Օդիշա (նահանգ)
| ||
Երկիր | Հնդկաստան | |
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | |
Մտնում է | Հնդկաստան | |
Վարչկենտրոն | Բհուբանեշվար | |
Օրենսդրական մարմին | Օդիշայի օրենսդիր ժողով | |
Պաշտոնական լեզուներ | օրիա | |
Բնակչություն | ▲41 974 218 մարդ (2011)[1] | |
Տարածք | 155 707 կմ² | |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1936 թ. | |
Սահմանակցում է | Արևմտյան Բենգալիա, Ջարկխանդ, Չհատիսգարխ և Անդհրա-Պրադեշ | |
ISO 3166-2 կոդ | IN-OD | |
odisha.gov.in | ||
Օդիշա նահանգ Հնդկաստանի արևելքում։ Վարչական կենտրոնը Բհուբանեշվար քաղաքն է։ Բնակչությունը 41 947 358 է։ 2011 թվականի տվյալներով նահանգը բնակչության թվով 11-րդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին նահանգի անվանումը պաշտոնապես Օրիսայից փոխարինվեց Օդիշայի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդիշայի տարածքը կազմում է 155.707 կմ²։ Մեծությամբ 9-րդ նահանգն է Հնդկաստանում։ Ըստ ֆիզիկական և աշխարհագրական բնութագրերի՝ նահանգը կարելի է բաժանել հինգ շրջանի՝ 1. արևելքում՝ ափամերձ հարթավայրերը, 2. միջին բարձրունքները, 3. կենտրոնական սարահարթը, 4. արևմտյան բարձրավանդակը և 5. գետի հիմնական հովիտները։ Ծովափնյա հարթավայրը ձգվում է Բենգալյան ծոցի ամբողջ ափով։ Այն ներառում է ափամերձ բազմաթիվ խոշոր գետերի ու լճերի դելտաները։ Արևելյան Գաթեր լեռնաշղթայի միջին լեռնային շրջանները և բարձրությունները զբաղեցնում են նահանգի տարածքի երեք չորրորդ մասը։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 900 մետր։ Արևմտյան լեռնաշխարհը մի փոքր ցածր է և ունի ընդամենը 153-ից 305 մ բարձրություն ծովի մակարդակից։
Նահանգի ամենամեծ գետը Մահանադին է։ Սկիզբ է առնում Չաթիսգար նահանգից, հոսում է Օդիշայի տարածքով և թափվում է Բենգալյան ծոց։ Երկարությունը 860 կմ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդիշան համարվում է Հնդկաստանի Կալինգա նահանգի առանցքը ու այն սակավաթիվ նահանգներից մեկը, որը Չանդրագուպտա Մաուրյայի նվաճումների ու արշավանքների ժամանակաշրջանում պահպանել է իր անկախությունը։ Ավելի վաղ ժամանակաշրջանի պատմության մասին տեղեկություններ կարելի է գտնել «Փղերի քարանձավ» կոչված վայրից։ Տեղեկություններ կան Կալինգա նահանգի թագավոր Նանդարաջայի մահապատժի մասին։ Ըստ արձանագրության՝ Նանդարաջան համարվում է «Նանդա» դինաստիայի ժառանգորդ, և որ նա կռվել է Ալեքսանդր Մակեդոնացու դեմ նրա Հնդկաստան կատարած արշավանքի ժամանակ։
Ամեն դեպքում մ.թ.ա. III դարի երկրորդ քառորդում Օդիշան համարվում էր անկախ։ Մաուրյան պետության թագավոր Աշոկան պատերազմ է սկսել իր կառավարման ութերորդ տարում[2]՝ մ.թ.ա 261 թվականին և նվաճել է Կալինգան[3]։ Ըստ աղբյուրների՝ պատերազմի հետևանքով սպանվել է 100 հազարից ավելի մարդ, ներառյալ կանայք և երեխաներ։ Ասվում է, որ պատերազմի արդյունքում տեղի ունեցած արյունահեղություններն ու սպանությունները մեծապես ազդել են Աշոկայի վրա[2][4]։ Օդիշա նահանգի քաղաքներից Բրահամպուրը եղել է Պուրավայան դինաստիայի մայրաքաղաքը մ.թ.ա 4-րդ դարի վերջերին։ Մ.թ.ա 4-րդ դարից այլևս Պուրավյան դինաստիայի վերաբերյալ տեղեկությունները սակավ են։ Կա վարկած, որ նվաճվել է Յաուդհեյա պետության կողմից։ Նրանք իրենց ներկայացնում էին որպես Մաուրյաններ։ Ավելի ուշ, Սովմասշյան արքայատոհմի արքաները սկսել են միավորել շրջանի նահանգները։ Յայաթ 2-րդ թագավորի օրոք տարածաշրջանը ինտեգրվել է մեկ թագավորության մեջ։ Ենթադրաբար հենց Յայաթ 2-րդ թագավորն է կառուցել Բհուբանեշվարի հայտնի Լինգարաջայի տաճարը։ Սովմաշյան դինաստիային փոխարինել է Արևելյան Գանգայի դինաստիան։ Տոհմի ուշագրավ թագավորներն են եղել Անանտավարման Չոդագանգան, որը վերակառուցել է Պուրի քաղաքի հայտնի Ջագաննաթ տաճարը, Նարասինգա Դևա Առաջինը, որը կառուցել է Կոնարակի արևի տաճարը և այլն։ Արևելյան Գանգայի դինաստիային հաջորդել է Գաջաբաթիի թագավորությունը։ Գաջաբաթիի թագավորությունը դիմակայել է Մեծ մողոլների կայսրության նվաճողական արշավանքներին մինչև 1568 թվականը, երբ պարսկական Մուղալի կայսրությունը գրավեց այն։ Մուկունդա Դևան, որը համարվում է Կալինգայի վերջին անկախ թագավորը, պարտվել և մարտում սպանվել է ապստամբ Ռամաչանդրա Բհանջայի կողմից[5]։ 1751 թվականին Բենգալի Ալիվարդի խանը շրջանը հանձնեց Մարատհական կայսրությանը։ Բրիտանացիները օկուպացրել են Հյուսիսային Կիրկասի շրջանը, այնուհետև 1760 թվականին «Կարանտիկյան երկրորդ պատերազմի» արդյունքում աստիճանաբար Օդիշան և հարակից շրջանները միացվեցին Մադրասի նախագահության մեջ[6]։ 1803 թվականին անգլո-մարաթական պատերազմի արդյունքում բրիտանացիները հեռացրեցին իրենց զորքերը Օդիշայի տարածքից։ Օդիշայի հյուսիսային և արևմտյան շրջանները ներառվեցին Բենգալի նախագահության կազմում[7]։ 1866 թվականին Օդիշայում բռնկված սովի պատճառով մահացել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Սովից հետո ձեռնարկվեցին ոռոգման լայնածավալ ծրագրեր։ 1936 թվականի ապրիլի 1-ին Բիհարը և Օրիսան բաժանվել են առանձին նահանգների։ Հնդկաստանի անկախացումից հետո՝ 1947-ի օգոստոսի 15-ին, արքայական 27 իշխանություն ստորագրել են Օրիսայի՝ Հնդկաստանին միանալու փաստաթուղթը[8]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին շրջանը անցյալի մասին հիշողություն է պահում պատմական մի շարք հուշարձաններում։ Նահանգի տարածքում կան շատ տեսարժան վայրեր, առավել հայտնի են Կոնարակի արևի տաճարը, Ջագաննաթի տաճարը Պուրի քաղաքում, Լինգարաջա տաճարը Բհուբանեշվարում և այլն։ Նահանգն ունի բավականին հետաքրքիր ճարտարապետական ավանդույթ[9]։ Օդիշի կրոնական շենքերի համար օգտագործվում է «Դեուլա» (Deuḷa) բառը։ Առանձնացվում են տաճարների երեք ոճական տիպեր ՝ Ռեխա Դեուլան, Պիդա Դեուլան՝ կապված Վիշնուի, Շիվայի և Սուրիայի խորհրդանիշների հետ։ Հիշելով «Անտառապատ լեռներ» ընդհանուր բնութագրական հինդու ոճը՝ Կալինգայի տաճարները կապված են նաև մարդու մարմնի անատոմիայի հետ, որն արտացոլվում է ինչպես դասավորության, այնպես էլ տերմինաբանության մեջ։ Հին Կալինգյան թագավորության վարպետների մշակույթն ու գործը ներթափանցել են Շաքիզմի գաղափարախոսություն։
Խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդիշայի խոհանցը ունի դարերից եկած ավանդույթներ։ Շրի Ջագաննաթ տաճարի խոհանոցը աշխարհում ամենամեծն է՝ ավելի քան 1000 խոհարարով[10][11]։ Այնտեղ կան 752 կավե օջախ, որոնք նախատեսված են կերակրելու օրական 10․000 մարդու։ Օդիշայում օշարակից պատրաստում են հատուկ աղանդեր՝ «Ռասգուլլա», որը ճանաչված է ամբողջ աշխարհում։ «Չեննապոդան» նույնպես տարածված ուտեստ է Օդիշայում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականին Հնդկաստանում իրականացված մարդահամարի՝ Օդիշա նահանգի բնակչությունը կազմում է 41.974․218 մարդ, որից 21.212.136 (50.54%) տղամարդիկ են, իսկ 20.762.082-ը (49,46%)՝ կին։ Բնակչության խտությունը կազմում է մեկ կիլոմետրում 270 մարդ։ 2011 թվականի տվյալների համաձայն՝ գրագիտության մակարդակը կազմում է 73%, ընդ որում ՝ տղամարդկանց 82% -ը, իսկ կանանց 64% -ը։
2004-2005 թվականներին աղքատության մակարդակը նահանգում կազմել է 57,15%։ 2005 թվականից սկսած պետությունը միջոցներ է ձեռնարկել և կտրուկ իջեցրել է աղքատության մակարդակը՝ հասցնելով 24,6 % -ի։ Վերջին տվյալների համաձայն՝ աղքատության մակարդակը կազմում է 32,6 %[12][13]։ 1996–2001 թվականների տվյալները ցույց են տվել, որ նահանգում կյանքի միջին տևողությունը 61,64 տարի է։ Ծնելիության մակարդակը նահանգում կազմում է յուրաքանչյուր 1000 մարդու համար մեկ տարում 23,2 %։ Մահացության մակարդակը յուրաքանչյուր 1000 մարդու համար տարեկան 9,1 %։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը ունի ածխի, երկաթի հանքաքարի, բոքսիտի, քրոմիտի և ալյումինի զգալի պաշարներ։ Զարգացած են մետալուրգիան և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Նահանգի համար կարևոր դեր են խաղում բարենպաստ աշխարհագրական, տրանսպորտային դիրքը և հսկայական առափնյա գիծը։ Նահանգը գրավիչ է շատ ներդնողների համար, հատկապես հանքաարդյունաբերության և մետաղագործության ոլորտում։ Զարգանում է նաև տեղատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերությունը։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է Հինդուիզմ։ Բնակչության որոշակի հատված էլ դավանում է Շիվայիզմ, Շատկիզմ, Վիշնուիզմ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 census of India
- ↑ 2,0 2,1 Mookerji Radhakumud (1995). Asoka. Motilal Banarsidass. էջ 214. ISBN 978-81-208-0582-8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Hermann Kulke; Dietmar Rothermund (2004). A History of India. Routledge. էջ 66. ISBN 9780415329194. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Sailendra Nath Sen (1999 թ․ հունվարի 1). Ancient Indian History and Civilization. New Age International. էջ 153. ISBN 978-81-224-1198-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Sen, Sailendra (2013). A Textbook of Medieval Indian History. Primus Books. էջեր 121–122. ISBN 978-93-80607-34-4.
- ↑ Sailendra Nath Sen (2010). An Advanced History of Modern India. Macmillan India. էջ 32. ISBN 978-0-230-32885-3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Devi, Bandita (January 1992). Some Aspects of British Administration in Orissa, 1912–1936. Academic Foundation. էջ 14. ISBN 978-81-7188-072-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ B. Krishna (2007). India's Bismarck, Sardar Vallabhbhai Patel. Indus Source. էջեր 243–244. ISBN 978-81-88569-14-4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ детальнее см. англоязычный очерк "Kalinga Temples (Deula)"
- ↑ National Association on Indian Affairs; American Association on Indian Affairs (1949). Indian Affairs. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ S.P. Sharma; Seema Gupta (2006 թ․ հոկտեմբերի 3). Fairs & Festivals of India. Pustak Mahal. էջեր 103–. ISBN 978-81-223-0951-5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «India States Briefs – Odisha». World Bank. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «NITI Aayog report: Odisha tops in poverty reduction rate among other states». Pragativadi: Leading Odia Dailly. 2017 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Odisha Government Portal
- Odisha Encyclopædia Britannica entry
- Orissa India
- Site du gouvernement de l'Odisha
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիշա (նահանգ)» հոդվածին։ |
|
|