Jump to content

Ալեքսանդր Մերժանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մերժանով
Александр Мержанов
Ծնվել էնոյեմբերի 27, 1931(1931-11-27)
Դոնի Ռոստով, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2013(2013-07-31) (81 տարեկան)
Չերնոգոլովկա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսանդր Գրիգորի Մերժանով (ռուս.՝ Александр Григорьевич Мержанов, նոյեմբերի 27, 1931(1931-11-27), Դոնի Ռոստով, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2013(2013-07-31), Չերնոգոլովկա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), այրման և պայթման պրոցեսների նշանավոր մասնագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիգորի Մերժանովը ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 27-ին, Դոնի Ռոստովում, Նոր Նախիջևանցի հայերի ընտանիքում։ 1949-1954 թվականներին ուսանել է Դոնի Ռոստովի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ 1954 թվականին նա մեկնել է Մոսկվա և աշխատանքի անցել ԽՍՀՄ ԳԱ նշանավոր քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Նիկոլայ Սեմյոնովի մոտ։

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ նա սկսել է զբաղվել պայթուցիկ նյութերի բոցավառման ու այրման պրոցեսների ուսումնասիրությամբ։ 1959 թվականին թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո նա տեղափոխվել է ինստիտուտի նոր բացված մասնաճյուղ, որը գտնվում էր Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա ավանում։ Չեռնոգոլովկան նրա համար դարձավ կյանքի և գործունեության գլխավոր վայրը։ Այստեղ նա ծավալեց գիտական աշխատանք՝ նվիրված պայթուցիկ նյութերի այրման պրոցեսների հետազոտմանը, որը լայն ճանաչում բերեց նրան։ 1967 թ. Մերժանովը պաշտպանեց դոկտորական թեզը՝ «Պինդ համակարգերի այրման և պայթման ջերմային տեսություն» վերնագրով, որը նպաստեց պայթուցիկ լիցքերի տեխնոլոգիայի զարգացմանը և լայն ճանաչում գտավ։

Տեսության ստողծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերժանովը կոնդենսված միջավայրերի այրման և պայթման տեսության ստեղծողն է, մշակել է ոչ իզոթերմ կինետիկայի ինքնատիպ մեթոդներ, զարգացրել է նոր ուղղություններ մակրոսկոպիական կինետիկայում (անգազ և ֆիլտրացիոն այրման պրոցեսներ, կառուցվածքային մակրոկինետիկա)։ 1967 թվականին նա համահեղինակների (Վալենտին Շկիրո և Իննա Բորովինսկայա) հետ անսպասելի արդյունք ստացավ, հայտնաբերվեց մի նոր երևույթ, որը կոչվեց «պինդ բոց» (твердопламенное горение)։ Մերժանովը անմիջապես գնահատեց այդ հայտնագործության մասշտաբներն ու հեռանկարները և շատ արագ լայնածավալ հետազոտություններ սկսվեցին այդ ուղղությամբ։ Պինդ բոցի երևույթի հիման վրա մշակվեց ժամանակակից անօրգանական նյութերի ստացման առաջնակարգ, էներգախնայող եղանակ, որը Մերժանովի կողմից անվանվեց «Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ» (ԲԻՍ պրոցես) (Самораспространяющийся высокотемпературный синтез - СВС)։ Այն հաստատվեց որպես նոր գիտական ուղղություն՝ հիմնված այրման տեխնոլոգիաների և նյութաբանության վրա։

Այրման պրոցես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրման պրոցեսի վրա հիմնված սինթեզի նոր մեթոդի առավելություններն ավանդական վառարանային տեխնոլոգիաների համեմատությամբ առավել քան ակնհայտ էին։ Բուն սինթեզի պրոցեսը տևում է տասնյակ վայրկյաններ (ժամերի փոխարեն), տեխնոլոգիական պրոցեսը զգալիորեն պարզվում է, և վերանում է բարդ ու թանկարժեք սարք ավորումների անհրաժեշտությունը։ Այրման պրոցեսների կիրառումը հատկապես գերադասելի է բազմաթիվ դժվարահալ միացությունների ու նյութերի ստացման համար, ինչպիսիք են կերամիկան, պինդ համաձուլվածքները, ծածկույթները և այլն։

Դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին Մերժանովը ձևակերպեց ԲԻՍ պրոցեսների հիմնարար տեսության գլխավոր սկզբունքները, խնդիրներն ու մոտեցումները, որոնք միավորվեցին մեկ ընդհանուր անվամբ՝ կառուցվածքային մակրոկինետիկա։ ԲԻՍ-արգասիքների կառուցվածքագոյացման պրոցեսների ղեկավարման բավականին բարդ խնդիրների բարեհաջող լուծումը թույլ տվեց պարզելու ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիական հնարավորությունները և ստեղծելու այդ տեխնոլոգիայի վրա հիմնված արտադրական բազա։

Կարճ ժամանակ անց Խորհրդային միությունում ԲԻՍ մեթոդը լայն տարածում գտավ, և Հայաստանը դարձավ առաջին հանրապետությունը, որտեղ գիտության այս ուղղությունը ոչ միայն զարգացավ, այլև ներդրվեց արդյունաբերության մեջ։ 1980 թվականին Ալեքսանդր Գրիգորի Մերժանովին, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Ա. Բ. Նալբանդյանին, ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ս.Կ. Դոլուխանյանին, գիտաշխատող Ա. Ռ. Սարգսյանին և մի խումբ համահեղինակների շնորհվեց Հայաստանի պետական մրցանակ՝ Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում մոլիբդենի դիսիլիցիդի (MoSi2) ստացման արդյունավետ ԲԻՍ տեխնոլոգիայի ներդրման համար։

