրջակա շինություններից։ Ոչ բավարար լուսավորության հարցը լուծելու համար ճարտարապետները տաճարում տեղադրել են 32 պատուհան, որոնք հիմնականում գտնվում են կառույցի վերին հատվածում։

Գլխավոր նավը ծածկված է զուգահեռանիստի տեսք ունեցող ձգված թմբուկով, որի վրա հենվում են երեք գմբեթները։ Սան Կատալդոյի ներքին պատերին հետազոտողները հայտնաբերել են խճանկարների ու ֆրեսկոների հետքեր, ինչը թույլ է տվել ենթադրել, որ սկզբնական շրջանում դրանք բացակայել են ինտերիերում։ Հավանական է, որ պատերն ի սկզբանե ծածկված են եղել սպիտակ ծեփով։ 12-րդ դարից պահպանվել են գլխավոր խորանը և գույնով, տեքստուրայով ոչ միատարր հատակը։

Եվս մեկ դետալ, որ պահպանվել է 12-րդ դարից, Սիլվեստրո Մարսիկո կոմսի դստեր Մաթիլդայի պատվին արված տապանագիրն է։ Բնօրինակը ներկայացնում է լատիներեն բանաստեղծություն. «Մաթիլդան՝ կոմս Սիլվեստրոյի դուստրը, ծնվել է երեքշաբթի և մահացել է երկուշաբթի, ապրել է ինն ամիս։ Հոգին տվել է երկնքին, իսկ մարմինը՝ երկրին, թաղվել է այստեղ 1161 թվականին»։ Սալիկի գրության մեջ առկա տարեթիվը՝ 1161, շատ հետազոտողներ համարում են եկեղեցու շինարարության ավարտի տարեթիվը։

Գլխավոր նավեր և աբսիդ Գլխավոր նավի գմբեթ (տեսքը ներքևից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Норвич, Дж. Расцвет и закат Сицилийского королевства. Нормандцы в Сицилии: 1130—1194. — М., 2005. ISBN 5-9524-1752-3
  2. Rodo Santoro Palermo The Churches of the "Martorana" and San Cataldo. — Palermo: Arnone Editore, 2006. — 111 с. — ISBN 88-87663-70-X
  3. «Искусство и история Палермо и Монреале» Флоренция, 2007. ISBN 88-476-0207-6/
  4. «Золотая книга Сицилия» Флоренция, 2004. ISBN 88-8029-758-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Կատալդո» հոդվածին։