Jump to content

Տասնութերորդ արքայատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասնութերորդ արքայատոհմ
Տեսակեգիպտական արքայատոհմ
Մասն էԵգիպտոսի նոր թագավորություն
ԾագումՏասնյոթերորդ արքայատոհմ
Հիմնումմ. թ. ա. 1550
Ավարտմ. թ. ա. 1292

Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմ (անգլ.՝ Eighteenth Dynasty of Egypt, գրվում է նաև Արքայատոհմ XVIII, այլընտրանքային ձևով՝ 18-րդ արքայատոհմ կամ Արքայատոհմ 18), Եգիպտոսի նոր թագավորության առաջին արքայատոհմ, որի ժամանակաշրջանում Հին Եգիպտոսը հասել է իր հզորության գագաթնակետին։ Տասնութերորդ արքայատոհմն ընդգրկել է մ․թ․ա․ 1550/1549 - 1292 թվականները։ Հայտնի է նաև որպես Թութմոսների արքայատոհմ՝ ի պատիվ Թութմոս անունով չորս փարավոնների։

Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մի քանիսը պատկանել են տասնութերորդ արքայատոհմին, այդ թվում՝ Թութանհամոնը, որի դամբարանը 1922 թվականին հայտնաբերել է Հովարդ Քարթերը։ Այս արքայատոհմի ներկայացուցիչ այլ փարավոններից են՝ ամենաերկար իշխած կին-փարավոն Հատշեպսուտը (մ․թ․ա․ մոտավորապես 1479 –1458 թվականներ) և «հերետիկոս փարավոն» Էխնաթոնը (մ․թ․ա․ մոտավորապես 1353–1336 թվականներ) իր մեծ թագուհի Նեֆերտիտիի հետ։ Եգիպտական մյուս արքայատոհմերի մեջ տասնութերորդ արքայատոհմը եզակի է նրանով, որ ունեցել է երկու կին-փարավոն՝ Հատշեպսուտը, որը համարվում է Հին Եգիպտոսի ամենանորարար կառավարիչներից մեկը, և Նեֆերնեֆրուատոնը, որը սովորաբար նույնացվում է Նեֆերտիտիի հետ[1]։

Վաղ շրջանի XVIII արքայատոհմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմոս-Նեֆերտարի․ եղել է 17-րդ արքայատոհմի փարավոն Սեքենենրե Տաո II-ի դուստրը։ Նրա հայրն ապստամբել է Հիքսոսների դեմ։ Ահմոս-Նեֆերտարիի եղբայր Ահմոսը քշել է Հիքսոսներին, ու նրա քույրը դարձել է միացյալ Եգիպտոսի թագուհի։ Մահից հետո աստվածացվել է։
Վաղ շրջանի տասնութերորդ արքայատոհմի փարավոնի գլուխ, մ․թ․ա․ մոտավորապես 1539–1493 թվականներ, 37.38E, Բրուքլինի թանգարան

XVIII արքայատոհմը հիմնադրվել է Ահմոս I-ի կողմից, որը 17-րդ արքայատոհմի վերջին փարավոն Կամոսի եղբայրն էր կամ որդին։ Ահմոսն է ավարտել հիքսոսյան տիրակալներին վռնդելու արշավը։ Նրա գահակալությունը համարվում է Եգիպտոսի Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջանի ավարտը և Նոր թագավորության սկիզբը։ Ահմոսի կինը՝ թագուհի Ահմոս-Նեֆերտարին համարվել է «անշուշտ, Եգիպտոսի պատմության ամենահարգված կինը և 18-րդ արքայատոհմի նախատատը»[2]։ Մահից հետո սրբադասվել է։ Ահմոսին հաջորդել է իր որդի Ամենհոտեպ I-ը, որի գահակալությունը համեմատաբար իրադարձություններով հարուստ չի եղել[3]։

