Սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։ 1898-1902 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903-1904 թվականներին որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907 թվականներին ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 1907-1911 թվականներին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան՝ հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922), ապա՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1923 թվականին ընտանիքով վերադարձել է Հայաստան։ Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում։ Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ[3]։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել 1938 թվականին, հետմահու արդարացվել է 1955 թվականին[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 127)։