ԱՐՏՈՒՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սասունի Խուլփ գավառակում։ 1914-ին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Ավերվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԱՐՑԱԽ, Արձախ, Փոքր Սյունիք, Մեծ Հայքի տասներորդ նահանգը։ Անունը «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» ձևերով հիշատակված է ուրարտ․ արձանագրություններում։ Հույն պատմագիր Ստրաբոնը հիշատակում է «Օրխիստինե» ձևով՝ նշելով նահանգի ռազմական հզորությունը՝ «պատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր»։
Ա․ տարածված է Փոքր Կովկասի արլ․ մասում։ Սահմաններն արմ–ից ձգվում էին Սևանա լճի արլ․ ափով, հվ–արմ–ից՝ Աղվանո (Հագարի) գետակով, հվ–ից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք (Մուղանի) դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արմ․ կեսը։ Հյուսիսից և հյուսիս–արևելքից սահմանակից էր Ուտիքին։ Ունի լեռնային արագահոս գետեր ու գետակներ, որոնք թափվում են Կուր և Երասխ գետերը։ Դեպի Կուրի ավազանն են հոսում Տրտուն (Թարթառ) և Խաչենը։ Ա–ով են հոսում, նաև Երասխի վտակներից՝ Քոնդալուն, Կարկառը և Իշխանագետը։ Ա–ի մեծ մասը ծածկված էր անտառներով, որոնք հարուստ էին թանկարժեք ծառատեսակներով։ Այս պատճառով էլ պատմական աղբյուրները հաճախ են հիշում «Մայրաստանիկ Արձախ», «Թանձրախիտ մայրիսն Արցախոյ» ևն։ Հայտնի էին նաև Ա–ի հանքային հարստությունները, որոնցից օգտագործվում էին Սոդքի (Զոդի) ոսկին, Խաչենագետի և Տրտուի հովիտների արծաթի, պղնձի, ծծմբի և այլ հանքերը։ Ա․ ունի նաև հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մեծ հռչակ է վայելում գավառի ջերմուկը՝ Տրտուի վերին ավազանում («Բաղանիք արքունավանք»)։
Հնագույն ժամանակներից սկսած՝ բնակչությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Ա–ում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։
Տրտուի, Խաչենագետի ու Կարկառի հովիտներում պեղված հնագիտական նյութերի հիման վրա գիտնականները եզրակացնում են, որ Ա․ հնագույն ժամանակներից ընդգրկված է եղել Հայկական բարձրավանդակի ընդհանուր քաղաքական ու մշակութային ոլորտների մեջ։ Համենայն դեպս, ուրարտական պետության ծաղկման շրջանից սկսած, Ա–ի ճակատագիրը սերտորեն կապված է եղել Հայաստանի տարածքում կատարվող անցուդարձերի հետ։ Ա․ իր հայ բնակչությամբ և հայազուն նախարարական–կուսակալական հարստությամբ մ․ թ․ ա․ VI դ․ մտել է Հայաստանի պետական կազմավորումների մեջ։ Ա․ ունեցել է 12 գավառ՝ Մյուս Հաբանդ (Սիսական-ի–Կոտակ), Վայկունիք կամ Ծար, Բերդաձոր (Բերձոր), Մեծ Առանք (Մեծիրանք), Մեծ Կվենք (Մեծ Կողմանք), Հարճլանք, Մուխանք, Պրանք, Պարզվանք (Պարսավանք), Քուստ–ի Փառնես (Փառիսոս) և Կողթ։
Ա–ի նախարարական տունը, ըստ ավանդության, սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Նախարարական այս տան նախահայրն է եղել Առանը, որի անունից էլ՝ հարստության «Առանշահիկ» անունը։ Նահանգի իշխանանիստն սկզբնապես եղել է Ծավդք (Զոդ) ավանը, որի անունով նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն։ IV դ․ սկզբին Ա․ հիմնականում հենակետ էր Հյուսիս–արևելյան Հայաստանում և հարևան բուն Աղվանքում քրիստոնեություն տարածելու համար։ Ա–ի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր խաղաց Ա–ի և Ուտիքի, ինչպես նաև Աղվանքի մի շարք գավառների բնակչության քրիստոնեացման գործում։ Նա բուն Աղվանքում քրիստոնեություն քարոզելու ժամանակ էլ նահատակվեց Մազքթաց (Աղվանական) թագավոր Սանեսանի կարգադրությամբ։ Ա․ Արևելյան Հայաստանի Արշակունյաց թագավորության կազմում մնաց մինչև վերջինիս վերացումը։ V դ․ սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Ա–ում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։
V–VI դդ․ Ա․ մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Ա․ և այն պաշտպանեց պարսիկներից։ Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Ա–ի Առանշահիկները V դ․ վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին թագավորություն, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։
Սակայն պարբերական ընդվզումները պարսից տիրապետության դեմ և վերջինիս պատժարշավները հետագայում երկրամասն այնքան էին թուլացրել, որ Ա․ ի վիճակի չեղավ դիմադրելու VII դ․ սկզբին երկիր ներխուժած խազարներին։ VII դ․ կեսից մինչև IX դ․ վերջը Ա․ գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Այս շրջանում Առանշահիկ նախարարական տունը վերելք ապրեց։ IX դ․ առաջին կեսից, ընդհուպ մինչև 853-ը, Առանշահիկների երկու ճյուղերը՝ խաչենցիները՝ Սահլ Սմբատյանի գլխավորությամբ ու դիզակցիները՝ Գտիչի հերոս Եսայի Աբու–Մուսեի ղեկավարությամբ, հերոսաբար դիմադրում էին արաբական զորքերին։ Թեև Ա–ի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները դաժանորեն ճնշվեցին և նրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն IX դ․ վերջում Ա–ի իշխանական տան երկու ճյուղերը վերստին հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում՝ Եսայու թոռ Գագիկի գահակալությամբ, մյուսը՝ Խաչենում՝ Սահլ Սմբատյանի թոռ Համամ-Գրիգոր Բարեպաշտի ղեկավարությամբ։ Վերջինիս տիրապետությունը տարածվում էր Սևանա լճի հվ–արլ․ ափերից մինչև Մուղանի դաշտը, իսկ հս–ում ընդգրկում էր Ուտիքի արմ․ գավառներն ու Կամբեճանը (հետագայում