Ամենհոտեպ I-ը հավանաբար արու ժառանգ չի թողել և հաջորդ փարավոն Թութմոս I-ն արքայական ընտանիքի հետ կապ է ունեցել միայն ամուսնության շնորհիվ։ Նրա գահակալության տարիներին եգիպտական կայսրության սահմանները հասել են իրենց ամենալայն ծավալին՝ հյուսիսում տարածվելով դեպի Եփրատի աջ ափին գտնվող Կարքեմիշ քաղաք, իսկ հարավում՝ մինչև Նեղոսի չորրորդ սահանքի Կուրգուս քաղաքը։ Թութմոս I-ին հաջորդել է Թութմո II-ն իր թագուհու՝ Հատշեպսուտի հետ, որը Թութմոս I-ի դուստրն էր։ Ամուսնու մահից և մանկահասակ խորթ որդու (որը հետագայում պիտի դառնար Թութմոս III փարավոնը) ռեգենտությունից հետո Հատշեպսուտը դարձել է փարավոն ու կառավարել քսան տարի։

Թութմոս III-ը, որը հայտնի է դարձել որպես երբևէ եղած ամենամեծ ռազմական փարավոն, գահ բարձրանալուց հետո նույնպես երկար է կառավարել։ Մեծ տարիքում նա ևս մեկ համառեգենտություն է ունեցել, այս անգամ իր որդու՝ Ամենհոտեպ II-ի համար։ Ամենհոտեպ II-ին հաջորդել է Թութմոս IV-ը, որին էլ հաջորդել է վերջինիս որդի Ամենհոտեպ III-ը, որի թագավորությունը դիտվում է որպես այս արքայատոհմի գագաթնակետ։

Ամենհոտեպ III-ի գահակալությունը աննախադեպ բարգավաճման, գեղարվեստական շքեղության և միջազգային հզորության ժամանակաշրջան էր, ինչպես վկայում են Սիրիայից մինչև Նուբիա հայտնաբերված ավելի քան 250 արձաններն ու 200 խոշոր քարե սկարաբները[4]։ Ամենհոտեպ III-ը նախաձեռնել է խոշորածավալ շինարարական նախագծեր, որոնց չափը կարելի է միայն համեմատել տասնիններորդ արքայատոհմի ավելի երկար գահակալած փարավոն Ռամզես II-ի աշխատանքների հետ[5]։ Ամենհոտեպ III-ի կինը մեծ թագուհի Տիյան էր, որի համար նա արհեստական լճակ է կառուցել, ինչպես նկարագրված է տասնմեկ սկարաբներում[6]։

Էխնաթոն, Ամառնայի ժամանակաշրջան և Թութանհամոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթոնը
it
n
ra
Էխնաթոնն ու իր ընտանիքը Աթոնին երկրպագելիս։ Ձախից երկրորդը Մերիթաթոնն է՝ Էխնաթոնի դուստրը։

Ամենհոտեպ III-ը հնարավոր է մինչև տասներկու տարի գահակալած լինի իր որդի Ամենհոտեպ IV-ի հետ։ Այս ենթադրյալ համառեգենտության վերաբերյալ բազմակարծություն է տիրում․ որոշ փորձագետներ գտնում են, որ եղել է երկարաժամկետ, ոմանք՝ կարճաժամկետ ռեգենտություն, իսկ մի մասի կարծիքով համառեգենտություն ընդհանրապես չի եղել։

Իր գահակալության հինգերորդ տարում Ամենհոտեպ IV-ը փոխել է իր անունն Էխնաթոնի (ꜣḫ-n-jtn, «Աթոնին օգտակար») և մայրաքաղաքը տեղափոխել Ամառնա, որն անվանել է Ախեթաթեն։ Էխնաթոնի գահակալության ընթացքում Աթոնը (jtn, արևի սկավառակ) նախ դարձել է ամենանշանավոր աստվածությունը, ապա ի վերջո համարվել միակ աստվածը[7]։ Իսկական միաստվածության այս հարցը շարունակում է քննարկման առարկա լինել ակադեմիական համայնքում։ Ոմանք նշում են, որ Էխնաթոնն ստեղծել է միաստվածություն, մյուսները նշում են, որ նա պարզապես ճնշել է արևի գերիշխող պաշտամունքը մեկ այլ պաշտամունք հաստատելով, ու նա երբեք ամբողջությամբ չի անտեսել մի քանի այլ ավանդական աստվածություններ։

