Ժանրային գեղանկարչություն (ֆր.՝ genre), առօրյա կյանքի տեսարանների գեղարվեստական պատկերում` որպես մարդկանց կենսակերպի և նրանց շրջապատող իրականության արտացոլում։ Նման պատկերն իր ստեղծողի կողմից կարող է լինել իրատեսական, երևակայական կամ ռոմանտիզացված։ Ժանրային նկարչության օրինակներ են շուկայի տեսարանների, տոների, ինտերիերի, փողոցային տեսարանների պատկերները և այլն։
Ժանրային տեսարաններ են նկարվել դեռ անտիկ ժամանակաշրջանում, ինչը վկայությունն են ՊոմպեյիՖրեսկոները։ Միջնադարում ժանրային նկարչությունն ուներ բարոյական և այլաբանական բնույթ։ Ժամանակակից ժանրի նկարչության նախորդները (Պիտեր Բրեյգել Ավագը, Յան Բրեյգել Ավագը, Լուկաս Լեյդենցին) անդրադարձել են գյուղական և ընտանեկան կյանքի տեսարաններին[1]։ Հիմնական շարժառիթը պտտվում էր բարոյականության և մարդկային բացասական պահվածքի շուրջ՝ հարբեցողություն, վիճաբանություններ և այլն։ XVII-XVIII դարերում ժանրային գեղանկարչության զարգացման շրջադարձային կետն է դարձել բելգիացի և հոլանդացի նկարիչների անդրադարձը արտոնյալ դասի պատկերմանը։ Այդ ժամանակվանից ի վեր ընդունված է նկարում փնտրել թաքնված իմաստ[2]։