Ալեքսանդր Գրիգորի Մերժանովը մեծ ջանքեր գործադրեց գիտության այս նոր ու հեռանկարային բնագավառում Հայաստանի համար երիտասարդ կադրեր պատրաստելու գործում։ Նրա ակտիվ ջանքերի շնորհիվ արդեն 1969 թվականին Երևանում անցկացվեց այրման և պայթման պրոցեսներին նվիրված երկրորդ համամիութենական գիտաժողովը, որի ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի կառավարության ու ակադեմիայի ղեկավարության հետ՝ ուսանողներ, ասպիրանտներ ու երիտասարդ գիտնականներ ուղարկել Չեռնոգոլովկա՝ ԲԻՍ բնագավառում համապատասխան գիտելիքներ ու աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Այս ջանքերի շնորհիվ, արդեն 1972 թվականին ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում բացվեց ԲԻՍ սեկտոր և կոնստրուկտորական տեխնոլագիական բաժին, որի գիտական ղեկավարը դարձավ Մերժանովը։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործում են երկու լաբորատորիաներ, որտեղ հետազոտություններ են տարվում բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի և պինդ ֆազի մասնակցությամբ ընթացող արագընթաց քիմիական ռեակցիաների կինետիկայի բնագավառում։ Ալեքսանդր Մերժանովի բազմաթիվ հայազգի աշակերտներ ներկայումս աշխատում են ինչպես Հայաստանի տարբեր գիտական կենտրոններում (ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, ԵՊՃՀ), այլև արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում (ԱՄՆ, Կանադա, Իսպանիա, Չինաստան, Հարավային Կորեա և այլն)։

Արտասահմանյան երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ական թվականների սկզբին ԲԻՍ մեթոդով անօրգանական նյութերի ստացման եղանակը լայն ճանաչում գտավ նաև մի շարք արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն)՝ համաշխարհային համբավ բերելով մեծ գիտնականին։ Այդ տարիներին Մերժանովը ցուցադրեց գիտության կազմակերպչի իր հզոր տաղանդը, ինքնատիպ գաղափարներով մարդկանց ոգևորելու և ուղղորդելու հատուկ ընդունակությունը, իր դիրքորոշումը պաշտպանելու կամքը։ Հաղթահարելով բազմաթիվ արգելքներ, 1987 թվականին նա հիմնադրեց ՌԴ ԳԱ նոր ինստիտուտ՝ Կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտը (ԻՍՄԱՆ) և դարձավ նրա առաջին տնօրենը։ Ինստիտուտը ներկայումս ԲԻՍ պրոցեսների հետազոտման համաշխարհային նշանակության կենտրոն է։

1992 թվականից նա ձեռնարկեց միջազգային նոր ամսագրի՝ International Journal of Self-Propagating High-temperature Synthesis (Allerton Press) հրատարակությունը և արդեն քսան տարի նրա գլխավոր խմբագիրն է։ Ակադեմիկոս Մերժանովը երկար տարիներ ղեկավարում է ՌԴ ԳԱ Այրման պրոցեսների գիտական խորհուրդը։ Նրա անսպառ ակտիվությունն ու եռանդը. միջազգային գիտաժողովների ու սեմինարների կազմակերպումը, բազմաթիվ դասախոսությունները տարբեր երկրներում, վերլուծական հոդվածների հրապարակումները հանգեցրին գիտության այդ նոր բնագավառի միջազգային ճանաչմանը։ Ներկայումս ԲԻՍ պրոցեսների ուղղությամբ հետազոտություններ են իրականացվում աշխարհի ավելի քան 50 երկրներում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերժանովի գործունեության կարևորագույն արդյունքներից է հզոր գիտական դպրոցի ստեղծումը, որի հետևորդների մեջ կան 40-ից ավելի գիտության դոկտորներ ու մոտ 150 թեկնածուներ։ Այդ դպրոցի առանձնահատկությունը հիմնարար գիտական հետազոտությունների և գործնական տեխնոլոգիական մշակումների հազվագյուտ զուգակցումն է։ Մերժանովի շատ աշակերտներ իրենք են դարձել առաջնորդներ և խոշոր մասնագետներ քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի, կատալիզի, քիմիական կինետիկայի, նյութաբանության տարբեր բնագավառներում։

Ալեքսանդր Մերժանովը հեղինակ է ավելի քան 800 գիտական աշխատանքների, գյուտերի ու գիտական հայտնագործության։ ՀՀ ԳԱԱ-ն բարձր գնահատելով Մերժանովի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2004 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Մերժանովի ներդրումը հիմնարար և կիրառական հետազոտություններում ճանաչվել ու գնահատվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում։ Նա ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1997)։ Կերամիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և միջազգային խորհրդի անդամ (Իտալիա, 1994)։ Գիտության և արվեստների եվրոպական ակաեմիայի իսկական անդամ (Ավստրիա,1996)։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2004)։ Մի քանի ռուսական և արտասահմանյան համալսարանների պատվավոր պրոֆեսոր և այլն։ Մերժանովին շնորհվել է Չեռնոգոլովկայի պատվավոր քաղաքացու կոչում (2001

Չնայած իր պատկառելի տարիքին, նա դեռևս բավական ակտիվ է որպես ինստիտուտի գիտական ղեկավար և ԻՍՄԱՆ-ի բաժիներից մեկի վարիչ։ Նա շատ ժամանակ է տրամադրում խորհելու, վերլուծելու և հասկանալու գիտության զարգացման արդի փուլի հիմնահարցերն ու միտումները։ Նրա գաղափարներն ու եզրահանգումները տարբեր գիտական հրապարակումներում բնութագրվում են փիլիսոփայական խորությամբ և համարձակ լուծումներով։ Մեծանուն գիտնականը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ՝ իր գիտելիքները ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը։

Ալեքսանդր Մերուժանովը մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին։