Jump to content

Օսմանյան Ստամբուլի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան դեպի Ստամբուլ բարձրից։ Առաջին պլանում Գալաթան է և Ոսկեղջյուր ծոցը, ետին պլանում՝ Սարայբուրնուն և Մարմարա ծովը։

Օսմանյան Ստամբուլի պատմություն, պատմության այն ժամանակահատվածը, որը ներառում է թուրքերի կողմից 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի գրավումից մինչև 1922 թվականի Օսմանյան կայսրության վերացումը և Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարա տեղափոխումը։

Գրեթե հինգ դար Ստամբուլը 14-16-րդ դարերում թուրքական սուլթանների նվաճողական արշավների արդյունքում կազմավորված Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր։ Օսմանյան կայսրության սահմաններն ընդգրկում էին տիրություններ երեք աշխարհամասերում՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Այսպիսով, Բոսֆորի ափերին գտնվող հնագույն քաղաքը նորից դարձավ համաշխարհային նշանակության քաղաքական և տնտեսական կենտրոն։ Աստիճանաբար Ստամբուլը վերադարձրեց նաև միջազգային առևտրի խոշորագույն կենտրոնի երբեմնի համբավը։ Եվ չնայած կարևորագույն առևտրական կենտրոնները տեղափոխվում էին Միջերկրածովյան տարածքներից դեպի Ատլանտյան տարածքներ, սևծովյան նեղուցները շարունակում էին մնալ ուշ միջնադարի աշխույժ առևտրի ուղիներ։

Բացի այդ, որպես խալիֆի նստավայր, Ստամբուլը ստացավ մուսուլմանական աշխարհի կարևոր կրոնական կենտրոնի նշանակություն, յուրացնելով և վերամշակելով շատ բան սելջուկների, բյուզանդացիների, արաբների և պարսիկների մշակույթներից (Կոստանդնուպոլսից Ստամբուլը ժառանգել էր նաև ողջ աշխարհի ուղղափառ պատրիարքներից առաջինի՝ Տիեզերական պատրիարքության նստավայրը)։ Քաղաքն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրության փոքրացված մոդելը՝ բնակչության էթնիկ և կրոնական բազմատարրությամբ։ Օսմանյան մայրաքաղաքն ամենածաղկուն ժամանակաշրջանն ապրեց Սուլեյման սուլթանի իշխանության տարիներին։ Հենց «Սուլեյմանի դար»-ից են գալիս եվրոպացի ճանապարհորդների և դիվանագետների խանդավառ նկարագրությունները Ստամբուլի մասին։ Մեհմեդ III-ի իշխանության գալով սկսվեց Օսմանյան կայսրության աստիճանաբար անկումը, ինչն իսկույն չանդրադարձավ ծաղկում ապրող Ստամբուլի վիճակի վրա։ Բայց արդեն Ահմեդ I-ից հետո քաղաքում գրեթե չէին կառուցվում մեծ մզկիթներ, որոշ հուշարձանային շինությունների կառուցումը ձգվում էին տասնյակ տարիներ, փոխարենը հաճախ էին տեղի ունենում բունտեր ու խռովություններ ինչպես ենիչերիների, այնպես էլ քաղաքի բնակչության ստորին դասերի կողմից։ Տնտեսական դրության վատթարացումը պատճառ դարձավ գիտության և մշակույթի լճացման, ինչպես նաև արևմտաեվրոպական տերությունների ազդեցությունների էլ ավելի մեծացմանը՝ կայսրության և մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտներում։

Մուհամմեդ II-ի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթան Էյուպի մզկիթը

1453 թվականի մայիսի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Հարիսիյան դարպասներով քաղաք ներխուժած Մեհմեդ II-ը (այլ տվյալներով սուլթանը հասել էր Կոստանդնուպոլիս միայն կոտորածի ու թալանի քաոսն ավարտվելուց երեք օր հետո) թույլ տվեց իր բանակին թալանել գրավված քաղաքը։ Նա հանդիսավոր կերպով շարժվեց դեպի քաղաքի կենտրոն և, ի նշան թշնամու նկատմամբ տարած հաղթանակի, սպիտակ նժույգին նստած մուտք գործեց Սուրբ Սոֆիայի տաճար՝ հրամայելով այն դարձնել մզկիթ։ Կոստանդնուպոլսի մեծ մասը ենթարկվեց համընդհանուր ասպատակության, չնայած որոշ շրջաններ (Ստուդիոնը և Պետրիոնը), վանքերն ու եկեղեցիները անձեռնմխելի մնացին։ Քաղաքը «Կոստանդնուպոլիս» թուրքական լեզվի քերականական նորմերի շրջանակներում բառի աստիճանաբար վերափոխման արդյունքում խոսակցական լեզվով սկսեց կոչվել Իստամբուլ, չնայած օսմանները պաշտոնական դիմելաձևերում դեռ երկար ժամանակ այն արաբական ձևով անվանում էին Կոստանդինիյե։ Ավելի ուշ, շնորհիվ գլուխ բարձրացրած հունական թարգմանների, նորից լայն շրջանառություն ստացավ օսմանյան դիվանագիտական շրջանակներում ամրապնդված «Կոստանդինուպոլիս» անվանումը, (փաստորեն, երկու տեղանունները գործածվում էին զուգահեռ, բայց քրիստոնեական աշխարհում քաղաքն անվանում էին նախկին ձևով)։[1][2][3][4][5][6]

Ռազմավարի բաժանման ժամանակ, Մեհմեդին, դարերով եկած ավանդույթի համաձայն, բաժին հասավ ամբողջ հափշտակվածի հինգերորդ մասը։ Գերիների իր բաժինը նա տեղավորեց Ֆանար շրջանում՝ այդպիսով սկիզբ դնելով Ստամբուլի հունական թաղամասին։ Բացի այդ, գերությունից և տեղահանությունից խուսափեցին Բոսֆորի ափի հունական գյուղերի բնակիչները, որոնք ձևականորեն դիմադրություն չէին ցուցաբերել։ Ավելի քան 30 000 բյուզանդացիներ ու լատիններ վաճառվեցին Ադրիանապոլսի, Բուրսայի, Գելիբոլուի, Անկարայի և Ֆիլեբի ստրկավաճառության շուկաներում, նրանցից շատերին փրկագին տալով հետ գնեցին հարուստ ազգականները (այլ տվյալների համաձայն, գրավելու պահին Կոստանդնուպոլիսն ուներ 70 000 բնակիչ, որոնցից 50 000-60 000-ը վաճառվեցին ստրկության կամ արտաքսվեցին, իսկ 10 000-20 000-ը մնացին քաղաքում, որպես ազատ քաղաքացիներ)։ Մահապատժի ենթարկվեցին վենետիկյան Մինոտո գաղութի բալյին, նրա որդին և բազմաթիվ երևելիներ՝ Կատալոնիայի հյուպատոսը և մի քանի նրա հայրենակիցներ։ Լուկա Նոտարասը, ում Մեհմեդը ծրագրում էր դարձնել օսմանյան Կոստանդնուպոլսի նոր ոստիկանապետ, մահապատժի ենթարկվեց իր որդուն սուլթանին հոմանի տալուց հրաժարվելու համար։ Փոխարենը կարողացան թաքնվել և փրկվել Կոստանդնուպոլսի պաշտպանության մյուս ակտիվ մասնակիցները՝ կարդինալ Իսիդորը, արքեպիսկոպոս Լեոնարդ Խոսկին, Բոկյարդի երեք եղբայրներից երկուսը, մեծ լոգոֆեդ Գեորգի Սֆրաձին։ Մեհմեդը հրամայեց քանդել Գալատայի պատերը և ծածկել փոսը, ինչպես նաև առգրավել տեղի ջենովացիներից բոլոր զենքերը։ Ընդ որում, նա երաշխավորում էր անկլավի անվտանգությունը, թույլ տվեց պահպանել քրիստոնեությունը և արգելեց թուրքերին բնակություն հաստատել այնտեղ (Գալաթայում շարունակում էին պատարագ հնչեցնել երկու՝ ֆրանցիսկյան վանքերում և մի քանի այլ եկեղեցիներում. այդ պատճառով էլ թուրքերը երկար ժամանակ Գալատան չէին համարում Ստամբուլի մաս՝ արհամարհելով այդ «անհավատների» օթևանը)։ Գալատական պոդեստ Լոմելինոյի զարմիկին, ինչպես նաև կենդանի մնացած բոլոր բյուզանդական մեծատոհմիկների որդիներին սուլթանը գերի վերցրեց (նրանց կարգեցին սուլթանական պալատի ծառաներ, իսկ գեղեցկատեսներին՝ Մեհմեդի անձնական հարեմ տարան)։[7][8][9]

1453 թվականի հունիսի սկզբին Սուրբ Սոֆիայի տաճարում սուլթանի և նրա շքախմբի ներկայությամբ առաջին անգամ տեղի ունեցավ ուրբաթ օրվա աղոթքը։ Նախկին տաճարի կողքին շտապ կերպով կառուցեցին փայտաշեն մինարեթ, գմբեթի խաչի փոխարեն կիսալուսին դրեցին, իսկ ներսից ներկեցին խճանկարներն ու որմնանկարները (բացառությամբ կամարների տակի չորս պահապան հրեշտակների պատկերների)։ Նույն կերպ նաև բյուզանդական եկեղեցիների և վանքերի մեծ մասը վերափոխվեց մզկիթների կամ սուֆիստական վանքերի։ Բայց սնահավատ Մուհամեդը պահպանեց քաղաքի շատ «հեթանոսական» խորհրդանիշեր՝ Հուստինիանոսի ձիով արձանը Սուրբ Սոֆիայի տաճարի դիմաց և ձիարշավարանի շարասյունը։ Դրա փոխարեն Ոսկե դարպասները, որով քաղաք էին մտնում բյուզանդական կայսրները (որով և պետք է կայանար Կոստանդինի նախատեսված վերադարձը), Մեհմեդը հրամայեց որմնաշարել։ Ի տարբերություն դրանց, թուրքերի կողմից Ադրիանապոլսի դարպասներ անվանած Հարիսեյան դարպասները դարձան օսմանյան հաղթարշավի խորհրդանիշ և Կոստանդնուպոլսի գրավմանը նվիրված ամենամյա տոնակատարությունների վայր։ Շուտով սուլթանի հոգևոր ուսուցիչ շեյխ Ակխեմսետին հայտարարեց այն մասին, որ գտնվել է Մուհամեդ մարգարեի դրոշակակիր Աբու Այուբ ալ-Անսարի գերեզմանը, ով 674 թվականին զոհվել է արաբների կողմից Կոստանդնուպոլսի պաշարման ժամանակ։ Որոշ ժամանակ անց Մեհմեդը պալատական աստղագետների խորհրդով պատվանդանից իջեցրեց Հուստինիանոսի արձանը, որը դրանից հետո երկար ժամանակ գտնվում էր հրապարակում, մինչև սուլթանի ժառանգները ձուլարաններից մեկում մասնատելով ձուլեցին այն։[10][11][3]

Օսմանյան իշխանությունները ձգտում էին արագորեն վերականգնել գրավված քաղաքի տնտեսական նշանակությունը, ինչի համար Ստամբուլը վերաբնակեցնում էին ոչ միայն թուրքերով, այլև կայսրության այն ազգերի ներկայացուցիչներով, ովքեր ավանդաբար զբաղվում էին առևտրով և արհեստներով։ Սուլթանը հրամայեց բնակեցնել դատարկված քաղաքը Ակսարայի, Կարամանի և Սամսունի թուրքերով, Բուրսայի, Տոկատի, Սեբաստիայի և Կեսարիայի հայերով, Սինոպի, Տրապիզոնի, Մորեյի և Եգեյան ծովի կղզիների հույներով, Սալոնիկի հրեաներով։ Ստամբուլում հայտնվեցին ամբողջ թաղամասեր՝ Փոքր Ասիայի մարզերից ու քաղաքներից սերած բնակիչներով և կրում էին իրենց «փոքր հայրենիքի» անունները (օրինակ՝ Ակսարայ, Կարաման, Չարշամբա և այլն), ինչպես նաև հունական և հայկական թաղամասեր։ Մեհմեդի հրամանով վերաբնակներին տրամադրվում էին բյուզանդացիների և լատինների կողմից լքված տները, ինչպես նաև նրանց առևտրով և արհեստներով զբաղվելուն նպաստող տարբեր արտոնություններ։ Ստամբուլի տնտեսության զարգացումը և քաղաքում լայն թափ առած շինարարությունը կանխորոշեցին քաղաքի բնակչության աճը՝ կայսրության բոլոր կողմերից վարպետների, առևտրականների, նավաստիների, ինժեներների և աստիճանավորների հոսքի հաշվին։ Քանի որ ոչ մուսուլմաններին (զիմներին) Օսմանյան կայսրությունում հասանելի չէին աստիճանական և ռազմական կարերիայի հնարավորություններ, նրանց մեծ մասը սովորաբար զբաղվում էին արհեստով կամ առևտրով։ Սուլթանի կողմից ձեռնարկված Ստամբուլի կենսագործունեության վերականգնմանն ուղղված մյուս առաջնահերթ ձեռք առնված միջոցառումներն էին՝ քաղաքում կարգուկանոնի համար պատասխանատվություն կրող վեզիրի նշանակումը, անհետացած բյուզանդական վարչակազմին փոխարինող չինովնիկների աստիճանաբար հավաքագրումը, ամրոցների, կառավարական շինությունների, մասնավոր տների պատերի և ջրամատակարարման վերականգնումը, օսմանյան մայրաքաղաքում գործունեության նոր կանոնների մասին պայմանագրերի կնքումը իտալական առևտրական քաղաքների հետ (սկզբից Մեհմեդ II-ը վերականգնեց ջենովացիների արտոնությունների մեծ մասը Գալաթայում, իսկ ավելի ուշ թույլ տվեց Ստամբուլում բնակություն հաստատել բյուզանդացիներին և մյուս «ֆրանկներին»)։[12][13][14][15][16][17][18][19]

Ֆատիհ մզկիթը

Մեհմեդը թույլ տվեց նաև հույներին ընտրել նոր ուղղափառ առաջնորդի, ով դարձավ Ադրիանապոլսում ստրկությունից փրկված և Ստամբուլ վերադարձած վանական Գենադի Սխոլարիոսը (սուլթանի համաձայնությունից հետո սինոդը միայն ձևականորեն հաստատեց նրան)։ Պատրիարքի աստիճանում Գենադի II-ի ձեռնադրումը տեղի ունեցավ 1454 թվականի հունվարին Ստամբուլի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ՝ Սուրբ Առաքյալների տաճարում, որն այժմ Կոստանդնուպոլսի պատրիարքատի մայր տաճարն է (նրա շուրջը նույնիսկ կազմավորվեց հույների առաջին հոսքի վերաբնակների թաղամասը)։ Նոր իշխանությունների օրոք Կոստանդնուպոլսի պատրիարքատը ոչ միայն պատասխանատու էր հույների և մյուս ուղղափառների վարքագծի համար, այլև դարձավ Օսմանյան կայսրության քրիստոնեական միլլեթի առաջնորդը, որին հպատակվում էին Փոքր Ասիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Ալբանիայի ուղղափառ հավատացյալները (բացի այդ, նրանից կախում ունեին Երուսաղեմի, Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքությունները)։ Ստամբուլի քրիստոնյաներն ապրում էին առանձին թաղամասերով և կարողացել են պահպանել մի քանի եկեղեցիներ և վանքեր։ Նրանց կարգադրված էր կրել հատուկ հագուստ և արգելված էր կրել ամեն տեսակի զենք։ Թուրքերը մայրաքաղաքի բոլոր գյավուրների վրա յուրահատուկ հարկեր դրեցին (ջիզյա[20][21]

1456 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ամբիոնը տեղափոխվեց Պամակարիստա Աստվածածնի եկեղեցի։ 1457-1458 թվականների ձմռանը Մեհմեդը վերջապես տեղափոխեց իր նստավայրը Ադրիանապոլսից Ստամբուլ (սուլթանական Էսկի-Սարայ պալատ, կառուցված Թեոդոսիայի նախկին հրապարակի շրջանում)։ Մինչ այդ վերականգնվել էին քաղաքի պաշարման ժամանակ ավերված ամրոցի պատերը, իսկ պաշտպանական համակարգի հարավային մասում վեր բարձրացավ Էդիկուլե հզոր ամրոցը (այն ծառայում էր ոչ միայն որպես Ստամբուլի արևմտյան զինվորական առաջադիրք, այլև սուլթանական գանձարանն էր, արխիվներ պահելու վայրը և քաղաքական բանտ)։ 1458 թվականին Աբու Այուբ ալ-Անսարի գերեզմանոցի ենթադրյալ վայրում կառուցվեցին Կոստանդնուպոլսի գրավումից հետո թուրքերի կողմից կառուցված առաջին՝ սուլթան Էյուպի դամբարանն ու մզկիթը։ Մզկիթի մոտակա շրջանն անվանվեց Էյուպ, իսկ տեղի գերեզմանատունը դարձավ ամենահեղինակավորը քաղաքում։ 1461 թվականին հիմնադրվեց Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը (պատրիարքարանի նստավայրը տեղակայված էր Սուլումոնաստիր թաղամասում, որտեղ և ընդլայնվեց մեծ հայկական թաղամասը)։ Նույն 1461 թվականին քանդվեց Սուրբ Առաքյալների տաճարը (այստեղ հանգչող բյուզանդական կայսրների և Կոստանդնուպոլսի պատրիարքների բազմաթիվ դամբարանների հետ միասին), իսկ նրա տեղում 1470 թվականին կառուցվեց Ֆատիհ գլխավոր մզկիթը՝ շինությունների համալիրով (մի քանի մեդրեսե, գրադարան, հիվանդանոց, բաղնիք, խոհանոց և իջևանատուն)։ Այդ մզկիթի այգում թաղվեց 1481 թվականին մայիսին մահացած սուլթան Մեհմեդ II-ը։ Կողքի դամբարանում թաղվեց սուլթանի մայր Խյումա Խաթունը։[22][23][24][25][26]

1463 թվականի նոյեմբերին Էդիկուլեի ամրոցում իր որդիների հետ միասին մահապատժի ենթարկվեց Տրապիզոնի վերջին կայսր Դավիդը, ով հրաժարվել էր փրկվելու համար իսլամ ընդունել։ 1464 թվականին կառուցվեց Մահմուդ փաշայի մզկիթը, իսկ 1466 թվականին՝ Մուրադ փաշայի մզկիթը, որոնք քիչ էին տարբերվում Բուրսայի և Իզնիկի մզկիթներից (ճիշտ է, դեռ այն ժամանակ թուրքերը սկսեցին ակտիվորեն օգտագործել բյուզանդական շինարարների փորձը և նույնիսկ հրավիրում էին նրանց ղեկավարելու խոշոր շինարարական նախագծեր)։ Պանտոկրատորի տաճարը դարձավ Զեյրեկ մզկիթ, իսկ վանական շինությունների մի մասը դարձրին մեդրեսե (1471 թվականին նրա ուսանողները տեղափոխվեցին Ֆատիհ տաճարին կից մեդրեսե և տաճարը դատարկվեց)։ Նույն 1466 թվականին Բյուզանդիայի հնագույն միջնաբերդի տեղում սկսվեց Թոփկապե (Թոփկապե սարայ կամ Նոր Սերալ) մեծ պալատական համալիրի կառուցումը։ Առաջին շինությունների կառուցումից հետո, որոնց մեջ աչքի էր ընկնում հատկապես մինչև մեր օրեր հասած Չինիլի Քյոշկ կամ «Հախճասալիկե տաղավար» (1472) պալատը, սուլթանի նստավայրը Էսկի Սարայիսից տեղափոխվեց Թոպկապե, որն Օսմանյան միապետների նստավայրն էր մինչև 19-րդ դար։ Իսկ Էսկի Սարայը (հենց այդ ժամանակ այն սկսեցին անվանել Հին Սերալ) հաջորդող երկու դարերի ընթացքում ծառայեց որպես սուլթանների այրիների և հարճերի բնակավայր։[27][28][29]

Չինիլի Քյոշկ

Թոփկապեյի պալատի տարածքում տեղ գտած Սուրբ Իրինայի նախկին եկեղեցին դարձավ զինապահեստ։ Այստեղ էին պահվում նաև բազմաթիվ բյուզանդական և օսմանյան մասունքներ, մասնավորապես՝ Մեհմեդ II-ի թուրը, օսմանների կողմից գրավված ռազմավարային թնդանոթները, Ոսկե հրվանդանի մուտքը փակող շղթան և Սուրբ Առաքյալների դամբարանից տաճարի ավերումից հետո այստեղ բերված բյուզանդական կայսրների ծիրանաքարե սարկոֆագները)։[30]

1475 թվականին թուրքերը գրավեցին Ղրիմի ջենովյան տարածքները՝ տեղաբնակ ջենովացիների և հայերի մի մասին վերաբնակեցնելով Ստամբուլում (նրանց նույնիսկ հատկացվեց Սուրբ Նիկոլայի ոչ մեծ եկեղեցին)։ Ստամբուլ բերվեց նաև ջենովացիների կողմից պատերազմող Ղրիմի գերեվարված խան Մենգլի I Հերայը (1478 թվականին սուլթանն ազատեց նրան և վերադարձրեց խանի գահին)։ Նույն 1475 թվականին օսմանները 13-րդ դարում Գալաթայում կառուցված Սուրբ Պավելի անունը կրող կաթոլիկական եկեղեցին վերափոխեցին մզկիթի։ 1478 թվականին Մեհմեդ II-ը, իշխանության համար պայքարից խուսափելու համար, փաստորեն օրինականացրեց եղբայրասպանությունը Օսմանների դինաստիայում (օրենքի տեքստում ասվում էր,- «Իմ որդիներից նա, ով գահին կնստի, իրավասու է սպանել իր եղբայրներին, որպեսզի երկրում կարգ ու կանոն լինի»)։[31][32]

Օսմանյան կայսրության մայրաքաղաքի կերպարի անքակտելի մասն էին կազմում շուկաները՝ մեծ մասամբ ծածկի տակ և մասնագիտացված (քաղաքում կային մսի, ձկան, մրգա-բանջարեղենային շուկաներ, բազարներ և համեմունքներ, գործվածքներ և մորթիներ վաճառողների կրպակաշարքեր)։ Սովորաբար շուկաները կամարակապ տանիքներով նեղ փողոցների և նրբանցքների լաբիրինթոսներ էին, որոնք միավորում էին հարյուրավոր կրպակներ և արհեստանոցներ։ Հազվադեպ չէին շուկաները կառուցվում հանրահայտ ճարտարապետների նախագծերով և զարդարվում գեղեցիկ դարպասներով, շարքերով և ցայտաղբյուրներով։ Մեհմեդի օրոք Կոստանդինոսի հնագույն հրապարակի տեղում կառուցվեցին երկու կամարակապ բեդեստաններ, որոնք հանրահայտ Մեծ շուկայի կառուցման սկիզբը դրեցին (այսօր դրանք հայտնի են որպես Բուկինիստական և Սանդալովյան բեդեստաններ)։ Հետագայում Մեծ բազարը ոչ մեկ անգամ է վերակառուցվել և ընդարձակվել՝ հասնելով Թեոդոսիայի հրապարակին։[33][34]

Մեհմեդ II-ի օրոք հիմք դրվեց նաև Ստամբուլի կրթական համակարգին, որը գոյատևում էր տարբեր բարեգործական հիմնադրամների և մեծահարուստ մուսուլմանների նվիրատվությունների հաշվին։ Այդ համակարգի ամենաստորին օղակում յուրաքանչյուր շրջանում, ավելի հաճախ մզկիթի մոտակայքում տեղակայված տարրական «պատանիների համար դպրոցները» (սիբյաների մեկտեբներ) էին։ Այնտեղ դեռահասներն ուսանում էին բանաստեղծություններ Ղուրանից, սովորում էին արաբական գիրը, ընթերցանությունը և տարրական թվաբանություն։ Քիչ ավելի բարձր էր ուսուցման մակարդակը մեդրեսեներին կից տարրական դպրոցներում և դերվիշների հավաքատեղիներում։ Փաստորեն, տարրական կրթություն Ստամբուլում կարող էին ստանալ առանց բացառության բոլոր երեխաները։ Կրթության հաջորդ աստիճանը մեդրեսեներն էին, որոնք սովորաբար տեղակայված էին խոշոր ուրբաթօրյա մզկիթներին կից (օրինակ՝ Ֆատիհի մզկիթին կից)։ Մեդրեսեում բնակվող աշակերտները ազատված էին բոլոր վճարներից, բայց այցելող ուսանողները ստիպված էին վճարել ուսման և սննդի համար։ Լավագույն մեդրեսեների շրջանավարտները կարող էին հավակնել ուլեմների, դատավորների, մուդարիսների կոչումների և սուլթանական պալատներում պաշտոնների, սովորական մեդրեսենների շրջանավարտները՝ շարքային իմամի կամ խատիբի կարիերայի։ «Անհավատները» նույնպես ունեին իրենց տարրական կրթության համակարգը, որն ավարտելով ցանկացողները կարող էին շարունակել ուսումը ճեմարանում կամ եշիվայում։[35][36] Մեհմեդ II-ի կառավարման տարիներին Ստամբուլում հայտնվեցին 190 մզկիթներ (այդ թվում 17-ը քրիստոնեական վերափոխված եկեղեցիներ), 24 մեկտեբ և մեդրեսե, 32 համմամ և 12 շուկա։[37]

Սուրբ Սոֆիայի տաճար
Սուրբ Իրինայի տաճար
Եդիկուլե
Մեծ շուկա

15-րդ դարի 70-ականների վերջերին Ստամբուլում և Գալաթայում հաշվվում էին մոտավորապես 80 հազ. բնակիչ (ժամանակի ձեռագիրը վկայում է համարյա 9,5 հազ. մուսուլմանների և ավելի քան 6,3 հազ. «անհավատների» ծխերի մասին, որոնցից համարյա 650 հազարը պատկանում էին հրեաներին)։ Մարմարա ծովի ասիական ափին գտնվող հինավուրց Քաղկեդոնը թուրքերն սկսեցին անվանել Կադիկյեյ, ինչը թարգմանաբար նշանակում է «դատավորի գյուղ»։ Մեհմեդ II-ի հրամանով այդ բնակավայրի բոլոր եկամուտները անցնում էին Ստամբուլի առաջին դատավորի (կադիի)՝ Խդր-Բեյի տիրապետության տակ։ 1481 թվականին գարնանը, Մեհմեդ II-ի մահից հետո (վարկածներից մեկի համաձայն նրան թունավորեց ազգությամբ պարսիկ բժիշկը իր որդի արքայազն Բայազետի հրամանով) գահի համար պայքար սկսվեց սուլթանի որդիների միջև։ Ավագը՝ Բայազետը, Ամասիայի տեղապահն էր, իսկ կրտսերը՝ Ջեմը, Կոնիայի տեղապահը։ Մեծն վեզիր Կարամանի Մեհմեդ փաշան, սպասելով երկու թագաժառանգների ժամանմանը Ստամբուլ, շուտով սպանվեց Բայազետի կողմնակից ենիչերիների կողմից։ Արդյունքում Բայազետը առաջինը ժամանեց Ստամբուլ և իրեն նոր սուլթան հռչակեց, իսկ 1481 թվականի ամռանը ջախջախեց Ջեմի զորքերը (բացի այդ, Բայազետի հրամանով սպանվեցին Ջեմի երկու որդիները, իսկ ավելի ուշ՝ նաև սուլթանի երեք որդիները, ովքեր ապստամբություն բարձրացրին նրա դեմ)։[38][39][6]

Բայազիդ II-ի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայազիդի մզկիթը

15-րդ դարի վերջերին Իսպանիայից և Պորտուգալիայից հրեական փախստականների (սեֆարդների) մեծ ալիք բնակություն հաստատեց Ստամբուլում։ Բայազիդ II-ը, իմանալով հրեաների Պիրենեյան թերակղզուց արտաքսման մասին, բացականչեց,- «Ֆերդինանդ Իսպանացին հիմար թագավոր է։ Նա աղքատացրեց իր երկիրը և հարստացրեց մերը»։ Կրթված սեֆարդները կայսրության համար օգտակար եղան, որտեղ բարձր դասին պատկանողները գերադասում էին զինվորական գործունեությունը, իսկ ստորիններն զբաղվում էին հողագործությամբ։ Հայերի և հույների կողքին հրեաները կազմեցին առևտրական դասի հենարանը, նրանք զբաղվում էին արհեստներով և բժշկությամբ, ոմանք էլ համալրեցին պալատ խորհրդատուների, դիվանագետների և բժիշկների շարքերը։ Հենց այդ շրջանում հրեաները մայրաքաղաքում հիմնեցին տպարան՝ երկրում առաջին տպագրական հաստոցով։ Բացի այդ Ստամբուլում հաստատվեցին նաև Իսպանիայից արտաքսված մավրերի մի մասը, ում սուլթանը հանձնեց Գալաթայի մզկիթներից մեկը (այժմ հայտնի է որպես Արաբական մզկիթ)։ Բայազիդ II-ի կարգադրությամբ Ստամբուլում վերաբնակեցվեց նաև վալահների մի խումբ, որոնք կազմավորեցին իրենց փոքր թաղամասը Սիլիվրի դարպասների մոտակայքում։ 15-րդ դարի վերջում օսմանյան մայրաքաղաքի բնակչությունը գերազանցում էր 200 000 մարդը։[40][41][42][43][44][45][46]

16-րդ դարի սկզբում Ստամբուլում համառ պայքար ծավալվեց «ռոմանական» հրեաների («ռոմանիոտների») և նորեկ սեֆարդների միջև մեծ ռավինի կոչմանը տիրանալու համար, որը ողջ հրեական համայնքի վրա իշխելու հնարավորություն էր ընձեռում։ Առավել մեծաքանակ և կիրթ սաֆարդները հաղթող դուրս եկան, իսկ «ռոմանիոտներին» անհաջողությունների շարք էր սպասվում, այդ թվում երկու մեծ հրդեհ, որոնք ոչնչացրին նրանց թաղամասերը սինագոգերի և առևտրային ձեռնարկությունների հետ միասին (դրանից հետո հնագույն համայնքը ցրվեց և արդյունքում ձուլվեց օսմանյան մայրաքաղաքի մյուս հրեական համայնքների հետ)։ Բացի ներգաղթից Ստամբուլի բնակչության կազմի վրա մեծ ազդեցություն ունեցավ դևշիրմեի (մանկահավաքության) համակարգը, որը 16-րդ դարում կառավարման համակարգին մատակարարում էր այնտեղ գործող «սուլթանի ստրուկների» (կուլ) մոտ մեկ երրորդ մասը։ Դևշիրմեով բերված պատանիներից էին ծագում օսմանյան վեզիրների մեծ մասը, աստիճանավորներ, զինվորականներ (հատկապես ենիչերիներ), աստվածաբաններ և պալատական ծառաներ (17-րդ դարում դևշիրմեն աստճանաբար թուլացավ և դադարեց «թարմ արյուն» մատակարարողի դեր խաղալ)։[47][48]

15-16-րդ դարերի սահմանագծին հայտնվեց օսմանյան մշակույթի համար մզկիթների նոր տեսակ, որոնց համար օրինակ էր ծառայում բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այդ տաճարի ճարտարապետությունն անջնջելի տպավորություն թողեց զավթողների վրա և իր ազդեցությունն ունեցավ թուրքական շինարարական արվեստի ողջ հետագա զարգացման վրա։ Սամարղանդից Ստամբուլ եկած նկարիչ Բաբա Նաքաշը տեղական մանրանկարչական դպրոցի սկիզբը դրեց։ 1509 թվականի սեպտեմբերին Ստամբուլը տուժեց ուժգին երկրաշարժից։ Զոհվեցին հազարավոր քաղաքացիներ, փլվեցին բազմաթիվ տներ, երկրաշարժը լրջագույն վնասներ հասցրեց հարյուրավոր մզկիթների, քարվան-սարայների, բաղնիքների, Բոսֆորի երկայնքով ձգված ամրություններին և նույնիսկ սուլթանական պալատին։ 1512 թվականի ապրիլին Բայազիդ II-ը ենիչերիների ճնշման տակ հրաժարվեց գահից հօգուտ իր որդի Սելիմ I-ի, իսկ մեկ ամիս անց թունավորվեց նրա իսկ հրամանով։ Բայազիդին հուղարկավորեցին իր անունը կրող մզկիթին կից դամբարանում, որը կառուցվել էր սուլթանի հրամանով 1506 թվականին Մեծ բազարի կողքին (մզկիթի ճարտարապետներ Յակուբ Շահի կամ Քեմալեդինի համար ընդօրինակման առարկան հենց Սոֆիայի տաճարն էր, օգտագործել էին նախկին ուղղափառ եկեղեցու ընդհանուր գծագիրը, գմբեթի չափերն ու ձևերը)։ Բացի այդ, Բայազիդի օրոք Խորա եկեղեցին վերափոխվեց Կահրե («Հաղթանակի մզկիթ») մզկիթի, Սուրբ Հովհան Ստուդիոնինը՝ Իմրախոր մզկիթի, Սուրբ Սերգիի և Վակխի եկեղեցին՝ Քյուչուկ Այա-Սոֆիայի («Փոքր Այա-Սոֆիա»), Սուրբ Անդրեի եկեղեցին՝ Խոջա Մուսթաֆա փաշայի մզկիթի։[49][50][51][52]

Սելիմ I-ի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի խանությունից Ստամբուլ վերադառնալով և նստելով գահին՝ Սելիմ I-ը հրամայեց գլխատել հայրական կողմի բոլոր արական սեռի ազգականներին, ովքեր ապագայում կարող էին իր գահի հավակնորդները դառնալ (իր երկու եղբայրներին, չորս զարմիկներին, մի փոքր անց նաև՝ իր երեք ըմբոստացած որդիներին)։ 1514 թվականին Սելիմը ջախջախեց իրանական Իսմայիլ I-ի բանակը և զավթեց Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզը՝ որպես հաղթանշան Ստամբուլ բերելով շահի սուտակներով, զմրուխտներով և մարգարիտներով զարդարված ոսկե թագը, շահի հարեմն ու բազմաթիվ հմուտ արհեստավորների (հատկապես կավագործների)։ 1516-1517 թվականներին Սելիմ I-ը գրավեց Հիջազը, Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, տիրանալով նաև խալիֆի՝ մուսուլմանների հոգևոր առաջնորդի տիտղոսին ու իրավունքներին (նա գերեվարեց աբբասյան խալիֆայության թագաժառանգին և համաշխարհային իսլամական ալ-Մուտավակիլի համայնքի իմամին, բանտարկեց նրան Եդիկուլեի ամրոցում, որից հետո էլ նրա հրապարակայնորեն հրաժարվեց իր տիտղոսից՝ հօգուտ Սելիմի)։ Դրա արդյունքում արևելյան քրիստոնեության նախկին մայրաքաղաքը վերածվեց իսլամի գլխավոր ամրոցի, սակայն, ի տարբերություն Կահիրեի և Բաղդադի, Ստամբուլն այդպես էլ երբեք չդարձավ մուսուլմանական աստվածաբանության կենտրոն։ Սելիմ I-ի կառավարման տարիներին Ստամբուլում վերաբնակվեցին բազմաթիվ վալախներ, ինչպես նաև արաբ, հրեա և պարսիկ արհեստավորներ, այստեղ ստեղծագործել են ծագումով Պարսկաստանից պատմաբան Իդրիս Բիդլիսին, պոետ Ռևանին և գրող Սաադին։ Ոսկե Հորդի ափերին սուլթանի հրամանով հիմնվեցին իրենց նրբաճաշակ արտադրանքներով (այդ թվում և հախճասալիկներով) ճանաչված մեծ հախճապակու արվեստանոցներ։[53][54][55][45][56]

Պաշտոնապես սուլթանի անունից կայսրությունը ղեկավարում էին երկու բարձրագույն աստիճանավորներ՝ մեծ վեզիրը (վեզիր-ազամ կամ վեզիր-ազեմ, ավելի ուշ՝ սադր-ազեմ) և շեյխ-ուլ-իսլամը (ով և Ստամբուլի մուֆտին էր), ում վստահված էր աշխարհիկ և հոգևոր իշխանության ողջ լիազորությունը։ Սակայն իրական իշխանությունը հաճախ սուլթանի մերձավորների ձեռքում էր՝ նրա մոր, որը փաստացի ղեկավարում էր հարեմը, սիրելի հարճերին (հատկապես նրանց, ովքեր որդիներ էին պարգևում և հանդիսանում էին ապագա սուլթանի պոտենցիալ մայրեր), ներքինիների ղեկավարներին (կզլար-աղասը և կապի-աղա) և ենիչերիների հրամանատարներին (հատկապես ենիչերիների աղան զինվորական հիերարխիայով բարձր դիրքում էր գտնվում մյուս հրամանատարներից՝ կապոտան-փաշայից, սիպահի-աղայից և հրետանազորի հրամանատար թոփչուբաշիից)։ Սուլթանական հարեմն ուներ հստակ հիերարխիկ աստիճան՝ վալիդե սուլթանին և խասեկի սուլթանին հաջորդում էին իկբալը (ժամանակավոր հարճերը), օդալիսկները (սպասուհիները) և ջարիիյեն (ստրկուհիները)։ Ժամանակի ընթացքում մայրաքաղաքում կենտրոնացավ կայսրության հսկայական ռազմադմինիստրատիվ ապարատը՝ մեծ վեզիրը, նրան օգնող «գլխավոր վեզիրները» կուբբե-վեզիրլերին (նրանց քանակը տարբեր դարաշրջաններում տատանվում էր մեկից մինչև տասը) իրենց ենթակա գերատեսչություններով (ֆինանսական, արտաքին քաղաքականության, գավառների կառավարման, բանակի և նավատորմի ղեկավարման), բազմաթիվ շարիաթական դատավորները (կադիներ) և տարբեր վերահսկող աստիճանավորներ, նրանց ծառայություններ մատուցող քարտուղարներ (էմիներ) և գրիչներ (կյատիբներ), էլիտար ռազմական ստորաբաժանումներ, ինչպես նաև արտասահմանյան դեսպանատներ։[57][58]

Կահիրեի մզկիթը
Կյուչուկի Այա-Սոֆիա մզկիթը
Արաբական մզկիթը
Սուլթանի հարեմը

Անմիջապես սուլթանական պալատում կենտրոնացած էր մի քանի հազար մարդ։ Հիերարխիայի ստորին աստիճանին գտնվում էին աջեմիողլանները (պալատական դպրոցի սաներ) և իչողլանները (սուլթանական դրանիկները)։ Այնուհետ հաջորդում էին աղալար ռիկաբները՝ «սուլթանական դասի աղաները» (սուլթանի մերձավորները), որոնց թվին էին պատկանում «գլխավոր ախոռապան» միրխար-ի-էվելը (սուլթանական ձապանների, ձիագնացության ուսուցիչների, թամբագործների և ուղտապանների ղեկավարը), «այգեպանների ղեկավար» բոստանջիբաշին (պալատի և Բոսֆորի ափի պալատական ամառանոցների ներքին անվտանգության ղեկավարը), «գլխավոր դրոշակակիր» միրալեմը (սուլթանին ուղևորությունների ժամանակ ուղեկցող պահակախմբի և երաժիշտների ղեկավարը), «գլխավոր դռնապան» կապիջիլյար-կահասին (պալատական ծառաների և ողջ տնտեսության ղեկավար), որին ենթարկվում էին կապիջիբաշները (միաժամանակ կարևոր և գաղտնի հանձնարարություններ կատարող դռնապանների ղեկավարները), խազնեդարբաշները (սուլթանի անձնական գանձարանի ղեկավարը)։ «Աստիճանավոր աղաներին» ենթարկվում էր հսկայական անձնակազմ՝ պալատի կազմի մեջ մտնող տարբեր տնտեսական և օժանդակ ծառայությունների (խոհանոցներ, բաղնիքներ, պահեստներ, զինանոց, դրամատուն, արխիվ, գրադարան և այլն) կառավարիչներ, գանձապետեր, դպիրներ, մատակարարներ (մթերք, գինի, ձիերի համար կեր մատակարարողներ), որսկաններ, պալատական գվարդիայի զինվորներ, սուլթանի և թագաժառանգների անձնական թիկնապահներ, նրանց վստահելի բուժակներ։ Բուրգի վերևում գտնվում էր ուլեմների՝ պալատական գիտնականների և աստվածաբանների կորպուսը։[59]

Քուբբեաթլիներ

Դիվանի նիստերը անց էին կացվում Թոպկապեեի տարածքում գտնվող Քուբբեաթլիներ («Վեցքմբեթանի») կոչվող կառույցում։ Այդ նիստերին մասնակցում էին մեծ վեզիրը, նիշանջին (կառավարական դիվանատան և գործավարության ղեկավարը), բաշդեֆտերդարը (կայսրության գլխավոր գանձապահը), կապուտան-փաշան, Անատոլիայի և Ռոմելիայի կադիասկյարները կամ բեյլերբեյերը։ Երբեմն նիստերին ներկա էր գտնվում նաև սուլթանը, որը տեղի ունեցող իրադարձություններին հետևում էր կառավարության համար աննկատ ՝ ընդհանուր սրահից վանդակաճաղերով բաժանված ոչ մեծ օթյակից։ Ի սկզբանե դիվանը հավաքվում էր ամեն օր առավոտյան աղոթքից հետո և նիստը շարունակվում էր մինչև կեսօր, սակայն 16-րդ դարի կեսերից սովորական դարձան շաբաթօրյա, կիրակնօրյա, երկուշաբթի և երեքշաբթի օրերին տեղի ունեցող հավաքները։ Նորանշանակ մեծ վեզիրը, ստանձնելով պաշտոնը, սուլթանից ստանում էր կնիքը և նրա անձնական նշանը՝ տուգրան, որը միշտ կրում էր կրծքի վրա, ինչպես նաև պալատ՝ ավելի քան 2 000 աստիճանավորների և ծառաների հետ միասին (պատմությանը հայտնի չեն դեպքեր, որ թեկնածուն հրաժարվի վեզիրի պաշտոնից կամ դիմած լինի պաշտոնից հրաժարական տալու խնդրանքով)։ Մեծ վեզիրի դիվանատան և պալատի կարողությունը գոյանում էր իր իսկ անձնական միջոցներից, սակայն հետո փոխհատուցվում էր պետական գանձարանից, ինչպես նաև պաշտոններ ստանձնած անձանց (ջազիեների) նվիրատվություններիվ, խնդրառուների նվերներից և վեզիրի անձնական գանձարան եկող Կիպրոսից ստացված եկամուտներից։ Սակայն, նրա մահից կամ պաշտոնանկությունից հետո մեծ վեզիրի ամբողջ կարողությունը անցնում էր կայսերական գանձարանին։[60][61]

Սուլթանի կառավարությունը մեծ տեղ էր հատկացնում մայրաքաղաքի կառավարմանը։ Սովորաբար դիվանի մեծ վեզիրի ղեկավարությամբ չորեքշաբթի օրերին տեղի ունեցող նիստերը նվիրվում էին Ստամբուլի խնդիրների քննարկումներին (փաստացի մեծն վեզիրը գլխավորում էր ինչպես կայսերական, այնպես էլ մայրաքաղաքային ադմինիստրացիան)։ Այդ նիստերից հետո մեծն վեզիրի մեծաշուք շքախումբը, որի մեջ մտնում էին սուփաշաներն ու ասեսփաշաները (ոստիկանության սպաները), սուլթանական պալատի ու կառավարության չավուշները (դռնապաններ), Ստամբուլի, Էյուպի, Գալաթայի և Սկյութարի կադիները, նրանց տեղակալներն ու քարտուղարները, ենիչերիների աղան, համքարությունների ղեկավարներն ու քաղաքային ադմինիստրացիայի աստիճանավորները շուկաներում և սպանդանոցներում անց էր կացնում գների տեսչական ստուգումներ, ինչպես նաև այցելում էին Ունկապանի թաղամասի համքարությունների կառավարչատներ։ Հաճախ Ստամբուլի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարումը հանձնարարվում էր կամայկապին, որը նշանակվում էր մեծն վեզիրի կողմից և դառնում էր նրա տեղակալը (նա էլ վարում էր մայրաքաղաքի բոլոր գործերը վեզիրի բացակայության ժամանակ, նրա ռազմական արշավների կամ սուլթանին ուղևորությունների ժամանակ ուղեկցելիս)։ Դատավարության բոլոր հարցերը գտնվում էին կադիների վերահսկողության տակ, որոնցից գլխավորը Ստամբուլի կադին էր։ Բացի այդ, կադիներին ենթարկվում էին մուհտեսիբները՝ աստիճանավորներ, ովքեր իրականացնում էին շուկաների, առևտրական և արհեստագործական համքարությունների գործունեությունների ստուգումները, ինչպես նաև նահիբները, ովքեր ղեկավարում էին Էյուպի, Գակլաթայի և Սկյութարի ավելի փոքր թաղամասերը (նախիյեները)։ Զինվորական դատավորները ենթարկվում էին գլխավոր կադիասքյարին և հետևում էին բանակում և նավատորմում կարգ ու կանոնին (բացի այդ, կադիասքյարները նշանակում էին իրենց տարածքներում բոլոր ստորադաս դատավորներին, նրանց իրավասությունից դուրս էր միայն մայրաքաղաքի կադին, ով ենթարկվում էր շեյխ-ուլ-իսլամին)։[62][63]

Շեյխ-ուլ-իսլամը և նրա դիվանատունը ստուգում էին սուլթանի և վեզիրի բոլոր կարգադրությունների համապատասխանությունը շարիաթի օրենքներին։ Կադիները և նրանց տեղակալները լուծում էին քաղաքում առաջացած բոլոր վեճերն ու տարաձայնությունները, ամուսնություններն էին գրանցում, ազատում էին ստրուկներին, համքարություններին ու տեղաբնակներին իրազեկում էին նոր օրենքների ու հրամանների մասին, հետևում էին դրանց կատարմանը, արհեստավորների ու վաճառականների գանգատները հասցնում էին կառավարությանը, վերահսկում էին հարկերի չափն ու հավաքագրումը։ Ստամբուլի ոստիկանապետը (շեհիր-էմինին) կառավարում էր քաղաքի բարեկարգման հարցերը, պատասխանատու էր ցանկացած շինարարության, շինությունների վերակառուցման, ինչպես նաև քաղաքի ջրամատակարարման համար։ Նրան ենթարկվում էր գլխավոր ճարտարապետը (միմարբաշին), առանց որի թույլտվության Ստամբուլում չէր թույլատրվում ոչինչ կառուցել, շինարարությունների համար հարկեր հավաքող ֆինանսական հարցերով ինտենդանտը (բինա-էմինին), ջրահավաք հորերի, ակվեդուկների և շատրվանների վիճակների պատասխանատու ջրամատակարարման հարցերով տեսուչը (սունզարիրին), սեփականության հարցերով տեսուչը (տահիր-սուբաշին կամ՝ չյոպլուկ-սուբաշին)։ Միմարբաշիի ենթակաները հետևում էին շինությունների վիճակին, տուգանում էին տունը վատ վիճակում պահելու համար և վերահսկում էին հին կառույցների քանդումը։ Կար նաև առանձին ծառայություն, որը ենթարկվում էր չյոպլուկ-սուբաշիին, պատասխանատու էր փողոցների մաքրության համար, սակայն նրա աշխատանքի դեմ միշտ ստացվում էին արդարացի հանդիմանություններ։ Արայիջիյանների («հետախուզողների») համքարությունը հավաքում էր փողոցից, շուկաներից և բակերից գոմաղբը, կենցաղային աղբը, սննդամթերքի մնացորդը և կեղտը, առանձնացնում էր օգտակարը, իսկ մնացածը նետում էր ջուրը։[64][65]

Դիվանի նիստ և դեսպանների ընդունում

Կայմակամի ենթակայության տակ էր նաև Ստամբուլի պարենամթերքի մատակարարման պատասխանատու ինտենդանտը (արփա-էմինին)։ Ի սկզբանե նա պատասխանատվություն էր կրում սուլթանական ախոռների վարսակի մատակարարման համար, բայց հետո նրա լիազորություններն ընդարձակվեցին մինչև ցորենի ողջ պաշարի գնումն ու մայրաքաղաք ներկրումը։ Կադիին, մուհտեսիբին ու «շուկայական ոստիկանությունը» (իհթիսաբը) խստորեն հետևում էին, որ ապրանքները վաճառվեն սահմանված գներով, որպեսզի վաճառականները թերակշռումներ չկատարեին, որպեսզի հումքը համքարությունների միջև արդարացիորեն բաշխվի, որպեսզի վճարվեին բոլոր հարկերն ու տուրքերը, որպեսզի քաղաք մաքսանենգ ապրանք մուտք չգործի։ Ժամանակի ընթացքում մուհթեսիբները սկսեցին հարկերի հավաքման վարձատրության մասին իշխանությունների հետ պայմանագրեր կնքել և նրանց շուրջ մեծացավ գործակալների (կոլողլանլարներ) թիվը, որոնք օգնում էին վերահսկել համքարությունների, շուկաների և նավակայանների գործունեությունը։ Նշված կադիներից և ուլեմներից բացի մուսուլմանական կրոնա-իրավական գործունեությամբ զբաղվող անձանց թվին էին պատկանում նաև իմամները (մզկիթների ավագերեցներն ու թաղամասի կամ շրջանի մուսուլմամական համայնքի ղեկավարը), մուդդարիսները (մեդրեսեների ուսուցիչները), հաֆիզները (Ղուրանի ասմունքողները), հատիբները (մարգարեները) և մուեձիները (մզկիթի մուսուլմաններին աղոթքի կոչեր հնչեցնող սպասավորները)։ Մզկիթների սպասավորների մեծ մասը (բացառությամբ գլխավորների) աշխարհական էին և ծիսակատարություններին մասնակցելուց հետո ազատ ժամանակ զբաղվում էին այլ գործով։ Նրանց հետ սերտորեն համագործակցում էին մյութեվելիները՝ բարեգործական ֆոնդերի (էվկաֆների) ղեկավարները, ովքեր մզկիթների և մեդրեսեների հովանավորներն էին, և նազիրները, որոնք վերահսկում էին գոյացած դրամական միջոցների ծախսումը։ Բացի այդ, Ստամբուլում ժողովրդականություն էին վայելում դերվիշական բեկթաշի և մեվլեվի տարիկատները (եղբայրությունները)։ Առաջինները հիմնվում էին ենիչերիների, արհեստագործական համքարությունների և քաղաքային բնակչության ստորին շերտերի աջակցության վրա, երկրորդները հակված էին պալատական և ունևոր վաճառականների կողմը։ Այս երկուսին հաջորդում էին ավելի փոքրաթիվ միավորումները՝ սիպահեների շրջանում տարածված մելամիները, պոետների շրջանում տարածված նախշբանդիները և խալվաթությունը։ 1520 թվականի սեպտեմբերին Սելիմ I-ը մահացավ հիվանդությունից և գահին նստեց նրա որդի Սուլեյման I-ը (գալով իշխանության, նա մահապատժի ենթարկեց իր զարմիկին և երկու ծոռնակից զարմիկներին)։[66]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Петросян и Юсупов, 1977, էջ 104-107, 281
  2. Роджер Кроули, 2008, էջ 51, 293, 305
  3. 3,0 3,1 Робер Мантран, 2006, էջ 10, 18
  4. Бернард Льюис, 1963, էջ 3-4, 26
  5. Бояр и Флит, 2010, էջ 6
  6. 6,0 6,1 Зейнеп Челик, 1986, էջ 22
  7. Роджер Кроули, 2008, էջ 310-312, 322-323
  8. Петросян и Юсупов, 1977, էջ 124
  9. Робер Мантран, 2006, էջ 29, 73, 350
  10. Роджер Кроули, 2008, էջ 312-313, 334, 337-338
  11. Петросян и Юсупов, 1977, էջ 115, 226
  12. Петросян и Юсупов, 1977, էջ 109-111
  13. Робер Мантран, 2006, էջ 18-19, 67-68, 77, 86, 184
  14. Бернард Льюис, 1963, էջ 27
  15. Бояр и Флит, 2010, էջ 15-16
  16. Джон Фрили, 2011, էջ 13
  17. Элли Коэн, 2007, էջ 16-17
  18. Минна Розен, 2010, էջ 16-17
  19. Фариба Заринебаф, 2010, էջ 18-19
  20. Роджер Кроули, 2008, էջ 322-323
  21. Робер Мантран, 2006, էջ 19, 73
  22. Роджер Кроули, 2008, էջ 330
  23. Петросян и Юсупов, 1977, էջ 108-109, 113-114, 247, 252
  24. Робер Мантран, 2006, էջ 10, 19, 44, 73, 77
  25. Бояр и Флит, 2010, էջ 28
  26. Зейнеп Челик, 1986, էջ 23
  27. Петросян и Юсупов, 1977, էջ 115-116, 279
  28. Робер Мантран, 2006, էջ 56-57
  29. Зейнеп Челик, 1986, էջ 25
  30. Петросян и Юсупов, 1977, էջ 236-237
  31. Петросян и Юсупов, 1977, էջ 132
  32. Робер Мантран, 2006, էջ 92
  33. Петросян и Юсупов, 1977, էջ 121
  34. Зейнеп Челик, 1986, էջ 24-25
  35. Робер Мантран, 2006, էջ 255-261
  36. Бояр и Флит, 2010, էջ 26
  37. Зейнеп Челик, 1986, էջ 24
  38. Петросян и Юсупов, 1977, էջ 212
  39. Робер Мантран, 2006, էջ 92-93, 350
  40. Дубнов С. М., 2003, էջ 466, 478-479
  41. История Средних веков, 1952, էջ 486
  42. Роджер Кроули, 2008, էջ 323
  43. Петросян и Юсупов, 1977, էջ 110, 139
  44. Робер Мантран, 2006, էջ 68, 76
  45. 45,0 45,1 Джон Фрили, 2011, էջ 14
  46. Элли Коэн, 2007, էջ 21-22
  47. Робер Мантран, 2006, էջ 75, 95-96, 353
  48. Элли Коэн, 2007, էջ 24
  49. Роджер Кроули, 2008, էջ 331
  50. Петросян и Юсупов, 1977, էջ 230, 281
  51. Бернард Льюис, 1963, էջ 28
  52. Бояр и Флит, 2010, էջ 35
  53. Петросян и Юсупов, 1977, էջ 108-110, 270
  54. Робер Мантран, 2006, էջ 19, 68, 93, 175, 271
  55. Бернард Льюис, 1963, էջ 30-31
  56. Элли Коэн, 2007, էջ 29-30
  57. Петросян и Юсупов, 1977, էջ 132, 134
  58. Робер Мантран, 2006, էջ 20-21, 107, 109-110, 289-290
  59. Робер Мантран, 2006, էջ 99-100, 106
  60. Робер Мантран, 2006, էջ 101-104
  61. Роберт Оустерхаут, 2007, էջ 13
  62. Петросян и Юсупов, 1977, էջ 138
  63. Робер Мантран, 2006, էջ 21, 101, 108-111
  64. Петросян и Юсупов, 1977, էջ 139
  65. Робер Мантран, 2006, էջ 93, 111-112, 118-120
  66. Робер Мантран, 2006, էջ 121-122, 129-130, 132-134, 356