Ցիանիդի արտահոսք Բայա Մարեում
Ցիանիդի արտահոսք Բայա Մարեում, էկոլոգիական աղետ, որ տեղի է ունեցել 2000 թվականի հունվարի 30-ի գիշերը Ռումինիայի Բայա Մարե քաղաքում։ Արտահոսքի հետևանքով ցիանիդով աղտոտված ջուրը թափվել է Սոմեշ գետ, իսկ այնուհետև Տիսա և Դանուբ գետեր։ Աղետի հետևանքով Հունգարիայի ու Հարավսլավիայի ջրային օբյեկտներում սատկել է մեծ քանակի ձուկ։ Աղետը համարվում է Եվրոպայում տեղի ունեցած երկրորդ ամենածանր էկոլոգիական աղետը Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Aurul» ընկերությունը եղել է ավստրալիական «Esmeralda Exploration» ընկերության ու Ռումինիայի կառավարության համատեղ սեփականությունը։ Ընկերությունը հայտարարել է, որ կարող է մաքրել նախկինում այդ վայրում ոսկու արդյունահանմամբ զբաղված ընկերությունների թողած թափոնները։ Մնացորդների մշակման ու ցիանավորման միջոցով դրանցում առկա ոսկու առանձնացման նպատակով ընկերությունն այդ թափոնները տեղափոխել է Բոզինտա Մարեի մոտ գտնվող ամբարտակի մոտ[2]։
Ամբարտակի ճեղքվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հունվարի 30-ի գիշերը ամբարտակը ճեղքվել է, ինչի հետևանքով 100 հազար խոր. մետր ծավալով ջուրը, որ աղտոտված էր ցիանիդով[3], թափվել է Սոմեշ գետ[1][2]։ «Esmeralda Exploration» ընկերությունը հայտարարել է, որ ամբարտակի ճեղքման պատճառը եղել է առատ տեղացած ձյունը[1]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահոսքից հետո Սոմեշ գետում ցիանիդի պարունակությունը գերազանցում էր թույլատրելի մակարդակը ավելի քան 700 անգամ։ Սոմեշը թափվում է Տիսա, որ մեծությամբ երկրորդ գետն է Խորվաթիայում։ Տիսան էլ իր հերթին թափվում է Դանուբ, որ երկրորդ ամենաերկար գետն է Եվրոպայում։ Արդյունքում աղտոտվում է ջուրը, որ օգտագործում էին Հունգարիայի շուրջ երկուսուկես միլիոն քաղաքացիներ[1]։ Ցիանիդից բացի՝ գետում են հայտնվել ծանր մետաղներ, որ տևական բացասական ազդեցություն են գործել գետի ջրի վրա[1]։
Տիսա գետի այն հատվածում, որտեղ հայտնվել էր աղտոտված ջուրը, ոչնչացվել է ողջ կենդանական համակարգը։ Տիսա գետի հարավայի՝ Սերբիայում գտնվող հատվածում ոչնչացել են ջրային կենդանիների 80 %-ը։ Տիսա գետից հանվել է ընդհանուր առմամբ 650 տոննա սատկած ձուկ[1]։
Աղետի հետևանքով տուժել են ձկների շուրջ 62 տեսակներ, այդ թվում՝ պաշտպանության տակ գտնվող 20 տեսակ։ Խորվաթիայում կամավորների կողմից կազմակերպվել է սատկած ձկները հանումը գետից, որպեսզի դա չուտեն այլ կենդանիեր, որոնք կարող էին տարածել վարակը[1]։
Երբ աղտոտված ջուրը հասնում է Դանուբ, նրանում ցինաիդի քանակը գերազանցում է թույլատրված չափը 20-50 անգամ[4]։
2002 թվականին, ըստ հունգարացի ձկնորսների, Տիսա գետում ձկների քանակը հինգ անգամ ավելի քիչ էր, քան եղել է մինչ արտահոսքը[3]։
Երկրորդ արտահոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիանիդով աղտոտված ջրի արտահոսքից հինգ շաբաթ անց տեղի է ունենում ծանր մետաղներ պարունակող ջրի արտահոսք, ինչի հետևանքով Տիսա գետում է հայտնվում 20 հազար խոր. մետր ջուր, որ պարունակում էր ցինկ, կապար ու պղինձ[5]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրետ Մոնտգոմերին՝ «Esmeralda Exploration» ընկերության ղեկավարության անդամներից մեկը, հայտարարել է, որ աղետի հետևանքները ներկայացվում են «խիստ չափազանցված», իսկ ձուկը, ըստ նրա, սատկել է ոչ թե արտահոսած ցիանիդի, այլ գետի սառցակալման հետևանքով առաջացած թթվածնի անբավարարության պատճառով[1]։
Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Խորվաթիայի ու Սերբիայի լրատվամիջոցների՝ աղետի բացասական հետևանքների մասին տարածած տեղեկատվությունը ունեցել է քաղաքական պատճառներ[6]։
Ռումինիայի կառավարությունը գետի մոտ ցիանիդի պահպանությունը համարել է «խելագարություն» և հայտարարել, որ վթարի ժամանակ եղանակային պայմաններն եղել են սովորական[1]։
2000 թվականի փետրվարի կեսերին, երբ աղտոտված ջուրը հասել է Դանուբի այն հատվածին, որ հոսում է Ռումինիայի տարածքով, երկրի կառավարությունը ժամանակավորապես արգելել է ձկան որսը գետում և գետի ջրի օգտագործումը որպես խմելու ջուր[6]։
Բնապահպանական մի շարք կազմակերպություններ, որոնց շարքում էին Գրինփիսն ու «Friends of the Earth» կազմակերպությունները, հայտարարել են, որ այդ աղետը ևս մեկ ապացույց է այն բանի, որ պիտի արգելել օգտակար հանածոների արտահանման այն մեթոդները, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար[6]։
Ռումինիայի խորհրդարանում երեք անգամ ներկայացվել է ոսկու ցիանավորումն արգելող օրինագիծ, բայց դրանցից ոչ մեկը չի ընդունվել[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Death of a river», BBC, February 15, 2000
- ↑ 2,0 2,1 «Romania’s poison dump», BBC, May 19, 2000
- ↑ 3,0 3,1 «Map: Pollution hotspots», BBC, December 13, 2004
- ↑ «Hungary appeals for ecological help», BBC, February 15, 2000
- ↑ «Hungary demands action over pollution», BBC, March 14, 2000
- ↑ 6,0 6,1 6,2 «Firm rejects cyanide damage claims», BBC, February 16, 2000
- ↑ Horațiu Pepine (2013 թ․ նոյեմբերի 12). «A treia încercare de interzicere a cianurilor». Deutsche Welle.