Մենուա
Մենուա | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 9-րդ դար |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 786 |
Քաղաքացիություն | Վանի թագավորություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Թարիրիա և Թարիրիա |
Ծնողներ | հայր՝ Իշպուինի |
Զբաղեցրած պաշտոններ | Վանի թագավորության արքա |
Երեխաներ | Ինուշպուա, Արգիշտի Ա |
Menua Վիքիպահեստում |
Մենուա (նաև՝ Մինուա, (մ.թ.ա. 9-րդ դար - մոտ մ. թ. ա. 786), Վանի թագավորության արքա։ Իշպուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ պատմագրության և առկա արձանագրությունների մեջ Մենուայի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են։ Հայտնի չեն նրա մանկության և պատանեկության մասին տեղեկությունները։ Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ ևս ոչինչ հայտնի չէ։ Պատմագրության մեջ պահպանվել են նրա կառավարման շրջանի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները։
Մենուա արքան պատմության մեջ դիտարկվում է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլև բարենորոգիչ ու հմուտ զորավար։ Վան քաղաքում հայտնաբերված մի արձանագրությունից հայտնի է դարձել, որ արքան իր Արծիբի (Արծիվ) ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11,4 մետր, այն մինչ օրս չգերազանցված ռեկորդ է հանդիսանում համաշխարհային պատմության մեջ[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ միանձնյա կառավարել՝ Մենուա արքան եղել է իր հոր` Իշպուինի գահակիցը։ Վերջինս իր հորից՝ Սարդուրի Ա արքայից, ժառանգել էր հզորության ճանապարհը բռնած թագավորություն։ Իշպուինը ձեռնարկել է թագավորության միավորմանն ուղղված քայլեր։ Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության օրոք իրականացվել են մի քանի նշանակալի ռազմերթեր, որոնց արդյունքում թագավորության սահմանները ընդլայնվել են։ Հիշատակելի է թագավորության հարավարևելյան ուղղությամբ իրականացված ռազմերթը, որով Վանի թագավորությունը սահմանակից էր դարձել Մանա և Բարշուա երկրներին, ինչպես նաև արևելյան ուղղությամբ՝ Ասորեստանին։ Այս իրողությունը լուրջ դրսևորում էր այն առումով, որ հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանել դեպի արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա։ Սակայն պատմական այդ նույն ժամանակահատվածում Ասորեստանը ներքին երկպառակությունների մեջ էր գտնվում, ուստի չկարողացավ հակադարձ քայլեր ձեռնարկել և կասեցնել Վանի թագավորության առաջխաղացումը[1]։
Վանի թագավորությունը Մենուայի միանձնյա կառավարման շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունը ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Նա վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հարկ է նշել, որ մինչ ռազմական նվաճումներ ձեռնարկել, արքան, երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, կառուցել է բազմաթիվ ամրոցներ, բերդեր, պաշտպանական շինություններ[2]։ Պաշտպանական ամրությունները նա շրջապատեց բնակավայրերով՝ դրանք դարձնելով բերդաքաղաքներ, որոնց ներսում էլ կառուցեց հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ, որոնք զարդարված էին որմնանկարներով, հիմնականում աստվածների պատկերներով և ռազմի տեսարաններով։ Մենուան իրականացրել է նաև կրոնական բարեփոխումներ՝ վերջնականապես ձևավորելով հայոց աստվածների դիցարանը։ Նա կարգավորել է նաև հայոց տոնացույցը։ Պահպանված արձանագրություններից իմանում ենք, որ հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ են կազմակերպվել։ Այդ տեղեկատվությունը Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է[1]։
Ռազմական հաղթարշավները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավոք, Մենուայի քաղաքական և ռազմական գործունեության ժամանակագրության կարգը հայտնի չէ, քանի որ մեզ չի հասել նրա տարեգրության ամբողջական պատկերը։ Հայտնի են միայն առանձին դրվագներ և հիշատակություններ։ Ներկայումս հիմք են ընդունվում ռազմական արշավանքների ուղղությունները և հակառակորդ երկրների տնտեսական և ռազմական մակարդակը։ Վանի թագավորության հյուսիսային շրջանները՝ Էրիկուախին, Էթիունին, զարգացման մակարդակով ավելի թույլ էին, քան արևմտյան և հարավարևմտյան շրջանները (Խաթե, Իշալա, Ալզի, Մելիտեա և այլն)։ Սակայն հարավում և հարավարևելյան շրջանում ազդեցիկ խոչընդոտ էր հանդիսանում Ասորեստանը։ Ուստի Մենուայի սկզբնական արշավանքները ուղղված էին դեպի հյուսիս՝ ավելի նվազ ցեղերի և ցեղային միությունների դեմ։ Կարևոր էր Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Մենուան հյուսիսում հասնում է Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան, ապա շարժվում դեպի հյուսիս-արևելք` հասնելով Արարատի հյուսիսային փեշերը` Արաքսի աջ ափ, որտեղ նվաճում է Էրիկուախի երկիրը՝ Լուխիունի արքունի քաղաքով[3]։ Հյուսիսում հաջորդը նվաճվում է Էթիունի ցեղային մեծ միությունը։ Այս ժամանակահատվածում, ի համեմատ նախորդ նվաճումների, լուրջ հակառակորդ է հանդիսանում Դիաուխի ցեղային միությունը, որի տարածքը Կարինի շրջանից ձգվում էր դեպի Ճորոխի ավազան։ Մենուան գրավում է կենտրոնական Շաշիլու քաղաքը։ Դիաուխիի թագավոր Ուտուպուրշին անձնատուր է լինում։ Մենուան ստանում է մեծաքանակ ոսկի, արծաթ և այլ արժեքներ, իսկ Դիաուխին պարտավորվում է հարկ վճարել։ Հյուսիսային արշավանքներին հաջորդում է արևմուտքում և հարավ-արևմուտքում իրականացված նվաճումների շարքը։ Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի (Աղձնիք) երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները։ Մենուան նվաճում է Ծուփանի (Ծովք), Մելիտեա (Մալաթիա), Ուրմե/Արմե, Ալզի (Աղձնիք), Ուլիբա շրջանները և այլ երկրներ, որոնց անունները չեն հիշատակվում։ Պետության սահմանները ընդլայնվում են՝ հասնելով ընդհուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառնման շրջան, որը ընդգրկում էր ողջ Մշո դաշտը։ Այդտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրությունները[2]։
Այս նվաճումները ամրապնդում են Վանի թագավորության դիրքերը, որի շնորհիվ արշավանք է սկսում դեպի հարավ և հարավ-արևելք։ Պատերազմի թատերաբեմ էր դարձել Մանա երկիրը, որը տարածքը ընդգրկում էր Ուրմիո լճից դեպի հարավ և արևելք ընկած շրջանները։ Սա մարտահրավերը էր Ասորեստանին, որը ևս նկրտումներ ուներ Մանայի նկատմամբ։ Հայտնի է նաև, որ հյուսիսային արշավանքների ժամանակ, Ասորեստանը Ք.ա. 807-806 թվականներին արշավել էր Մանա։ Այս համատեքստում ստեղծվում է լարված իրավիճակ, քանի որ երկուստեք արշավանքներ են սկսվում Մանայի դեմ, որի ժամանակ փոփոխակի հաջողություններ են գրանցում և՛ Վանի թագավորությունը, և՛ Ասորեստանը[3]։
Այսպիսով, Մենուայի ռազմական արշավանքները շնորհիվ Վանի թագավորությունը ամրապնդեց իր դիրքերը Առաջավոր Ասիայում՝ վերածվելով գերտերության։ Այս հաղթարշավները շարունակվեցին Մենուայի որդու՝ Արգիշտի Ա-ի թագավորության տարիներին[3]։
Կառուցապատում և բարեկարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենուա արքան ծավալել է շինարարական բուռն գործունեություն և՛ կենտրոնական, և՛ ծայրամասային շրջաններում։ Այդ տեղեկությունները հայտնի են դարձել Գյուզակում, Գործոտում, Անձավում, Կողբանցում, Շուշանցում և Վարագավանքում գտնված արձանագրությունների շնորհիվ։ Դեպի Արարատյան դաշտ իրականացրած հաղթարշավից հետո, հիմնադրել է Մենուախինիլի ռազմավարական կարևորագույն քաղաք-ամրոցը։ Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով թագավորության ողջ տարածքով ստեղծել է ոռոգման կայուն համակարգ, որի բարձրակետն է համարվում 72 կմ երկարություն ունեցող «Մենուայի ջրանցքը», որը մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է։ Այն ջուր էր մատակարարում Վան քաղաքին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից[3]։
Մենուա արքայից մեզ հասած շուրջ 14 արձանագրություն կապված են ջրանցքի կառուցման հետ, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը։ Նա ջրանցքներ է անցկացրել իր թագավորության մյուս շրջաններում ևս։ Արտամետ գյուղի մոտակայքում գեղեցիկ այգի է հիմնել՝ այն կոչելով իր դստեր Թարիրիախինելե անունով։ Այն հանդիսացել է վանեցիների սիրելի վայրերից մեկը, որտեղ հայերը մինչև ցեղասպանությունը ուխտի են գնացել[1]։
Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից է Մանազկերտ քաղաքի կառուցապատումը։ Այն գտնվում էր Վանա լճի հյուսիսում, և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Զուգահեռ այս իրողությանը, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը Ք.ա. 2020 թ.: Սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ շինարարական աշխատանքներ կատարեց, որ արմատապես փոխեց քաղաքի տեսքը։ Դա են վկայում բազում շինարարական արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են Մանազկերտի շրջակայքում[1]։
Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել նաև ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարական ուղղություններում կառուցել է բերդաքաղաքներ։ Պետության հյուսիսային գլխավոր հենարան Մենուախինիլիից բացի, հիմնել է մի քանի այլ ամրոցներ ևս։ Դրանով հսկողության տակ են վերցվում կարևոր ճանապարհները, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված։ Մենուայի շինարարական գործունեության արդյունքներից է Վերին Անձավի նշանավոր բերդաքաղաքը, որը հյուսիս-արևելքից հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մատույցները։ Այսպիսով, Մենուա արքան, հաշվի առնելով երկրի անվտանգային խնդիրները և մարտահրավերները, երկրով մեկ ստեղծել է ռազմական հենակետերի հզոր շղթա[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петербург 1922
- Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
- Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Ереван 1970
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Աթանեսյան Վ. (12.12.2013). «Մենուա». Անկախ նորություն. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 21.02.2023-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Վանի թագավորությունը Մենուայի օրոք». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 20.02.2023-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայ ժողովրդի պատմություն. Vol. Ա. Եր. 1976. էջեր 300–303.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Նախորդող Իշպուինի |
Վանի արքա Մենուա Ք.ա. 810 - 786 |
Հաջորդող Արգիշտի Ա |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 464)։ |