ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն (կրճատ ԱՄՆ ԿԿ, անգլ.՝ The Communist Party of the United States of America, կրճատ CP USA), քաղաքական կուսակցություն ԱՄՆ-ում, որը կրողն է մարքսիզմի գաղափարախոսության։ Հիմնադրվել է 1919 թ-ի օգոստոսի 31-ին։ Կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ 2011 թ-ի տվյալներով հետևորդների քանակը մոտ 2000 մարդ է։ Ժամանակին մեծապես ֆինանսավորվել է ԽՍՀՄ կողմից։
Սեպտ. 1-ին ԱՍՆ–ի սոցիալիստական կուսակցության ձախ թևը Ջ. Ռիդի գլխավորությամբ ստեղծել է Ամերիկայի կոմունիստական բանվորական կուսակցությունը։ Նույն ամսին ձախ սոցիալիստների մի այլ խումբ Չ. Ռուտենբերգի գլխավորությամբ ստեղծել է Ամերիկայի կոմունիստական կուսակցությունը։ 1921-ի մայիսին երկու կուսակցությունները միաձուլվեցին որպես Ամերիկայի կոմունիստական կուսակցություն, որը 1921-ի դեկտեմբերին մտավ այն ժամանակ ստեղծված լեգալ բանվորական կուսակցության մեջ։ VII համագումարում (1930-ի հունիս) վերանվանվել է ԱՍՆ–ի կոմունիստական կուսակցություն։ 1929–33-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, չնայած իր փոքրաթվությանը, ԱՍՆ–ի կոմկուսը կարողացավ գլխավորել բանվորական գործադուլները, զանգվածային ցույցերը և գործազուրկների արշավները դեպի Վաշինգտոն։ Միաժամանակ այն եռանդուն պայքար ծավալեց ֆաշիզմի և պատերազմի վտանգի դեմ՝ ղեկավարվելով Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) որոշումներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ–ի զինված ուժերի շարքերում մարտնչեց 15 հզ. կոմունիստ։ 1940-ական թթ. կոմկուսի ներսում ծնունդ առավ լիկվիդատորական հոսանք, որը հայտնի է բրաուդերիզմ անունով։ Կոմկուսի նախկին գլխավոր քարտուղար Է. Բրաուդերը հանդես գալով ամերիկյան իմպերիալիզմի «առաջադիմական» Էության կեղծ տեսությամբ՝ պահանջում էր ցրել կուսակցությունը։ 1944-ի մայիսին նրան հաջողվեց լուծարքի ենթարկել կոմկուսը ե նրա փոխարեն ստեղծել անկուսակցական «կոմունիստական քաղաքական ասոցիացիան»։ Սակայն 1945-ի հուլիսին Ու. Ֆոստերի և Յու. Դենիսի նախաձեռնությամբ հրավիրված արտակարգ համագումարում ԱՄՆ–ի կումունիստական կուսակցությունը վերականգնվեց։ Ետպատերազմյան շրջանում կոմկուսը հետևողականորեն մերկացրել է ամերիկ. իմպերիալիզմի ներքին և արտաքին քաղաքականությունը, պայքարել տնտեսության ռազմականացման, ռազմա–քաղաքական բլոկների ստեղծման և ագրեսիվ գործողությունների դեմ, հանդես է եկել միջազգային կոմունիստական շարժման միասնության օգտին։ Երկրի ներսում կոմկուսը պայքարում է աշխատավորների կենսական շահերի և դեմոկրատական իրավունքների, նեգրական բնակչության քաղաքացիական իրավունքների համար, պաշտպանում ուսանողության հակապատերազմական ելույթները։ ԱՄՆ–ի կոմկուսը գործել է քաղաքական ծանր պայմաններում՝ ենթարկվելով պաշտոնական իշխանությունների հետապնդումներին և հետադիմական շրջանների հալածանքին։ ԱՄՆ–ի կոմկուսի կյանքում առանձնապես կարևոր էր XIX համագումարը (1969-ի ապրիլի 30–մայիսի 4), որը տեղի ունեցավ երկրում հակապատերազմական զանգվածային շարժման և նեգրական բնակչության քաղաքացիական իրավունքների համար պայքարի վերելքի պայմաններում։ Ընդունվեց կուսակցության նոր ծրագիր, որտեղ նշված է սոցիալիստական ԱՄՆ–ի համար պայքարելու ուղին։ ԱՄՆ–ի կոմկուսի շարքերում կա շուրջ 12 հզ. անդամ (1970)։ Նրա գերագույն մարմինը ազգային համագումարն Է, համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Ազգային կոմիտեն։ Վերջինս կազմում է գործադիր կոմիտե և ազգային քարտուղարություն։ ԱՄՆ–ի կոմկուսի ազգային նախագահն է Տ. Ուինստոնը, գլխավոր քարտուղարը՝ Գ. Հոլլը։ Հրատարակում է «Դեյլի ուորլդ» («Daily World») շաբաթաթերթը, տեսական օրգանն է «Պոլիտիկլ աֆֆերս» («Political Affairs») ամսագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 315)։