Հաշվետվություն/2024-06

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search


Հնվ
Փետ
Մարտ
Ապր
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2024
Հունիս

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Հունիս ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"
Վիքիակումբներ

Վիքիակումբներ, հունիս 2024

Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ գրանցված էր 192 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում մայիսին ստեղծվել է 123․123 բայթ ընդհանուր ծավալով 58 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․446.020 բայթ ծավալով 580 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև հուլիսին։

Հունիսին կայացել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Եվրո 2024-ին ընդառաջ» նախագծի 3-րդ փուլը։ Այն նվիրված է 2024 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը Գերմանիայում կայացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Մրցութային բազմափուլ այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին այս կամ այն կերպ առնչվող հոդվածներ (կարող են լինել Եվրոպայի չեմպիոնների, Եվրոներին մասնակցած ֆուտբոլիստների, խաղերը վարած մրցավարների, հավաքականների մարզիչների կենսագրություններ, Եվրոպայի առաջնություններին, ընտրական մրցաշարերին, հավաքականներին, մարզադաշտերին, պաշտոնական գնդակներին առնչվող հոդվածներ և այլն)։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայում ավելանում են եվրոպական ֆուտբոլի մասին հոդվածները։ Նախագծի 3-րդ փուլի շրջանակներում 42 ակումբականներ ստեղծել են 5․491․922 բայթ ծավալով 273 հոդված։ Նախագիծն ունենալու է 4 փուլ և շարունակվելու է մինչև հուլիսի վերջ։ Նախագծի յուրաքանչյուր փուլը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը հունիսին վիքիակումբների 192 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 84-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 559 հոդված և կատարել 2917 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 9․213․774 բայթ։

Հունիսին ակումբականներից 78-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 1342 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Լեռնապատի վիքիակումբի մի խումբ անդամներ հունիսի 13-ին այցելել են «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ, ծանոթացել աշխատակազմի հետ, շրջել գրասենյակում, այնուհետև մասնակցել են մայիսին Հայերեն Վիքիպեդիայում կայացած «Վիքիգրաշխարհ» մրցույթի մրցանակաբաշխությանը՝ ստանալով գրքեր և հավաստագրեր։ Նույն օրը նրանք ճանաչողական այցով գնացել են Մատենադարան։
  • Հացիկի վիքիակումբում կիրակնօրյա վորքշոփների ավարտին անցկացվել են ինտելեկտուալ խաղեր, խմբագիրները նաև փորձել են զարգացնել իրենց տրամաբանությունը տրամաբանական խնդիրների միջոցով։

«Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաք 2024


Վիքիպեդիան հանուն կանանց

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հունիսի 26-30-ին կազմակերպել էր «Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաք 2024-ը։ Հավաք-խմբագրաթոնը տեղի ունեցավ Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցելու համար նախապես գրանցվել էր 185 մասնակից, որոնցից 71-ը փարձառու խմբագիրներ էին, իսկ 114-ը Վիքիպեդիայում երբևէ չէին խմբագրել։ Վերջինների համար հունիսի 3-17-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կազմակերպվեց դասընթաց։ Նորեկ մասնակիցները բաժանվել էին երկու խմբի։ Ընդամենը դասընթացին մասնակցեց 21 նորեկ։ Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու հիմնական գործիքակազմին, յուրացրին հոդվածներ ստեղծելու հմտությունները։ Նախապես ստեղծված ցանկերից նորեկ մասնակիցները մինչև հունիսի 20-ը ներառյալ ստեղծեցին հոդվածներ, որոնց հիման վրա էլ նրանց շարքից ընտրվեցին վիքիհավաքի մասնակիցները։ Զուգահեռաբար նույն ցանկերից հոդվածներ էին ստեղծում փորձառու վիքիխմբագիրները։ Կախված ցուցաբերած արդյունքներից՝ նրանցից ևս ընտրվեցին «Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաքի մասնակիցներ։ Վիքիհավաքին մասնակցեց 34 խմբագիր։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում մայիսին տեղի ունեցած պանելային քննարկման արդյունքում ձևավորված թեմաների հիման վրա նախապես կազմված ցանկերից «Վիքիպեդիան հանուն կանանց 2024» վիքիհավաքի ընթացքում նրանք գրեցին 321 հոդված։ Ամբողջ նախագծի շրջանակներում 53 վիքիխմբագիրների ջանքերով ընդամենը գրվեց 12․039․726 բայթի 517 հոդված։

Ծաղկաձորյան վիքիհավաքում, բացի խմբագրման ժամերից, կային նաև ժամանցային միջացառումներ։ Հավաքի 3-րդ օրը կայացավ թեմատիկ կինոնկարի դիտում։ 4-րդ օրը տեղի ունեցավ էքսկուրսիա դեպի Բջնու բերդ և Բջնու Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Մասնակիցները ծանոթացան պատմամշակութային այդ հուշարձաններին, ինչպես նաև լուսանկարեցին դրանք՝ հետագայում «Վիքին սիրում է հուշարձանները» մրցույթի շրջանակներում պատկերները Վիքիպահեստ բեռնելու նպատակով։ Էքսկուրսիայի անցկացումը հովանավորել էր Ավանդների վերադարձը երաշխավորող հիմնադրամը։ Այնուհետև կայացավ այդ կազմակերպության ներկայացումը հավաքի մասնակիցներին։ Ելույթ ունեցավ հիմնադրամի ղեկավար Հերմինե Հարությունյանը, որը մանրամասն ծանոթացրեց կազմակերպության գործառույթներին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։ Վիքիհավաքի այն մասնակիցները, որոնք հոդվածներ էին ստեղծել «Կանայք ֆինանսներում» թեմայով, ստացան հիմնադրամի սահմանած մրցանակները։ Հավաքի բոլոր մասնակիցներին բաժանվեցին հիմնադրամի տրամադրած հուշանվերները։ 4-րդ օրվա ավարտին հավաքի մասնակիցների համար կազմակեպրվեց «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը։ Վերջում տեղի ունեցավ հավաքի փակման արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին արդյունքները, լավագույն խմբագիրներին հանձնվեցին «Վիքիմեդիա Հայաստանի» և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հավաստագրերը։

Նախագիծն իրականացվեց Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Բանբեր Հայաստանի գրադարանների

Հայաստանի ազգային գրադարանի 2024 թվականի Բանբեր Հայաստանի գրադարանների գիտամեթոդական էլեկտրոնային հանդեսի առաջին համարում ներգրավվել է «Հայաստանի ազգային գրադարանը Վիքիպեդիայում» հոդվածը։

Հոդվածն անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանի  համագործակցությանը «Վիքիմեդիա Հայաստանի» հետ, որի նպատակն էր աջակցել Հայերեն Վիքիպեդիայում գրադարանների, գրադարանավարների և գրադարանագիտության մասին հոդվածների ստեղծմանը: «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել է ուսուցողական շարք ՀԱԳ գրադարանավարների համար։ ՀԱԳ թիմի նպատակն է եղել ցույց տալ, որ ցանկացած թեմայի վերաբերյալ Վիքիպեդիայի նյութերը պետք է ունենան առաջնային և վստահելի սկզբնաղբյուրներ: Նպատակներից մեկն է եղել գրադարանի օգտատերերին ուղղորդել փնտրել Վիքիպեդիայում իրենց անհրաժեշտ տեղեկությունները:


Հոդվածը նշում է, որ գրադարանները պետք է զարգացնեն իրենց ներկայությունը Վիքիպեդիայում՝ աջակցելու և զարգացնելու տեղական մշակութային տեղեկատվությունը Վիքիպեդիայում՝ ավելի ուժեղ համայնքներ կառուցելու համար:

Մրցանակաբաշխության օր

Հունիսի 13-ին, ժամը 15:00-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կայացավ «Մրցանակաբաշխությունների օր» միջոցառումը։

Մրցանակաբաշխությունը նախատեսված էր «ԿԱԵ Գարուն 2024» և «Վիքիգրաշխարհ» նախագծերի հաղթող և աչքի ընկած մասնակիցների համար։ Երկու նախագծի մասնակիցները ստացան մրցանակներ և հավաստագրեր։

«Վիքիգրաշխարհ» նախագծի մրցանակները տրամադրել էր «Դարակ» հրատարակչությունը։

Համայնքային հանդիպում

2024 թվականի հունիսի 7-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։ Հանդիպմանը ներկա էին առկա 8 և առցանց 11 մասնակից։ Կազմակերպության նախագահը և «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները ներկայացրին կազմակերպության մարտից մայիս ամիսների գործունեությունը, իրականացրած նախագծերը։ Քննարկվեցին մասնակիցների առաջարկությունները, մի շարք կետերի շուրջ համաձայնություն ձևավորվեց։

Գործնական հանդիպումներ Մոլդովայում

«Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը և միջոցառումների կազմակերպիչ Դավիթ Սարգսյանը հունիսի 19-23-ին գործնական այցով գտնվում էին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Վիքիմեդիա նախագծերի կազմակերպման գործում փորձի փոխանակման, ինչպես նաև հետագա համագործակցության՝ միջազգային ծրագրերի համատեղ կազմակերպման նպատակով քննարկումներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են նաև «Ռումինիայի և Մոլդովայի վիքիմեդիացիներ» և «Վիքիմեդիա Ուկրաինա» կազմակերպությունների ներկայացուցիչները։