Պարսից ծոց
Պարսից ծոց (պարս.՝ خليج فارس - կարդ.՝ խալիջ-ե ֆարս, արաբ․՝ الخليج الفارسي - ալ-խալիջ ալ-ֆարսի, արաբական երկրներում հաճախ նաև կոչվում է الخليج العربي ալ-խալիջ ալ-արաբի, «Արաբական ծոց»), Արաբական թերակղզու և Իրանի միջև գտնվող ծոց։ Հորմուզի նեղուցով միացած է Օմանի ծոցին, Արաբական ծովին և Հնդկական օվկիանոսին[1]։ Մակերեսը 239 հազար կմ² Է, լայնությունը՝ 180–320 կմ, խորությունը՝ 50–102 մ։ Պարսից ծոցի մեջ է թափվում Շատ ալ-Արաբ գետը։ Խոշոր կղզիներն են Բահրեյնը և Քեշմը։ Հիդրոլոգիական ռեժիմով միջերկրական ծով է։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 30–33°C է, փետրվարին՝ 15 –21°С, աղիությունը՝ մինչև 40‰։ Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Կա ձկնորսություն, մարգարտի արդյունահանում։ Պարսից ծոցի հատակը և նրան հարող շրջանները հարուստ են նավթի և գազի պաշարներով։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ֆաո, Բասրա (Իրաք), Աբադան, Բենդեր Խոմեյնի (նախկին Բենդեր Շահպուր), Բենդեր Մահշահր, Խարք (Իրան), Ալ-Քուվեյթ (Քուվեյթ), Ռաս Տանուրա (Սաուդյան Արաբիա), Մանամա (Բահրեյն), Ումմ–Սաիդ (Կատար), Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսից ծոց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 207)։ |