Jump to content

Վերածննդի կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կարլո Կրիվելլի
Կարլո Կրիվելլի

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա, այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։

Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս)

Հուդայի համբույրը Ջոտտո
Սուրբ Մարտինը
Սիմոնե Մարտինի

Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս), (հուն. protos- առաջին, ֆրանս.Renaissance- վերածննունդ), վերածննդին նախորդող շրջան է իտալական արվեստում։ Կյանքը նորովի ընկալելու առաջին նշանները առկա են 13-րդ դարի երկրորդ կեսի- 14-րդ դարի արվեստագետների ստեղծագործությունների մեջ։ Պրոտոռենեսանս անվանումը առաջին անգամ շրջանառվել է շվեյցարացի պատմաբան Յակոբ Բուրկհարտի կողմից։

Վաղ Վերածնունդ

Պիերո դելլա Ֆրանչեսկա
Պիերո դելլա Ֆրանչեսկա

Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։

Բարձր Վերածնունդ

Տիրամայրը (Բենուա)
Լեոնարդո դա Վինչի
Դավիթ
Միքելանջելո

Վերածննդի շրջանի բարձրակետը համնկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունըհերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։

Ուշ Վերածնունդ

Տիրամայրը երկար պարանոցով
Ֆրանչեսկո Պարմիջանինո

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ` մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ` մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները` կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները` Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում` Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Հյուսիսային վերածնունդ

Ալպերից հյուսիս ապրող նկարիչները իրենց աչքի առաջ չունեին անտիկ արվեստի նմուշներ։ Նրանց միանգամայն օտար էր իտալական Վերածննդի հնագիտական տարածաչափությունը, որի էությունը կայանում է նորից բացահայտված նախնադարյան հուշարձանների ուսումնասիրության մեջ։ Այստեղ երկար պահպանվեցին գոթական արվեստի ավանդույթները և հմտությունները, քիչ ժամանակ տրամադրվեց նախնադարյան ավանդի ուսումնասիրմանը և մարդու անատոմիայի ճանաչմանը։ Հյուսիսային նկարիչների` օրինակ` Հոլբայնի դիմանկարները զուրկ են իրականության ներդաշնակումից և իդեալականացումից, ինչը հատուկ էր նրանց հարավային եղբայրակիցներին. իրենց ռեալիստականության մեջ նրանք հասնում են նատուրալիզմի: Մյուս կողմից նրանք չեն խզում կապը ժողովրդական, գյուղացիական կյանքի տարերքի և բանահյուսական ավանդույթի հետ. այդ առումով հատկանշական է Պիտեր Բրեյգել Ավագի արվեստը։

Ինտերնացիոնալ գոթիկայի և նախավերածննդյան ուղղությունների սահմանագծին բուրգունդյան Հոլանդիայում XV դարի 1-ին կեսին ծնվեց հին հոլանդական արվեստը։ Բարդացված սրբապատկերագրությունը և խրթին սիմվոլիզմը զուգակցվում էին տնային նիստուկացի մանրունքների նկատմամբ ծայրահեղ ուշադրության հետ։ Տեմպերայից դեպի յուղանկար անցումը թույլ էր տալիս նկարիչներին ավելի ցայտուն և բազմակողմանի փոխանցել առարկայական աշխարհի բազմազանությունը, խորությունը և փայլը։ Այս բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբեր Կամպենի և նրա աշակերտների` վան Էյկ եղբայրների ու Ռոգիր վան դեր Վայդենի անունների հետ։ Դարի երկրորդ կեսին գոթիկայի վերապրուկները և իտալական ազդեցությունները արտասովոր կերպով միահյուսվեցին Մեմլինգի արվեստի մեջ։

Թեև կվատրոչենտո շրջանի Իտալիայում հետաքրքրությամբ էին հետևում հոլանդական նկարիչների ձեռքբերումներին, իտալական ազդեցությունը այդ երկրամաս թափանցեց միայն XVI դարում, երբ բավարացի Ալբրեխտ Դյուրերը իր արվեստը կատարելագործելու մեկնեց Վենեցիա, իսկ Հոլանդիայում ձևավորվեց անտվերպենյան մաներիզմի դպրոց, որին մասնավորապես պատկանում էր Մաբյուզը: Ռեֆորմացիայի հետ հյուսիսային Եվրոպայում արգելվեց հոգևոր գեղանկարչությունը, փոխարենը ձևավորվեցին ոչ այնքան նախկին սերունդների նկարիչների գեղարվեսական ձեռքբերումները վերաիմաստավորելու (ինչպես Իտալիայում), որքան բնությունը անմիջականորեն զննելու վրա հիմնված նոր ժանրեր` բնանկար, նատյուրմորտ, ժանրային գեղանկարչություն:

Տերմիններ


Վերածննդի տարբեր դարեր անվանվում են ըստ իտալական թվերի։

  • դուչենտո 1200- ականներ (իտալ. ducento (երկուհարյուր) Պրոտոռենեսանսի սկիզբը։
    • տրիչենտո 1300- ականներ (իտալ. trecento (երեքհարյուր) բուն Պրոտոռենեսանսը
      • կվատրոչենտո 1400- ականներ (իտալ. cinquecento (չորսհարյուր) Վաղ Վերածնունդ, Բարձր Վերածնունդ
        • չինկվեչենտո 1500- ականներ (իտալ. cinquecento (հինգհարյուր) Բարձր Վերածնունդի վերջը, Ուշ Վերածնունդ