Վառվռուկ (լատին․՝ Alyssum), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ փոքրիկ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), Հայաստանում՝ 15(18) տեսակ՝ դաշտային վառվռուկ (Alyssum minus), բաժակային վառվռուկ (Alyssum alyssoides), գեդամի վառվռուկ (Alyssum gehamense) և այլն։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային, ալպյան գոտիների չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, ցանքերում և այլն։ Վառվռուկը Հայաստանինը (Alyssum hajastanum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Սևանի ավազանի հյուսիս-արևմուտքում, աճում է գիհու նոսր անտառներում, վառվռուկի դեղնապտուղը ( xan-thocarpum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Շիրակի մարզում (Կաքավասար գյուղի շրջակայքում), աճում է չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.' 4-50 (60) սմ։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, հակադիր ձվաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ մանր, դեղին, դեղնասպիտակավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը պատիճակ է, սերմերը՝ թևավոր կամ անթև։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։