Ալեքսանտր Մատինեան
Ալեքսանտր Ստեփանեան Մատինեան(ց) | |
---|---|
| |
Ծնած է | 1843 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացած է | 25 Օգոստոս 1909 |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Մոսկուայի Իրաւաբանական Համալսարան |
Մասնագիտութիւն | իրաւագիտութիւն |
Երեխաներ | չէ ունեցած |
Ալեքսանտր Ստեփանեան Մատինեան(ց) (1843, Թիֆլիս - 25 Օգոստոս 1909, Փարիզ), հայազգի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ[1][2]։
Ալեքսանտր Մատինեանի պատանեկութեան տարիներէն քիչ տեղեկութիւններ յայտնի են: Ծնած է թիֆլիսցի Ստեփանի ընտանիքին մէջ։ Յաճախած է Թիֆլիսի առաջին դպրոց: Զայն աւարտելէ ետք՝ 1862-ին, ընդունուած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժանմունք: 1866-ին համալսարանը աւարտելէ ետք, մէկ տարի Մոսկուայի շրջանային դատախազի մօտ անցած է գործնական փորձաշրջան: 1867-ի վերջաւորութեան գործուղուած է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի եւ Շորափանի գաւառային գործերը կարգաւորելու առաջադրանքով[1]:
1868-ին ներդրուած դատական բարեփոխումէն ետք Մատինեան նշանակուած է Թիֆլիսի երկրորդ քաղաքամասի հաշտարար դատաւորի օգնական, ուր երկու տարի աշխատած է որպէս դատաքննիչ[1][3]։
Քաղաքական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1874-ի վերջաւորութեան ընտրուած է Թիֆլիսի քաղաքային խորհուրդի պատգամաւոր եւ պաշտօնավարած է մինչեւ 1897, շուրջ 22 տարի[4][5]։ 20 Դեկտեմբեր 1876-ին ընտրուած է քաղաքային վարչութեան անդամ: 1879-ի Ապրիլին, ռուս-վրացական միասնական սուր ընդդիմութեան պայմաններուն մէջ ընտրուած է քաղաքագլուխ: Ընտրութիւնը տեղի ունեցած է լարուած պայմաններու մէջ։ Քաղաքագլուխ Տմիթրի Ղիփիանիի հրաժարականէն ետք նշանակուած առաջին ընտրութիւնը չէ կայացած: Երկրորդին ձայներու մեծամասնութեամբ ընտրուած է Անտոն Ղորղանեանը, սակայն վերջինս հրաժարած է պաշտօնը ստանձնելէ: Միայն երրորդ անգամ տեղի ունեցած ընտրութիւններուն ձայներու մեծամասնութիւնը ստացած է Ալեքսանտր Մատինեանը[1][6][7][8]։
Թիֆլիսի քաղաքագլուխներու պատմութեան մէջ Ալեքսանտրը այն եզակի անձն է, որ չորս անգամ անընդմէջ ընտրուած է նոյն պաշտօնին[9]: Առաջին անգամ քաղաքագլուխ ընտրուած է 11 Մարտ 1879-ին՝ 31 կողմ, 23 դէմ ձայներով: Երկրորդ անգամ ընտրուած է 23 Յունուար 1883-ին՝ 47 կողմ, 2 դէմ ձայներով: Երրորդ անգամ քաղաքագլուխի պաշտօնը ստանձնած է 4 Յունուար 1887-ին՝ ընտրութիւններուն ընթացքին ունենալով 55 կողմ, 9 դէմ ձայն: Չորրորդ անգամ ընտրուած է 13 Յունուար 1891-ին:[10] Վերջին քառամեակին Ալեքսանտր Մատինեան ամբողջութեամբ չէ պաշտօնավարած. 1 Մարտ 1891-ին իր հրաժարականը ներկայացուցած է Թիֆլիսի նահանգապետին[11][12]։ Հրաժարականի պատճառներուն մասին ժամանակի մամուլը նշած է, որ Ալեքսանտր Մատինեան յոգնած էր ռուս-վրացական ընդդիմութենէն, որ բացի անիմաստ քննադատելէ, ոչ մէկ հարց կը լուծէր: Ի դէպ, 1900-ականներու սկիզբը քաղաքագլուխի ընտրութիւններու ժամանակ Ալեքսանդր Մատինեանի կրկին առաջադրած էին, սակայն ան կտրականապէս հրաժարած էր մասնակցութենէն[1][13]։
Անոր ղեկավարման տարիներուն Թիֆլիսի մէջ կը կատարուին բազմաթիւ կարեւոր աշխատանքներ, ինչպէս՝ ջրամուղի, կամուրջներու (ինչպէս նախկին Վերիսկու, ներկայիս Գալակտիոն Տաբիձէ), սպանդանոցի, ձիաքարշի, հեռախօսի, քաղաքային տան կառուցում[1][14]:
Ալեքսանտր Մատինեանի պաշտօնավարման 12 տարիներու ընթացքին քաղաքի պիւտճէէն կրթութեան մարզին տրամադրուող գումարը զերօյէն հասած էր 375%-ի (1878-ի ոչինչի դիմաց՝ 1890-ին յատկացուած էր 48000 ռուբլի), առողջապահութեան յատկացուած էր 51%, իսկ քաղաքային ինքնակառավարման անձնակազմի ծախսերուն՝ միայն 7%[1][13]։
Առողջապահութեան մարզին մէջ կարեւոր էին Ալեքսանտր Մատինեանի նախաձեռնութեամբ եւ աջակցութեամբ Հաւլաբար եւ Խարփուխ թաղամասերուն մէջ կառուցուած երկու հիւանդանոցները[1][13]։
Ալեքսանտր Մատինեանի գործուն նախաձեռնութեամբ եւ որոշումով կառուցուած է Երեւանի հրապարակին վրայ (ներկայիս Ազատութեան հրապարակ) գտնուող «Քաղաքային տունը», որ այժմ կը հանդիսանայ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի քաղաքապետարանի շէնք: Անիկա քաղաքագլուխի յանձնարարականով նախագծուեցաւ 1880-ին[1][13]:
Ալեքսանտր Մատինեանի պաշտօնավարման տարիներուն Թիֆլիսը համալրուած է բազմաթիւ հասարակական, կրթական, արդիւնաբերական եւ տնտեսական նշանակութիւն ունեցող հաստատութիւններով: Անոնցմէ են՝ 2 Յունիս 1882-ին Ալեքսանտր Երկրորդի յիշատակին բացուած մանկատունը[15], 25 Փետրուար 1883-ին գործարկուած ձիաքարշ երթուղիի առաջին հատուածը[15], 1 Մայիս 1886-ին բացուած երկրորդ այգեգործական դպրոցը[16], 1887-ի Օգոստոսին շահագործման յանձնուած քաղաքային ջրմուղի ցանցը[17], 17 Ապրիլ 1888-ին Նավթլուղ թաղամասին մէջ բացուած մանկատունը[17], 29 Մայիս 1888-ին դատապարտուած ծնողներ ունեցող երեխաներու համար բացուած մանկատունը[17], 1889-ին բացուած կատաղած կենդանիներու դէմ կանխարգելիչ պատուաստումներու կայանը[17], 15 Սեպտեմբեր 1889-ին բացուած գիւղատնտեսական ցուցահանդէսը[18], 15 Հոկտեմբեր 1889-ին բացուած հողաչափական ուսումնարանը[18], 16 Մարտ 1890-ին բացուած պետական ազնուականական հողային դրամատունը[18], 3 Ապրիլ1890-ին բացուած որսորդական ցուցահանդէսը[1][18] եւ այլն:
Ժամանակի մամուլի հրապարակումներուն համաձայն, 1892-ին Թիֆլիսի մէջ տարածուած համաճարակը արագօրէն յաղթահարելու հարցին մէջ մեծապէս նպաստած է Ալեքսանտր Մատինեանի՝ նախորդ տարիներուն կատարած լայնածաւալ աշխատանքը[1][13]:
Պաշտօնէն հրաժարելէ ետք Ալեքսանտր Մատինեանը աշխատանքի կ'անցնի ձկնարդիւնաբերութեան եւ նաւթարդիւնաբերութեան ոլորտին մէջ։ Իր կեանքի վերջին 9 տարիներուն ան չէ զբաղած քաղաքական գործերով, սակայն մշտապէս հետեւած եւ երբեմն ալ խորհուրդներ տուած է քաղաքական ու հասարակական որոշակի խնդիրներու լուծման համար[1]:
1889-ին Ալեքսանտր Մատինեանը պարգեւատրուած է Վլատիմիրի 3-րդ կարգի շքանշանով, իսկ իշխան Տոնտակով-Կորսակովը քաղաքագլուխին շնորհակալագիր փոխանցած է[1][13]:
Մահ եւ յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանտր Մատինեանը մահացած է 66 տարեկանին՝ 25 Օգոստոս 1909-ին Փարիզ: Զաւակ չէ ունեցած[19]: Աճիւնը Փարիզէն փոխադրուած է Թիֆլիս եւ հոգեւոր իշխանութիւններու արտօնութեամբ 27 Սեպտեմբերին ամփոփուած է Թիֆլիսի հայկական վանքին մէջ[1][20][21][22]:
Մահէն ետք Ալեքսանտր Մատինեանի ամբողջ հարստութիւնը՝ աւելի քան 200.000 ռուպլի, վերջինիս կտակին համաձայն փոխանցուած է Թիֆլիսի քաղաքային պիւտճէին[23]:
1914-ի մամուլէն յայտնի դարձած է, որ հանգուցեալի յիշատակը յաւերժացնելու նպատակով, քաղաքային խորհուրդը վճռած էր յատուկ ծառայութիւններու եւ քաղաքին ցուցաբերած յատուկ նուիրատուութեան համար, Ալեքսանտր Մատինեանին նուիրուած յուշարձան կանգնեցնել, այդ նպատակին համար սահմանելով 10.000 ռուպլի ծախս[24]: Նոյն թուականին, երբ Թիֆլիսը կը նշէր քաղաքային ինքնավարութեան քառասուն ամեակը (1874-1914), աւելի ջերմ ու ընդարձակ յիշատակի խօսքը ուղղուած էր Ալեքսանտր Մատինեանին[1][25]:
Ի յիշատակ Ա.Մատինեանի, մօտաւորապէս 1910-ին, Թիֆլիսի Վերա թաղամասի փողոցներէն մէկը կը կոչուի քաղաքագլուխին անունով: 1930-ականներուն անիկա վերանուանուած է Կալանդաձէ, իսկ այժմ կը կոչուի Շանիձվ:
Գերեզմանի ոչնչացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1938 թուականին Վրացական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, ազգութեամբ վրացի Լաւրենտի Պերիայի կարգադրութեամբ կը կազմակերպուի Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը: Վրաստանի ներքին գործոց նախարարի աշխատակիցները սպառնալիքներու միջոցով կը հաւաքագրեն շարք մը հայերու ստորագրութիւններ[26], որոնց հիման վրայ Թիֆլիսի քաղաքային խորհուրդը կ'որոշէ քանդել հայկական առաքելական վանական համալիրը: Այդ որոշման մասին «Խորհրդային Վրաստան» թերթին մէջ տպագրուեցաւ, թէ իբր «Թիֆլիսի խորհուրդի նախագահութունը բաւարարեց Թիֆլիսի աշխատաւոր հայերու միջնորդությունը, որոնք կը խնդրէին քանդել Վանքի եկեղեցւոյ շէնքը: Հողամասը պիտի յատկացուի հայկական լրիւ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[27]: 1938-ին բազմադարեայ հայկական վանական համալիրը կ'ոչնչացուի: Քանդումը տեղի կ'ունենայ գիշերով, որպէսզի քաղաքի հայազգի բնակչութեան շրջանին մէջ ընդվզումներ չըլլան: Կը թալանուին այնտեղ եղած արժէքաւոր պատմական իրերը: Վանքի բակին մէջ գտնուող ականաւոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական հայազգի գործիչներու գերեզմանները, ինչպէս՝ Ալեքսանտր Մատինեանի, նոյնպէս կը թալանուին եւ կ'ոչնչացուին: Ա.Մատինեանի աճիւնի ճակատագիրը այդպէս ալ մնացած է անյայտ[1][26][28][29]:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1889-ին Ալեքսանդր Մատինեանը արժանացած է Սուրբ Վլատիմիրի III աստիճանի շքանշանի:
- Իշխան Ալեքսանտր Տոնտուկով-Կորսակովի կողմէ արժանացած է պետական շնորհակալագիրի:
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թիֆլիսի քաղաքապետներու ցանկ. այստեղ ներկայացուած են Թիֆլիսի քաղաքապետներու (շահապներու, քաղաքագլուխներու) ցուցակը, ըստ պաշտօնավարման թուականներու եւ հակիրճ կենսագրական նկարագրութեամբ:
- Հայերը Թիֆլիսի մէջ. Ալեքսանդր Մատինեանը կը հանդիսանայ Թիֆլիսի հայերու պատմութեան վառ անհատականութիւններէն մէկը:
- Թիֆլիսի պատմութիւն. քաղաքի պատմութիւնը կերտողներէն եղած է նաեւ քաղաքագլուխ Մատինեանը:
- Թիֆլիսի հայոց վանք. Մատինեանի կենսագրականը ուղղակիօրէն կապուած է նշուած վանական համալիրի պատմութեան հետ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երեւան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Archived 2019-02-07 at the Wayback Machine. (ռուս.) Archived 2012-05-18 at the Wayback Machine.
- ↑ «Հովիւ», 1909, N 34, էջ 543:
- ↑ «Տարազ», 1902, N 2, էջ 7:
- ↑ “Известия Тифлисской Городской Думы”, N 8, Тифлис, 1909, ст. 3.(ռուս.)
- ↑ «Մշակ», 1902, N 9:
- ↑ «Մուրճ», 1891, էջ 529:
- ↑ “Новое Обозрение”, 1891, N 2427, ст. 1.(ռուս.)
- ↑ “Словарь Кавказских детелей” (приложение к справочной книге старожила “Кавказ”, N 1), Тифлис, 1890, ст. 50.(ռուս.)
- ↑ «Մշակ», 1891, N 5, էջ 1 (15 հունվարի):
- ↑ “Известия Тифлисской Городской Думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
- ↑ «Նոր-Դար», 1891, N 29, էջ 1:
- ↑ «Մուրճ», 1891, էջ 528:
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 “Тифлисский Листок”, 1909, N 220.(ռուս.)
- ↑ «Հովիւ», 1909, N 34, էջ 542:
- ↑ 15,0 15,1 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 35. Archived 2019-04-07 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 36. Archived 2019-04-07 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 37. Archived 2019-04-07 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 “Кавказский календарь на 1892г.”, Тифлис, 1891, ст. 38. Archived 2019-04-07 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст. 49.(ռուս.)
- ↑ «Հովիւ», 1909, N 36, էջ 562:
- ↑ «Հովիւ», 1909, N 37, էջ 591:
- ↑ «Արարատ», 1909, էջ 784:
- ↑ «Հովիւ», 1909, N 34, էջ 49-50:
- ↑ “Кавказ”, 1914, N 31.(ռուս.)
- ↑ “Кавказское Слово”, 1914, N 71, ст. 2.(ռուս.)
- ↑ 26,0 26,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, եւ հայ մշակույթի հուշարձանները, Երեւան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն:
- ↑ «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր):
- ↑ Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, եւ հայ մշակույթի հուշարձանները, Երեւան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն:
- ↑ «Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-09-ին։ արտագրուած է՝ 2018-01-13
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սամվել Կարապետյան, Թիֆլիսի քաղաքագլուխները, Երեւան 2003: Archived 2019-02-07 at the Wayback Machine.
- Мамулов С.С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005.(ռուս.)
- Сказки старого Тифлиса. Archived 2017-03-23 at the Wayback Machine.(ռուս.)
- Возвращение. Мэры Тифлиса. А.С.Матинов.(ռուս.)
- Тбилисские армяне.(ռուս.)
- “Теплый город”, где когда-то всем было тепло... Газета Новое Время.[permanent dead link](ռուս.)
- Г.Макунц - «Только я глаза закрою – предо мною ты встаешь…».(ռուս.)
- Армянские храмы и захватническая политика Грузинской православной церкви. Глава 7.(ռուս.)
- Փարիզ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Հայ պետական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Թիֆլիսի հայոց վանքի բակին մէջ թաղուածներ
- Թիֆլիսի հայազգի քաղաքապետներ
- Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական բաժանմունքի շրջանաւարտներ
- Հայ բարերարներ
- 25 Օգոստոսի մահեր
- Թիֆլիս ծնածներ
- 1909 մահեր