Քերուըտուք
Քերուըտուքը երբեմն հաճելի եւ երբեմն անհաճոյ զգացում-փափաքն է[1], որ կը մղէ մեզ քերելու մեր մարմնին մակերեսը, այսինքն՝ մեր մորթը: Ան բնական երեւոյթ չէ: Ընդհակարակը, ան անբնական երեւոյթ է եւ հակադարձութիւն (response) մըն է որոշ գրգիռի (stimulus) մը կամ հիւանդագին կացութեան մը:
Քերուըտուքը կրնայ ըլլալ ախտանշանը մորթային կամ մարմնական հիւանդութեան մը:
Սկզբնաղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնախօսականօրէն քերուըտուքը ունի երկու սկզբնաղբիւրներ՝
Ծայրամասային սկզբնաղբիւր (peripheral origin)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծայրամասային սկզբնաղբիւրը ունի երկու ենթաբաժանումներ՝
Մորթային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մորթայինը կը ծագի եւ սկիզբ կ'առնէ մորթին մէջ։ Ան կը յառաջանայ մորթին վրայ գոյութիւն ունեցող զանազան գրգռիչ ազդակներէ: Այս ազդակները կրնան ըլլալ՝
- Մեքենական,
- Քիմիական,
- Ջերմային,
- Ելեկտրական,
- Ճառագայթային,
- Կենդանական,
- Բուսական:
Վերոյիշեալ ազդակներու գոյութիւնը կը յառաջացնէ Histamine կոչուած ներազդակի (hormone) արտադրութիւնը մորթին մէջ։ Histamine-ը պատճառ կը դառնայ մորթի խաւերուն մէջ գտնուող քերուըտուքի զգացողութեան-զգալու (sensation, feeling) ջիղերու յետին մազմզուկներու գրգռութեան:
Ջղախտագին (neuropathic)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջղախտայինը կը ծագի մորթէն ուղեղ գացող ջիղերու գրգռութեամբ, որ տեղի կ'ունենայ ջիղի հարուած-վնասումով եւ հիւանդագին կացութեամբ:
Կեդրոնական սկզբնաղբիւր (central origin)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կեդրոնական սկզբնաղբիւրը, իր կարգին, ունի երկու ենթաբաժանումներ՝
Ջղածին (neurogenic)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջղածինը ծնունդ կ'առնէ կեդրոնական ջղային համակարգի (central nervous system) մէջ։ Ան կը յառաջանայ ուղեղային որոշ հիւանդութիւններով, օրինակ՝ ուղեղի քաղցկեղ եւ M.S. հիւանդութեամբ:
Հոգեծին (psychogenic)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոգեծինը կը յառաջանայ որոշ հոգեբանական հիւանդութիւներու հետ:
Նուազում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերուըտուքի զգացումը կը նուազի ընդհանուր մարմնական ցաւի ստեղծումով եւ կամ տեղայնական ցաւ յառաջացնելով: Այս մէկը կ'իրականանայ հետեւեալ միջոցառումներով՝
- Ինքնագրգռում (autosti-mulation), որ կը պատահի մենք զմեզ քերելով եւ շփելով: Զօրաւոր քերուըտուքի պարագային ենթական ստիպողաբար եւ ակամայ կը քերէ-կը շփէ իր մորթը: Այս մէկը կը յառաջացնէ ցաւ, որ կը ծածկէ քերուըտուքի զգացումը:
- Ցաւի գրգիռներու գոյութիւնը, քերուըտուքի վայրը: Այս գրգիռները կրնան ըլլալ՝
- Ջերմային՝ շատ պաղ կամ տաք ջուր եւ կամ օդ.
- Քիմիական հեղուկներ.
- Ելեկտրական հոսանք եւ ջերմութիւն:
Վերոյիշեալ միջոցառումներով յառաջացած ցաւը կը խափանէ քերուըտուքի գգացումը:
Տեսնուած է, որ ընդհանուր ցաւազրկումով քերուըտուքը ամբողջովին կ'անյետանայ:
Դրդապատճառները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերուըտուքի դրդապատճառները շատ են: Անոնցմէ կարելի է յիշել հետեւեալները՝
- Միջավայրային գերզայնութիւն, որ կը յառաջանայ զանազան գրգիռներով՝
- Օդի ջերմաստիճանի փոփոխութիւն՝ տաքութիւն եւ պաղութիւն.
- Օդի խոնաւութեան նուազում եւ բարձրացում.
- Արեւու շող եւ ճառագայթ:
- Կենդանական՝
- Շուներու եւ կատուներու մազեր, լորձունք եւ խայթուածքներ.
- Թռչուններու փետուրներ.
- Միջատներու խայթուածքներ, մասնաւորաբար՝ մժեղի, ճանճի եւ մեղուի.
- Սննդեղէններ՝ կանանչեղէն, պտուղ, հացահատիկներ.
- Ծառերու տերեւներ, խոտ, մացար:
- Կենցաղային՝
- Աւազաններու եւ ծովափի ջուր.
- Օճառ, օծան, անուշահոտ.
- Հագուստ, գուլպայ, ձեռնոց, գլխարկ.
- Կօշիկ, հողաթափ.
- Շատ տաք կամ պաղ ջուրով լոգանք:
Վերոյիշեալ ազդակներու գոյութեամբ մորթը կը գրգռուի եւ տեղի կ'ունենայ զանազան աստիճանի քերուըտուք:
- Մորթային բորբոքումներ եւ հիւանդութիւններ՝
Մորթային հիւանդութիւններուն մեծամասնութիւնը կը յայտնուի քերուըտուքով:
Հիւանդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հետեւեալ մորթային հիւանդութիւնները յատկապէս կը յատկանշուին սուր քերուըտուքով՝
- Ցպկային (bacterial) հիւանդութիւններ՝
- Կարմրագոյն կոկորդաբորբ (scarlet fever).
- Մորթի թարախային ցան (impetigo):
- Սնկային (fungal) հիւանդութիւններ՝
- Մորթասնկութիւն (tinea).
- Ոտքասնկութիւն (athlets foot):
- Ժահրային (viral) հիւանդութիւններ՝
- Ծաղկախտ (small pox).
- Կարմրախտ (measles).
- Գերմանական կարմրախտ (ger-man measles).
- Ջրծաղիկ (chicken pox).
(Այս չորս հիւանդութիւնները ընդհանրապէս մանկական հիւանդութիւններ են)
- Սողնախտ (herpes simplex), որ կը պատահի շրթունքի, բերնի, մորթի, աչքի եւ սեռական արտաքին օրկաններու վրայ.
- Սողնախտագօտի (herpes zos-ter), որ ունի մարմնական եւ ականջային տարբերակներ:
- Մակաբուծային (parasitic) հիւանդութիւններ՝
- Ոջլոտութիւն (pediculosis,lice), որ կը պատահի մարմնի, գլխու եւ ցալքի (pubis) վրայ.
- Քոսութիւն (scabies), որ սուր փոխանցիկ հիւանդութիւն մըն է. անոր ախտապատճառը տիզ (tick) կոչուած մակաբոյծն է: Տիզը կը մխրճուի մորթին մէջ եւ ամբողջ մարմնին մակերեսին վրայ կը յառաջացնէ սաստիկ քերուըտուք եւ կարմիր ցան:
- Մորթային այլ հիւանդութիւններ՝
- Քորախտ (Psoriasis).
- Մոլաքար-եղճատենդ (urticaria).
- Eczema:
- Քրտնաբեր գեղձերու հիւանդութիւններ՝
- Մորթի չորութիւն՝ որ կը պատահի առաւելաբար տարեցներու մօտ եւ ձմեռ եղանակին.
- Գերքրտնութիւն (hyperhyd-rosis).
- Ենթաքրտնութիւն-սակաւաքրտնութիւն (hypohydrosis):
- Մարմնական ընդհանուր հիւանդութիւններ՝
- Աւշագեղձերու ուռուցք (lymphoma),
- Hodgkin's disease, որ աւշագեղձային ուռուցքներու յատուկ մէկ տեսակն է.
- Արեան կարմիր գնթիկներու բազմացում (polycythemia).
- Երիկամի աշխատանքի կայք (uremia).
- Շաքարախտ.
- Խլիրդ.
- Դեղնութիւն եւ լեղապարկի հիւանդութիւններ.
- Մարդկային դիմադրողականութեան անբաւարարութեան ժահր (HIV).
- Ընկալուած դիմադրողականութեան անբաւարութեան ախտանիշ (AIDS).
- Մարմնական ընդհանուր գերզգայնութիւն:
- Դարմանական միջոցառումներ-դեղեր՝
- Դեղերու գործածութիւն, ինչպէս՝ Morphin, Chloroquin եւ դեղերու ներգործութիւն (interaction).
- Քաղցկեղի դեղա-քիմիական դարմանում (chemotherapy).
- Երիկամներու դեղաջրային դարմանում (kidney dialysis):
- Հոգեբանական հիւանդութիւններ: Կարգ մը հոգեբանական հիւանդութիւններ կը յատկանշուին զանազան աստիճանի քերուըտուքով:
- Յղութիւն.
բազմաթիւ յղի կիներ յղութեան վերջին ամիսներուն կ'ունենան զանազան աստիճանի քերուըտուք:
Ախտաճանաչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերուըտուքը ինքնին ախտաճանաչումի չի կարօտիր: Սակայն անոր ախտապատճառները յարկ է որ ախտաճանաչուին, որպէսզի կարելի ըլլայ կասեցնել քերուըտուքը: Այս նպատակին հասնելու համար մորթաբուժը (dermatologist) կը դիմէ զանազան տեսակի միջոցառումներու՝
- Կը լսէ հիւանդին կողմէ հիւանդութեան պատմականը,
- Կ'ուսումնասիրէ հիւանդին մորթի իրավիճակը,
- Կը կատարէ արեան տարրալուծարանային քննութիւններ,
- Պզտիկ կտորիկ մը կը վերցնէ (biopsy) մորթի հիւանդագին բաժինէն եւ կը կատարէ յատուկ ախտաբանական քննութիւն (pathologic exam):
Դարմանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերուտուքի դարմանումը կախեալ է անոր ախտապատճառին ախտաճանաչումէն: Դարմանումը կրնայ ըլլալ շատ դիւրին եւ յաճախ շատ դժուար ու երկարատեւ:
Մորթաբուժը կը դիմէ հետեւեալ դարմանական քայլերուն՝
- Դարմանել հիմնական հիւանդութիւնը, եթէ ախտաճանաչումը կատարուած է,
- Գործածել տեղայնական հակաքերուըտուքի դեղեր եւ միջոցներ՝
- Հակագերզգայնութեան դեղեր (antihistaminics).
- Cortisone եւ անոր տարբերակները.
- Տեղայնական զգայազրկիչներ (local anesthetics).
- Հակագրգիռ դեղեր.
- Հանգստացուցիչ օծաններ, (ointments) ջրցօղներ (sprays).
- Լուսաբուժութիւն (phototherapy).
- Մորթի խոնաւցուցիչներ (moisturizers):
- Զօրակցական միջոցառումներ (supportive measures)՝
- Մորթի մաքրութիւն եւ խնամք՝ Գաղջ ջուրով լոգանք, Կարճ ժամանակամիջոցով լոգանք, Քիչ օճառի գործածութիւն:
- Հանգստաւէտ հագուստներու գործածութիւն.
- Զով եւ գրգիռներէ զերծ միջավայրի ընտրութիւն:
Քերել
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հակառակ որ քերուըտուքի վայրը քերելով կ'ունենանք յաճելի զգացում եւ հանգստութիւն, սակայն՝
- Քերուըտուքը աւելի կը զարգանայ քերելով եւ շփելով: Ուրեմն յանձնարարելի է չքերել կամ չշփել:
- Շատ քերելով կը յառաջանայ մորթային բորբոքումներ եւ նոյնիսկ խոցեր, ուրեմն՝ որպէսզի յաւելեալ մորթի բորբոքումներ եւ խոցեր տեղի չունենան յանձնարարելի է շատ չքերել քերուըտուքի վայրը:
Տե'ս Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ականջ
- Փայծաղ
- Ականջային Արիւնահոսութիւն
- Գլխապտոյտ
- Մանկական Անդամալուծութիւն
- Ողնայարի Կողմնածռութիւն
- Ջղային Անախորժակութիւն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Andersen HH, Elberling J, Arendt-Nielsen L (2015)։ «Human surrogate models of histaminergic and non-histaminergic itch»։ Acta Dermato-Venereologica 95 (7): 771–7։ PMID 26015312։ doi:10.2340/00015555-2146(անգլերէն)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Asbarez» օրաթերթ, Յօդուածներ, դտկ. Կարպիս Հարպոյեան, 9 Սեպտեմբեր, 2011: