Jump to content

Տենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տենդ
Տեսակsymptom type?
ՀՄԴ-9780.6
ՀՄԴ-10R50
 Fever Վիքիպահեստում

Տենդ, մարդու և բարձրակարգ տաքարյուն կենդանիների օրգանիզմի ընդհանուր ռեակցիան հիվանդածին ազդեցությունների (վարակ, տրավմա) նկատմամբ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, նյութափոխանակության, արյան շրջանառության փոփոխությամբ և այլն։ Նախկինում տենդ են համարել ջերմությամբ ուղեկցվող բազմաթիվ հիվանդություններ, այժմ այն դիտվում է որպես մի շարք հիվանդությունների (հիմնականում վարակիչ) բնորոշ ախտանշան։ Միևնույն ժամանակ, հիվանդաբանական մի շարք միավորներում օգտագործվում է տենդ բառը, օրինակ՝ ժայռապատ լեռների բծավոր տենդ, պապատաչիի տենդ, էբոլայի տենդ և այլն։ Տենդի զարգացման անմիջական պատճառը ջերմածին նյութերն են, որոնք կարող են օրգանիզմ թափանցել արտաքին միջավայրից՝ մանրէների, վիրուսների միջոցով, կամ առաջանալ օրգանիզմի հյուսվածքների բջիջներում՝ դրանց ախտահարման հետևանքով։ Օրգանիզմում ջերմածին նյութերի աղբյուր են հատկապես արյան նեյտրոֆիլ լեյկոցիտները, մոնոցիտները, շարժուն և անշարժ մակրոֆագ բջիջները։ Նախկինում բոլոր հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ, անվանում էին «տենդ», սակայն ժամանակակից գիտական հասկացություններում, տենդը հիվանդություն չի համարվում։

Պիրոգենները, դրանք այն նյութերն են, որոնք ընկնելով օրգանիզմ՝ արտաքին միջավայրից կամ ձևավորվում են օրգանիզմում, առաջացնելով տենդ։ Էկզոգեն պիրոգենները հաճախ իրենցից ներկայացնում են ինֆեկցիոն հարուցիչների կոմպոնենտ։ Դրանցից ամենաուժեղը գրամ-բացասական բակտերիաների պատիճային ջերմակայուն լիպոպոլիսախարիդն է։ Էկզոգեն պիրոգեններ գործում են միջնորդաբար՝ էնդոգեն պիրոգենների միջոցով, որոնք ապահովում են հիպոթալամուսի ջերմակարգավորման մեջտեղում դրույթային կետի տեղաշարժումը։ Էնդոգեն պիրոգենների մեծ մասը ունեն լեյկոցիտային ծագում, օրինակ ինտերլեյկիններ 1 և 6-ը, ուռուցքի մեռուկացման գործոնը, մակրոֆագային հարուցիչ 1α սպիտակուցը, որոնցից շատերը, բացի պիրոգենայիններից (նրանց պրոստագլանդիններ սինթեզելու հատկության շնորհիվ), կատարում են մի շարք այլ գործոններ։ Էնդոգեն պիրոգենների աղբյուրը հիմնականում իմունային համակարգի բջիջներն են (մոնոցիտներ, մակրոֆագեր, Т- և В-լիմֆոցիտներ), ինչպես նաև գրանուլոցիտները։ Այդ բջիջների միջոցով պիրոգենների ստեղծումն ու արտադրումը կատարվում է հետևյալ գործոնների գործունեության պատճառով՝ էնդոգեն պիրոգեններ, ցանկացած էտիոլոգիայի բորբոքում, «պիրոգեն» ստերոիդներ և այլն։

Զարգացման մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդի շրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր զարգացման շրջանում, տենդը անցնում է 3 փուլ՝ առաջին փուլում ջերմությունը բարձրանում է (stadia incrementi), երկրորդում՝ որոշ ժամանակ պահպանվում է (stadia fastigi կամ acme), իսկ երրորդում՝ իջնում է սկզբնական ջերմաստիճանի (stadia decrementi):       

Ջերմաստիճանի բարձրացման շրջանում ջերմառաջացումը գերակշռում է ջերմատվությանը։ Ջերմառաջացումը կմախքային մկաններում և ներքին օրգաններում ուժեղանում է օքսիդացման երեույթների արագացման, իսկ ջերմատվությունը թուլանում է ծայրամասային անոթների նեղացման և քրտնարտադրության ընկճման հետևանքով։ Մեծահասակների մոտ ավելի մեծ նշանակություն ունի հետ ջերմատվության սահմանափակումները, այլ ոչ թե ջերաառաջացմանը։ Դա ավելի խնայողական է օրգանիզմի համար, քանի որ չի պահանջում էներգիայի ծախսման մեծացումներ։ Բացի այդ, տվյալ մեխանիզմը ապահվում է մարմնի տաքացման մեծ արագությունը։ Նորածինների մոտ հակառակն է՝ առաջին շրջանում մեծանում է ջերմառաջացումը։

Ջերմատվության սահմանափակումները տեղի է ունենում պերիֆերիկ անոթների նեղացման և հյուսվածքներում տաք արյուն շրջանառման նվազեցման հաշվին։ Ամենից մեծ նշանակություն ունի մաշկային անոթների ջղաձգումը և սիմպաթիկ նյարդային համակարգի ազդեցության տակ քրտնարտադրության դադարումը։ Մաշկը գունատվում է, իսկ նրա ջերմությունը նվազում է, ճառագայթման հաշվին նվազեցնելով ջերմատվությունը։ Քրտարտադրության նվազեցումը սահմանափակում է գոլորշացման միջոցով մարմնի ջերմության կորուստը։ Մազարմատի մկանների կծկումը կենդանիների մոտ բերում է բրդի ցցմանը, ստեղծելով լրացուցիչ ջերմամեկուսիչ օդային միջնաշերտ, իսկ մարդու մոտ արտահայտվում է «սագի մաշկ» երևույթով։ Սարսուռի սուբյեկտիվ զգացման առաջացումը ուղակիորեն կապված է մաշկի ջերմության նվազմամբ և մաշկային սառը թերմոռեցեպտորների գրգռվածությամբ, որից արձագանքը փոխանցվում է հիպոթալամուս, որը համարվում է ջերմակարգավորման ինտեգրատիվ կենտրոնը։ Հետագայում հիպոթալամուսը իրավիճակի մասին ազդանշան է տալիս կեղև, որտեղ էլ ձևավորվում է համապատասխան վարքագիծը՝ համապատասխան դիրքի ընդունում, վերմակներով տաք փաթաթվել։ Մաշկի ջերմության նվազեցմամբ էլ բացատրվում է մկանային սարսուռը, այն առաջանում է սարսուռի կենտրոնի ակտիվացմամբ, որը գտնվում է միջին և երկարավուն ուղեղում։ Մկաններում նյութափոխանակության հաշվին մեծանում է ջերմառաջացումը (պայմանական թերմոգենեզ)։ Միաժամանակ մեծանում է նաև ոչ պայմանական թերմոգենեզը, այնպիսի ներքին օրգաններում, ինչպիսիք են գլխուղեղը, լյարդը, թոքերը։

Ջերմաստիճանի պահպանման շրջանը սկսվում է նշանակված կետին հասնելով և կարող է լինել կարճ (ժամեր, օրեր) կամ երկարատև (շաբաթներ)։ Այդ ժամանակ ջերմառաջացումը և ջերմատվությունը հավասարվում են և հետագա ջերմության բարձրացում տեղի չի ունենում, ջերմակարգավորումը տեղի է ունենում ըստ նորմալ մեխանիզմներին համապատասխան։ Այդ ժամանակ մաշկային անոթները լայնանում են, գունատվությունը անհետանում է, մաշկը դիպչելուց տաքանում է, իսկ սարսուռն ու դողը անհետանում են։ Մարդը այդ ժամանակ ուժեղ տաքության զգացում է ունենում։ Այդ ժամանակ պահպանվում է օրական ջերմության տատանումները, սակայն դրանց ամպլիտուդը կտրուկ գերազանցում է նորման։

Կախված ջերմության բարձրացման արտահայտման ձևի, երկրորդ փուլը բաժանում են հետևյալ խմբերի՝ սուբֆեբրիլ (մինչև 38 °C), ցածր (մինչև 38,5 °C), ֆեբրիլ (մինչև 39 °C), բարձր (մինչև 41 °C) և գերբարձր (41 °C-ից բարձր)։ Գերբարձր տենդը վտանգավոր է կյանքի համար, հատկապես երեխաների համար։

Ջերմության իջեցման փուլը կարող է լինել աստիճանաբար կամ կտրուկ։ Ջերմության իջեցման փուլը սկսվում է էկզոգեն պիրոգենների պահուստի սպառմամբ կամ ներքին (բնական) կամ էկզոգեն (դեղանյութային) հակապիրետիկ գործոնների ազդեցության տակ էնդոգեն պիրոգենների առաջացման դադարով։ Պիրոգենների ազդեցության դադարից հետո ջերմակարգավորման կետում նշանակված կետը իջնում է նորմալ մակարդակի, և ջերմությունը հիպոթալամուսի կողմից ընդունվում է, որպես բարձրացած։ Դա բերում է մաշկի անոթների լայնացմանը և օրգանիզմի համար ավելորդ ջերմությունը դուրս է գալիս։ Սկսվում է առատ քրտնարտադրություն, մեծանում է դիուրեզը և պերսիպացիան։ Ջերմատվությունը այս փուլում կտրվուկ գերակշռում է ջերմառաջացմանը։

Տենդի տեսակները ըստ ջերմության օրական տատանումների բնույթի՝

  1. Մշտական տենդ (febris continua), երկարատև պահպանվող ջերմության բարձրացում, օրական տատանումները չի բարձրանում 1 °C-ից։
  2. Աննկատ տենդ (febris remittens), նշանակալից օրական տատանումները 1,5-2°С-ի սահմաններում են։ Բայց միևնույն ժամանակ, ջերմությունը չի իջնում նորմալ աստիճանի։ ժ
  3. Փոփոխական տենդ (febris intermittis), բնորոշվում է արագ, զգալի ջերմության բարձրացմամբ, ապա կտրուկ իջնում է նորմալ ջերմաստիճանի։
  4. Հեկտիկ կամ քայքայող տենդ (febris hectica), օրական տատանումները հասնում են 3-5°С, միևնույն ժամանակ ջերմության բարձրացումը կտրուկ իջեցմամբ կարող է օրը մի քանի անգամ կրկնվել։
  5. Աղավաղված տենդ (febris inversa), սրան բնորոշ է առավոտյան ժամերին ջերմության կտրուկ իջեցումը։
  6. Սխալ տենդ (febris athypica), սրան բնորոշ է օրական տատանումները առանց սահմանված օրինաչափությունների։   
  7. Կրկնվող տենդ (febris recurrens), բնորոշվում է մի քանի օր շարունակվող իրար հերթափոխող ջերմության բարձրացումն ու նորմալ ջերմաստիճանի վերադառնալը։

Տնեդը համարվում է գրեթե բոլոր սուր ինֆեկցիոն հիվանդությունների և որոշ քրոնիկ հիվանդությունների բարդացման շրջանի մշտական ախտանիշը, ընդ որում վերջինիս դեպքում հարուցիչը հաճախ գտնվում է արյան մեջ (բակտերեմիա) կամ հենց այնտեղ էլ բազմանալ (սեպսիս, սեպտիկոպիեմիա)։ Այդ իսկ պատճառով ըստ էթիոլոգիայի, տենդը կարելի է համարել արյան մեջ հարուցիչի արտադրումը (հեմոկուլտուրա), ինչպես նաև սկզբնական օջախից։ Հիվանդությունների ժամանակ դժվար է որոշել տենդի պատճառը, որոնք առաջացել են պայմանական պաթոգեն միկրոբների կողմից, հատկապես այն ժամանակ, երբ հարուցիչի սկզբնական օջախը «քողարկված» է։ Այդ դեպքերում, բացի հարուցիչների առկայությունը ստուգելու համար կատարվող հետազոտությունից, ուսումնասիրում են նաև մեզը, լեղին, բրոնխների խոնավությունը, քթի լորձն ու խոռոչը, արգանդի վիզակի պարունակությունը և այլն։ Հաճախ տնեդի պատճառը ոչ ինֆեկցիոն գենեզն է (ուռուցքային հիվանդություններ, հեմոլոգիական անեմիաներ և այլն)։

Մանկաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմությունը չափելուց բացի, հետազոտում են նաև այլ կենսական կարևոր ֆունկցիաներ՝ կարևոր ախտորոշիչ ինֆորմացիայի համար։ Տախիկարդիան, ջերմության անհամաչափ բարձրացումը, հնարավոր է կապված են հիպոհիդրրայի կամ սեպսիսի հետ։ Տախիպնոեն, որը հաճախ համարվում է շնչուղիների ինֆեկցիայի ախտանշան, նաև համարվում է մետաբոլիկ ացիդոզի արձագանք՝ սեպսիս կամ ցնցումների ետնանկարի վրա։ 39,0 °C ջերմաստիճանից բարձր երախաներին խորհուրդ է տրվում կատարել մեզի անալիզ, հատկապես 2 տարեկանից փոքր աղջիկներին։ Եթե առկա են նշանակալից շնչառական ախտանիշներ և աուսկուլտացիայի արդյունքում կասկածում են պնևմոնիայի առկայությանը, խորհուրդ է տրվում կատարել կրծքավանդակի ռենտգեն։ Եթե մարմնի ջերմաստիճանը 39,5 °C-ից, իսկ լեյկոցիտների մակարդակը 20000 μL-ից (20×109/л) բարձր է, կրծքավանդակի ռադիոգրաֆիան կատարում են թաքնված պնևմոնիան (occult pneumonias) հայտնաբերելու համար[1]։

Երեխաների մոտ տենդի ինֆեկցիոն պատճառներն են՝

Ջերմությունը կառավարելու համար օգտագործում են իբուպրոֆեն և պարացետամոլ։ Սխալներից խուսափելու համար, դոզավորման ժամանակ խորհուրդ չի տրվում այդ դեղանյութերը միասին օգտագործել։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ասպիրին, կապված Ռեյի համախտանիշի ռիսկերի հետ։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում մերսել քացախի թույլ լուծույթով և քանդել բարուրը։ Նաև օգնում է աճուկային շրջանում և ճակատին սառը կոմպրեսներ դնելը[2]։

Դրական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրականն այն է, որ տենդը հյուսվածքներում խթանում է նյութափոխանակությունը, հակամարմինների սինթեզը, լեյկոցիտների ֆագոցիտային հատկությունը, բարելավում է ներքին օրգաններում արյունամատակարարումը, բարձրացնում է լյարդի թունազերծող հատկությունը։ Ներկայումս արհեստական ջերմածին նյութերով առաջացրած տենդի և համապատասխան բուժական միջոցառումների համակցված կիրառումը բավականին մեծ արդյունք է տալիս մի շարք հիվանդությունների (սիֆիլիսի վաղ և ուշացած ձևեր, մաշկային որոշ հիվանդություններ, ռևմատիկ և ոչ ռևմատիկ հոդաբորբեր, շիզոֆրենիա, հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր և այլն) բուժման ժամանակ։

Բացասական ազդեցությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդը օրգանիզմի վրա ունենում է թե բացասական, թե՝ դրական ազդեցություն։ Բացասականն այն է, որ օրգանիզմի հյուսվածքներում առաջանում են ինչպես սպիտակուցային, ածխաջրային, ճարպային և հանքային փոխանակությունների, այնպես էլ կենտրոնական նյարդային, սիրտ-անոթային և ստամոքսաաղիքային համակարգերի գործունեության խանգարումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Berkowitz’s Pediatrics: A Primary Care Approach, 5th Edition Copyright © 2014 American Academy of Pediatrics p.336
  2. Berkowitz’s Pediatrics: A Primary Care Approach, 5th Edition Copyright © 2014 American Academy of Pediatrics p.335