Jump to content

Ազգային միացյալ կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային միացյալ կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր ԽՍՀՄ
ԱռաջնորդՊարույր Հայրիկյան (1968-1987)
ՀիմնադիրՀայկազն Խաչատրյան, Ստեփան Զատիկյան և Շահեն Հարությունյան
Հիմնադրված1966 թվականի ապրիլի 24
Լուծարված1987 թվականի սեպտեմբեր
ԳաղափարախոսությունՀակակոմունիզմ
Ազգայնականություն
Ժողովրդավարություն
ԿրոնքՔրիստոնեություն
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթ«Փարոս»
ՀաջորդԱզգային ինքնորոշում միավորում

Ազգային միացյալ կուսակցություն (կրճատ՝ ԱՄԿ), ընդհատակյա քաղաքական կազմակերպություն, հիմնադրվել է 1966 թ. ապրիլի 24-ին։ ԱՄԿ-ի հիմնադիրներն էին՝ Հայկազն Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը։ ԱՄԿ-ն ձևավորման հարցում մեծ նշանակություն ունեին 1960-ականներին տարածված հայրենասիրական զրույցներն ու քննարկումները Եղեռնի և այլ հարցերի շուրջ։

1964 թ. «Յոթի գործ»-ով տեղի ունեցած դատավարության ընթացքում դատարանը քամահրանքով էր վերաբերվել Վիգեն Բաբայանի հայտարարությանը, ասելով՝ «Ամբաստանյալ Բաբայանը հավաքույթներում և առանձին զրույցների ժամանակ առաջ է քաշել ավանտյուրիստական բնույթի մի շարք մտքեր, ինչպես օրինակ՝ ազգայնական ոգով տոգորված 50.000-անոց ցույց կազմակերպել»։ Սակայն ընթացիկ տարում էլ՝ 1965-ին, այդ ծրագիրը կյանքի կոչվեց։ 1965 թ. Երևանում տեղի ունեցավ հայտնի բազմահազարանոց ցույցը, որը մեծ լիցք հաղորդեց պայքարի հետագա ընթացքին։ 1965-1966 թթ. համատարած ոգևորության այդ ֆոնին ոչ միայն ալախոհական շրջանակներում էր ընթանում զրույցներն ու քննարկումները, այլ նաև դրսևորվում էին գաղտնի տպագրված ու տարածվող բազմաքանակ թռուցիկների տեսքով, ինչը, բնականաբար, պետանվտանգության ծառայությունների անբարեհաճ վերաբերմունքին է արժանանում։ 1966 թ. արգելում են նշել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը և ցույցի մասնակիցներից մի քանիսին 10-15 օր կալանքի են ենթարկում։ Հենց այս իրադարձություններով պայմանավորված երևան է գալիս Ազգային միացյալ կուսակցությունը՝ պահանջելով անկախություն և հակախորհրդային գաղափարներ տարածելով[1]։

1966 թվականից սկսած՝ Հայաստանը ԽՍՀՄ միակ պետությունն էր, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն ուներ պաշտոնաթերթ։ Կուսակցության անդամները այդ թերթի և թռուցիկների միջոցով գործող խորհրդային կարգերի դեմ մղում էին գաղափարական պայքար։ ԱՄԿ-ն գործեց ընդհուպ մինչև 1988 թ., երբ արդեն ընդհատակյան կուսակցության գոյության անհրաժեշտություն չկար։ Լյուդմիլա Ալեքսեևան Հայաստանում ծավալված այլախոհական շարժումների վերաբերյալ իր «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքում նշում է, որ Հայաստանը ԽՍՀՄ տարածքում միակ հանրապետությունն է, որտեղ գործում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու նպատակներ հետապնդող կուսակցություն, որի գաղափարը ընդունելի և հասկանալի է ժողովրդի համար[2]։

1968 թ. կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին Խորհրդային Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից և 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ 1973 թ. ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է «անկախություն հանրաքվեի ճանապարհով» ռազմավարությունը։

1977 թվականին կազմակերպության համահիմնադիր Ստեփան Զատիկյանը Մոսկվայի մետրոյի պայթյունի գործով դատապարտվում է մահապատժի և 1979 թվականի հունվարի 30-ին գնդակահարվում է։ Դատարանում Զատիկյանի վերջին խոսքը եղավ՝ «վրե՛ժ, վրե՛ժ, նորեն վրե՛ժ»։

1987 թվականին Հայրիկյանը դուրս է գալիս ընդհատակից, իր համախոհների հետ ստեղծելով Ազգային ինքնորոշում միավորումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf էջ 24
  2. Алексеева Л. М. История инакомыслия в СССР: Новейший период. — Вильнюс ; М.: Весть, 1992. — ISBN 5-89942-250-3. էջ 78

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]