Օլեգ Պրոտոպոպով
Օլեգ Պրոտոպոպով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ԽՍՀՄ, Շվեյցարիա և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 16, 1932[1] |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 31, 2023[2][3] (91 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա |
Հասակ՝ | 175 սանտիմետր[3] |
Քաշ՝ | 71 կիլոգրամ[3] |
Օլեգ Պրոտոպոպով (ռուս.՝ Оле́г Алексе́евич Протопо́пов, հուլիսի 16, 1932[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2023[2][3], Ինտերլակեն, Oberland administrative region, Բեռն, Շվեյցարիա), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962 թվական զուգասահքում, զրկվել է 1979 թվականին)։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Հանդես է եկել Լյուդմիլա Բելոուսովայի հետ։ Օլեգ Պրոտոպոպովը և Լյուդմիլա Բելոուսովան հորինել ու առաջին անգամ կատարել են բազմաթիվ տարրեր, որոնք հետագայում մտել են աշխարհի գեղասահորդների մրցույթների պարտադիր ծրագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Պրոպոպոպովը մեծացել է Լենինգրադում, վերապրել շրջափակումը։ Պրոտոպոպովի հուշերի համաձայն՝ առաջին չմուշկը նրան նվիրել էր խորթ հայրը՝ բանաստեղծ Դմիտրի Ցենզորը, նա «փրկեց մեր կյանքը` հանելով ինձ ու մայրիկիս շրջափակման մեջ գտնվող Լենինգրադից, երբ մենք արդեն մահվան եզրին էինք»[4]։
Օլեգը գեղասահքով սկսել է զբաղվել շատ ուշ՝ 15 տարեկանից (1947 թվական)՝ Նինա Վասիլիևնա Լեպնինսկայայի ղեկավարությամբ։ 1951 թվականին պատրաստվում էր մասնակցել համամիութենական մրցույթներին, սակայն կանչեցին ծառայության Բալթյան նավատորմ։ Հանդես է եկել Մարգարիտա Բոգոյավլեսկայայի հետ, ում հետ էլ 1953 թվականի ԽՍՀՄ առաջնությունում գրավեց բրոնզե մեդալ։ 1954 թվականին սկսեց հանդես գալ Լյուդմիլա Բելոուսովայի հետ, ում նա հանդիպել էր Մոսկվայում կայացած սեմինարի ժամանակ։ Նրանք որոշեցին հանդես գալ միասին, փորձեցին կատարել որոշ տարրեր։ Սպորտսմենները կարծում էին, որ իրենք համապասխանում են միմյանց։ Պրոտոպոպովը այդ ժամանակ ծառայում էր Լենինգրադի Բալթյան նավատորմում, իսկ Բելոուսովան սովորում էր Մոսկվայի Ռուսական տրանսպորտի համալսարանում։ Բելոուսովան տեղափոխվում է Պետերբուրգի պետական տրանսպորտի համալսարան[5], տեղափոխվում է Լենինգրադ, և 1954 թվականի դեկտեմբերին մարզիկները սկսում են միասին մարզվել Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, որոշ ժամանակ՝ Պ. Պ. Օռլովի։ Ժամանակ առ ժամանակ նրանք աշխատում էին միասին, պատրաստում իրենց ծրագրերը։
1957 թվականին Բելոուսովը ու Պրոպոպոպովը ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիրներ և սպորտի վարպետներ էին։ 1957 թվականի դեկտեմբերին գեղասահորդներն ամուսնացան[5]։ Նրանց դեբյուտը միջազգային ասպարեզում 1958 թվականին էր։ Մարզիկների տեխնիկական զինանոցը հարուստ չէր, դրան ավելացրած նաև անփորձությունը, այդ պատճառով էլ նրանց ելույթը 1958 թվականի Եվրոպայի առաջնությանը հաջող չէր. թուլ տվեցին սխալներ՝ կատարելով ոչ դժվար էլեմենտներ։ 1959 թվականի Եվրոպայի առաջնությունում անկում ունեցան, դատավորների գնահատականները միջին էին՝ 5.0-5.1: 1960 թվականին ԱՄՆ-ում անցկացվող իրենց առաջին օլիմպիական խաղերում զույգի գնահատականները չափազանց անհամապատասխան էին՝ 4.6/4.5 կանադական դատավորից մինչև 5.2 / 5.2 ավստրիական և շվեյցարական դատավորները։
1960-ական թվականներին զույգը զգալիորեն աճեց թե՛ տեխնիկապես, թե՛ գեղարվեստորեն։ Առաջին անգամ նրանք կատարեցին տոդեսը դեպի առաջ, այսպես կոչված «տիեզերական պարույրը»։ Առաջին հաջողությունը 1962 թվականին էր. գեղասահորդները վերջապես առաջին անգամ հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ութերորդ փորձից) և զբաղեցրին 2-րդ տեղը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, որտեղ զույգը զիջեց Օ. և Մ. Ջելինեկ կանադական զույգին դատավորական մեկ ձայնով և միայն մեկ տասնորդական միավորով։ 1963 թվականին զույգը իր ցուցադրական ելույթը բեմադրեց ջազի երաժշտության ներքո և ստացավ միջին գնահատականներ՝ արդեն 5.7-5.8: 1964 թվականի Եվրոպայի առաջնությանը պարտադիր ծրագրում զույգը ստացավ ավելի բարձր գնահատականներ, քան Մ. Կիլիուս/Խ.-Յ. Բոյմլեր զույգը (Գերմանիա), բայց շատ տեղերում զիջեցին նրանց. ցուցադրական ծրագրում Գերմանիան ներկայացնող զույգը անցավ նրանց և հաղթեց։ 1964 թվականի օլիմպիադայում անսպասելիորեն մեկ դատավորի ձայնի առավելությամբ հաղթեցին Կիլիուսին և Բոյմլերին՝ բարձր մակարդակի հետևողականության, սինխրոմի, ներդաշնակ սահքի շնորհիվ. կատարվեցին գեղեցիկ պտույտներ, քայլերի կոմբինացիա և ակսել մեկուկես պտույտով, կրկնակի սալխ, մի քանի պահումներ, այդ թվում` լասսո երկու պտույտով։ Գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5.8-5.9:
Ավելի հաջող նրանց ծրագրերը դարձան 1965-1968 թվականներին, որտեղ ցուցադրվում էր սիրահարների կերպարը։ Գրեթե բոլոր շարժումներում կար բացարձակ սինխրոնիզմ, զարմանալի գեղեցկություն և հարթ գծեր։ Բելոուսովա-Պրոտոպոպով զույգը աշխարհի զուգասահքը ուղղորդեց դեպի ծրագրերի գեղարվեստական ճանապարհ։ 1966 թվականին նրանց ուժեղ մրցակից է համարվում Տատյանա Ժուկ-Ալեքսանդր Գորելիկ զույգը, որը աշխարհի առաջնությունում պարտվեց միայն մեկ դատավորի ձայնով։ Իրենց երրորդ օլիմպիական խաղերում (1968) զույգը հաղթեց երկու ծրագրերում էլ։ Լրագրողների գնահատմամբ հաղթական էր ցուցադրական կատարումը՝ բեմադրված Ռախմանինովի և Բեթհովենի երաժշտության ներքո։ Մաքուր էին կատարվել կրկնակի ռիտտբերգերի կոմբինացիա-քայլեր-մեկուկես պտույտով ակսել-ը, կրկնակի սալխը, 7 տարբեր պահումները, այդ թվում՝ լասսոն և լասսո-ակսելը, ինչպես նաև երկայնքով ձգվող հսկայական սպիրալը՝ մոտ 15 վայրկյան տևողությամբ։ Միայն առաջին մեկնարկային ելույթը թույլ չտվեց դատավորներին գնահատել ամենաբարձր՝ 6.0 միավորը, այդ թվում՝ վեց դատավորները գնահատեցին 5.9 / 5.9, երկուսը՝ 5.8 / 5.9, իսկ ԳԴՀ-ն ներկայացնող դատավորը՝ 5.8 / 5.8, ինչը ուղեկցվեց հանդիսատեսի սուլոցներովи[6]: 1968 թվականի աշխարհի առաջնությունում գրեթե բոլոր դատավորները գնահատեցին 5,8 / 5,9 միավոր, իսկ ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի դատավորները` 5,7 / 6.0:
Ժամանակի ընթացքում զույգը, զգալիորեն բարդացնելով ծրագիրը, սկսեց պարտվել ավելի երիտասարդ խորհրդային զույգերի։ 1969 թվականի աշխարհի առաջնությունում մարզիկները մի քանի սխալ թույլ տվեցին և զբաղեցրին երրորդ տեղը։ 1970 թվականի ԽՍՀՄ առաջնությանը առաջինն էին պարտադիր ծրագրից հետո, սակայն երկու ծրագրի գնահատականների գումարից հետո միայն չորրորդն էին և չհայտնվեցին երկրի ազգային հավաքականում (այնուհետև հայտարարեցին դատավորների համաձայնության մասին[7]): 1971 թվականի ԽՍՀՄ առաջնությունում զույգը միայն վեցերորդն էր, իսկ 1972 թվականի ապրիլին՝ երրորդը, բայց ամենաուժեղ զույգերի բացակայության դեպքում, որից հետո մարզիկները դուրս եկան սիրողական մարզաձևից։
Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիկները չդադարեցին գեղասահքով զբաղվել. նրանք աշխատեցին Լենինգրադի սառույցի վրա բալետում։ 1979 թվականի սեպտեմբերի 24-ին Բելոուսովան և Պրոտոպոպովը, Լենինգրադի սառույցի վրա բալետի հետ լինելով հյուրախաղերի Շվեյցարիայում, քաղաքական ապաստան խնդրեցին և հրաժարվեցին վերադառնալ ԽՍՀՄ[8]։ Մարզիկներին զրկեցին սպորտի վաստակավոր վարպետների կոչումից, նրանց անունները հանվեցին բոլոր խորհրդային տեղեկատու այն գրքերից, որոնք տեղեկություն էին տալիս ԽՍՀՄ օլիմպիական ձեռքբերումների մասին, իսկ մարզիկներին էլ բացեիբաց հայտարարեցին դավաճաններ։ Բելոուսովան և Պրոտոպոպովը իրենց այդ քայլն արդարացրին նրանով, որ իրենց հայրենի երկրում զույգին հնարավորություն չեն տվել զարգանալ, իսկ իրենք չեն ցանկանում հեռանալ սպորտից և հավատում էին, որ իրենց տաղանդը արտասահմանում ավելի շատ կգնահատվի։ Ապրում էին Գրինդելվալդում։ 1995 թվականին նրանք ստացան Շվեյցարիայի քաղաքացիություն, որից հետո էլ կարողացան մասնակցել Սոֆիայում (1995) Եվրոպայի առաջնության բացմանը։
2003 թվականի փետրվարի 25-ին առաջին անգամ, ավելի քան 20 տարի անց, Բելոուսովան և Պրոտոպոպովը Վյաչեսլավ Ֆետիսովի հրավերով եկան Ռուսաստան։ 2005 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգի Գեղասահքի ֆեդերացիայի հրավերով նրանք այցելեցին Ռուսաստան։ Ներկա գտնվեցին Սոչիում կայացած 2014 թվականի Օլիմպիական խաղերին, բազմիցս հարցազրույցներ տվեցին։
2015 թվականի սեպտեմբերին 79-ամյա Լյուդմիլա Բելոուսովան և 83-ամյա Օլեգ Պրոտոպոպովը ելույթ ունեցան սառույցի վրա ԱՄՆ-ում կայացած «Երեկոն Չեմպիոնների հետ»-ում[9]։
Բացասաբար է գնահատում դատելու նոր համակարգը՝ նշելով, որ այն չի տալիս ստեղծագործագործելու հնարավորություն[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (30.03.1965; 1968)
- Միջազգային չմշկասահորդների խորհրդի Ժակ Ֆավարի մրցանակ
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ/ մրցաշրջան | 1952-53 | 1953-54 | 1954-55 | 1955-56 | 1956-57 | 1957-58 | 1958-59 | 1959-60 | 1960-61 | 1961-62 | 1962-63 | 1963-64 | 1964-65 | 1965-66 | 1966-67 | 1967-68 | 1968-69 | 1969-70 | 1970-71 | 1971-72 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | 1 | 1 | |||||||||||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 13 | 8 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 10 | 7 | 4 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 2 | |||||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 3 | 3 | 4 | 2 | 2 | 2 | ? | 2 | 1 | 1 | 1 | - | 1 | 1 | 1 | 2 | 4 | 6 | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2023/11/08/sports/olympics/oleg-protopopov-dead.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olympedia — 2006.
- ↑ Финкельштейн К. И. Неизвестные фотографии Н. Гумилёва и других поэтов Серебряного века
- ↑ 5,0 5,1 Елена Скороходова (04 декабря 2007 года). «Олег, Людмила и «ФиС»». «Весь спорт». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=LrL54VzA1T4
- ↑ Скандалы советской эпохи. Раззаков Фёдор. КАК ЗАДВИГАЛИ «СТАРИКОВ» (Людмила Белоусова/Олег Протопопов)М.: Издательство Эксмо, 2008, стр. 251.
- ↑ http://www.spb.aif.ru/sport/other/figuristy-beglecy_pochemu_zvezdnaya_para_protopopov-belousova_brosila_rodinu
- ↑ «79-летняя Людмила Белоусова и 83-летний Олег Протопопов снова вышли на лёд». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ НЕВСКОЕ ВРЕМЯ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Պրոտոպոպով» հոդվածին։ |
|