Jump to content

Ալիմենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալիմենա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքMetropolitan City of Palermo?
Մակերես59,7 կմ²
ԲԾՄ750±1 մետր
Բնակչություն1761 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0921
Փոստային դասիչ90020
Ավտոմոբիլային կոդPA
Պաշտոնական կայքcomune.alimena.pa.it
Ալիմենա (Իտալիա)##
Ալիմենա (Իտալիա)

Ալիմենա (իտալ.՝ Alimena, սից.՝ Alimena), համայնք Իտալիայում` Սիցիլիա շրջանի Պալերմո նահանգում։ Տարածքը 59,39 կմ² է, բնակչությունը՝ 2 152 մարդ (ըստ 2012 թվականի տվյալների)[2]։ Ունի մեկ ֆրակցիա՝ Վիլլա-Կազինոն։ Համայնքապետը Ալվիզե Ստրաչին է (2013 թվականից)[3]։ Համայնքի հովանավորը սուրբ Մարիամ Մագդաղենացին է (տոնը նշվում է սեպտեմբերի 1-ին)[4]։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիմենա համայնքը Պալերմո նահանգի քարտեզի վրա

Համայնքը տեղակայված է Պալերմո նահանգի հարավ-արևելքում՝ մայրաքաղաքից մոտավորապես 131 կիլոմետր հեռավորության վրա։ Սահմանակից է Պալերմո նահանգի Բլուֆի, Բոմպիետրո, Գանջի, Պետրալիա Սոպրանա և Պետրալիա Սոտանա համայնքների հետ, ինչպես նաև Կալտանիսետա նահանգի Սանտա Կատերինա Վիլարմոզա, Ռեզուտանո համայնքների և Էննա նահանգի Վիլլարոսա համայնքների հետ։

Կլիման բարեխառն է։ Համայնքը գտնվում է Մադոնիե լեռնաշղթայի շրջանում՝ Սալսո դի Գանջի, Պելլիցցարա, Սենյաֆերի և Իմերա-Մերիդիոնալե գետերի միջև՝ 1007 մետր բարձրությամբ Բալցա-դ’ Արեդդուլա լեռան ստորոտին։ Ալիմենան անվանում են նաև «Մադոնիեի հարավային դարպասներ», քանի որ այնտեղով են անցնում Սիցիլիայի հյուսիսը, հարավը, արևմուտքը և արևելքը միացնող մայրուղիները[5]։

Համայնքում զարգացած է գյուղատնտեսությունը։ Այստեղ մշակում են հացահատիկ, մասնավորապես՝ ցորեն, նուշ, լոբի, ձիթապտուղ, արտադրում են գինի։ Ժամանակին զարգացած է եղել նաև աղի և ծծմբի արդյունաբերությունը[6]։

Համայնքի տարածքում ինչ-որ ժամանակ գտնվել է Իմակարա քաղաքը, որի մասին հիշատակել են Ցիցերոնը, Ալ-Իդրիսին և այլ պատմաբաններ։ Համայնքը հիմնադրվել է 1628 թվականին[7]։

Միջնադարում այս տարածքը պատկանում էր Վետիմիլիա ցեղին, Մադոնիեի իշխաններին, հետագայում անցել է Կոլլեզանոի կոմսերի տիրապետության տակ։ 1597 թվականին Կոլլեզանոի կոմսուհին՝ Մարիա Արագոն-է-Լյա-Չերդան, հողը վաճառեց բարոն Ջուլիո-Չեզար Իմպերատորին, ով մահացել է 1623 թվականին անժառանգ։ Դրանից հետո նրա ունեցվածքը փոխանցվեց զարմուհուն՝ Ֆրանչեսկա Ուրբանո-է-Իմպերատորին՝ Պիետրո Ալիմենայի նախկին կնոջը, և ժառանգ դարձավ նրանց որդին՝ Անտոնիո Ալիմենան։ Քանի որ համայնքում բնակչությունը ավելանում էր, Անտոնիո Ալիմենան 400 սկուդոյի դիմաց եկեղեցու ղեկավարությունից, Սիցիլիայի վիցե-թագավոր Ֆրանչեսկո-Ֆերդինանդո դե Լա-Քուեվայից և հերցոգ Ալբուկերկեից համայնք հիմնելու թույլտվություն ստացավ։ Վիցե-թագավորի առաջարկով համայնքը կոչվեց Ալիմենա։ 1628 թվականի սեպտեմբերին Անտոնիո Ալիմենային շնորհվեց մարկիզի կոչում[7]։

1629 թվականին կառուցվել է համայնքի առաջին տաճարը՝ Ալիմենայի առաջին հովանավոր Սուրբ Կաետանի եկեղեցին։ Հետագայում եկեղեցին կրկին օծվեց ի պատիվ համայնքի նոր հովանավորի՝ Սուրբ Մարիամ Մագդաղենացու, և գրեթե մեկ դար դարձավ Ալիմենայի գլխավոր տաճարը։ 1725-1731 թվականներին բնակչության աճի արդյունքում Վինչենցո դել Բոսկո իշխանի պատվերով կառուցվեց նոր գլխավոր տաճարը, որը ևս նվիրված էր Մարիամ Մագդաղենացուն, իսկ հին տաճարը սկսեց կոչվել Սուրբ Հոգիների եկեղեցի։ Նույն դարում համայնքի տարածքում կառուցվեցին Ֆրանցիսկյանցիների վանքը, ուսումնարան պատանիների համար և մանկատուն։ Վանքը, որը կառուցվել է քահանա-ճարտարապետ Սեբաստիանո դա Պետրալիայի կողմից իշխան Վինչենցո դել Բոսկոյի և նրա կնոջ պատվերով, համարվում է Սիցիլիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը[5][7]։

Ալիմենայի տեսարժան վայրերի ցանկում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցին, որտեղ գտնվում են Անբիծ Տիրամոր արձանը (իտալ.՝ Madonna Immacolata), քանդակագործ Ֆրանչեսկո Սորջիի աշխատանքները։ Այստեղ են գտնվում նաև Ֆրանցիսկյանցիների լուծարված վանքը, որում պահվում է անհայտ հեղինակի «Մահացող Քրիստոսը» աշխատանքը, համայնքի ամենահին տաճարը՝ Սուրբ Հոգիների եկեղեցին՝ նվիրված քավարանում հոգիների փրկությանը, և Սուրբ Ալֆոնսո Լիգուորիի մատուռը Բուրգարիտոյում[6]։

Չնայած իրականացված փոփոխություններին՝ պահպանվել է Ալիմենայի պատմական կենտրոնի ինքնատիպությունը՝ տեղական սպիտակ քարից կառուցված տներով և դղյակներով, որոնց մեջ հատուկ ուշադրության է արժանի Կալաբրեզե ապարանքը[6]։

Համայնքի ֆուտբոլային ակումբը՝ «Ալիմենա»-ն (իտալ.՝ USD Alimena), խաղում է Պալերմո նահանգի չեմպիոնատի Ա խմբում։ Սպորտային համազգեստի հիմնական գույներն են դեղինը և կանաչը[8]։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանչեսկո Բրունո (1897-1986)- բուսաբան
  • Մարիա Մեսսինա (1897-1986) - բանաստեղծուհի
  • Ստեֆանո Թեդեսկի Օդդո (1836-1882)- բժիշկ, Ռիսորջիմենտոի մասնակից
  • Կոստանտինո Տրապանի (1912-1998) - եպիսկոպոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «ISTAT» (իտալերեն). www.dati.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
  3. «Amministrazione Alimena» (իտալերեն). www.comuni-italiani.it.
  4. «Benvenuto nel Comune di Alimena» (իտալերեն). www.movingitalia.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 «Comune di Alimena» (իտալերեն). www.vivisicilia.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Storia» (իտալերեն). www.comune.alimena.pa.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Cenni sulla storia di Alimena» (իտալերեն). www.alimena.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
  8. «USD Alimena» (իտալերեն). www.usdalimena.altervista.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիմենա» հոդվածին։