Հետագայում եգիպտացիներն այս «Ամառնայի ժամանակաշրջանը» համարել են դժբախտ մոլորություն։ Մահից հետո Էխնաթոնին հաջորդել են կարճատև գահակալությամբ երկու փարավոններ՝ Սմենխկարեն ու Նեֆերնեֆերուատոնը, որի մասին քիչ բան է հայտնի։ 1334 թվականին Էխնաթոնի որդի Թութանկաթենն է բարձրացել գահ։ Կարճ ժամանակ անց նա վերականգնել է եգիպտական բազմաստվածությունն ու ի պատիվ Ամոն աստծո փոխել իր անունը Թութանհամոնի[8]։ Նրա մեռելածին դուստրերը՝ 317a և 317b մումիաները, տասնութերորդ արքայատոհմի ժառանգաբանորեն վերջին սերունդն էին։

Էյե և Հորեմհեբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյեի արձանը, մ․թ․ա․ մոտավորապես 1336–1327 թվականներ, 66.174.1, Բրուքլինի թանգարան

Տասնութերորդ արքայատոհմի վերջին երկու ներկայացուցիչները՝ Էյեն ու Հորեմհեբը, փարավոններ են դարձել արքայական արքունիքի պաշտոնյաների շարքերից, թեև Էյեն հնարավոր է եղած լինի Էխնաթոնի մորեղբայրը՝ որպես Յույայի ու Տույայի ժառանգ։

Էյեն հավանաբար ամուսնացել է այրիացած մեծ թագուհի ու Թութանհամոնի խորթ քույր Անհեսենամոնի հետ իշխանություն ձեռք բերելու համար, սակայն կինը երկար չի ապրել։ Հետո Էյեն ամուսնացել է Նեֆերտիտիի ծծմայր Թեիի հետ։

Էյեի իշխանությունը կարճ է եղել։ Նրան հաջորդել է Հորեմհեբը, որը Թութանհամոնի գահակալության ընթացքում բանակի գեներալ է եղել, և որին փարավոնը հավանաբար որպես իրեն հաջորդող է նախատեսած եղել, եթե հանկարծ ինքը կենդանի զավակներ չունենա[9]։ Հորեմհեբն Էյեից գահը խլել է պետական հեղաշրջմամբ։ Չնայած Էյեի որդին կամ խորթ որդին՝ Նախտմինը, հայտարարվել էր իր հոր/խորթ հոր թագաժառանգ, նա մահացել է հենց Էյեի գահակալության ընթացքում, որով Հորեմհեբին հնարավորություն է տվել պահանջներ ներկայացնել գահին։

Հորեմհեբը նույնպես մահացել է առանց կենդանի ժառանգ թողնելու և իր վեզիր Պարամեսուին նշանակել է որպես իրեն հաջորդող։ Այս վեզիրը գահ է բարձրացել մ․թ․ա․ 1292 թվականին որպես Ռամզես I և հանդիսացել տասնիններորդ արքայատոհմի առաջին փարավոնը։

Աջ կողմում գտնվող այս քանդակը պատկերում է Էյե անունով մի մարդու, որը հասել է Ամոնի երկրորդ մարգարեի ու Մուտի քահանայապետի կրոնական բարձրագույն կոչումների։ Նրա կարիերան ծաղկում է ապրել Թութանհամոնի օրոք, որի ընթացքում էլ արձանն ստեղծվել է։ Արձանի վրա առկա Թութանհամոնին հաջորդած փարավոն Էյեի քարտուշով արհեստավորը փորձ է արել «թարմացնել» քանդակը[10]։

Հարաբերություններ Նուբիայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութմոս I-ի օրոք տասնութերորդ արքայատոհմի կայսրությունը նվաճել է ամբողջ ստորին Նուբիան[11]։ Մինչև Թութմոս III-ի կառավարումը եգիպտացիները վերահսկում էին Նուբիայից մինչև Նեղոս ընկած տարածքը, որն անվանում էին Քուշ և որը ղեկավարվում էր փոխարքայի կողմից։ 18-րդ արքայատոհմը ձեռք էր բերում նուբիական ոսկի, կենդանիների կաշի, փղոսկր, էբենոսափայտ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, որոնք բոլորը բացառիկ որակի էին[11]։ Եգիպտացիները տաճարներ են կառուցել ամբողջ Նուբիայով մեկ, որոնցից ամենամեծն ու ամենակարևորը նվիրված էր Ամոնին ու գտնվում էր Նապատա քաղաքի Ջեբել Բարկալ լեռան վրա։ Ամոնի այս տաճարը հետագայում ընդարձակվել է եգիպտացի ու նուբիացի փարավոնների, մասնավորապես՝ Տահարքայի կողմից։

