1649 թվականի և 1653 թվականի միջև մաթեմատիկա է ուսանել Օքսֆորդի համալսարանում։ 1657 թվականից՝ աստղագիտության պրոֆեսոր Լոնդոնում, 1661 թվականից՝ Օքսֆորդում։ 1681-1683 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության (Գիտությունների ակադեմիա) պրեզիդենտ։ 1660-ական թվականներից զբաղվել է ճարտարապետությամբ, դարձել անգլիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Լոնդոնի վերակառուցման Ռենի նախագիծը (կազմվել է 1666 թվականի հրդեհից հետո) չի իրականացվել, սակայն Սիթիում նա կառուցել է բազմաթիվ բնակելի տներ և 52 եկեղեցի, որոնք ուշագրավ են կառուցվածքային և ծավալատարածական լուծումների բազմազանությամբ։ Լավագույնը Սբ․ Պողոսի տաճարն է Լոնդոնում աշխարհում ամենամեծ բողոքական տաճարը։ Գործերից են նաև Լոնդոնում՝ Չելսիի (1682-1691) և Գրինվիչի (1696-1716, ավարտվել է 1728 թվականին, ճարտարապետ Ջ․ Վանբրու և ուրիշներ) հոսպիտալները, Քեմբրիջում՝ Տրինիտիկոլեջի գրադարանը (1676-1684), Օքսֆորդում՝ Շելդոնի թատրոնը (1664-1669) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։