Սիվրիհիսար, Սիվրի Հիսար, հնում՝ Թալիա, Հուստինիանուպոլիս, քաղաքԹուրքիայում, համանուն լեռնաշղթայի հարավային ստորոտին, Անկարայից 185 կմ հարավ-արևմուտք։ Հիմնադրել է Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսրը։ Թուրքերեն Սիվրիհիսար անվանումը (նշանակում է սրածայր բերդ) ստացել է պահպանված բյուզանդական ավերակ բերդից։ Սիվրիհիսարում հայերը հաստատվել են դեռես բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում։ 1471 թվականին Թորոս եպիսկոպոսի (Աղքատ) ընդօրինակած «Ճաշոց» ձեռագիրը վկայում է այնտեղ հայկական գաղութի առկայությունը՝ Մարիամ Աստվածածին եկեղեցով հանդերձ։ Հայերը նախ հիմնել են մերձակա Հային գեղը (թուրք.՝ Խրիստիան քյոյի), ապա տեղափոխվել բնական ամրություններով պաշտպանված Սիվրիհիսար։ Հայկական կազմակերպված համայնքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 17-րդ դարին (1602 թվականին հայ վաճառականները առևտրական կապերի մեջ են եղել Վենետիկի հետ, 1616 թվականին է այցելել Սմեոն Լեհացին)։
1850-ական թվականներին քաղաքում կառուցվել է երկսեռ դպրոց (Սահակ-Մեսրոպյան և Հռիփսիմյանց), 1863 թվականին՝ գիշերօթիկ դպրոց (Թարգմանչաց)։ 14-րդ դարի կեսին Ա․ ունեցել է 4 հազար հայ բնակիչ, 1874 թվականին՝ 5250 մարդ (750 տուն), 1890 թ.-ին՝ մոտ 6000 մարդ (800 տուն)։ Հայկական միջին և կենտրոնական թաղերի աղետալի հրդեհից (1876) հետո քաղաքը կառուցապատվել է նոր նախագծով։ 1881 թվականին կառուցվել է Մ․ Երրորդություն եկեղեցին, 1883 թվականին՝ Ներսիսյան դպրոցը և նոր բաղնիքը։ 1911 թվականին Սիվրիհիսարում հրատարակվել է «Անահիտ» խմորատիպ շաբաթաթերթը, հիմնվել բարեգործական միության մասշնաճյուղ, կազմակերպվել թատերական խումբ։ 1914 թվականին Սիվրիհիսարում ապրող մոտ 850 տուն հայերը զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ, արհեստներով, սանտրով, վաճառականությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։
Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1918 թվականին Սիվրիհիսար վերադարձած 200-250 հայ ընտանիքները թուրքական կառավարության նոր հալածանքների հետևանքով ստիպված հեռացել են, և հայկ․ գաղութը 1920 թվականին վերջնականապես քայքայվել է։ Հունաստանում, Բուլղարիայում և այլուր ապաստանած սիվրիհիսարցիներից շատերը հետագայում ներգաղթել են Սովետական Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 404)։