Կովկասյան ճակատ
Կովկասյան ճակատ, առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը։ Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։
1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը։
1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը։
Հակամարտության պատճառներ
խմբագրելՕսմանյան կայսրության հիմնական նպատակն էր վերականգնել Կովկասում իր տարածքները։ Այս տարածքները թուրքերը կորցրել էին 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր վերադարձնել Արդվինը, Արդահանը, Կարսը և Բաթումի նավահանգիստը։ Այս հարձակման հաջողությունը կբերեր ռուսական զորքերի թուլացմանը լեհական և գալիսիական ճակատներում[1]։ Կովկասյան ճակատը կշեղեր ռուսական զորքերի հիմնական ռազմաճակատներից։ Այս պլանը արժանացավ Գերմանական կայսրության հավանությանը։ Գերմանիան օժանդակեց օսմանցիներին ռեսուրսներով և մարդկային ուժով[2]։ Պատերազմի նախարար Էնվեր փաշան հույս ուներ ճանապարհ բացել մինչև Թբիլիսի և միավորել բոլոր կովկասյան մուսուլմաններին ընդդեմ Ռուսական կայսրության[1]։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր կտրել Ռուսաստանին կասպիական նավթից[3]։
Ռուսաստանի համար Կովկասյան ռազմաճակատը համարվում էր երկրորդային. գլխավորը Արևելյան ռազմաճակատն էր։ Ռուսական կայսրության հիմնական ուժերը կենտրոնացված էին Արևելյան ռազմաճակատում։ Ռուսաստանին էին պատկանում Կարս ամրոցը և Բաթումի նավահանգիստը։ 1915 թվականի մարտին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը հանդիպեց Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին և քննարկեցին Թուրքիայի մայրաքաղաքի՝ Բոսֆորիի և Դարդանելի նեղուցները գրավելու հարցը, ինչը կկտրեր Գերմանիային և Ավստրո-Հունգարիային սնուցման այս ուղուց[4]։ Ցարական Ռուսաստանը նաև պլանավորում էր արտաքսել մուսուլմաններին Ստամբուլից և այն բնակեցնել կազակներով[5]։
Հայ ֆիդայական շարժումը ձգտում էր ստեղծել անկախ Հայաստան։ Հայ Յեղափոխական դաշնակցությունը իրականացրեց այս ձգտումը և 1918 թվականի մայիսին ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Բացի այդ, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանի մի մասը և Լեռնահայաստանի Հանրապետությունը գտնվում էին հայերի տիրապետության տակ, իսկ Անդրկովկասյան բռնապետությունը նույնպես ստեղծվել էր հայերի մասնակցությամբ։ Այս պետություններից ոչ մեկը երկար չգոյատևեց։
Բրիտանացիները ռուսական հեղափոխական զորքերի հետ պայքարում էին, որպեսզի չիրականացվի Էնվեր փաշայի նպատակը՝ տիրանալ Կովկասի նավթին։ Անգլո-իրանական նավթային ընկերությունը դեմ էր օսմանյան ամբիցիաներին։ Ընկերությանն էին պատկանում Պարսկական կայսրության ամբողջ տարածքում նավթի արտահանման իրավունքը, բացառությամբ Ադրբեջան, Գիլիան, Մազենդարան, Ասդրաբադ և Խորասան գավառների[3]։ 1914 թվականին՝ պատերազմից առաջ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիր էր կնքել կազմակերպության հետ, որպեսզի ապահովի իր նավատրոմի նավթային կարիքները[3]։
Բանակներ
խմբագրելՏարածաշրջանում տեղակայված էր օսմանյան 3-րդ բանակը։ 1916 թվականին այստեղ ուղարկվեց նաև 2-րդ բանակը։ Օսմանյան կայսրության հրամանատարական կազմը վերապատրաստվել էր դաշնակիցների միջոցով[2]։ Հակամարտության սկզբում օսմանցիները ռազմաճակատում կենտրոնացրել էին 100.000-ից 190.000 զորք, հիմնականում՝ վատ պատրաստված։
Մինչև պատերազմի սկիզբը ռուսական կովկասյան բանակը ուներ 100.000 զինվոր, որի հրամանատար էր նշանակված գեներալ Վորոնցովը։ Բայց իրական հրամանատարն էր գեներալ Նիկոլայ Նիկոլաևիչ Յուդենիչը։ Սակայն պատերազմի ընթացքում ռուսները ստիպված էին բանակի մի մասը տեղափոխել Պրուսիայի ռազմաճակատ՝ մի քանի ճակատամարտերում կռվելու համար՝ թողնելով ընդամենը 60.000 զինվոր։ Հայ գեներալներ Նազարբեկովի, Սիլիկյանի և Փիրումովի զորքերը մնացին Կովկասում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո ռուսական զորքերը թողեցին ռազմաճակատը։ Երբ 1917 թվականին ռուսական բանակը զորացրվեց, բանակի 110.000-120.000 զինվոր ուներ հայկական արմատներ[6]։ Այս թիվը շուտով հասավ 150.000-ի, երբ միացան Մերձավոր Արևելքի հայկական ջոկատները[7]։
1914 թվականի ամռանից Հայ կամավորական ջոկատները մտան ռուսական զորքերի հրամանատարության տակ։ Որպես հայ-ռուսական բարեկամության նշան՝ հայ կամավորները ուղարկվեցին նաև Եվրոպական ռազմաճակատ, այս ջոկատները կազմավորվել էին հայերից, բայց որոնք պարտավոր չէին ծառայել Ռուսական կայսրությանը։ Այս ջոկատները ինքնակազմավորած խմբեր էին, որոնց նպատակն էր ստեղծել անկախ Հայաստան։ Այս ջոկատների հրամանատարներն էին՝ Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը, Արշակ Գաֆավյանը և Սարգիս Մեհրաբյանը։ Սկզբում նրանց զորքը 20.000 էր, սակայն հակամարտության ընթացքում այս թիվը աճեց։ 1916 թվականի վերջին Յուդենիչը որոշեց այս ջոկատները ներառել ռուսական բանակում։
Հակամարտության ժամանակ Հայ ազգային ազատագրական շարժումը ղեկավարում էին Հայ ֆիդայիները։ Այս զինված խմբավորումները խմբվում էին իրենց անվանի զորապետերի շուրջ, ինչպիսին էր Սեբաստացի Մուրադը։ Նրանց հաճախ անվանում էին հայկական պարտիզանական ջոկատներ։ Վանից մինչև Երզնկա գիծը վերահսկվում էր ֆիդայիների կողմից։
Հայկական ազգային լիբերալ շարժումը 1917 թվականի դեկտեմբերին հիմնեց զինված ուժեր, որոնք գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Դրաստամատ Կանայանը նշանակվեց քաղաքացիական կոմիսար։ Ռազմաճակատը ուներ երեք հիմնական գոտի՝ Մովսես Սիլիկյանի, Անդրանիկ Օզանյանի և Միքայել Արեշյանի գլխավորությամբ։
Տարածաշրջանում գործում էին նաև քրդական զինված խմբավորումներ։ Նրանք կռվում էին և՛ օսմանցիների, և՛ ռուսական զորքերում։
Լիոնել Դանստերվիլը նշանակված էր միացյալ զորքերի հրամանատար, որի կազմում էին 1000 ավստրալիացի, բրիտանացի, կանադացի և նորզելանդացի հատուկ նշանակության զինվորներ։
-
Ռուսական զորքը Սարիղամիշում 1914 թվական
-
1914, Օսմանյան 3-րդ բանակը ձմեռային համազգեստով
-
1915, քրդական հեծելազոր
Գործողություններ
խմբագրելՆախաբան
խմբագրել1914 թվականի հուլիսին քննարկումներ տեղի ունեցան Միություն և առաջադիմություն կուսակցության և հայ մտավորականների միջև Էրզրումի համագումարում։ Հանրությանը այս կոնգրեսի արդյունքները ներկայացրեցին, որ հայերի պահանջները արդարացի են և ենթակա են լուծման խաղաղ ճանապարհով[8]։ Երիտթուրքերը համագումարը օգտագործեցին հնարավոր ապստամբությունը ճնշելու համար[9]։ Պատմաբան Էրիկսոնը կարծում էր, որ այս հանդիպումից հետո երիտթուրքերը համոզվեցին, որ հայերը պլանավորում էին ուղարկել զորաբանակ ռուսներին օգնելու համար Օսմանյան կայսրության դեմ պատերազմում[9]։
1914
խմբագրելՆոյեմբերի 1-ին ռուսները առաջինը հարձակվեցին։ Նրանք պլանավորում էին վերցնել Բայազետը և Ավնիկը[2]։ Պաշտոնապես ռուսները պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը նոյեմբերի 2-ին։ Այս նպատակի համար ռուսները կռվի հանեցին 25 գումարտակ, 37 հեծելազորային խմբավորում և 120 հրետանային թնդանոթ։ Նրանք ունեին 2 թև։ Աջ թևը Սարիղամիշից ուղևորվեց դեպի Ավնիկ։ Նրանք հասան Ավնիկին նոյեմբերի 4-ին։ Ձախ թևը շարժվեց Երևանից։ Օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Հասան Իզետը գտնում էր, որ այս հարձակումները չեն շարունակվի, քանի որ մոտենում էր ձմեռը։ Նա պլանավորում էր պաշտպանվել և անցնել հակահարձակման՝ ընտրելով լավագույն պահը։ Այս պլանը հավանության արժանացավ պատերազմի նախարար Էնվեր Փաշայի կողմից։ Նոյեմբերի 7-ին 3-րդ բանակը անցավ հակահարձակման, որին միացան 11-րդ կորպուսը և քրդական ջոկատները։ Հեծելազորը չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրը, իսկ քրդական ջոկատը անարդյունավետ էր։ Ռուսները տիրացան տարածքին, երբ հեռացան 18-րդ և 30-րդ դիվիզիաները։ Թուրքական զորքերին հաջողվեց դիմակայել Ավնիկում։ Նոյեմբերի 12-ին 9-րդ կորպուսը Ահմեդ Ֆեվզի փաշայի գլխավորությամբ ուժեղացրեց 11-րդ կորպուսը ձախ թևում։ 3-րդ բանակը հեծելազորի աջակցությամբ ստիպեց ռուսներին նահանջել։ 3-րդ հրաձգային գունդը կարողացավ ներխուժել Ավնիկ նոյեմբերի 17-ից 20-ը տևած մարտերից հետո։ Նոյեմբերի վերջին ռազմաճակատի երկարությունը Էրզրումից Սարիղամիշ հատվածում կազմում էր 25 կիլոմետր։ Ռուսների հաջողությունները բազմապատկվեցին, երբ հայ կամավորները հարավում նվաճեցին Աղրին և Բայազետը[10]։ Բայազետը Վանի նահագի հյուսիսային սահմանին էր։ Օսմանցիների կորուստները մեծ էին՝ 9000 սպանված, 3000 գերի և 2800 դասալիք։
Դեկտեմբերին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը այցելեց Կովկաս։ Հայկական եկեղեցու առաջնորդների և Ալեքսանդր Խատիսյանի ներկայությամբ Ցարը ասաց.
Բոլոր երկրների մեջ միայն հայերը շտապեցին համալրել փառահեղ ռուսական բանակի շարքերը։ Իրենց արյունով պետք է ծառայեն ռուսական բանակի հաղթանակին, թող ռուսական դրոշը ծածանվի Դարդանելիում և Բոսֆորում, թող ձեր կամքը կատարվի և շուտափույթ ազատվեք թուրքական լծից։ Թող հայ ժողովուրդը, ով Թուրքիայում անընդհատ հալածվել է քրիստոնյա լինելու համար, ազատություն ձեռք բերի...[11] - Նիկոլայ II
|
1914 թվականի դեկտեմբերի 15-ին Արդահանի ճակատամարտում թուրքերը զավթեցին Արդանուչ քաղաքը։ Այս գործողությունը օսմանցիների կողմից գլխավորում էր գերմանացի Շտոնգը։ Գործողության նպատակն էր կտրել ռուսների կենսական նշանակության ուղիներից։ Սկզբնական շրջանում գործողությունները պետք է ընթանային Ճորոխ տարածաշրջանում։ Հետագայում Էնվերը փոխեց գործողության պլանները՝ նախընտրությունը տալով Սարիղամիշի գործողությանը[12]։ Այս գործողությամբ պետք է կտրվեր ռուսների՝ Սարիղամիշ-Կարս ճանապարհը։
Դեկտեմբերի 22-ին Սարիղամիշի ճակատամարտում երրորդ բանակը հրաման ստացավ շարժվել դեպի Կարս։ Յուդենիչը անտեսեց Վորոնցովի նահանջելու հորդորները։ Նա մնաց պաշտպանելու Սարիղամիշը։ Էնվեր փաշան որոշեց ինքը ղեկավարել երրորդ բանակը և հրամայեց ճակատամարտել ռուսների դեմ։
1915
խմբագրելՀունվարի 6-ին 3-րդ բանակի հրամանատարական կետերը հայտնվեցին կրակի տակ։ Հաֆիզ Հակկի Փաշան հրամայեց նահանջել։ Հունվարի 7-ին բանակի մնացած մասը նահանջեց Էրզրում։ Սարիղամիշի ճակատամարտի արդյունքում թուրքերը կրեցին ջախջախիչ պարտություն։ Բանակի միայն 10%-ը վերադարձավ ելակետային դիրք։ Էնվերը ընդունեց հրամանատարությունը։ Հայկական կամավորական զորաջոկատների ներդրումը ռուսների հաղթանակում ահռելի էր, նրանք կարողացան կանգնեցնել օսմանցիների գրոհները դժվարին պահերին և ժամանակ տվեցին ռուսների վերախմբավորվելու[13]։ Էնվերը այս պարտության մեջ մեղադրեց հայերին, ովքեր ապրում էին օսմանյան կայսրության այն տարածքներում, որոնք զավթել էին ռուսները[14]։
Հունվարի 18-ին Շտոնգը հետ կանչվեց Արդահանի տարածքից։
Փետրվարին գեներալ Յուդենիչը բարձր գնահատանքի արժանացավ հաղթանակների համար և ստանձնեց կովկասում Ռուսական բանակի հրամանատարի պաշտոնը։ Անտանտը (բրիտանացիները և ֆրանսիացիները) խնդրեց Ռուսաստանին աջակցել Արևմտյան ճակատում։ Դրա դիմաց ռուսները խնդրեցին աջակցել ռազմածովային գրոհներին Կովկասում։ Սև ծովում ռազմածովային գործողությունները թույլ տվեցին ռուսական զորքին հանգստանալ։ Բացի այդ Գալիպոլիի ճակատամարտը, որը նախատեսված էր օսմանցիների մայրաքաղաքը գրավելու համար, օգնեց ռուսների այս ճակատում[2]։ Փետրվարի 12-ին 3-րդ բանակի հրամանատար Հաֆիզ Հակի Փաշան մահացավ տիֆից, նրան փոխարինեց գեներալ Մահմուդ Քամիլ Փաշան։ Քամիլը առաջնահերթ կարգ ու կանոն մտցրեց օսմանյան բանակում։ Ստամբուլի ռազմագետները վախենում էին ռուսների ներթափանցումից երկրի խորքեր։
Մարտին ռազմաճակատում իրավիճակը կայուն էր։ Հյուծված 3-րդ բանակը համալրվեց 1-ին և 2-րդ բանակների զինվորներով, սակայն համալրումը թվաքանակով քիչ էր։ Գալիպոլիի ճակատամարտը խլել էր օսմանցիներից շատ ռեսուրսներ։ Մինչդեռ ռուսները գրավեցին Ալաշկերտը, Աղրին և Բայազետը։ Ռազմական գործողությունը հիմնականում տեղի էին ունենում փոքր ընդհարումների տեսքով։ Թուրքերը չունեին բավարար թվով ուժեր, որպեսզի պաշտպանեին Անատոլիան ողջ երկայնքով։
Ապրիլի 20-ին սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը: Հայ կամավորականները պաշտպանում էին 30.000 խաղաղ բնակչի և 15.000 փախստականի ընդամենը 1.500 զինյալով մոտ 300 հրացանով և 1.000 հնավոճ ատրճանակով։ Դիմադրությունը տևեց մոտ երեք շաբաթ մինչև Գեներալ Յուդենիչը անցավ հարձակման մայիսի 6-ից։ Հարձակման մի թևը շարժվեց Վանա լճի կողմ, որպեսզի օգնի հայ ինքնապաշտպանական զինվորներին։ Մերձբայկալան կազակների գունդը և հայ կամավորները շարժվեցին դեպի Վան[1]։ Մայիսի 21-ին Արամ Մանուկյանը Բայազետի ջոկատի հրամանատար, գեներալ Ա. Նիկոլաևին հանձնեց Վան քաղաքի բանալիները։ Ռուսական հրամանատարությունը Արամ Մանուկյանին նշանակեց Վանի ժամանակավոր վարչության կառավարիչ՝ նահանգապետ։ Ֆիդայիները տեղափոխվեցին Վան։ Վանը դարձավ ապահով, ռազմական գործողությունները տեղափոխվեցին արևելք[1]։
Ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Մեհմեդըի հրամանով կազմակերպվեց հայ մտավորականության սպանդը, քանի որ նրանց կարծիքով հայ ժողովուրդը դուրս էր եկել սեփական կառավարության դեմ և օգնում էր ռուսներին։ Վանի և այլ տարածքների հայերը, ովքեր գտնվում էին ռուսների կողմից նվաճված տարածքներում խուսափեցին այս ձերբակալություններից և սպանդներինց։
Մայիսի 6-ին ռուսական զորքերը մոտեցան Էրզրումին։ Օսմանյան 29-րդ և 30-րդ դիվիզիաները փորձեցին կանգնեցնել ռուսների առաջխաղացումը։ Օսմանյան 10-րդ կորպուսը հակահարձակման անցավ ռուսական զորքերի դեմ։ Սակայն հարավային մասում թուրքական զորքերը այնքան հաջող չգործեցին ինչքան հարավում։ Մայիսի 11-ին ռուսները գրավեցին Մանազկերտը։ Մայիսի 17-ին ռուսական զորքերը մտան Վան։ Օսմանյան զորքերը անընդհատ նահանջում էին։ Մատակարարման գծերը կտրվել էին, քանի որ հայկական ջոկատները թիկունքից փակել էին ճանապարհները։ Վանա լճի հարավային մասը շատ խոցելի էր։ Թուրքերը 600 կիլոմետրանոց ճակատային գիծը պահում էին ընդամենը 50.000 զորքով և 130 հրետանիով։ Նրանք ակնհայտորեն զիջում էին ռուսներին, բացի այդ տարածքը լեռնային էր և դժվար էր այն պաշտպանել։
Մայիսի 27-ին ռուսների գրոհների ժամանակ Թալիաթ փաշան հրամայեց տեղահանել բոլոր հայերին։ Տեղահանության մասին օրենքի համաձայն և աքսորել Սիրիա և Մոսուլ։
Հունիսի 13-ին ռուսական ստորաբաժանումները վերադարձման սկզբնական դիրք և պլանավորեցին նոր հարձակում այս անգամ Վանա լճի հյուսիս արևմտյան մասով։ Ռուսները Օգանովսկիի գլխավորությամբ անցան հարձակման Մանազկերտի արևմտյան լեռներով։ Ռուսները թերագնահատեցին թուրքական բանակի չափը և հանկարծակի եկան հակագրոհից։ Ռուսական զորքերը սկսեցին շարժվել Մանազկերտից դեպի Մուշ։ Սակայն նրանք տեղեկացված չէին, որ թուրքական 9-րդ կորպուսը և 17-րդ և 28-րդ դիվիզիաները նույնպես շարժվում են դեպի Մուշ։ Չնայած պայմանները ահավոր դժվար էին, սակայն թուրքերը կարողացան արդյունավետ վերակազմավորվել։ 1-ին և 5-րդ հետախուզական զորքերը դիրքավորվեցին ռուսական զորքերի հարավային մասում և աջ թևում դիրքավորվեցին Գեներալ Աբդուլկերիմ փաշայի զորքերը։ Այս խումբը անկախ էր երրորդ բանակից և Աբդուլկերիմ փաշան ենթարկվում էր ուղղակի Էնվեր փաշային։ Թուրքերը պատրաստ էին դիմակայելու ռուսական գրոհներին։
Ռազմաճակատը խաղաղ էր հոկտեմբերից մինչև տարվա վերջ։ Յուդենիչը այս ժամանակը օգտագործեց վերակազմավորվելու համար։ 1916 թվականի սկզբներին ռուսական զորքերը հասան 200.000-ի 380 հրետանիով։ Մյուս կողմից իրավիճակը շատ բարդ էր. օսմանյան հրամանատարությունը չկարողացավ վերականգնել կորուստները։ Գալիպոլիի ճակատամարտը շատ թանկ նստեց թուրքերի վրա։ 9-րդ, 10-րդ և 11-րդ կորպուսները չհամալրվեցին, բացի այդ 1-ին և 5-րդ հետախուզական զորքերը տեղափոխվեցին Միջագետք։ Էնվեր փաշան, չհասնելով իր նպատակներին, բացի այդ այլ ճակատների ծանր վիճակը հաշվի առնելով գտնում էր, որ կովկասյան ճակատը երկրորդական է։ 1916 թվականի հունվարի դրությամբ օսմանյան 126.000-ոց բանակից միայն 50.539 էին մարտունակ։ Նրանք ունեին 74.057 հրացան, 77 գնադցիր և 180 հրետանի։ Օսմանցիները ենթադրում էին, որ ռուսները չեն գրոհի, սակայն ենթադրությունները սուտ էին։
1916
խմբագրելՀունվարին Յուդենիչը գաղտնի լքեց իր ձմեռային հանգրվանը և շարժվեց դեպի Էրզրում։ Աշխարհի այս հատվածում սովորաբար ձմռանը ռազմական գործողություններ չեն իրականացնում։ Անտանելի ցուրտը և դժվարանցանելի ճանապարհները պատճառ եղան Էնվեր փաշայի 3-րդ բանակի ոչնչացման նախորդ տարի։ Գեներալ Յուդենիչը գտնում էր, որ հանկարծակիի կբերի թուրքերին։ Ռուսները անակնկալի բերեցին թուրքերին և կարողացան խուճապ առաջացնել նրանց զմեռային հանգրվաններում Կոպրուկոյի ճակատամարտում (հունվարի 10-18)։
Փետրվարի 16-ին Մահմուդ Կամիլը հրամայեց 3-րդ բանակին լքել Էրզրումը, քանի որ ռուսական զորքը գերազանցում էր իրենց զորքերին։ Սակայն ռուսական զորքի գերակայությունը բավականին մեծ չէր, որպեսզի մեկընդմիշտ վերացներ օսմանյան դիմադրությունը, այդ պատճառով Յուդենիչի կենտրոնով հարձակումը ձախողվեց, քանի որ թևերով հարձակումները էական չէին։ Մինչդեռ Մահմուդ Կամիլը հիմնական զորքերը կենտրոնացրել էր Դեվե-Բոյուն բարձունքի մոտակայքում, ռուսական զորքերը ճեղքեցին Էրզրումի աջ և ձախ թևերի պաշտպանությունները[16]։ Արդյունքում քաղաքի երկու թևի պաշտպանական օղակները ոչնչացվեցին։
Ապրիլին կովկասյան բանակը առաջ անցավ երկու ուղղություններով, մի մասը Էրզրումից շարժվեց դեպի հյուսիս և գրավեց Տրապիզոնի հին մասը։ Մյուսը մասը շարժվեց Մուշ-Բիթլիս ուղղությամբ։ Այս ստրոաբաժանումները հետ շպրտեցին 2-բանակին դեպի Անատոլիայի խորքերը և հաղթեցին Մուշի և Բիթլիսի ճակատամարտերում (մարտի 2 – օգոստոսի 24)։ Բիթլիսը օսմանյան բանակի վերջին պաշտպանական կետն էր դեպի Անատոլիա և Միջագետք։
Հուլիսի ընթացքում գեներալ Յուդենիչը դիմակայեց թուրքական գորհին դեպի Երզնկա։ Հուլիսի 2-ին թուրքերը գրավեցին Երզնկան, մինչդեռ թուրքական գրոհը դեպի Տրապիզոն կանգնեցվեց։
Օգոստոսին Մուստաֆա Քեմալը վերանվաճեց Մուշը և Բիթլիսը։ Դրանից մեկ տարի առաջ մինչ քաղաքների ռուսների ձեռքն ընկնելը օսմանցիների պատերազմի նախարարը խնդրել էր Մուստաֆա Քեմալին կազմակերպել տարածաշրջանի պաշտպանությունը։ Տարածաշրջանը վերահսկում էր 2-րդ բանակը։ Երբ Մուստաֆա Քեմալը նշանակվեց այս պաշտոնին, թշնամու զորքերը անընդհատ հարձակվում էին։ Կռիվները Վանա լճի արևելյան մասում շարունակվեցին ամբողջ ամառ, սակայն անարդյունք։ Ահմեդ Իզետ փաշան որոշեց հարձակվել ռուսների գրոհից մեկ շաբաթ հետո։ Երեք կորպուսների զորքերը միավորվեցին և ուղարկվեցին ծովափով։ Երկրորդ բանակը մոտեցավ օգոստոսի 2-ին։ Մինչդեռ Յուդենիչը զբաղված էր հյուսիսում դիմակայելով օսմանյան 3-րդ և 2-րդ բանակներին, հարավային մասում ռուսական զորքերը գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը և հայ կամավորական ջոկատներին ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը։ Սակայն նախնական հաջողությունը հաղթանակի չբերեց։ 2-րդ բանակը ուներ մատակարարման և մարտունակության խնդիրներ։ Ռուսները օսմանցիներին կանգնեցրեցին Գևաշի մոտակայքում՝ թույլ չտալով ներխուժել Վան։
Սեպտեմբերի վերջի դրությամբ օսմանցիների գրոհները ավարտվեցին։ 2-րդ բանակը կորցրեց 30.000 սպանված կամ անհետ կորած։ Ռուսները ամրապնդեցին իրենց դիրքերը։ Նրանք բավական ուժեղ էին, որպեսզի պատասխանեին հակահարձակմամբ թուրքերի գրոհերից ընդամենը երկու շաբաթ հետո։
1916 թվականի տարվա մնացած մասը թուրքերի կողմից օգտագործվեց վերակազմավորմամբ։ Ռուսները նույնպես լայնամաշտաբ գործողությունների չգնացին։ 1916-17 թվականների ձմեռը ահավոր խստաշունչ էր, այդ պատճառով ռազմական գործողություններ տեղի չունեցան։
1917
խմբագրել1917 թվականի գարնան ընթացքում ռազմական դրությունը չփոխվեց։ Ռուսները պլանավորում էին վերսկսել հարձակումները։ Մինչդեռ Ռուսաստանը գտնվում էր սոցիալական և քաղաքական անկայությունթյան մեջ, ինչը իր ազդեցությունն էր ունենում նաև բանակի վրա։ Ռուսական հեղափոխության հետ կապված իրարանցումը կանգնեցրեցին Ռուսական ռազմական գործողությունները։ Ռուսական զորքերը սկսեցին հեռանալ տարածաշրջանից։ Ոչ ռուս զինվորները և ոչ էլ ռուս ժողովուրդը չէին ցանկանում շարունակել պատերազմը։ Ռուսական զորքը դանդաղորեն լուծարվեց։ 1917 թվականի գարնանից սկսած տարածվեցին տիֆը և այլ սուր վարակիչ հիվանդություններ, ինչը հետևանք էր հիգիենայի նորմերի չպահպանմամբ ռուսական զորքերում[17]։
Մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը Օսմանյան կայսրությունը համարում էր իրեն պարտված Կովկասյան ճակատում։ Սարիղամիշի ճակատամարտից հետո թուրքական զորքերը կորցրել էին իրենց մարտունակությունը և համարյա անընդհատ նահանջում էին։ 1917 թվականի այս դրությունից օսմանյան զորքերը չէին կարող չօգտվել։ Էնվերը տարածաշրջանից տեղափոխեց 5 դիվիզիա, քանի որ բրիտանացիները սկսել էին ճնշել թուրքերին Պաղեստինում և Միջագետքում։
Մարտի մեկին Պետրոգրադի աշխատավորների խորհուրդը հրատարակեց փաստաթուղթ, որի պարագրաֆներից մեկում նշվում էր բանակի ժողովրդականության մասին։ Այս հրամանով ռազմական ստորաբաժանումները իրենք պետք է ընտրեին իրենց հրամանատարներին։ 1917 թվականի մարտի 9-ին ստեղծվեց Անդկովկասյան Հատուկ Կոմիտեն Վասիլի Ակիմովիչ Խարլամովի գլխավորությամբ, ով պետք է փոխարիներ Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչին, ով համարվում էր Անդրկովկասի ռուսական տարածքի ղեկավարը։ Նոր կառավարությունը Գեներալ Յուդենիչին նշանակեց այլ պաշտոնի Կենտրոնական Ասիայում։ Այս նշանակումից հետո Յուդենիչը հրաժարական տվեց։
Ամռան ընթացքում Արևմտյան Հայաստանում դիրքերը պահպանելու համար Կոմիտեի կողմից ձևավորվեց քսան հազարանոց զորախումբ Անդրանիկի գլխավորությամբ։ Քաղաքական կոմիսար Հակոբ Զավրիևը Անդրանիկին տվեց Գլխավոր Գեներալի կոչում։ Անդրանիկի զորախմբի 1-ին ջոկատը դիրքավորվեց Երզնկայում և Էրզրումում, 2-րդ ջոկատը՝ Խնուսում և Ալաշկերտում, երրորդ ջոկատը՝ Վանում և Զեյթունի լեռներում։
1917 թվականի սեպտեմբերի 14-ին տարածաշրջանի ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ լուծարվեց, հրամանատարները կորցրեցին իրեն իշխանությունը և բնակչության հատվածում կողոպուտները ավելացան։ Աշնան վերջում Կովկասյան ճակատի հրամանատար Պրժ7ալսկին հրամայեց ստեղծել զինված խմբավորումներ հայերից և վրացիներից։ Ռուսական զորքերի լուծարումը բերեց Ռուսաստանի կառավարության տապալմանը և օգնեց Բոլշևիկներին ավելի հեշտ իշխանության գալ։ 1917 թվականին անկախ Անդրկովկասը Թբիլիսիում ստեղծեց Անդրկովկասի կոմիսարիատը։
Անդրկովկասյան սեյմը գլխավորեց Մենշևիկ Նիկոլայ Չխաիձեն։ Սակայն Անդրկովկասյան սեյմը չկանգնեցրեց բանակը վերածումը փոքր զինված խմբավորումների։ Մինչդեռ հայերը ներկայացուցիչներ էին ուղարկում Անդրկովկասյան սեյմ, Արևելյան Հայաստանի իշխանությունները Երևանում փորձում էին ստեղծել Հայկական բանակի կորպուս։ Հայերը նախատեսում էին պահպանել իրենց տարածքները՝ աջակցություն ստանալով Անտանտից և Ռուսաստանից և հիմնադրել իրենց ազգային բանակը ռուսների օգնությամբ[18]։ Գեներալ Նազարբեկովը ընտրվեց հրամանատար։ Երևանում կազմավորվեց առաջին դիվիզիան Գեներալ Քրիստափոր Արարատյանի գլխավորությամբ, որի մեջ մտնում էին առաջին Էրզրումի և Երզնկայի գնդերը, 2-րդ Խնուսի գունդը, 3-րդ Երևանի գունդը և 4-րդ Երզնկայի և Երևանի գունդը։ Երևանում նաև կազմավորվեց Գնդապետ Մովսես Սիլիկյանի 2-րդ դիվիզոնը, որի մեջ մտնում էին 5-րդ Վանի գունդը, 6-րդ Երևանի գունդը, 7-րդ և 8-րդ Ալեքսանդրապոլի գնդերը։ Ընդհանուր հրամանատարն էր Գեներալ Վիքինսկին։ Ամեն դիվիզիայի կազմում կար չորսական գունդ նաև առանձին գործում էին երեք կանոնավոր և մեկ պահեստային գնդեր։ Զորքի ընդհանուր թիվը կազմում էր 32.000 մարդ։ Բացի այս կանոնավոր զորաջոկատներից, կային նաև զինված կամավորական զորաջոկատներ։ Մոտ 40-ից 50 հազար զորք կազմվել էր զինված քաղաքացիական բնակչությունից։ Միայն Բաքվում ռուսական բանակը հայերին թողել էր 160 թնդանոթ, 180 գնդացիր և 160 միլիոն փամփուշտ[19]։
Ռուսական հեղափոխության ժամանակ հոկտեմբերի 23-ի դրությամբ օսմանյան բանակը պաշտպանում էր 190 կմ երկարությամբ ռազմաճակատային գիծը Մունզուրյան լեռներից մինչև Սև ծով, իր 66 գումարտակով, 30.000 զինվորով, որոնք ունեին 177 գնդացիր և 157 թնդանոթ։ Գնդացիրների, սննդամթերքի և հագուստի տրամադրումը դժվար էր։ Ռուսները վերահսկում էին Էրզրումից Տրապիզոն ճանապարհը։ Ռուսները ունեին 9 օդանավ իսկ օսմանցիները ընդամենը՝ 3-ը։ Ռուսական զորքերը տեղակայված էին Տրապիզոնի արևմուտքից դեպի Երզնկա։ Այս գծում ռուսները ունեին 86.000 զինվոր և 146 թնդանոթ[20]։
1917 թվականի դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև Երզնկայում կնքվեց զինադադարի պայմանագիր[21]։ Դեկտեմբերիից մինչև փետրվարի 7-ը հայկական զորաջոկատները անմիջապես ուղարկվեցին ռազմաճակատ։ Ռուսները թողեցին իրենց հագուստը և զենքը, որով զինվեցին հայ զինվորները։
1918 թվականի սկզբին Անտանտի ուժերը, կազակները, վրացիները, պոնտական հույները և հայերը պատրաստ էին պաշտպանական գիծ կառուցել՝ դիմակայելու օսմանյան առաջխաղացումը[22]։ Հայերը՝ ռուսների հեռանալուց հետո, ճակատային գիծը պահպանելու համար Բրիտանիայից ստացան մեկ միլիոն Ռուբլի[23]։
1918
խմբագրելՀունվարի մեկին Օսմանյան կայսրությունը բարեկամության ուղերձ ուղարկեց բոլշևիկներին։ Այժմ, երբ ռուսական բանակը լքեց ճակատը, լայնամաշտաբ տարածքներ մնացին առանց հսկողության։ Հունվարի վերջի դրությամբ Նազարբեկյանի դիվիզիաները զբաղեցրեցին Երևանից Վան և Երզնկա բոլոր գլխավոր դիրքերը։ Վեհիբ Փաշան դուրս եկավ հայկական ազգային զորաջոկատների դեմ։
Փետրվարին Թովմաս Նազարբեկյանը Կովկասյան ճակատի հրամանատարն էր, իսկ Անդրանիկ Օզանյանը Արևմտյան Հայաստանի զորաջոկատների հրամանատարն էր։ Կովկասում հայրեը ունեին ընդամենը մի քանի հազար զինվոր և երկու հարյուր սպա։ Օսմանյան երրորդ բանակը սկսեց հարձակումը փետրվարի 5-ին։ Օսմանյան զորքերը շարժվեցին արևելյան ուղղությամբ Տիրեբոլուից և Բիթլիսից։ Թուրքերը սկսեցին արագ գրավել տարածքները հայերից։ Կելկիտը ընկավ փետրվարի 7-ին, Երզնկան՝ փետրվարի 7-ին, Բաբերդը՝ փետրվարի 19-ին, Դերջանը՝ փետրվարի 22-ին։ Սև ծովի կարևոր նավահանգիստ Տրապիզոնը ընկավ փետրվարի 24-ին։ Տրապիզոնի նավահանգիստ սկսեցին ժամանել թուրքական նոր ուժեր։ Հայերը փորձեցին պահպանել Էրզրումը, սակայն քաղաքը նույնպես ընկավ մարտի 12-ին։ Մանազկերտը, Խնուսը, Ողթիկը, Ավնիկը և Թորթումը ընկան հաջորդ երկու շաբաթների ընթացքում։
Մարտի 3-ին գլխավոր վեզիր Թալիաթ փաշան ստրոագրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ՌԽՍՖՍ հետ։ Այս պայմանագրով ռուսները Օսմանյան կայսրությանը հանձնեցին Բաթումը, Կարսը և Արդահան։ Այս տարածքները ռուսներին էին անցել Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)-ի արդյունքում։ Պայմանագրով նաև ասվում էր, որ Անդրկովկասը դառնում է անկախ։ Բացի այս կետերի, ռուսները պարտավորվում էին զորացրել հայկական զորաջոկատները[24]։
1918 թվականի մարտի 14-ից մինչև ապրիլ տեղի ունեցավ Տրապիզոնի խաղաղության կոնֆերանսը Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան սեյմի պատվիրակության միջև։ Էնվեր Փաշան առաջարկեց ճանաչել Անդրկովկասի անկախությունը, Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները թուրքերին հանձնելու դիմաց[25]։ Ապրիլի 5-ին Անդրկովկասյան պատվիրակության ղեկավար Ակակի Չխենկելին համաձայնվեց Էնվեր փաշայի պայմաններին և հրամայեց պատվիրակության մյուս անդամենրին նույնպես համաձայնվել[26]։ Տրամադրությունները Թիֆլիսում տարբեր էին։ Թիֆլիսը չէր գիտակցում արդյոք պատրաստ է պատերազմել Օսմանյան կայսրության դեմ[26]։
Մայիսի 11-ին նոր խաղաղության կոնֆերանս բացվեց Բաթումիում[25]։ Այս կոնֆերանսում թուրքերը նաև պահանջեցին Ալեքսանդրապոլը և Էջմիածինը, որպեսզի անվտանգ երկաթգիծ կառուցեն Կարսից դեպի Բաքու։ Հայ և վրացի անդամները սկսեցին կանգնեցնել կոնֆերանսի հետագա ընթացքը։ Մայիսի 21-ից օսմանյան բանակը նորից սկսեց առաջ շարժվել։ Տեղի ունեցան Սարդարապատի ճակատամարտը (մայիս 21–29), Ղարաքիլիսայի ճակատամարտը (մայիս 24–28) և Բաշ Ապարանի ճակատամարտը (մայիս 21–24)։ Հունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետությունը ստիպված կնքեց Բաթումի պայմանագիրը, չնայած հայերը հերոսաբար հաղթանակ էին տարել այս ճակատամարտերում։ Բաթումիի խաղաղության կոնֆերանսը Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան սեյմի միջև փակվեց 1918 թվականի մայիսի 24-ին։ Մայիսի 26-ին Վրաստանը դուրս եկավ Անդրկովկասյան դաշնությունից և իրեն հռչակեց առանձին պետություն։ Մայիսի 28-ին համաձայն Փոթիի պայմանագրի անկախացավ նաև Ադրբեջանը։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետություն հռչակեց իր անկախությունը։
Հունիսին Հայաստանի հանրապետությունը ստիպված ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Այնուամենայնիվ Անդրանիկի գլխավորությամբ հայերը ինքնապաշտպանական մարտեր մղեցին Լեռնային Ղարաբաղում և հիմնեցին Լեռնահայաստանի Հանրապետությունը[27]։ Օգոստոսին նրանք հիմնեցին անկախ կառավարություն Շուշիում, որը տարածաշրջանի վարչական կենտրոնն էր։
Հունիսին Վրաստան ժամանեցին գերմանական զորքերը, որոնք օսմանցիների հետ պայքարում էին Կովկասի բնական ռեսուրսների համար, մասնավորապես Բաքվի նավթահորերի համար[28]։ 1918 թվականի սկզբին օսմանյան բանակը Վեհիբ փաշայի գլխավորությամբ վերսկսեց գրոհը դեպի Թիֆլիս և հանդիպեց վրաց-գերմանական զորքերին։ Հունիսի 10-ին 3-րդ բանակը գրոհեց և շատերին գերի վերցրեց, որից հետո Բեռլինից պաշտոնապես սպառնացին օսմանցիներին հետ քաշել զորքերը։ Օսմանյան բանակը ստիպված էր զիջել գերմանացիներին և հետ քաշվեց, որից հետո որոշվեց գրոհի ուղղությունը փոխել դեպի Իրան և Ադրբեջան[29]։ Գերմանական պատվիրակությունը մեկնեց Կոնստանցա, իրենց հետ վերցնելով Չխենկելիին, Զուրաբ Ավալիշվիլիին և Նիկո Նիկոլաձեին, ովքեր պետք է ներկայացնեին Վրաստանի կառավարությունը Բեռլինի վերջնական պայմանագրում։ Այս բանակցությունները ձախողվեցին, քանի որ Գերմանիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում։
Հուլիսին Էնվեր փաշան ավելի մեծ նպատակներ առաջ քաշեց, նա ցանկանում էր գրավել ավելին քան կորցրել էր 40 տարի առաջ։ 1918 թվականի մարտին նա հրամայից ստեղծել նոր զորախումբ։ Այս զորախումբը կոչվեց Իսլամական բանակ։ Իրականում այն անգամ կորպուսի չափ էլ չէր։ Այս բանակում հաշվվում էին 14.000-ից 25.000 մուսուլմաններ, մեծ մասը խոսում էր թուրքերեն։ Հուլիսին Էնվերը հրամայեց Իսպամական բանակին հարձակվել Կենտրոնական կասպիական բռնապետության վրա, նպատակը Բաքուն գրավելն էր։ Այս նոր հարձակմանը Գերմանիան դեմ էր։ Գերմանիան հայտարարեց, որ հարավային Ռուսաստանի տարածքների նվաճման իրավունքը իրենն է։ Էնվերի Իսլամական բանակը ներխուժեց Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն։ Ադրբեջանցիների աջակցությամբ նրանք հասան Բաքու։ Հաղթելով բրիտանացիներին և հայերն 1918 թվականին Բաքվի ճակատամարտում, նրանք գրավեցին Բաքուն։
Հոկտեմբերին օսմանյան բանակը շարժվեց դեպի Լեռնային Ղարաբաղ և Զանգեզուր։ Հակամարտությունը կատաղի էր։ Հայկական զորաջոկատները ոչնչացրեցին օսմանյան ստորաբաժանմանը, որը փորձեց անցնել Վարանդա գետը։ Հակամարտությունը շարունակվեց մինչև Մուդրոսի զինադադարը։ Մուդրոսի զինադադարը Զորավար Անդրանիկին հնարավորություն ընձեռեց ընդարձակել իր տարածները և միջանցք բացել դեպի Նախիջևան[30]։
Հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո Կովկասյան ճակատում խաղաղություն հաստատվեց։ Պատերազմի ավարտի դրությամբ Օսմանյան կայսրությունը պարտվեց մյուս երկու՝ Պարսկական, ինչպես նաև Սինայի և Պաղեստինի, Միջագետքի ճակատներում, սակայն կարողացավ հետ գրավել այն տարածքները որոնք կորցրել էր 1877-1878 թվականների Ռուս-թուրաքական պատերազմից հետո։
Հետևանքներ
խմբագրելՕսմանյան կայսրությունը պարտվեց պատերազմում Անտանտին, բայց Կովկասում սահմանները չփոխվեցին։ Զինադադարից երկու տարի անց, 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սևրի պայմանագիրը, սակայն այն չիրագործվեց, քանի որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Թուրքիան հրաժարվեց պայմանագրից։
Կովկասի Խորհրդայնացում
խմբագրել1920 թվականի ապրիլի 27-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարությունը Խորհրդային բանակից հաղորդագրություն ստացավ, որ բանակը երկրի հարավային մասում է և պատրաստ է ներխուժել Ադրբեջան։ Հայերի հետ հակամարտությունների պատճառով ազերի կոմունիստները ընդվզեցին կառավարության դեմ, բացի այդ Կարմիր բանակը արագ առաջ էր գալիս՝ հաղթանակելով Սպիտակ ռուսական խմբավորումներին։ Ադրբեջանը պաշտոնապես հանձնվեց Խորհրդային միությանը, սակայն շատ գեներալներ և տեղացի ազերի զինված ջոկատներ շարունակեցին պայքարել Խորհրդային միության դեմ։ Կարճ ժամանակում այս ընդվզումները ճնշվեցին և պաշտոնապես ստեղծվեց Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Դեկտեմբերի 4-ին Հայաստանի հանրապետությունը նույնպես խորհրդայնացվեց։ Նորաստեղծ Հայաստանի խորհրդային հանրապետության ղեկավար նշանակվեց Ալեքսանդր Մյասնիկյանը։ 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակը մտավ Վրաստան։
1921 թվականի հոկտեմբերի 23-ին կնքվեց Կարսի պայմանագիրը, որով վերջ տրվեց բոլոր հակամարտություններին։ Այն Մոսկվայի պայմանագրի իրավահաջորդն էր, որը կնքվել էր 1921 թվականի մարտին։ Պայմանագիրը կնքվեց նորաստեղծ Թուրքիայի և Խորհրդային միության միջև[31][32]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hinterhoff, Eugene (1984). Persia: The Stepping Stone To India. Marshall Cavendish Illustrated Encyclopedia of World War I. Vol. 4. New York: Marshall Cavendish Corporation. էջեր 499–503. ISBN 0-86307-181-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Pollard, A. F. (1920). «The first winter of the war». A Short History of the Great War. London: Methuen.
- ↑ 3,0 3,1 3,2 The Encyclopedia Americana. Vol. 28. 1920. էջ 403.
- ↑ Bobroff, Ronald Park (2006). Roads to glory – Late Imperial Russia and the Turkish Straits. London: I.B. Tauris. էջ 131. ISBN 1-84511-142-7.
- ↑ Hovannisian, R. G. (1967). Armenia on the Road to Independence, 1918. Berkeley and Los Angeles: University of California Press. էջ 59.
- ↑ Kayaloff, Jacques (1973). The Battle of Sardarabad. Near and Middle East Monographs. Vol. 10. Paris: Mouton. էջ 73. ISBN 3-11-169459-3.
- ↑ Nansen, Fridtjof (1976). Armenia and the Near East. Middle East in the Twentieth Century. New York: Da Capo Press. էջ 310. ISBN 0-306-70760-8.
- ↑ Hovannisian, Richard G. (2004). The Armenian People from Ancient to Modern Times. Vol. 2. New York: St. Martin's Press. էջ 244. ISBN 1-4039-6422-X.
- ↑ 9,0 9,1 Erickson, Edward J. (2001). Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War. Westport: Greenwood. էջ 97. ISBN 0-313-31516-7.
- ↑ Erickson, Edward J. (2001). Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War. Westport: Greenwood. էջ 54. ISBN 0-313-31516-7.
- ↑ Shaw, Ezel Kural (1977). History of the Ottoman Empire and Modern Turkey. New York: Cambridge University Press. էջեր 314–315. ISBN 0-521-21280-4.
- ↑ Tucker, Spencer (1996). The European Powers in the First World War: An Encyclopedia. New York: Garland. էջ 174. ISBN 0-8153-0399-8.
- ↑ 13,0 13,1 Pasdermadjian, Garegin; Aram Torossian (1918). Why Armenia Should be Free: Armenia's Role in the Present War. Hairenik. էջ 22.
- ↑ Balakian, Peter (2003). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. New York: HarperCollins. էջ 200. ISBN 0-06-019840-0.
- ↑ Safrastian, A. S. (January 1916). «Narrative of Van 1915». Journal Ararat. London.
- ↑ Allen, W. E. D.; Muratoff, Paul (1999). Caucasian Battlefields: A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828–1921. Nashville: Battery Press. էջեր 361–363. ISBN 0-89839-296-9.
- ↑ Serge, Victor (1972). Year One of The Russian Revolution. Chicago: Holt, Rinehart and Winston. էջ 193. ISBN 0-7139-0135-7.
- ↑ Allen, W. E. D.; Muratoff, Paul (1999). Caucasian Battlefields: A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828–1921. Nashville: Battery Press. էջ 458. ISBN 0-89839-296-9.
- ↑ Chalabian, Antranig (1988). General Andranik and the Armenian Revolutionary Movement. Southfield, MI. էջ 318.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Yerasimos, Stefanos (2000). Kurtulus Savası’nda Türk-Sovyet iliskileri 1917–1923 (թուրքերեն). Istanbul: Boyut Kitapları. էջ 11. ISBN 975-521-400-3.
- ↑ Swietochowski, Tadeusz (1985). Russian Azerbaijan 1905–1920: The Shaping of National Identity in a Muslim Community. New York: Cambridge University Press. էջ 119. ISBN 0-521-26310-7.
- ↑ Gökay, Bülent (1997). A Clash of Empires: Turkey between Russian Bolshevism and British Imperialism, 1918–1923. London: Tauris Academic Studies. էջ 12. ISBN 1-86064-117-2.
- ↑ Çaglayan, Kaya Tuncer (2004). British Policy Towards Transcaucasia 1917–1921. Istanbul: Isis Press. էջ 52. ISBN 975-428-290-0.
- ↑ Hovannisian, Richard G. (2004). The Armenian People from Ancient to Modern Times. Vol. 2. New York: St. Martin's Press. էջեր 288–289. ISBN 1-4039-6422-X.
- ↑ 25,0 25,1 Shaw, Ezel Kural (1977). History of the Ottoman Empire and Modern Turkey. New York: Cambridge University Press. էջ 326. ISBN 0-521-21280-4.
- ↑ 26,0 26,1 Hovannisian, Richard G. (2004). The Armenian People from Ancient to Modern Times. Vol. 2. New York: St. Martin's Press. էջեր 292–293. ISBN 1-4039-6422-X.
- ↑ Malkasian, Mark (1996). Gha-Ra-Bagh!: The Emergence of the National Democratic Movement in Armenia. Detroit: Wayne State University Press. էջ 22. ISBN 0-8143-2604-8.
- ↑ Busch, Briton Cooper (1976). Mudros to Lausanne: Britain’s Frontier in West Asia, 1918–1923. Albany: SUNY Press. էջ 22. ISBN 0-87395-265-0.
- ↑ Erickson, Edward J. (2001). Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War. Westport: Greenwood. էջ 187. ISBN 0-313-31516-7.
- ↑ Malik, Hafeez (1994). Central Asia: Its Strategic Importance and Future Prospects. New York: St. Martin's Press. էջ 145. ISBN 0-312-10370-0.
- ↑ «Text of the Treaty of Kars» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «English translation of the Treaty of Kars». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |