Jump to content

Տավրոսի լեռնային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավրոս (այլ կիրառումներ)
Տավրոսի լեռնային համակարգ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Նյութնստվածքային ապար
Կազմված էԱրևմտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս և Հայկական Տավրոս
Բարձրություն (ԲԾՄ)3756 մետր
Երկարություն600 կմ
Մեծագույն գագաթԴեմիրքազըք
Քարտեզ
Քարտեզ

Տավրոս (Տորոս, Toros’lar), Լեռնաշղթա Փոքրասիական բարձրավանդակի հարավում և Հայկական լեռնաշխարհում (Թուրքիայի տարածքում)։ Սկսվում է Եգեյան ծովի հարավարևելյան ափից, մի քանի ճյուղով փնջաձև տարածվում մինչև Զագրոսի լեռնաշղթան։ Երկարությունը ավելի քան 1250 կմ է, լայնությունը՝ 50–325 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3726 մ (Դեմիր կազըկ լեռ, Կենտրոնական Տավրոսում)։ Առանձնանում են Արևմտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս, Հայկական Տավրոս, Հյուսիսային Հայկական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնաշղթաները։ Նշված լեռնաշղթաներն ու դրանցից անջատվող լեռնաբազուկներն ունեն երկրաբանական կառուցվածքի և մորֆոստրուկտուրաների ընդհանուր և բնորոշ գծեր, բաղկացած են կավճի և պալեոգենի ծալքավոր ու բեկորազատված կրաքարամերգելային և ավազաքարային շերտախմբերից և դրանց մետամորֆացված տարատեսակներից՝ բյուրեղային թերթաքարերից, մարմարներից, ինչպես նաև այդ շերտախմբերի մեջ մխրճված գերհիմքային ներժայթուկներից (օձաքարեր, դունիտներ են)։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ զառիթափ լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։ Տավրոսի համակարգին բնորոշ են նորագույն տեկտոնական շարժումներ։ Դրանք առավել ակտիվանում են խորքային բեկվածքների և երիտասարդ խզումների հպման կարերում, որտեղ կազմավորվել են Տուզլա, Անթաքյա, Մալաթիա, Ճապաղջուր, Մուշ, Վան, Երզնկա, Էրզրում, Խնուս, Բասեն և այլ իջվածքային գոգահովիտները։ Դրանք Փոքրասիական և Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի հիմնական օջախներն են։ Տավրոսում լավ է արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Հարավում լանջերը կտրուկ զառիվեր են (տարեկան տեղումները 1000-3000), մինչև 800–1000 մ բարձրությունները ծածկված են մակվիսով, ավելի բարձր՝ կաղնու, նոճու, վերին գոտում (2200–2400 մ բարձրությունները)՝ սոճու, եղևնու, լիբանանի մայրու ծառատեսակներով, անտառի վերին սահմանում գիհու թփուտներ ու մարգագետիններ են։ Հյուսիսում համեմատաբար զառիվար լանջերին (տարեկան տեղումները՝ 300–400 մմ) տիրապետում է տափաստանային բուսականությունը։ Արևելյան մասում լեռնային տափաստաններ ու կիսաանապատներ են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավրոսի լեռնային համակարգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 598