Հարաբերություններ Մերձավոր Արևելքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքսոսների կառավարման ժամանակաշրջանի ավարտից հետո տասնութերորդ արքայատոհմն ընդգրկվել է էքսպանսիոնիզմի եռանդուն փուլի մեջ ու գրավել Մերձավոր Արևելքի հսկայական տարածքներ, հատկապես Թութմոս III փարավոնի օրոք, որը հպատակեցրել է հյուսիսային Քանանի «շասու» Բեդուիններին ու Ռետջենուի երկիրը՝ հասնելով մինչև Սիրիա ու Միտաննի մ․թ․ա․ մոտավորապես 1450 թվականին տեղի ունեցած իր բազմաթիվ ռազմական արշավանքների ընթացքում[12][13]։

Ռադիոածխածնային թվագրման տվյալների համաձայն՝ տասնութերորդ արքայատոհմը կարող է ղեկավարումն սկսած լինել ընդունված մ․թ․ա․ 1550 թվականից մի քանի տարի առաջ։ Ռադիոածխածնային թվագրումը սկիզբ է համարում մ․թ․ա․ 1570–1544 թվականները, որի միջնակետը հանդիսանում է մ․թ․ա․ 1557 թվականը[15]։

18-րդ արքայատոհմի փարավոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնութերորդ արքայատոհմի փարավոնները գահակալել են մոտավորապես 250 տարի (մ․թ․ա․ մոտավորապես 1550–1298 թվականներին)։ Ներքոբերյալ աղյուսակի անուններն ու տարեթվերը վերցված են Դոդսոն և Հիլթոնից[16]։ Փարավոններից շատերը հուղարկավորվել են Թեբեի Արքաների հովտում (գրվում է՝ KV)։ Ավելի շատ տեղեկություն կարելի է քաղել «Theban Mapping Project» կայքում[17]։ Եգիպտոսի նոր թագավորությունը հայտնի է եղել մի քանի դիվանագիտական ամուսնություններով․ օտարերկրյա թագավորների այս դուստրերը հաճախ հիշատակվել են սեպագիր արձանագրություններում ու ուրիշ ոչ մի տեղ։ Ամուսնություններն այս պետությունների միջև լավ հարաբերությունների հաստատման միջոց են եղել[18]։

Փարավոն Պատկեր Գահի անուն Կառավարում Հուղարկավորվել է Կին (Կանայք)/Ամուսին Մեկնաբանություն
Ահմոս I / Ահմոսիս I Նեբպեհթիրե Մ․թ․ա 1549–1524 թվականներ Ահմոս-Նեֆերտարի

Ահմոս-Հենուտամեհու Ահմոս-Սիտկամոս

Ամենհոտեպ I Ջեսերկարե մ․թ․ա․ 1524–1503 թվականներ KV39? կամ Դամբարան ANB? Ահմոս-Մերիտամոն
Թութմոս I Աախեպերկարե մ․թ․ա․ 1503–1493 թվականներ KV20, KV38 Ահմոս Մուտնոֆրետ
Թութմոս II Աախեպերենրե մ․թ․ա․ 1493–1479 թվականներ KV42? Հատշեպսուտ

Իսետ

Հատշեպսուտ Մաաթկարե մ․թ․ա․ 1479–1458 թվականներ KV20 Թութմոս II
Թութմոս III Մենխեպեր(են)րե մ․թ․ա․ 1479–1425 թվականներ KV34 Սատիա

Մերիտրե-Հատշեպսուտ Նետբու Մենհետ, Մենուի, Մերթի

Ամենհոտեպ II Աախեպերուրե մ․թ․ա․ 1427–1397 թվականներ KV35 Տիաա
Թութմոս IV Մենխեպերուրե մ․թ․ա․ 1397–1388 թվականներ KV43 Նեֆերտարի

Յարետ Մուտեմույա՝ Միտանիի Արտատամա I թագավորի դուստր

Ամենհոտեպ III Նեբմաատրե մ․թ․ա․ 1388–1351թվականներ KV22 Տիյա

Գիլուխեպա Միտանացի

Տադուխիպա Միտանացի

Սիտամոն

Իսիդա

Բաբելոնի Կուրիգալզու I թագավորի դուստր[18]

Բաբելոնի Կադաշման-Էնլիլ l թագավորի դուստր[18]

Արցավայի թագավոր Թարհունդարադուի դուստր[18]

Ամիայի կառավարչի դուստր[18]

Ամենհոտեպ IV/Էխնաթոն Նեֆերկեպհերուրե-Վաենրե մ․թ․ա․ 1351–1334 թվականներ Էխնաթոնի դամբարան ՆեֆերտիտիԿիյա

Տադուխիպա Միտանացի Էնիշասիի կառավարիչ Սատիյայի դուստր[18] Մերիթաթոն?

