Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը, «Պարտիզանական նվեր» (1959) գիրքը ևն։ «Սաշկա» պոեմում պատկերել է բուլղարահայ պարտիզանուհի Հերմինե Ռազգրադլյանի կյանքի հերոսական վախճանը։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր է (1949)։

ԱՆԴՐԵԵՎ–ԲՈՒՌԼԱԿ (Անդրեև) Վասիլի Նիկոլաևիչ (1843–1888), ռուս դերասան։ Ծնվել է հունվարի 1-ին, Սիմբիրսկում։ Պրոֆեսիոնալ թատրոնում աշխատել է 1868-ից, սկզբում՝ իմպրովիզացիայի հակումով ֆարսային խաղակերպի կատակերգակ, ապա՝ Մ. Շչեպկինի արվեստի հետնորդ։ «Փոքր մարդու» թեման պատկերելիս բնութագրայինը համադրել է խոր հոգեբանականին։ Լավագույն դերերն են՝ Սչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ռասպլյուն (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Իուդուշկա Գոլովլյով (ըստ Սալտիկով–Շչեդրինի «Պարոնայք Գոլովլյովներ»)։ Ա–Բ. վարպետորեն ասմունքել է Ն. Վ. Գոգոլի, Ֆ. Մ. Դոստոևսկու և ուրիշների արձակ ստեղծագործություններից հատվածներ։ Ա–Բ. մոտիկից ճանաչել է Պ. Ադամյանին, վկայել, որ «այդ ոչ բարձրահասակ մարդը վիթխարի տաղանդի տեր է»։ 1887-ին Բաքվում՝ գրական երեկոներին Ա–Բ. օգնական է վերցրել երիտասարդ Հ. Աբելյանին, մասնակից դարձրել իր շրջագայություններին, նրան ճիշտ առոգանություն և գրիմի արվեստ սովորեցրել։ Մահացել է մայիսի 10-ին, Կազանում։


ԱՆԴՐԵՐԿՐԿՈՄ, 1922– 1937-ին Անդրֆեդերացիայի մեջ մտնող սովետական հանրապետությունների միացյալ կուսակցական կազմակերպության ղեկավար օրգանը։ Ստեղծվել է 1922-ի փետր. 18–22-ը, Թիֆլիսում, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների I համագումարում, որին մասնակցում էին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի, Աբխազիայի, Առանձին կովկասյան բանակի և Նախիջևանի կուսակցական կազմակերպությունների պատվիրակները (տես Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումար)։ Համագումարում ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի փոխարեն ստեղծվեց ՌԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային կոմիտե (Անդրերկրկոմ), որի կազմում ընտրվեցին Գ. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը, Ա. Մյասնիկյանը, Մ. Օրախելաշվիլին, Ս. Լուկաշինը (Սրապիոնյան), Ն. Նարիմանովը, Պ. Մդիվանին, Մ. Պլեշակովը, Ս. Յակուբովը։ Անդրերկրկոմի առաջին քարտուղար ընտրվեց Մ. Օրախելաշվիլին, կարճ ժամանակից հետո՝ Ա. Մյասնիկյանը։ Ա–ի գոյության 15 տարիների ընթացքում տեղի է ունեցել Անդրկովկասյան երկրային կուսկազմակերպությունների 7 համագումար. II-ը՝ 1923-ի մարտի 19–23-ը, III-ը՝ 1924-ի մայիսի 13–15-ը, IV-ը՝ 1925-ի դեկտ. 5–9-ը, V–ը՝ 1927-ի նոյեմբ. 21–25-ը, VI-ը' 1930-ի հունիսի 5–12-ը, VII-ը՝ 1934-ի հունվ. 15–18-ը։ Տարբեր ժամանակներ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի նախագահության անդամներ են ընտրվել Մ. Ցխակայան, Շ. Էլիավան, Ս. Համբարձումյանը, Ֆ. Մախարաձեն, Գ. Մուսաբեկովը, Ռ. Ախունդովը, Ն. Գիկալոն, Ա. Կարաևը, Ս. Տեր–Գաբրիելյանը, Ա. Խանջյանը, Ա. Յակովլևը, Դ. Բունիաթզադեն, Լ. Քարթվելիշվիլին, Ս. Կասյանը, Հ. Նազարեթյանը և ուրիշներ։ Ա. 1937-ի ապրիլի 23-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի է ենթարկվել՝ Անդրֆեդերացիայի վերացման կապակցությամբ։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կուսկազմակերպությունների Կենտկոմները ուղղակիորեն ենթակա դարձան ՀամԿ(բ)Կ Կենտկոմին։

Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967։ Очерки истории коммунистический организаций Закавказья, ч. 2, 1921-1937 гг., Ա․ Լյուլիկյան


ԱՆԴՐԻԱՍՅԱՆ Նապոլեոն Վասիլի (1897– 1973), սովետական պետական կուսակցական աշխատող։ Ծնվել է հունվարի 10(23)–ին, Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Բոլնիս–Խաչեն գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին։ 1920-ի դեկտեմբերից մինչև 1921-ի մայիսը եղել է Հայկոմկուսի ԿԿ–ի լիազորը Դարալագյազում, ապա՝ Երևանի հեղկոմի նախագահը։ Այնուհետև կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Դոնբասում և Մոսկվայում։ 1946–49-ին աշխատել է որպես ՍՍՀՄ սննդհամի արդյունաբերության մինիստրի տեղակալ։ Ընտրվել է ՀամԿ(բ)Կ XIV և XVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է նոյեմբ. 12-ին, Մոսկվայում։


ԱՆԴՐԻԱՍՅԱՆ Ռոբերտ Քրիստափորի (1913–1971), հայ սովետ, դաշնակահար, մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961)։ Ծնվել է օգոստ. 25 (սեպտ. 7)–ին, Թիֆլիսում։ 1935-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ Համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ մի շարք քաղաքներում։ 1938–71-ին եղել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրի մասնագիտական դասարանի դասատու (պրոֆեսոր՝ 1964-ից), զգալիորեն նպաստել դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։ Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Երկու էտյուդ», «Էտյուդ–պար» (1955), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958), «Նաիրի» պոեմ (1965), կատարել Սայաթ–Նովայի, Կոմիտասի, Ռ. Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար։ Մահացել է օգոստ. 20-ին, Երևանում։


ԱՆԴՐԻԱՍՈՎ Միխայիլ Անդրեևիչ (Անդրեասյան Միքայել Անդրանիկի, ծն. 1914), հայազգի ռուսական գրող, ակնարկագիր։ Ծնվել է օգոստ. 1-ին, Միլերովոյում (Ռոստովի մարզ)։ Տպագրել է ակնարկների և պատմվածքների ժողովածուներ («Իշխող բարձունք», 1953, «Լեգենդ ոսկե ձիու մասին», 1961 ևն), նկարագրել Դոնի Ռոստովի ազատագրման համար մղված մարտերը։ «Վեց օր» (1947) վիպակում պատկերել է Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյանի գլխավորած հրաձգային հատուկ գումարտակի սխրագործությունները։ Լրագրային երեսնամյա գործունեության արդյունքն ամփոփել է «Զինվորի որդին» (1965) ժողովածուում։ Գրել է նաև «Զանգեզուրի որդին» (1943) մանկական գիրքը, ակնարկներ Մ. Ա. Շոլոխովի մասին («Շոլոխովյան հողում», 1964, «Խաղաղ Դոնի որդին», 1969)։


ԱՆԴՐԻԼԻԱԿԱՆ ԱԼԱՏԱՈՒ, լեռնաշղթա Տյան–Շանի համակարգում։ Երկարությունը մոտ 350 կմ է, բարձրությունը՝ մինչև 4951 մ (Տալգար պիկ)։ Կազմված է գրանիտներից, թերթաքարերից, կրաքարերից և կոնգլոմերատներից։ Բարձր գագաթները ծածկված են հավերժական ձյունով։ Նախալեռներում չոր տափաստաններ են, որոնք դեպի վեր փոխարինվում են թփուտա–տափաստանային բուսականությամբ, անտառներով (խնձորենի, տյանշանյան եղևնի ևն) և մարգագետիններով։ Ա. ա–ի հս. նախալեռներում է Ալմա–Աթա քաղաքը։


ԱՆԴՐԻՉ (Andriħ) Իվո (ծն. 1892), սերբ գրող։ Ծնվել է հոկտեմբերի 10-ին։ 1920–1930-ական թթ. գրած նովելներում նկարագրել է ազգային և սոցիալական հակասություններից տառապող մարդու ներքնաշխարհը։ Լավագույն գործերը՝ «Կամուրջ Դրինայի վրա» (1945), «Տրավնիկյան խրոնիկա» (1945) պատմական վեպերն են, ուր պատկերել է Բոսնիայի անցյալը։ Գրել է նաև գրաքննադատական աշխատություններ։ Նոբելյան մրցանակի (1961) դափնեկիր է։


ԱՆԴՐԿԱՐՊԱՏՅԱՆ ՄԱՐԶ, գտնվում է Ուկրաինական ՍՍՀ հարավ–արևմուտքում։ Կազմվել է 1946-ի հունվ. 22-ին։ Տարածությունը 12,8 հզ. կմ² է։ Բաժանվում է 11 շրջանի, ունի 9 քաղաք, 14 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Ուժգորոդ։

Բնությունը։ Ա. մ. ընդգրկում է Արևելյան Կարպատների նախալեռները և Միջին Դանուբյան դաշտավայրի հս–արլ. մասը։ Տերիտորիայի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք ձգվում են հս–արմ–ից հվ–արլ. և ունեն 1300–2000 մ բարձրություն։ Ամենաբարձր գագաթը Գովեռլան է (2061 մ)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրերում –2°C–ից –4°C է, լեռներում՝–5°C–ից –9°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20°C–ից 16°C։ Տարեկան տեղումները՝ 600–1600 մմ։ Վեգետացիոն շրջանը հարթավայրերում 234 օր է, լեռներում՝ 90։ Խոշոր գետը Տիսան է՝ Տերեսվա, Տերեբլյա, Ռիկա, Բորժավա և այլ վտակներով։ Հարթավայրային մասերում տարածված են ճմակավային, ճմամարգագետնային, ճմապոդզոլային, լեռներում՝ գորշ անտառային ե լեռնամարգագետնային հողերը։ Տերիտորիայի 46,5% անտառածածկ է։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, եղևնին։ Օգտակար հանածոներից կան քարաղ, կաոլինային կավեր, գորշ ածուխ, երկաթ, մարմար ևն։ Հարուստ է հանքային բուժիչ ջրերով։

Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 1087 հզ. մարդ (1972), հիմնականում ուկրաինացիներ, ինչպես նաև ռուսներ., հունգարացիներ, ռումինացիներ։ Միջին խտությունը 1 կմ վրա՝ 84,9 մարդ։ Քաղաքային բնակչությունը՝ 34%: Գլխավոր քաղաքներն են Ուժգորոդը, Մուկաչևոն, Բերեգովոն, Վինոգրադովը, Չոպը։