Էլիա Քազան
Էլիա Քազան անգլերէն՝ Elia Kazan յուն․՝ Ηλίας Καζαντζόγλου | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Elia Kazan |
Ծնած է | 7 Սեպտեմբեր 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 28 Սեպտեմբեր 2003[1][2][3][…] (94 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Յունաստան |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր |
Ուիլիըմզ Գոլէճ Եէյլ Համալսարան Ճուլիարտ Վարժարան New Rochelle High School? |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող, գրագէտ, թատերական ռեժիսոր, շարժապատկերի դերասան, բեմադրիչ, պրոդյուսեր, դերասան |
Աշխատավայր | Նիւ Սքուլ |
Ամուսին | Barbara Loden?, Frances Kazan? եւ Մոլլի Կազան? |
Երեխաներ | Նիկոլաս Կազան? եւ Chris Kazan? |
Ստորագրութիւն |
Էլիա Քազան (անգլերէն՝ Elia Kazan, իսկական անուն մականունը՝ Էլիաս Քազանճիօղլու, յուն․՝ Ηλίας Καζαντζόγλου, թրք.՝ Elia Kazancıoğlu, 7 Սեպտեմբեր 1909[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 28 Սեպտեմբեր 2003[1][2][3][…], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), թատրոնի եւ շարժապատկերի արմատներով յոյն ամերիկացի բեմավար, թատերագիր եւ արտադրող։ Օսքարի եռակի եւ Ոսկեայ Կլոպուս քառակի դափնեկիր։
Կենսագրութիւն Եւ Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլիա Քազանը ծնած է 1909-ին Պոլսոյ մէջ յոյն առեւտրականներու ընտանիքի մէջ։ 1913-ին անոր ընտանիքը տեղափոխուած է Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատած Նիւ Եորքի մէջ, ուր անոր հայրը կը զբաղէր գորգերու վաճառքով։ Մասաչուսէթսի քոլէճներէն մէկը աւարտելէ ետք կ'ընդունուի Եէլսքի համալսարանի թատերական արուեստի բաժանմունքը։
1930 ականներուն արդէն կը սկսի աշխատիլ Նիւ Եորքի թատերախումբերէն մէկուն մէջ, իբրեւ բեմավար։ 1934-էն սկսեալ շուրջ 2 տարի Էլիա Քազան ԱՄՆ-ի համայնավար կուսակցութեան գաղտնի անդամ էր[4]:
Արդէն 1940-ի սկիզբէն Քազան կը համարուէր Նիւ Եորքի ամէնէն յայտնի թատերական բեմավարներէն մէկը։ Ան նաեւ կը խաղար թատրոնի մէջ («Սպիտակ Խալաթներով Մարդիկ», «Լեֆտին Սպասելով», «Ճոնի Ճոնսոն», «Ոսկէ Տղան», «Լիլոիմ» եւ այլն)։ Ստացած է թատրոնի հեղինակաւոր Թոնի մրցանակ։
1940-ականներուն վերջաւորութենէն Քազան կը սկսի նկարահանել նաեւ ֆիլմեր, սկիզբը քանի մը կարճ վաւերագրական ֆիլմեր, ապա նաեւ գեղարուեստական ֆիլմեր։ Անոր արդէն առաջին մեծ աշխատանքներէն մէկը՝ 1947-ին նկարահանուած «Ջենտլմենական Համաձայնութիւն» ֆիլմը մեծ յաջողութիւն կ'ունենայ արժանանալով 3 Օսքարի, որոնց մէջ նաեւ Քազան կը ստանայ իր առաջին Օսքարը լաւագոյն բեմավար անուանակարգին մէջ։ Մէկ Օսքար եւս ան կը ստանայ 1954-ին նկարահանուած «Նաւահանգիստին Մէջ» ֆիլմին համար (ֆիլմը կ'արժանանայ 8 Օսքարի, ինչպէս Օսքար Լաւագոյն Ֆիլմի Համար)։ Միւս նշանաւոր շարժապատկերի աշխատանքներն են «Ցանկութիւն» «տրամվայը», «Դրախտէն Արեւելք»-ը, «Վայրի Գետը», «Տիկնիկ»-ը, «Ամերիկա, Ամերիկա»-ն եւ այլն։ Անոր վերջին աշխատանքը շարժապատկերի մէջ դարձաւ 1976-ին նկարահանուած «Վերջին Մագնատը» թատերգութիւնը՝ հոլիուուտեան շարք մը յայտնի դերասաններու մասնակցութեամբ։
Էլիա Քազան մասամբ վատ համբաւ ձեռք բերաւ 1952-ին՝ յետաքննութեան յատուկ մարմիններու յայտնելով իր համայնավար գաղափարակից ընկերներու մասին տեղեկութիւններ[5]: Յետաքննութեան պատճառով անոր գաղափարակից դերասաններէն 8 հոգի յայտնուեցան, հոլիուուտեան սեւ ցուցակին մէջ եւ անոնց ասպարէզը վերջ գտաւ։ Այդ արարքը շատ շարժապատկերի գործիչներ չներեցին, մասնաւորապէս 1999-ին, երբ անոր կը յանձնուէր պատուաւոր Օսքար շարժապատկերի մէջ ունեցած մեծ աւանդի համար, ներկաներէն մէկ քանին (Նիք Նոլթի, Էտ Հարիս) հրաժարեցան ծափահարել անոր, իսկ ոմանք ալ (Սթիւըն Սփիլպըրկ, Ճիմ Քերրի) կը ծափահարէին նստած տեղէն[6][7]: Իսկ ֆրանսացի դերասան Ժիւլ Տասսենը առարկութեամբ հանդէս եկաւ անոր պատուաւոր Օսքար յանձնելու համար, որ նոյնպէս յայտնուած էր այդ սեւ ցուցակին մէջ։
Էլիա Քազան երեք անգամ ամուսնացած է[5]: Մահացած է 2003-ին Նիւ Եորքի մէջ 94 տարեկանին։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր թիւով 21 ֆիլմի բեմավար է, 8 ֆիլմի արտադրող, 6 ֆիլմի թատերագրութիւններու հեղինակ։ Խաղացած է 6 ֆիլմի մէջ, իբրեւ դերասան։
Ամէնէն նշանաւոր բեմավարական աշխատանքներէն են՝
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր առմամբ Էլիա Քազան ստացած է 33 մրցանակ, ներկայացած է 24-ի եւս, ինչպէս.
Օսքար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]8 անգամ ներկայացած է Օսքար, ստացած 3-ը
- «Ճենտլմենական Համաձայնութիւն» - ստացած է Օսքար Լաւագոյն Բեմավարի Համար
- «Ցանկութիւն» «Թրամվայ» - ներկայացած է լաւագոյն բեմավար անուանակարգին մէջ
- «Նաւահանգիստին Մէջ» - ստացած է լաւագոյն բեմավար անուանակարգին մէջ
- «Դրախտէն Արեւելք» - ներկայացած է լաւագոյն բեմավար անուանակարգին մէջ
- «Ամերիկա, Ամերիկա» - ներկայացած Օսքարի 3 անուանակարգերու՝ Օսքար Լաւագոյն Ինքնատիպ Թատերագրութեան Համար (իբրեւ թատերագիր), Օսքար Լաւագոյն Ֆիլմի Համար (իբրեւ արտադրող) եւ Օսքար Լաւագոյն Բեմավարի Համար (իբրեւ բեմավար)
ստացած է նաեւ 1 պատուաւոր Օսքար.
Ոսկէ Գնդակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]4 անգամ ներկայացած եւ 4 անգամ ստացած է Ոսկէ Գնդակ մրցանակը Ոսկէ Գնդակ Լաւագոյն Բեմավարի Համար անուանակարգի մէջ, որ թերեւս չէ յաջողած ոչ մէկ բեմավարի.
- «Ճենտլմենական Համաձայնութիւն»
- «Ցանկութիւն» Թրամվայ»
- «Նաւահանգիստի Մէջ»
- «Տիկնիկ»
Այլ Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստացած է նաեւ.
- Պերլինի Շարժապատկերի Փառատօնի 2 մրցանակ
- 2 Պոտիլ
- 4 անգամ ներկայացած է Քաննի Շարժապատկերի Փառատոնի տարբեր մրցանակներու, ստացած՝ 1 հատը
- 9 անգամ ներկայացած է ԱՄՆ-ի բեմավարներու գիլդիայի մրցանակի, ստացած է 3-ը
- 7 անգամ ներկայացած է Վենետիկի Շարժապատկերի Փառատօնին մրցանակներ, ստացած է 4-ը եւ այլն։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Jones, David, Richard (1986)։ Great directors at work : Stanislavsky, Brecht, Kazan, Brook։ Berkeley ; London: University of California Press։ ISBN 0-520-04601-3
- Ciment, Michel (1988)։ An American Odyssey։ London: Bloomsbury Publishing Ltd.։ ISBN 0-7475-0241-2
- Schickel, Richard (2005)։ Elia Kazan: A Biography։ New York: HarperCollins Publishers։ ISBN 0-06-019579-7
- Murphy, Brenda (2006)։ Tennessee Williams and Elia Kazan : a collaboration in the theatre։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-03524-4 (pbk)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evensen B. J. Kazan, Elia (07 September 1909–28 September 2003), film director // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803862
- ↑ «Elia Kazan (1909-2003), Elia Kazanjoglous»։ Pegasos։ 2003։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-17-ին։ արտագրուած է՝ 2008 թ․ մայիսի 28
- ↑ 5,0 5,1 Rothstein Mervyn (սեպտեմբերի 28, 2003)։ «Elia Kazan, Influential Director, Dies at 94»։ The New York Times։ արտագրուած է՝ 2009 թ․ հունվարի 28
- ↑ «Elia Kazan receiving an Honorary Oscar®»։ YouTube։ 2008-04-24։ արտագրուած է՝ 2010 թ․ մարտի 7
- ↑ Weinraub Bernard (1999-03-22)։ «Amid Protests, Elia Kazan Receives His Oscar»։ NYTimes.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-01-18-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ մարտի 7
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էլիա Քազանը Internet Broadway Database կայքին վրայ (անգլերէն)
- КиноПоиск կայքին վրայ (ռուս.)
- Էլիա Քազանի լուսանկարներ Archived 2012-04-15 at the Wayback Machine. (ռուս.)
- Էլիա Քազանի մասին