«Rock with You», ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, որ գրվել է Ռոդ Տեմպերտոնի կողմից, իսկ պրոդյուսերը եղել է Քուինսի Ջոնսը։ Երգը թողարկվել է 1979 թվականի նոյեմբերին Epic Records լեյբլում Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը։
Երգի հիման վրա նկարահանվել է 1970-ական թվականների համար բնորոշ սովորական տեսահոլովակ փոքր բյուջեով։ Երգը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթները, իսկ Կանադայում և Նոր Զելանդիայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում «Rock with You» երգն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից։
«Rock with You» երգը գրվել է Ռոդ Տեմպերտոնի (անգլ.՝ Rod Temperton) կողմից։ Երգի դեմոտարբերակը, որ պարունակում էր միայն գործիքավորման չմշակված տարբերակը, նա ուղարկել է Կարեն Կարպենտերին և առաջարկել է ձայնագրել այն երգչուհու դեբյուտային ալբոմի համար (որ հետագայում այդպես էլ չի թողարկվել)[3]։ Կարեն Կարպենտերը մերժել է՝ պատճառաբանելով, թե «Rock with You» երգը չի համապատասխանում իրեն հնչողությամբ[3]։ Այդ ժամանակ Մայքլ Ջեքսոնին առաջարկվել է ձայնագրել երգը։ Ջեքսոնը հավանել է «Rock with You» երգը, քանի որ այն բավական տարբերվել է իր նախորդ սոլո աշխատանքներից և նրանցից, որոնք ինքը ձայնագրել է The Jacksons խմբի կազմում[1]։ Արդյունքում երգը մշակվել է և ընդգրկվել Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմում։ Երգի տեքստը սիրո մասին է. երաժիշտն իր սիրած աղջկան առաջարկում է պարել իր հետ և «տրվել ռիթմին» (անգլ.՝ «Let the rhythm get into you»)[1]:
Երգի տեսահոլովակը նկարահանվել է հեռուստառեժիսոր Բրյուս Գաուերսի կողմից։ Այն 1970-ական թվականների վերջին բնորոշ գովազդային երաժշտական հոլովակ է, այսպես կոչված «պրոմո»[13]։ Ռեժիսորը հիշում է. «Այն ժամանակ մենք նկարահանեցինք գրոշներով, և այն ամենը, ինչ մենք կարող էին մեզ թույլ տալ, լազերն էր, որ արժեր շուրջ 3 000 դոլար։ Ադ պատճառով էլ երբ դուք դիտում եք այս հոլովակը, դուք տեսնում եք միայն լազերն ու Մայքլ Ջեքսոնին»[13]։
«Rock with You» տեսահոլովակն ընդգրկվել է երգչի տեսահոլովակների հետևյալ հավաքածուներում՝ Number Ones, Michael Jackson’s Vision և Video Greatest Hits — HIStory[14][15][16]:
The A.V. Club պորտալի քննադատ Սթիվեն Հայդենը ասել է, որ «Rock with You» երգն իր ամենասիրելի երգն է ընդհանրապես. «Ոչ լրիվ ցանկն այն ամենի, ինչ ես սիրում եմ դրա մեջ. սկզբի սոլոն հարվածայիններով, կրկներգերի բեք վոկալը, „Girl, when you dance, there’s a magic that must be love“ տողերը, որ ամենամաքուր երջանկության պահն են փոփ երգում, գործիքային հիանալի սոլոն, որ հիշեցնում են դելֆինի ձայներ՝ ձայնագրված վոոդերի միջոցով, այդ երգը սեքսուալ է ու անմեղ միաժամանակ»[17]։ Billboard-ը նույնպես նշել է երգի տեքստի երկիմաստությունն ու այն համեմատել Ջեքսոնի նախորդ սինգլի հետ Off the Wall ալբոմից. «„Rock with You“-ն ավելի դանդաղ ու ֆանկային է, քան „Don’t Stop ’til You Get Enough“-ը, իսկ „Just take it slow/‘cause we got so far to go“ տողում նրա ձայնում լսելի է խռպոտություն»[18]։
«Rock with You» երգն ընդգրկվել է The Jacksons խմբի հետևյալ համերգային շրջագայությունների երգացանկում. Destiny Tour (1979-80 թթ.), Triumph Tour (1981), Victory Tour (1984)[19]: Ջեքսոնն այն կատարել է նաև իր սոլո շրջագայությունների ժամանակ՝ Bad World Tour (1987-89 թթ.) և HIStory World Tour (1996-97 թթ.)[20][21]: Դրանից բացի երգն ընդգրկվել է This Is It համերգային շրջագայության երգացանկում, որ հրապարակվել է 2009 թվականի մարտին, սակայն համերգային շրջագայությունն այդպես էլ չի իրականացել երգչի մահվան պատճառով[22]։