Արյունազեղում
Արյունազեղում, արյունատար անոթներից դուրս հոսած արյան կուտակումը օրգաններում, հյուսվածքներում և մարմնի խոռոչներում։ Արյունազեղման պատճառ կարող են լինել արյան անոթների վնասվածքները, նրանց պատերի կարծրացումը կամ թափանցելիության մեծացումը, նյարդակարգավորման խանգարումները, ինչպես նաև զանազան ախտածին պրոցեսներ (ուռուցքներ, բորբոքումներ)։ Փոքր ծավալի արյունազեղումն աստիճանաբար մակարդվում և առանց բարդությունների ներծծվում է, մինչդեռ ավելի մեծը վերաճում է շարակցական հյուսվածքի, որտեղ կարող են աղեր կուտակվել։ Այդ հյուսվածքը երբեմն թարախակալվում է։ Մարմնի՝ առավել կարևոր որոշ օրգաններում (գլխուղեղ, ողնուղեղ) արյունազեղումը կարող է մահվան պատճառ դառնալ։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյունազեղում առաջանում է արյան անոթի վնասման ժամանակ՝ ներքին արյունահոսության և արյան մակարդելիության խանգարման հետևանքով։ Արյունազեղում կարող է նկատվել անոթի վնասվածքի, պատռվածքի, անոթի պատի ախտահարման (օրինակ՝ աթերոսկլերոզի դեպքում), թափանցելիության բարձրացման ժամանակ։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյունազեղում շրջանում արյունը կարող է ներծծվել հյուսվածքների մեջ կամ կուտակվել սահմանափակ հատվածում և առաջացնել արյունային ուռուցք։ Հյուսվածքների մեջ լցված արյունն առաջացնում է բորբոքային հակազդեցություն, ճնշում դրանք սնող մանր արյունատար անոթները, զգացող նյարդային վերջույթները և ցավ պատճառում։ Մաշկի, ենթամաշկային բջջանքի արյունով ծծեցումը կարող է առաջացնել արյան ենթազեղում։
Փոքր արյունազեգումը լրիվ ներծծվում է, ավելի մեծերը ժամանակի ընթացքում աճում են միայն շարակցական հյուսվածքի, երբեմն՝ կրային աղերի նստվածքի հետ։
Վտանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյունազեղման վտանգավորության աստիճանը պայմանավորված է հիմնականում դրա տեղադրությամբ։ Այսպես՝ գլխուղեղի հյուսվածքի նույնիսկ չնչին արյունազեղումը անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մկանների կամ հոդախոռոչների տարածուն արյունազեղում։
Խոռոչային արյունահոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որևէ խոռոչի մեջ գոյացած բավականին մեծ արյունազեղումը կոչվում է խոռոչային արյունահոսություն։ Նման դեպքերում կյանքին վտանգ սպառնացող խանգարումները կարող են պայմանավորված լինել արյան մեծ կորստով (որովայնի խոռոչի արյունազեղում), շնչառության խանգարմամբ (կրծքամզի խոռոչի արյունազեղում), գլխուղեղի ճնշմամբ (ներգանգային արյունազեղում)։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը որոշվում է արյունազեղման տեղադրությամբ, բնույթով, ինչպես նաև արյունազեղում առաջացնող պատճառով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունազեղում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 102)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |