Jump to content

Գագիկ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:24, 6 Նոյեմբերի 2024 տարբերակ, 195.88.67.52 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գագիկ Բ
Հայոց Թագավոր
Իշխանություն1042–1045
Ծնվել է՝մոտ 1024[1]
Մահացել է՝մարտի 2, 1076(1076-03-02) կամ 1079[1]
Վախճանի վայրԿեսարիա, Թուրքիա
ՆախորդՀովհաննես-Սմբատ
ՏոհմԲագրատունիներ[1]
գերիշխան
ՀայրԱշոտ Դ Քաջ
ԵրեխաներԴավիթ Բագրատունի
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Բ (մոտ 1024[1] - մարտի 2, 1076(1076-03-02) կամ 1079[1], Կեսարիա, Թուրքիա), Հայոց թագավոր 1042-1045 թվականներին։ Բագրատունյաց թագավորության վերջին թագավորը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտության մեջ Գագիկ Բ Բագրատունուն են անդրադարձել Միքայել Չամչյանը, Լեոն, Մանուկ Աբեղյանը, Ղևոնդ Ալիշանը, Հրաչյա Աճառյանը, Մաղաքիա Օրմանյանը և այլք։ Հայ մատենագիրներից նրա մասին են հիշատակել Արիստակես Լաստիվերցին, Գրիգոր Մագիստրոսը, Սամվել Անեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Սմբատ Սպարապետը և այլք, իսկ բյուզանդական պատմիչներից՝ Հովհաննես Սկիլիցեսը և Միքայել Ատտալիատեսը։ Գագիկ Բ-ն ծնվել է մոտ 1024 թվականին։ 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին Գագիկին բնութագրում է որպես խոհեմ և աստվածասեր պատանու։ Մանուկ Աբեղյանը նշում է, որ Անիի արքունիքում եղել է գրադարան. նույնը կար և կաթողիկոսարանում։ Իբրև ուսումնասեր և գիտուն հիշվում է նաև Գագիկ Բ-ն։ Նրա ամուսնության վերաբերյալ պատմագրության մեջ առկա են հակասական տեղեկություններ։ Մ. Ուռհայեցու վկայությամբ` նրա ընտանիքը Անիից բերվում է Բյուզանդիա, ըստ Ա. Լաստիվերցու` նա կայսեր պահանջով ամուսնացավ Սենեքերիմի որդի Դավթի դստեր հետ, իսկ Մ. Օրմանյանի կարծիքով` ամուսնացել է Դավթի այրու հետ` տեր կանգնելու նրա կալվածքին[2]։

Մաղաքիա Օրմանյանը տեղեկություններ է հայտնում նրա որդիների անունների մասին.

«Գագիկ Աշոտեանի երկու որդիներն միայն կը յիշուին պատմութեան մէջ, կրտսերն Դաւիթ, Ապլղարիպի փեսան, նոյնիսկ իր աներէն թունաւորուելով սպաննուեցաւ Գագիկին դիմումէն ետքը։ Իսկ երէց որդին Յովհաննէս, փեսայացած կ’ըսուի Անիի յոյն դուքսին, անկէ Կոստանդնուպոլիս եկած Աշոտ որդւոյն հետ, որ վերջէն նորէն Անի կը դառնայ. եւ Մանուչէի ներքինիներէն մին զայն կը թունաւորէ. Անիի վրայ իրաւունք ունեցողի մը կեանքը վերուցած ըլլալու համար։ Յովհաննէս ալ մեռաւ Աշոտ որդիէն քիչ ետքը»[3]

Նրա կրթության մասին է հաղորդում Կիրակոս Գանձակեցին.

«Բայց, որովհետև նա մանկությունից գրքերի ուսումնասիրությամբ էր զբաղված, նրանցով էլ զվարճանում էր»[4]

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Բ-ի գահակալությանը նախորդած ժամանակաշրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1020 թվականին հայոց թագավոր Գագիկ Ա-ն մահանում է։ Թեև ավագության իրավունքով գահը ժառանգելու էր ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, գահի համար լուրջ պայքար է սկսվում նրա և եղբոր՝ Աշոտ Դ-ի միջև։ Վահրամ Պահլավունու, կաթողիկոս Պետրոս Գետադարձի և վրաց թագավորի միջնորդությամբ կնքվեց հաշտություն, որի համաձայն Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնվեց Հովհաննես-Սմբատին, իսկ մնացյալ հատվածը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն[5]։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Տրապիզոնում սկսվում են վրաց-բյուզանդական բանակցությունները, որին մասնակցում էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը։ Բանակցությունների ժամանակ բյուզանդական կայսր Վասիլ Բ-ն (Բարսեղ) կաթողիկոսից պահանջում է հանձնել Անիի թագավորությունը։ Բյուզանդասեր կաթողիկոսի ճնշման տակ Հովհաննես-Սմբատը տալիս էր իր համաձայնությունը։ Արդյունքում այդ ստորացուցիչ կտակը ուղարկվում է Վասիլ Բ-ին։ Այդ իրողությունը հայտնի է դառնում Անիի բնակչությանը, և երբ կաթողիկոսը վերադարռնում է հայրենիք, նրա դեմ խռովություն են բարձրացնում։ Մինչև իսկ 1037 թվականին նրան բանտարկեցին, սակայն հետո ազատ արձակեցին։ 1040 թվականին մահանում է Աշոտ Դ-ն, իսկ 1041 թվականին՝ Հովհաննես-Սմբատը։ Այս իրողություններից հետո կայսր Միքայել Դ-ն զորք է ուղարկում Անիի թագավորությունը, կտակի համաձայն, գրավելու համար։ Շուրջ 30.000-անոց զորքի գլուխ անցած Վահրամ Պահլավունուն հաջողվում է հետ շպրտել թշնամուն[6]։

Գագիկ Բ-ի թագադրությունը և կառավարման շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնշյալ իրադարձությունների համատեքստում գլուխ է բարձրանում բյուզանդասերների խմբավորումը։ Նման ազնվականների շարքում էր Սարգիս Սյունեցին, որի տրվել է բյուզանդական «վեստ» տիտղոսը և պատմության մեջ հայտնի է որպես Վեստ Սարգիս։ Նա բռնագրավում է արքունիքի գանձերը՝ հանգեցնելով բնակչության ատելությանը։ Արդյունքում, Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ գահ է բարձրանում Գագիկ Բ-ն։ Ըստ Կարեն Մաթևոսյանի՝ թագադրողը եղել է Գրիգոր Բջնեցին[2]։ Գահակալության սկիզբը ընդունելի է համարել 1042/1043 թվականը, իսկ ավարտը՝ 1045 թվականը։ Անիի կենտրոնական թագավորությունը այս կարճաժամկետ շրջանում փորձում էր ոտքի կանգնել, սակայն Բյուզանդական կայսրության արտաքին նվաճողականության հետևանքով այլ ճակատագիր վիճակվեց[7]։

Իսկ Մատթեոս Ուռհայեցին վկայում է. «Այն ժամանակ բարձրացավ Գագիկ անունով տասնութ տարեկան մի պատանի, Բագրատունիների տոհմից, Աշոտ արքայի որդին` Գագիկի որդին, Աշոտի որդին, Աբասի որդին, Սմբատի որդին, Երկաթի որդին։ Պատանի Գագիկը շատ խոհեմ, երկյուղած և աստվածասեր էր»։

Բագրատունյանց թագավորության անկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1042 թվականին Բյուզանդիայի կայսր է դառնում Կոստանդին Մոնոմախը։ Նա վճռում է վերջնակապես լուծել առկա խնդիրը. այն է գրավել Անիի թագավորությունը։ Նա դիմեց Գագիկ Բ-ին՝ որպես կտակի ժառանգորդ, և պահանջեց հանձնել թագավորությունը։ Գագիկ Բ-ն հասկանում էր թշնամու ռազմական առավելությունը, ուստի փորձեց դիմել դիվանագիտությանը։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 1044 թվականին, երբ կայսրը որոշեց վերջ դնել հայոց թագավորությանը և մեծաքանակ զորք ուղարկում՝ Միքայել Իասիտեսի գլխավորությամբ։ Սակայն այս արշավանքը ևս ձախողվում է։ Այնուհետև ուղարկում է իր սենեկապետ Նիկոլայոսին։ Անիի դարպասների մոտ տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական զորքերը՝ Վահրամ Պահլավունու և Գագիկ Բ-ի գլխավորությամբ փայլուն հաղթանակ են տանում[5]։

Կայսրը դիմեց նաև Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարին՝ առաջարկելով նրան ասպատակել Անիի թագավորությունը։ Կայսրը խոստացավ նրան տալ այն տարածքները, որոնք ամիրան կկարողանար գրավել զենքի ուժով։ Սակայն այս փորձերը ևս ձախողվեցին։ Հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում[5]։

Այս ձախողություններից հետո Մոնոմախը դիմեց նենգության։ Իբր բանակցություններ վարելու համար իր արքունիք հրավիրեց Գագիկ Բ-ին։ Սա իրականացվեց վեստ Սարգսի խորհրդով։ Վահրամ Պահլավունին և պետականության պահպանման կողմնակիցները խորհուրդ տվեցին թագավորին չընդունել այդ առաջարկը։ Հույս ունենալով ի վերջո խաղաղություն հաստատել՝ Գագիկ Բ-ն որոշում է մեկնել Կոստանդնուպոլիս։ Կայսերական մայրաքաղաքում հայոց արքային նախ դիմավորում են մեծ պատվով, Մոնոմախն անձամբ մի քանի օր մեծարում է նրան՝ ընծաներով ու արքայավայել ճաշկերույթով[7]։

Մինչ թագավորի մենկելը, վեստ Սարգիսը ու կաթողիկոս Պետրոս Գետադարձը կայսերն էին ուղարկել Անի մայրաքաղաքի բանալիներն։ Կ. Մոնոմախն իր մոտ կանչեց Գագիկին և նրա առջև դրեց բանալիներն ու նամակը։ Տեսնելով դա, հայոց արքան, ինչպես մեջբերում է Մատթեոս Ուռհայեցին, հառաչեց և ասաց.

«Հայոց երկրի տերն ու թագավորը ե՛ս եմ, ես քեզ չե՛մ տալիս Հայաստանը, որովհետև դու ինձ խաբեությամբ Կոստանդնուպոլիս բերեցիր»[8]։

Նա այդպես անսասան է մնում մեկ ամիս, բայց ի վերջո, ելք չգտնելով, համաձայնեց Անին հանձնել կայսրությանը, որի դիմաց Մոնոմախը, արգելելով Գագիկին Անի վերադառնալ, որպես կալվածք նրան հանձնեց Կապադովկիայի Կալոն Պելատ և Պիզու քաղաքները, կարգադրելով Բյուզանդիա բերել նաև արքայի ընտանիքը։ Դրանից հետո բյուզանդական զորքերը չորրորդ անգամ են պաշարում Անին, որը պաշտպանելու ելած հայոց բանակն ու ժողովուրդն այս անգամ պարտություն են կրում, ինչով էլ 1045 թվականին վերջ է դրվում Բագրատունյաց թագավորությանը։ Այն ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար. բուն Հայաստանում երկար դարեր պետականությունը կործանվեց[6]։

Գագիկ Բ-ի հետագա գործունեությունը և սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Բ-ի 1045-1065 թվականների գործունեության մասին հայտնի չէ որևէ տեղեկություն։ Նրա մասին վկայություն է պահպանվել՝ կապված Կեսարիայի Մարկոս մետրոպոլիտի հետ։ Այդ վկայությունը այն մասին է, որ հունաց երկրում վերջինս շատ էր անարգում հայ ազգին և շներին անվանում Արմեն։ Երբ ժամանում է Կեսարիա, Գագիկը ցանկություն է հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ։ Մարկոս մետրոպոլիտիը հյուրընկալում է նրան։ Գագիկ Բ-ն հրամայում է իր թիկնապահներին շանը գցել մի պարկի մեջ։ Արքայի թիկնապահները Մարկոսին ևս գցում են պարկի մեջ, բերանը կապում և սկսում շանը ձաղկել, որը, ցավից սաստիկ գազազելով հոշոտում է տիրոջը։ Հույների հանդեպ այդ վարքագիծը անհետևանք չի մնում՝ վրեժխնդրության պատճառ հանդիսանալով։ Գագիկ Բ-ի սպանության մասին պահպանվել են մի շարք տեղեկություններ[2]։

Մատթեոս Ուռհայեցին Գագիկի սպանության թվականը համարել է 1079 թվականը, մինչդեռ ըստ Սամվել Անեցու ժամանակագրության` 1080 թվականը։

Մ. Ուռհայեցին վկայում է, որ 1076 թվականին Գագիկ Բ-ն իր զորքով գնում է Արժախասի դաշտը՝ Կիզիստրա բերդը, որը պատկանում էր երեք հույն իշխանների՝ Մանդալեի որդիներին։ Գագիկն իր զինվորներից առաջ անցնելով, ձիով, երեք հոգու ուղեկցությամբ մոտենում է իրեն դիմավորելու եկած եղբայրներին, որոնք նախօրոք դարանակալ զորք էին պատրաստել։ Նրանք մոտեցան Գագիկին, երկրպագեցին և երբ մոտեցան ողջագուրվելու, հանկարծ երեքով փաթաթվեցին արքայի վզին և քաշելով ցած գլորեցին։ Դուրս նետվեցին դարանակալած զինվորները, իսկ Գագիկի ուղեկիցները ետ փախան՝ լուրը տանելով նրա զորքին։ Սրանք լուրն առնելով ցրվեցին՝ արքային մենակ թողնելով։ Իսկ եղբայրները նրան տարան իրենց բերդը։ Ութ օր անց հայոց իշխաններից շատերը, որոնք Բյուզանդիայում էին, դուրս եկան Կիզիստրա բերդի դեմ, սակայն դրա անառիկության պատճառով հաջողություն չունեցան, իսկ հույները Բագրատունյաց թագավորության վերջին շառավիղ Գագիկ Բ-ին աղեղի լարով խեղդամահ արին և մարմինը մեկ օր կախեցին պարսպից, ապա թաղեցին պարսպի արտաքին կողմում։ Արքայի մտերիմները գիշերով նրա մարմինը տանում են Պիզու քաղաքը և թաղում վանքում։ Գագիկի մահվան վրեժը հետագայում լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս Ա իշխանը՝ սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները[2]։

Գագիկ Բ-ի «Հավատոյ գիր» ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ թագավորի միակ ստեղծագործությունը մեզ է հասել Մ. Ուռհայեցու «Ժամանակագրության» շնորհիվ։ Այն կառուցված է հռետորական դիմումի ճարտասանական հնարքով։ Իր հավատի և դավանության խոսքը ընդմիջում է՝ դիմելով կայսրին, երբեմն էլ ուղենշելով իր խոսքը[2]։ Ստեղծագործության մասին Մաղաքիա Օրմանյանը նշում է.

«Գիրը ուղղուած է կայսեր հասցէին, եւ առաջ կը խօսի Երրորդութեան, արարչութեան եւ Հոգւոյն Սրբոյ վրայ, եւ մարդեղութեան վրայ խօսած ատենը կը յիշէ եւ կը հերքէ Վաղինտիանոսի, Մարկիոնի, Մոնտանոսի, Մանիի, Նավատիոսի, Սաբելիոսի, Արիոսի, Վոտինոսի, Նեստորիոսի, Եւտիքէսի, Հայ Սարգիսի, Պօղոս Սամոսատցիի, եւ Պետրոս Կնափեցիի վարդապետութիւնները»[9]
Նախորդող
Հովհաննես-Սմբատ 1021-1041
Բագրատունյաց թագավոր
Գագիկ Բ

1042/1043-1045
Հաջորդող
Թագավորության անկում 1045

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Եղիազարյան Վ. (2020). Գագիկ Բ Բագրատունին և «Հավատոյ գիրը». Եր. էջեր 25–41.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Մաղաքիա Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, էջ 1460։
  4. Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն»։
  5. 5,0 5,1 5,2 Հայ ժողովրդի պատմություն. Vol. Գ. Եր.: Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատ. 1976. էջեր 151–154.
  6. 6,0 6,1 Մելքոնյան Ա. (1998). Հայոց պատմություն. Դասախոսությունների ձեռնարկ. Եր.: «Հայագիտակ» հրատ. էջեր 78–79.
  7. 7,0 7,1 Ժամկոչյան Հ.; Աբրահամյան Ա.; Մելիք-Բախշյան Ս.; Պողոսյան Ս. (1975). Հայ ժողովրդի պատմություն. Եր.: Երևանի համալսարանի հրատ. էջեր 456–460.
  8. Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն», թարգմ.՝ Հ. Բարթիկյանի, էջ 105։
  9. Մաղաքիա Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, էջ 1484։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 638