Jump to content

Տիգրան Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տիգրան Կրտսեր
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մ.թ.ա. 2-րդ դար
Վախճանի օր մ. թ. ա. 61
Վախճանի վայր Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
Դինաստիա Արտաշեսյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Տիգրան Մեծ
Մայր Կլեոպատրա Պոնտացի

Տիգրան Կրտսեր (նաև՝ Տիգրան Փոքր, մ.թ.ա. 2-րդ դար - մ. թ. ա. 61, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), արքայազն Մեծ Հայքում, Ծոփքի արքա (մ․թ․ա․ 66-61), Տիգրան Մեծի և Կլեոպատրա Պոնտացու կրտսեր որդին, Արտաշեսյանների հարստությունից։

Տիգրան Կրտսերի ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկուլլոսի պարտությունից հետո, Մեծ Հայքում սկսված ներքին գահակալական կռիվների և իշխող վերնախավի ներսում հակասությունների սրման հետևանքով քայքայվում և թշնամությամբ է փոխարինվում Հայ-պոնտական դաշինքը։ Հայ ավագանու մի շարք ներկայացուցիչներ, որոնք հավանաբար դժգոհ էին ներքին և արտաքին քաղաքականությունից, պայքար են սկսում Տիգրան Մեծի իշխանության դեմ։ Նրա դեմ կազմակերպվում են խռովություններ ու դավադրություններ, որոնց գլուխ կանգնում են հայկական գահի ամենամոտիկ հավակնորդները՝ նրա հարազատ որդիները։ Տիգրան Մեծի դեմ անհաջող դավադրություններ են կազմակերպում նրա որդիները՝ Զարեհը, ով հայ ավագանու դժգոհ ներկայացուցիչների հետ, խռովություն է բարձրացնում։ Սակայն խռովությունը ճնշվում է, իսկ պարտված Զարեհն ու նրա կողմնակիցները սպանվում են։ Երկրորդ, որդին, որի անունը մեզ չի հասել, նույնպես փորձում է գահը խլել։

Մ․թ․ա․ 67 թվականի վերջին, Տիրգան Մեծի երրորդ որդին՝ Տիգրան Կրտսերը, օգտվելով այն բանից, որ հայրը արշավանքի մեջ էր գտնվում Կապադովկիայում, իր կողմնակիցների հետ ապստամբում և փորձում է գրավել գահը։ Տիգրան Մեծը, լսելով այս մասին, զորքով վերադառնում է Մեծ Հայք և ճնշում է ապստամբությունը։ Տիգրան Կրտսերը իր կողմնակից դավադիր հայ ավագանու ներկայացուցիչների հետ փախչում է պարթևների մոտ և այնտեղ ամուսնանում Հրահատ Գ-ի դստեր հետ։

Իրար ետևից առաջացած այս դավադրություններն ու խռովությունները ոչ միայն ծանրացնում և անկայուն են դարձնում Հայաստանի ներքին դրությունը, այլև խիստ կերպով վատացնում են դաշնակից թագավորների՝ Տիգրան և Միհրդատի բարեկամական հարաբերությունները։ Տիգրան Մեծը իրավացի հիմքով կասկածում էր, որ իր որդիններին դավադրության հրահրողը Միհրդատն է։ Հայկական ռազմական ուժերը օգտագործելու տեսակետից, անշուշտ, Միհրդատի համար ավելի ցանկալի էր հայկական գահի վրա տեսնել իր երիտասարդ թոռանը, քան ինքնուրույն քաղաքականություն վարող Տիգրան Մեծին։ Բացառված չէ նաև այն ենթադրությունը, որ այս խռովությունները կարող էին հրահրված լինել նաև հռոմեացիների և պարթևների կողմից։

Մ․թ․ա․ 67 թվականի վերջին հռոմեական սենատի որոշմամբ Լուկուլլոսի փոխարեն Արևելքում հռոմեական զորքերի ընդհանուր հրամանատար է նշանակվում Պոմպեոսը, որը մինչ այդ հռչակվել էր Իսպանիայում Սերտորիուսի, իսկ Միջերկրական ծովում ծովահենների դեմ մղած պատերազմներում։ Նրան տրվում են պատերազմ վարելու, հաշտություն կնքելու, պրովինցիաները կառավարելու ու նրանց եկամուտները տնօրինելու արտակարգ լիազորություններ և անսահմանափակ իշխանություն։

Պամպեոսը իր նշանակմնա մասին լուրը ստանալով Կիլիկիայում, անմիջապես ձեռնամուխ է լինում Միհրդատի և Տիգրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստմանը։ Նա կարճ ժամանակամիջոցում իր, Լուկուլլոսի և Հռոմին ենթակա ու վասալ երկրների ուժերից ստեղծում է մի խոշոր բանակ։ Նախքան պատերազմական գործողություններ սկսելը Պոմպեոսը կարողանում է, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմը գրավել Հրահատ Գ-ին և սրան դարձնել Հայաստանի վտանգավոր հակառակորդը՝ թիկնունքից։ Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված պարթևա-հռոմեական այս դաշինքի կնքման մեջ որոշ դեր է ատարում նաև Տիգրան Կրտսերը։

66 թվականի գարնանը Պոմպեոսը ավելի քանի 60․000 զորքով հաձակվում է Պոնտոսի վրա։ Հռոմեական ուժերի դեմ Միհրդատը իր քայքայված և ուժասպառ եկած երկրից կարողանում է դուրս բերել միայն 23․000 զորք։ Նկատի ունենալով հակառակորդի գերակշռությունը, Միհրդատը խուսափում է կանոնավոր ճակատամարտից և սկսում է մղել պարտիզանական մանր կռիվներ։ Սակայն Պոմպեոսը Գայլ գետից դեպի հարավ, Փոքր Հայքի Դաստիր բնակավայրի մոտ գտնվող նեղ կիճում շրջապատում է Միհրդատի բանակն ու վերջնական պարտության մատնում նրան։ Միհրդատը փոքրաթիվ ուժերով փոխչում է սկզբում Կողքիս, իսկ հետո՝ Բոսպոր (Ղրիմ), որտեղ և 63 թվականին ինքնասպանությամբ վերջ է տալիս իր խռովահույզ ու փոթորկալից կյանքին։ Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են ու վերածվում հռոմեական պրովինցիայի։

66 թվականի գարնանը Հայաստանը իր հերթին ենթարկվում է պարթևների հարձակմանը։ Հրահատ Գ-ն, պարթևների կորցրած հողերը վերագրավելու և իր փեսա Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով, ներխուժում է Հայաստան և գալիս պաշարում Արտաշատը։ Տիգրան Մեծը, մայրաքաղաքի պաշտպանությունը կայազորին հանձնարարելով, ինքը հեռանում է երկրի լեռնային շրջանները զորք հավաքելու համար։ Արտաշատի կայազորը և բնակչությունը երկարատև ու համառ դիմադրություն են ցույց տալիս թշնամուն։

Երբ Հրահատը տեսնում է, որ Արտաշատի երկարում է, հետագա պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին, ինքը զորքի մի մասով վերադառնում է իր երկիրը։ Սրա հեռանալուց հետո, Տիգրան Մեծը հարձակվում և գլխովին ջախջախում է դավաճան որդուն․ որը մազապուրծ փախչում և գնում է Պոմպեոսի մոտ։

Միհրդատին վերջնական պարտության ենթարկելուց հետո, 66 թվականի աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ։

Տիգրան Մեծի համար ստեղծվում է շատ ծանր դրություն։ Նա միայն իր ուժերով, առանց դաշնակիցների չէր կարող միաժամանակ պատերազմել թե՛ հզոր Հռոմի և թե՛ Պարթևական թագավորության դեմ, մանավանդ, որ Հայաստանի ներքին դրությունն էլ կայուն չէր։ Հայաստանի պարտությունը դառնում էր անխուսափելի։ Ելնելով ստեղծված իրավիճակից, երկիրը անտեղի ու անօգուտ ավերածություններից զերծ պահելու և ժամանակ շահելու նպատակով, Տիգրանը հաշտություն է առաջարկում Պոմպեոսին, որը ընդունում է։ Երկու կողմերի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, 66 թվականի աշնանը Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքվում Հռոմի և Հայաստանի միջև։

Այդ պայմանագրով նախատեսվում է հետևյալը։ Բացի պարթևներից գրաված հողերի մի մասից, Տիգրանը հրաժարվում էր Հայաստանից դուրս կատարած իր բոլոր նվաճումներից։ Ծոփքը ժամանակավորապես անջատվելու էր Հայաստանից, և այնտեղ թագավոր էր դառնալու Տիգրան Կրտսերը։ Սա իր հոր մահից հետո ժառանգելու էր նաև նրա գահը։ Տիգրանը պարտավորվում էր՝ իբրև պատերազմական տուգանք Պոմպեոսին վճարել 6000 տաղանդ, յուրաքանչյուր հռոմեացի զինովրին՝ 50 դրաքմե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրաքմե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ տաղանդ։ ԸՆդհանուր առմամբ Տիգրանը պետք է վճարեր մոտ 12000 տաղանդ։ Այս գումարները մեծ մասամբ պետք է տրվեին Ծոփքում պահվող պետական գանձերից։ Այսուհետև Տիգրանը հռչակվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամը և դաշնակիցը»։

Այսպիսով, ներքին հակասությունների և հռոմեական նվաճողական քաղաքականության հետևոնաքով քայքայվում է Տիգրան Բ-ի տերությունը։ Հայաստանը դադարում է Առաջավոր Ասիայի հզոր տերություն լինելուց և ամփոփվում է Հայկական լեռնաշխարհի սահմաններում։

Պոմպեոսը շատ մեղմ և ընդունելի պայմաններով հաշտություն էր կնքել Տիգրան Մեծի հետ։ Դրանով հռոմեացի զորավարը պարզապես աշխատել էր շատ չգրգռել հայերին և ապագա պատերազմում նրանց չմղել պարթևների կողմը։ Անշուշտ, հայ-պարթևական հետագա դաշնակցությունը խափանելու նպատակով էր նաև, որ Պոմպեոսը հայկական գահը չէր տվել Տիգրան Կրտսերին, որովհետև Տիգրան Մեծը, լինելով պարթևների հակառակորդը, ավելի ցանկալի դաշնակից էր հռոմեացիների համար, քան պարթևների կողմը թեքված և նրանց հետ բարեկամական կերպով կապված Տիգրան Կրտսերը։

Կնքված հաշտությունից խիստ դժգոհ է մնում Տիգրան Կրտսերը, որը հույս ուներ ստանալու հայկական գահը։ Սա անարգում ու վիրավորում է Պոմպեոսին, ընբոստանում և նոր դավեր է նյութում հոր դեմ։ Պոմպեոսը ձերբակալում է Տիգրան Կրտսերին, սրա ընտանիքին ու որդիներին և, հակառակ Հրահատ Գ-ի բողոքներին, ուղարկում Հռոմ։