Մակեթաթոն ?

Անհեսենամոն Բաբելոնի թագավոր Բուրնա-Բուրիաշ II-ի դուստր[18]

Սմենխքարե Անխհեպերուրե մ․թ․ա․ 1335–1334 թվականներ Մերիթաթոն
Նեֆերնեֆերուատեն Անխհեպերուրե մ․թ․ա․ 1334–1332 թվականներ Էխնաթոն

Սմենխկարե ?

Սովորաբար նույնացվում է թագուհի Նեֆերտիտիի հետ
Թութանհամոն Նեբխեպերուրե մ․թ․ա․ 1332–1323 թվականներ KV62 Անհեսենամոն
Էյե Խեպերխեպերուրե մ․թ․ա․ 1323–1319 թվականներ KV23 Անհեսենամոն

Թեի

Հորեմհեբ Ջեսերխեպերուրե-Սետեպենրե մ․թ․ա․ 1319–1292 թվականներ KV57 Մուտնեջմեթ

Ամենիա

18-րդ արքայատոհմի ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀորեմհեբԷյեԹութանհամոնՆեֆերնեֆերուատենՍմենխկարեԷխնաթոնԱմենհոտեպ IIԹութմոս IVԱմենհոտեպ IIԹութմոս IIIՀատշեպսուտԹութմոս IIԹութմոս IԱմենհոտեպ IԱհմոս I

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Daniel Molinari (2014 թ․ սեպտեմբերի 16), Egypts Lost Queens, Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին
  2. Graciela Gestoso Singer, "Ahmose-Nefertari, The Woman in Black". Terrae Antiqvae, January 17, 2011
  3. Aidan Dodson, Dyan Hilton: pg 122
  4. O'Connor, Cline, էջեր 11–12
  5. Aidan Dodson, Dyan Hilton: pg 130
  6. Kozloff, Bryan, no. 2
  7. Dodson, Aidan; Hilton, Dyan (2010). The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. էջ 142. ISBN 978-0-500-28857-3.
  8. Dodson, Aidan; Hilton, Dyan (2010). The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. էջ 143. ISBN 978-0-500-28857-3.
  9. Gardiner, Alan (1953). «The Coronation of King Haremhab». Journal of Egyptian Archaeology. 39: 13–31.
  10. «Block Statue of Ay». brooklynmuseum.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  11. 11,0 11,1 O'Connor, David (1993). Ancient Nubia: Egypt's Rival in Africa. University of Pennsylvania, USA: University Museum of Archaeology and Anthropology. էջեր 60–69. ISBN 0924171286.
  12. Gabriel, Richard A. (2009). Thutmose III: The Military Biography of Egypt's Greatest Warrior King (անգլերեն). Potomac Books, Inc. էջ 204. ISBN 978-1-59797-373-1.
  13. Allen, James P. (2000). Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs (անգլերեն). Cambridge University Press. էջ 299. ISBN 978-0-521-77483-3.
  14. «Tomb-painting British Museum». The British Museum (անգլերեն).
  15. Ramsey, C. B.; Dee, M. W.; Rowland, J. M.; Higham, T. F. G.; Harris, S. A.; Brock, F.; Quiles, A.; Wild, E. M.; Marcus, E. S.; Shortland, A. J. (2010). «Radiocarbon-Based Chronology for Dynastic Egypt». Science. 328 (5985): 1554–1557. doi:10.1126/science.1189395. PMID 20558717. S2CID 206526496.
  16. Aidan Dodson, Dyan Hilton: The Complete Royal Families of Ancient Egypt. The American University in Cairo Press, London 2004
  17. «Sites in the Valley of the Kings». Theban Mapping Project. 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications, London, 2005, 978-0954721893

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասնութերորդ արքայատոհմ» հոդվածին։